Հա

Գաղափարական

Կիրակի, 04 Օգոստոսի 2013 16:05

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԲԵՄ - Ընկերնե՞ր թէ՝ եղբայրներ

altՅիշո՞ւմ էք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երեւանցի (թբիլիսցի, վարշաւացի, պրագացի, ռիգացի՝ կախւած այն բանից, թէ որտեղ են պատմում) տղայ մօտենում է հօրը եւ հարցնում. «Հայրի’կ, պատմութեան ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզւի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը թէ՝ ընկերները»: Հայրը մի պահ մտածում է եւ պատասխանում. «Նրանք մեր եղբայրներն են, տղա’ս, եղբայրները, քանի որ ընկերներին կարող ենք ինքներս ընտրել»:

Դուք ձեզ երբեւէ հարցրե՞լ էք, թէ Ռուսաստանում ինչու են այդքան խանդով վերաբերւում մեր փոքր եւ պաշարներով ոչ-հարուստ երկրի քաղաքական այն ուղեգծին, որը մեր որոշ պաշտօնատարներ վերամբարձօրէն կոչել են «Հայաստանի եւրոպական ընտրութիւն»: Փորձե՞նք միասին խորհել:
Կովկասեան լեռնաշղթայից դէպի հիւսիս, նաեւ դէպի հարաւ առ այսօր գոյութիւն ունի պաշտօնատարների մի տեսակ՝ երբեմն բաւական բարձրաստիճան, որն իր պրոլետարական (բանւորական-աշխատաւորական) պարզութեամբ համոզւած է, որ եւրոպական ինտեգրման գործընթացը Հայաստանին անխուսափելիօրէն կը տանի դէպի հակառուսաստանեան նախագծեր կամ բլոկներ, օրինակ՝ ՆԱՏՕ, եւ Արարատ սրբազան լեռան ստորոտից հրթիռները կը նշանառեն Մայր Ռուսաստանը: Իհարկէ, դա յիմարութիւն է եւ միամտութիւն. նախ՝ Ռուսաստանին վաղուց են թիրախ դարձրել Արարատ սրբազան լեռան ստորոտից, որը նա (Ռուսաստանը) այդքան ապաշնորհ ու անհեռատես ձեւով յանձնեց Մուստաֆա Քեմալին: Եւ թուրքերի զաւթած Արեւմտեան Հայաստանից Մոսկւա հրթիռներն աւելի ուշ չեն հասնի, քան մեր հանրապետութեան տարածքից: Նոյնիսկ Վրաստանի տարածքը, որն աւելի մօտ է Մոսկւային, ինչպէս տեսնում ղք, ՆԱՏՕ-ին պղտք չեկաւ, մինչդեռ յիշէք, թէ ինչպէս էին վրացիներին այնտեղ կանչում...
Երկրորդ՝ Հայաստանը պարզ, ոչ-երկիմաստ եւ բազմիցս յայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ դադարեցնել իր դաշնակցային յարաբերութիւնները, հեռանալ անվտանգութեան ռուսական ուղեծրից եւ երկարաժամկէտ հեռանկարում նման նպատակ չի ունենալու: Այս դէպքում նման դիրքորոշման պատճառներն անգամ կարեւոր չեն, եւ ես մտադիր չեմ դրանք վերլուծել, բայց այդ ուղեգծի ամրութիւնը ոչ մէկի կասկածը չի առաջացնում՝ ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս, այդ թւում՝ Ռուսաստանում, քանի որ հէնց այդ ուղեգիծն է այս պահին առաւելագոյնս համապատասխանում այն խնդիրների լուծմանը, որոնք ապահովում են Հայաստանի ազգային անվտանգութեան ռազմական բաղկացուցիչը:
Հայաստանից Ռուսաստանի դժգոհութեան եւս մէկ պատճառ տնտեսագէտներն են բուռն քննարկում: Խօսքն այն վնասի մասին է, որ Հարաւային Կովկասում ռուսական տնտեսական շահերին իբր կարող է հասցնել Հայաստանի ու Եւրոմիութեան միջեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու մասին պայմանագիրը: Դա եւս յիմարութիւն եւ միամտութիւն է: Չէ՞ որ այն ամէնը, ինչ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ արտադրութիւն, ծառայութիւններ, ենթակառուցւածքներ, նոյնպէս դառնում է այդ պայմանագրի մի մասը եւ ազատ մուտք ստանում դէպի եւրոպական շուկաներ: Աւելին՝ ռուսական բիզնեսը կարող է առանց ներդրումային մեծ ծախսերի՝ Հայաստանը հեշտութեամբ հեղեղել համատեղ ձեռնարկութիւններով՝ պարզապէս աշխուժացնելով արդէն գոյութիւն ունեցողները, որոնց ապրանքները նոյնպէս կը ստանան այն բոլոր առաւելութիւնները, որոնք նախատեսւած են Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու մասին պայմանագրով: Ընդորում՝ ակնյայտ է, որ այդ դէպքում հայ-ռուսական յարաբերութիւնները միանգամայն այլ մակարդակ կը ստանան: Համարեա բացառապէս բարձրաստիճան ղեկավարութեան մակարդակով հաստատւած ռազմավարական գլոբալ գործընկերութիւնը, որ հասարակութիւնն ընկալում է որպէս ծանր ժառանգութիւն, որը վաղուց վերածւել է ընդամէնը կերուխումային զրոյցների եւ կենացների թեմայի, կը դառնայ իրական համագործակցութիւն՝ միջին ու փոքր բիզնեսի, որոշակի մարդկանց եւ սոցիալական խմբերի մակարդակով:
