Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2013 15:25

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - Պահն է յստակեցման

Բազմիցս քննարկման նիւթ է դարձել Արցախի տարածքի վերաբնակեցման հարցը: Իւրաքանչիւր քննարկում, իհարկէ, ունեցել է մասնակի արդիւնքներ եւ համարեա միեւնոյն եզրակացութիւնը՝ Արցախի պետական միջոցները չեն բաւարարում համընդհանուր եւ արդիւնաւէտ ծրագրեր իրականացնելու համար, եւ այդ հանգամանքից ելնելով՝ վերաբնակեցման հարցը համահայկական հարց պէտք է լինի:

Այս ընդհանրական եզրակացութիւնը տրամաբանական է եւ, թւում է, անառարկելի: Սակայն, միեւնոյն ժամանակ, իր մէջ պարունակում է մի վտանգաւոր տարր: Դա պատասխանատւութիւնից խուսափելու պատրւակ է հանդիսանում վերաբնակեցման հարցով ուղղակի պատասխանատու Արցախի իշխանութիւնների համար:
Չենք ծանրանում այն հարցի վրայ, որ որքան եւ ինչպիսի անհրաժեշտութիւն է Արցախի տարածքի եւ յատկապէս սահմանամերձ շրջանների բնակեցումն ու զարգացումը մեր երկրի անվտանգութեան, մեր յաղթանակած պատերազմի արդիւնքների ամրագրման եւ, ի վերջոյ, Հայ Դատի ներկայ փուլի յաջողութեան համար: Սակայն, այնուամենայնիւ, վերաբնակեցման հարցին ցանկանում ենք անդրադառնալ առաւել շօշափելի դիտանկիւնից:
Իւրաքանչիւրի համար արդէն ակնյայտ է, որ Հայաստանի կողմից վարւող բանակցութիւնների նիւթ է եւ, այսպէս ասած, խնդրի կարգաւորման սկզբունքների ամբողջական փաթեթի մաս են կազմում «փախստականների» վերադարձը եւ «գրաւեալ» տարածքների յանձնումը: Ըստ էութեան, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը ներկայում ստեղծւած հաւասարակշռութեան պայմաններում երբեք չի կարող համաձայնւել այս երկու դրոյթներին:
Թողնենք այն հանգամանքը, որ ինչեր են կամ եւ ինչ են փորձում իրար համոզել (իմաստը՝ խաբել) բանակցող կողմերը, սակայն մի բան շատ պարզ է ու բնորոշ. մենք, եթէ, իրօք, դէմ ենք այդ վերը նշւած սկզբունքների կիրառմանը, պէտք է գործնական քայլեր ձեռնարկենք: Իսկ ինչն է աւելի գործնական, քան՝ վերաբնակեցումը:
Վերադառնանք նիւթի առաջին մասին. այս հարցում առաջին հերթին պատասխանատւութեան եւ յանձնառութեան առաջին տեղում Արցախի իշխանութիւններն են:
Հարցը ճիշտ եւ ծրագրւած մօտեցում ցուցաբերելու մէջ է, թէ մենք ինչպէ՛ս ենք ներկայացնում այս կարեւորագոյն հարցը նախ ներքին դաշտում՝ մեր երկրում, ապա՝ համահայկական մակարդակով, եւ, վերջապէս, միջազգային մակարդակում:
Այս երեք ճակատների համար նախեւառաջ պէտք է ճշտել հայեցակարգային մօտեցում: Պէտք է յստակեցնել, թէ ո՛րն է մեր ակնկալիքը եւ ի՛նչ ենք ցանկանում ու հասկանում վերաբնակեցման կամ ընդհանրապէս սահմանամերձ շրջանների զարգացումից՝ մօտակայ եւ հեռակայ կտրւածքներով:
Եւ, վերջապէս, պէտք է յստակեցնել, որ մենք վճռական ենք եւ պատրաստակամ՝ իրական գործնական քայլեր կատարելու: Առանց վերը նշւած յստակ քաղաքականութեան կիրառման՝ անհնարին է ժամանակաւոր, պահային ոգեւորութեան ու խանդավառութեան մակարդակով իրականացնել լուրջ աշխատանք: Եւ, վերջապէս, հեշտ է չանել ոչ մի բան եւ ասել՝ «Մեր ուժերից վեր է վերաբնակեցումը, այն համահայկական հարց պէտք է լինի»: Բայց, չէ՞ որ համահայկական հարց դարձնողը, առաջին հերթին, պէտք է լինեն Արցախի իշխանութիւնները՝ ճիշտ, մտածւած եւ ծրագրւած քայլերով՝ թէ՛ գործնական, եւ թէ՛ քարոզչական ասպարէզներում:

Խմբագրական ՀՅԴ Արցախի
Կենտր. կոմիտէի օրգան
«Ապառաժ»-ի

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։