Հա

Գաղափարական

17/04/2012 - 11:36

alt«yerkirmadia.am» - ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշաւի մարզային հանդիպումների հերթական այցը Վայոց Ձորում էր: Կուսակցութեան ներկայացուցիչները ոչ միայն իրենց կարգախօսի համաձայն են յորդորում մարդկանց՝ դաշնակցել եւ կանգնել ՀՅԴ-ի կողքին մայիսի 6-ին, այլ ինչպէս յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, մէկ դարից աւել կենսագրութիւն ունեցող կուսակցութիւնն ունի արժէքային համակարգ եւ այդ առումով սկզբունքօրէն տարբերւում է դաշտում գործող քաղաքական միւս ուժերից:

«Մարդիկ դաշնակցական չեն դառնում՝ պատգամաւոր կամ նախարար դառնալու համար»,- ասաց նա:
Սակայն, ազգային նպատակների իրագործման համար պէտք է լինել կառավարութիւնում:
«Նախագահի աթոռը նոյնպէս միջոց է, եւ մենք չենք խուսափելու նաեւ այն ունենալ»,- նշեց Հրանտ Մարգարեանը:
Երեք հիմնական առաւելութիւն, Հրանտ Մարգարեանի կարծիքով, Դաշնակցութեանը դարձնում է մրցունակ՝ արժէքային կայուն համակարգ, համահայկական կառոյց եւ իրական կուսակցութիւն: Իրական, քանի որ չի զբաղւում այս կամ այն քաղաքական լիդերի քարոզչութեամբ:
Դաշնակցականները նաեւ վայոցձորցիներին յորդորեցին չտրւել այն տեսակէտին, թէ ոչինչ հնարաւոր չէ փոխել: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի կարծիքով՝ պէտք է կասկածի տակ դնել այն ուժերի յայտարարութիւնները, թէ իրենք գալիս են երկրում բարեփոխումներ անելու նպատակով: Կերպարանափոխութեան շքահանդէս է սկսւած, որը մի շարք հարցեր է առաջ բերում:
«Ինչ փոփոխութիւններ են խոստանում նրանք, եթէ իրենք չեն փոխւում: Եթէ դու կամք չունես ինքդ քեզ փոխելու, ո՞նց ես ուրիշին փոխելու: Փոփոխութիւններ խոստացողները գործել են մեր աչքի առջեւ, ու ժողովուրդը կարող է յստակ որոշում կայացնել»,- ասաց Ա. Ռուստամեանը:
ՀՅԴ-ի ցուցակում պատգամաւորի թեկնածու է նաեւ Եղեգնաձորի մանկաբոյժ Նունէ Պետրոսեանը:
«Ես չորս զաւակների մայր եմ, ձեզանից մէկը եւ չեմ ուզում, որ իմ երեխաները դառնան տարագիր ու անհայրենիք: Երկրին օր առաջ անհրաժեշտ են փոփոխութիւններ»,- շեշտեց Ն. Պետրոսեանը:
Համշխարհային հանրութեան պարտադրանքն է այսօր կանանց քւոտաւորւած ներկայութիւնը խորհրդարանում: Սակայն Դաշնակցութեան դէպքում կանանց ներգրաւումը պարտադրանք չի եղել երբեւէ: Կուսակցութեան համամասնական ցուցակում է նաեւ Երեւանի Պետական լեզւաբանական համալսարանի (ԵՊԼՀ) դասախօս Նւարդ Մանասեանը:
«Մենք եկել ենք ձեզանից խնդրելու միայն վստահութիւն, որի աչալուրջ հետեւողը լինելու էք դուք՝ հինգ տարի շարունակ, մեզ հետ միասին եւ ամենուր, որովհետեւ պիտի պայքարենք մեր ազատութեան համար՝ խորհրդարանում, փողոցում, դպրոցում»,- ասաց Նւարդ Մանասեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։