Իհարկէ, ես ամենեւին մտադիր չեմ Ռուսաստանին բացատրել, թէ որոնք են նրա ազգային եւ տնտեսական շահերը, ինչով, ցաւօք, արդէն երեք հարիւր տարի է՝ զբաղւած է հայկական քաղաքական միտքը: Ես, պարզապէս, ուզում եմ հասկանալ, թէ ինչու են նրանք «ոչ» ասում այս ակնյայտ շահերին, որոնցում բացակայում են անգամ քողարկւած ռիսկերը: Գուցէ ռուսների պատմական դառը փո՞րձն է պատճառը: Քանիքանի ռուս զինւոր է զոհւել Պլեւնայի մերձակայքում՝ յանուն սլաւոն եղբայրների ազատութեան, իսկ թուրքական եաթաղանից ազատագրւած «եղբայրական» Բուլղարիան երկու համաշխարհային պատերազմներում կռւել է Ռուսաստանի դէմ՝ նրա թշնամիների կողմից: Ռումինիան նոյնպէս աւելի լաւ չի վարւել:
Հնարաւոր է, որ ռուսական իշխող վերնախաւի զգուշաւորութիւնը եւ Հայաստանի ինքնուրոյնութեան որեւէ նշան կուրօրէն չընդունելը ոչ միայն տուրք է կայսերական աւանդոյթներին, նաեւ արդիւնքն այն բանի, որ Արեւելեան հարեւանութեան, ապա՝ գործընկերութեան ամբողջ եւրոպական քաղաքականութիւնը միանգամայն անհեռատեսօրէն հիմնւում էր հակառուսական ընդգծւած կողմնորոշումով պետութիւններին (Վրաստանը՝ Սահակաշւիլիի, Ուկրայինան՝ Իւշչենկոյի օրօք) Եւրոմիութեան ուղեծրում առաջնահերթօրէն ներգրաւելու վրայ: Երբ ակնյայտ դարձաւ, որ այդ երկրների կեղծ արեւմտականացումը թատերականացւած բնոյթ ունի, ներքաղաքական գործընթացները եւ արեւմտեան աջակցութեան հարցում կրած հիասթափութիւնն այդ երկրների վերնախաւերին ստիպեցին շտկումներ մտցնել արտաքին քաղաքական ուղեգծում, ինչից յետոյ Հայաստանը, որն այս բոլոր տարիներում ոչ մի կերպ չէր յաւակնում Արեւելեան գործընկերութեան քաղաքականութեան մէջ էական դերակատարման եւ անշտապ, առանց աղմուկի ու բարձրագոչ յայտարարութիւնների կէտ առ կէտ իրականացնում էր Ասոցացման պայմանագրի պահանջները, յանկարծ յայտնւեց եւրաինտեգրման գործընթացի աւանգարդում: Հասկանալի է, որ ռուսական անվստահութեան իներցիան անմիջապէս տարածւեց նաեւ Հայաստանի վրայ՝ ստւերելով առկայ փոխյարաբերութիւնների միանգամայն այլ բնոյթը:
Ռուսաստանում, կարծես, այլեւս ունակ չեն հասկանալու, որ ռուսական շահերին սպառնում է ոչ թէ իր հարեւանների եւրոպական ինտեգրումն ինքնին, այլ այն, թէ ինչպէս են նրանք (հարեւանները) պատրաստւում դա օգտագործել: Ոմանց համար Եւրոպայի հետ ասոցացւած յարաբերութիւնները Ռուսաստանի քիթը տրորելու եւ իրենց մանր պատւախնդրութիւնը բաւարարելու միջոց են: Միւսների համար դա միջոց է դառնալ աւելի ուժեղ՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի ընկերն ու դաշնակիցը: Հայաստանն ընտրել է երկրորդ ճանապարհը: Սակայն, Ռուսաստանում որոշ մարդկանց, կարծես, պէտք չեն ընկերներ, այն էլ՝ ուժեղ եւ ինքնուրոյն: Այնտեղ նախընտրում են ճորտերին, ովքեր սեփական շահեր չունեն, եւ որոնց կարելի է առքուվաճառքի առարկայ դարձնել: Ռուսաստանեան քաղաքական որոշ գործիչների յարձակողական-սպառնալի կամ լկտի-վերամբարձ տոնը («հայերդ առանց մեզ ի՞նչ էք անելու» ոճով) դժւար թէ Հայաստանի քաղաքական ուղեգծի կշռադատւած վերլուծութեան կամ էլ ռուսական երկարաժամկէտ շահերի տեսանկիւնից դրա լուրջ գնահատման արդիւնքը լինի:
