Հա

Գաղափարական

13/05/2012 - 13:51

ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ

alt«Իրաւաբանութիւնը անզօր է գտնւում մի ազատարարի դատապարտելու ժամանակ, երբ նախապէս չի դատապարտել ցեղասպանութեանց յանցաւորներին»,- շեշտել է Արգենտինայի Գերագոյն ատեանի անդամ դատաւոր Ռաուլ Սաֆարոնին
Բուէնոս Այրէս, «Արմենիա» - Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի յիշատակման ձեռնարկների ծիրում ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հովանաւորութեամբ, ապրիլի 22-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի 38-րդ Գրքի միջազգային ցուցահանդէսի ընթացքում պատմաբան Օսւալդօ Բայերը եւ Արգենտինայի Գերագոյն ատեանի անդամ դատաւոր Ռաուլ Սաֆարոնին ներկայացրեցին ազգային հերոս Սողոմոն Թեհլիրեանի դատի արձանագրութիւնների «Մի պատմական դատավարութիւն» գրքի իսպաներէն թարգմանութիւնը:

Ձեռնարկի բացումը կատարեց ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խաչիկ Տէր-Ղուկասեանը, որն իմիջիայլոց նշեց, թէ հայ ազգը կարիք ունէր Նիւրենբերգի նման միջազգային մի դատավարութեան՝ յանցագործ պետութեանը դատապարտելու համար, ու աւելացրեց, թէ հայութիւնը մինչ օրս զոհ է մնում 1915-23 թւականներին Թուրքիայի կողմից գործադրւած Հայոց Ցեղասպանութեան, քանի որ Օսմանեան կայսրութեան ժառանգորդը դեռ անպատիժ է մնում. այդ ուղղութեամբ Հայ Դատի յանձնախմբերի հիմնական նպատակներից մէկն է եղել ու մնում ժխտողականութեան դէմ պայքարը:
Ապա խօսքը տրւեց պատմաբան Օսւալդօ Բայերին, որը հաստատեց, որ հայ ազգի պայքարը հիանալի օրինակ է համայն մարդկութեան համար: «Թուրքերը չեն ընդունում իրենց յանցանքը, ինչ որ նաեւ պատահել էր նացիների պարագայում, հրեաների դէմ գործադրւած կոտորածի նկատմամբ: «Մի պատմական դատավարութիւն» գրքի վկայութիւնները արտացոլում են 1921 թւականի գերմանական արդարութեան քաջութիւնը, որի հետեւանքը եղաւ Սողոմոն Թեհլիրեանի անմեղութեան վճիռը», - ասաց նա՝ աւելացնելով. «Անհաւատալի են թւում գերմանացի վկաների վկայութիւնները»: Պրոֆ. Բայերը նաեւ յիշեց լրագրող Հրանտ Դինքի սպանութիւնը՝ եզրակացնելով, որ այդ ոճրի մտայղացող հեղինակները մինչ օրս անպատիժ են մնացել:
Իր հերթին, Արգենտինայի Գերագոյն ատեանի անդամ դատաւոր Ռաուլ Սաֆարոնին նշեց. «Աշխարհի ներկայ կացութիւնը ճիշտ առիթ է ստեղծում այս վկայութիւնների ընթերցման համար: Նմանօրինակ դատերը քիչ են, մանաւանդ որ՝ այսպիսի անկողմնակալ դատարանի առջեւ ենք գտնւում», ու յիշեց Բենիտօ Մուսոլինիի մահւան հետեւանքների դատապարտումը, որը դատաւորներից մէկը համարեց ուշացած «պատերազմի արարք»: «Բեռլինում կայացած Թեհլիրեանի խօսուն դատը ցոյց է տալիս օրինակելի դատավարութիւն»,- աւելացրեց նա՝ նոյն ժամանակ կարեւորելով ատեանի նախագահի դերակատարութիւնը: Սաֆարոնին շեշտեց, որ այս գրքի ընթերցման որպէս հետեւանք՝ ինքն իրեն պարտաւոր է զգում հաստատելու, որ «Մարդկութեան դէմ իրենց ոճիրների էութեան հետեւանքով՝ ցեղասպանութեանց յանցաւորները արդարութեան շրջանակից դուրս են մնում: Բոլոր հարցականները ոճրագործների փոխարէն՝ կենտրոնանում են զոհերի վրայ: Իրաւաբանութիւնը անզօր է գտնւում մի ազատարարի դատապարտելու ժամանակ, երբ նախապէս չի դատապարտել ցեղասպանութեանց յանցաւորներին: Եւ քանի որ նախապէս աշխատանք չի տարւել՝ նրանց դատապարտելու, հարց է տրւում, թէ ինչ ձեւով հնարաւոր է արդարութիւնն իրագործել»: Դատաւորը շարունակեց՝ ասելով. «Մարդկութեան դէմ ոճիր գործած լինելու որպէս հետեւանք՝ ցեղասպանը իրաւական համայնքից դուրս է մնում: Առ այդ՝ իրաւաբանութիւնը հնարաւորութիւն չունի նման պարագաներում, մանաւանդ որ՝ բարոյագիտական ուժը կորցրած է համարւում: Այդ պատճառով՝ հարկ է ցեղասպանին յետ բերել դէպի իրաւական բեմ», եւ եզրակացրեց, որ այդ պարագաներում հիմնական է յանցաւորներին դատական ատեանների առջեւ տանել:
Միջոցառման ընթացքում մեծ պաստառի վրայ տեսաերիզներով ցուցադրւեցին դատաւոր Կառլոս Ռոսանսկիի պատգամը, որը վերյիշեց Հիտլերի այն խօսքը, որի համաձայն՝ Թուրքիայի անպատժելիութիւնը արդար օրինակը դարձաւ հրեաների ոչնչացման ծրագիրը գործադրելու համար, ինչպէս նաեւ դատաւոր Դանիէլ Ռաֆեկասի խօսքը, որի համաձայն՝ այս արձանագրութիւնները փաստում են հայ ազգի հանդէպ մինչ օրս չգոյացած արդարութիւնը՝ հաստատելով, որ «Այս գիրքը վստահաբար կարող է օգտակար դառնալ նմանօրինակ նոր դէպքերի համար»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։