Հա

Գաղափարական

05/05/2012

alt«Մարդիկ» - «mardik.am»-ը Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆօ» լրատւական գործակալութեան տնօրէն Արտակ Գաբրիէլեանից հետաքրքրւել է, թէ Հայաստանում սպասւող խորհրդարանական ընտրութիւններում ջաւախքցիները որ քաղաքական ուժին են սատարում եւ ինչ ակնկալիքներ ունեն:

Ձեզ ենք ներկայացնում նրա պատասխանը՝ Ջաւախքից. «Ջաւախքահայութիւնը միանշանակ ինչ-որ մի քաղաքական ուժի այս անգամ չի պաշտպանում, համեմատած նախագահական ընտրութիւնների հետ, նախորդ անգամ մեծ թւով ջաւախքցիներ սատարում էին գործող նախագահին եւ յոյսեր ու ակնկալիքներ ունէին, բայց, ինչպէս ժամանակը ցոյց տւեց, ոչ մի դրական տեղաշարժ տեղի չունեցաւ՝ կապւած խնդիրների հետ եւ ամէն ինչ աւելի վատացաւ: Այս անգամ, կարծում եմ, գործող իշխանութիւնից ջաւախքցիները ոչ մի ակնկալիք չունեն: Այն ժամանակ միայն Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդն էր, որ յայտարարութեամբ հանդէս եկաւ եւ պաշտպանեց Վահան Յովհաննիսեանին, որովհետեւ միայն ՀՅԴ ծրագրում յստակ օրակարգ կայ Ջաւախքի հիմնախնդիրների լուծման վերաբերեալ, եւ այս անգամ էլ թէ՛ խորհուրդը, եւ թէ՛ ջաւախքցիների մի ստւար զանգւած պաշտպանում են ՀՅԴ-ին, քանի որ արդէն ՀՅԴ-ի ԱՄՆ-ի եւ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակները գործնականօրէն զբաղւած են Ջաւախքի խնդիրներով եւ դա ժողովրդի համար արդէն տեսանելի է, եւ իմ կարծիքով՝ այս անգամ ՀՀ-ում ապրող ծնունդով ջաւախքցիների մեծամասնութիւնը կը սատարի ՀՅԴ-ին»:
Մեր յաջորդ հարցին, թէ ինչ կասէք այն մասին, որ ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ հարիւրհազարաւոր ջաւախքահայեր ապօրինաբար ընդգրկւում են ՀՀ ընտրացուցակներում եւ քւէարկում ընտրութիւններին, Արտակ Գաբրիէլեանը պատասխանեց. «Ասեմ, որ իսկապէս մեծ թւով ջաւախքցիներ, ովքեր աշխատունակ են եւ մեկնում են արտագնայ աշխատանքի, ստացել են ՀՀ քաղաքացիութիւն, բայց նրանք այս ժամանակահատւածում գնացել են աշխատանքի եւ տեղում չեն, ուստի՝ չեն էլ կարող քւէարկել: Միայն մէկ պարագայում՝ եթէ այս ընտրութիւններն էլ նախորդների նման պէտք է կեղծւեն, տրամաբանօրէն այդ ձայները կանցնեն յօգուտ գործող իշխանութեան»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։