Հա

Գաղափարական

18/10/2012

alt«yerkir.am» - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարել է, որ ո՛չ նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չի սատարի նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում, քանի որ նրանք «չեն վաստակել հայ համայնքի աջակցութիւնը»:

«Ո՛չ Բարաք Օբաման, ով չկատարեց իր խոստումները, ո՛չ նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեր համայնքին մտահոգող խնդիրների վերաբերեալ հանրային զեկոյցով հանդէս չեն եկել՝ վաստակելու ամերիկահայերի քւէները: ԱՄՆ-ի գործադիր իշխանութիւնը, չնայած Կոնգրեսում, նահանգներում, լրատւամիջոցներում, ամերիկեան քաղաքացիական հասարակութեան մօտ գրանցւած առաջընթացի, ամերիկահայերին յուզող խնդիրներին վերաբերող արտաքին քաղաքականութեան հարցում շարժւում է Անկարայի եւ Բաքւի թելադրանքով:
Նախագահ Բարաք Օբաման 2008 թ. ունէր ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենեակի աջակցութիւնն ու ամերիկահայերի քւէները եւ բազմիցս խոստացել էր աշխատել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, ինչպէս նաեւ ամերիկահայերին յուզող այլ խնդիրների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղութեամբ, եւ ամերիկահայ առաջնորդների հետ ակտիւ համագործակցել:  Գալով իշխանութեան՝ նախագահ Օբաման չկատարեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու խոստումը՝ իշխանութեան առաջին 90 օրերում իր վարչակազմի միջոցով մինչեւ ապրիլի 24-ը Երեւանին ընդունել տալով «ճանապարհային քարտէզն» ու արձանագրութիւնները, ինչն իրեն տւեց քաղաքական ծածկ՝ խոստումը խախտելու համար:
Խոստումը խախտելու ամենաակնառու օրինակը եղաւ Ցեղասպանութեան ճանաչմանը վարչակազմի դէմ արտայայտւելն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի յայտարարութիւնը՝ Ցեղասպանութեան պատմական բանավէճ լինելու վերաբերեալ:
Նախագահի առաջին ազդանշանը, որ խախտել է խոստումը, եղաւ 2009 թ. մարտին, երբ Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելոյթում նա չօգտագործեց «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը, բայց նշեց, որ իր «անձնական» տեսակէտն այս հարցում չի փոխւել:
Նախագահը չկատարեց իր խոստումները նաեւ այլ ոլորտներում: Նա, ինչպէս խոստացել էր, չփնտրեց «ԼՂ հակամարտութեան տեւական լուծում՝ հիմնւած ամերիկեան ժողովրդավարութեան եւ ինքնորոշման սկզբունքների վրայ», փոխարէնը՝ ադրբեջանամէտ Մաթիւ Բրայզային նշանակեց Ադրբեջանում դեսպան:
Ղեկավարման չորս տարիների ընթացքում, չնայած օգնելու խոստմանը, նախագահ Օբաման փորձեց կրճատել Հայաստանին տրւող աջակցութիւնը: Թէեւ, որպէս թեկնածու, նա խոստացել էր մեծացնել առեւտրաշրջանառութիւնը՝ Հայաստանի հետ, սակայն այս ուղղութեամբ որեւէ էական քայլ չեղաւ: Նա նաեւ չկատարեց ամերիկահայ համայնքի հետ ակտիւ աշխատելու խոստումը. չորս տարիների ընթացքում նա գոնէ մէկ անգամ համայնքի հետ հանդիպում չունեցաւ:
Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, նահանգ, որտեղ բնակւում է ամերիկահայ ամենավառ համայնքը, իր կառավարման (նահանգապետի պաշտօնում), ինչպէս նաեւ քարոզարշաւի ընթացքում ոչինչ չի յայտարարել հայկական հարցերի վերաբերեալ: Նա նաեւ չի հանդիպել եւ չի խորհրդակցել հայ համայնքի ղեկավարութեան հետ:
Այս պահի դրութեամբ՝ ո՛չ Ռոմնին, ո՛չ նախագահ Օբաման չեն արձագանգել ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենեակի բազմաթիւ գրաւոր դիմումներին՝ հայ համայնքին հետաքրքրող հարցերի վերաբերեալ    իրենց տեսակէտները հրապարակայնօրէն ներկայացնելու հարցում»,- նշւած է ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի յայտարարութեան      մէջ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։