Ըստ այդմ՝ ես մի կասկած ունեմ՝ գուցէ Ռուսաստանի քաղաքական շրջանակներին զայրացնում են այն արտայայտութիւնները, որոնցով ուղեկցում է եւրոպական ինտեգրման ամբողջ գործընթացը: Ուշադրութիւն դարձրէք, որ եւրոպական ինտեգրման զանազան փուլերի համատեքստում Հայաստանում ոչ ոք երբեւէ չի յիշատակել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի ու համագործակցութեան թուլացման անհրաժեշտութեան մասին: Ընդհակառակը՝ «կոմպլեմենտար (լրացուցիչ) քաղաքականութեան» ժամանակներից ի վեր Ռուսաստանի առաջնայնութիւնը Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ ընդգծել են գրեթէ բոլոր քաղաքական պատասխանատու ուժերը: Եւրոմիութեան հետ ազատ առեւտրի հարցը, չնայած իր կարեւորութեանը, նոյնպէս առաջնահերթ չէ մեր հասարակութեան քաղաքական եւ նոյնիսկ տնտեսական օրակարգում: Նոյնը վերաբերում է հայկական օրէնսդրութիւնը եորոպականին համապատասխանեցնելուն: Այսինքն՝ անկախ այն բանից, թէ ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, եւրոինտեգրմանն առնչւող հասարակական քննարկումների հիմնական թեման դուրս չի գալիս «եւրոպական արժէքներ»-ի տարատեսակ մեկնաբանութիւնների շրջանակներից՝ Հայաստանին մշակութա-գաղափարական հարազատ միջավայր վերադարձնելու ճանապարհների, ընդհանուր պատմական արմատների եւ նման այլ բաների մասին բանավէճերից:
Միթէ հէնց սա՞ է զայրացնում Ռուսաստանին: Միթէ այսօրւայ Ռուսաստանն ինքն իրեն եւրոպական երկիր չի՞ ընկալում: Միթէ ռուսական մշակոյթն ամբողջութեամբ համաեւրոպական քրիստոնէական արժէքների վրայ չի՞ խարսխւած: Մենք՝ հայերս, այդ երկիրն ընկալում ենք հէնց այդպիսին: Ռուսաստանի հետ մեր դարաւոր մտերմութիւնը մենք ընկալում ենք որպէս արժէքաւոր երեւոյթ, որն ուղղակի կախում չունի շօշափելի շահերից: Այդ իդէալիզմի, ինչպէսեւ մեր գոյութեան համար մենք միշտ ստիպւած ենք եղել բարձր գին վճարել: Մեզ, ի տարբերութիւն բուլղարացիների, ռուս եղբայրները թուրքական եաթաղանից չեն փրկել, իսկ մեր տարածքները նւիրել են ուրիշներին՝ յանուն այսրոպէական շահերի (որոնք, ի դէպ, այդպէս էլ չեն ստացել):
Վերջին տարիների Ռուսաստանի ամենեւին էլ ոչ դաշնակցային վարքագծի երկար ցանկը ես հիմա չեմ պատրաստւում թւարկել, այն մեր մամուլում անընդհատ արծարծւում է: Բայց, ես չեմ կարողանում հասկանալ եւ ընդունել, երբ մեզ կանգնեցնում են փակուղային՝ «կամ, կամ» ընտրութեան առջեւ: Յանուն արդարութեան՝ նշեմ, որ առաջինը բացայայտօրէն նման ոճով մեզ հետ սկսեցին խօսել ոչ թէ ռուսաստանցի, այլ եւրոպական գործընկերները: Բայց, ով էլ մեզ նման փակուղու մէջ դնի՝ եւրոպացիները թէ՝ ռուսները, մեզ համար անընդունելի է: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ԵՄ-ի հետ գործընկերութեան հետ համատեղելու մեր ձգտումը կարող է ինչ-որ մէկին Real Politik-ից հեռու ռոմանտիկ տեսութիւն, քաղաքական պատրանք թւալ: Բայց Հայաստանում եւ նրա շուրջ տիրող բարդագոյն իրավիճակը ոչ-սովորական լուծումներ է պահանջում: Նայէք ձեր շուրջ: Հին մոդելները Մերձաւոր Արեւելքում չեն գործում: Սառը պատերազմի ժամանակների նաւթալինահոտ, դեղնած բաղադրատոմսերը, որոնք պահպանւել են, տանում են դէպի ճահճացում: Մենք սեփական երկրում ու աշխարհում փնտրում ենք արժանավայել գոյատեւման ու զարգացման մե՛ր մոդելը: Առայժմ դժւարութեամբ է ստացւում: Հարեւանների հարցում բախտներս չի բերել: Իշխանութիւնների հարցում՝ նոյնպէս: Բայց, մենք կը գտնենք այդ մոդելը, մի՛ կասկածէք, ով էլ որ փորձի մեզ վախեցնել ու շանտաժի ենթարկել:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«yerkir.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։