Հա

Գաղափարական

17/04/2012

ՀՅԴ-ի թեկնածուին կոչ են անում քւէարկել իր ՀՀԿ-ական մրցակցի օգտին

«7օր» - Օրերս Երեւանի «Կոնգրես» հիւրանոցում ՔՄՀՀԿ–ն բանավէճ էր կազմակերպել թիւ 8 ընտրատարածքում առաջադրւած թեկնածուների միջեւ:
Չորս թեկնածուներից բանավէճին ներկայ էին երկուսը՝ Վահագն Խաչատրեանը՝ ՀԱԿ-ից եւ Արթուր Եղիազարեանը՝ ՀՅԴ-ից:

Չնայած միջոցառման ձեւաչափին՝ բանախօսները միակարծիք էին այն բանում, որ արդար ընտրութիւնների իրականացումը կարեւորագոյն խնդիրներից մէկն է այսօր Հայաստանում: Արթուր Եղիազարեանի ասութեամբ՝ Հայաստանի քաղաքացին պէտք է համոզւած լինի, որ ինքն է ձեւաւորում իշխանութիւնը.
- Թող ընտրութիւնը ժողովրդինը լինի. կը լինի դա ճիշտ թէ սխալ՝ դա ժողովրդի ընտրութիւնն է:
Արթուր Եղիազարեանն ընտրութիւնների արդար կայացման գործում կարեւորել է ընտրութիւնների վերահսկողութեան միասնական շտաբի գործունէութիւնը՝ յոյս յայտնելով, որ նախաձեռնութիւնը ծառայի իր նպատակին՝ ընտրակեղծիքների դէմ պայքարին:
Արթուր Եղիազարեանն ասել է, որ ինքը նախկինում եղել է ընտրատեղամասային յանձնաժողովներում, եւ համոզւած է, որ եթէ տեղամասային յանձնաժողովում «մինչեւ վերջ կանգնող» 1–2 հոգի լինի, անհնար է նման տեղամասում ընտրութիւն կեղծելը: Ընտրակեղծիքն անձայն չի անցնի. եթէ փորձ էլ լինի, այն կը լինի աղմկայարոյց, խնդրայարոյց:
- 1-2 հոգի ամէն տեղամասում մինչեւ վերջ կանգնող լինի, վստահեցնում եմ, որ այն քւէները, որոնք կը յայտնւեն քւէատուփում, կարտայայտեն այն, ինչ որ կայ,-ասել է ՀՅԴ-ի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ խախտումները տեղի են ունենում ոչ միայն ընտրատարածքներում: Իշխանութեան ՀՀԿ-ի ներկայացուցիչները, այցելում են մարդկանց տներ, ցուցակագրում քաղաքացիներին, անձնագրային տւեալներ հաւաքում՝ այդ կերպ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողների վրայ: Ա. Եղիազարեանը լրագրողներին յայտնել է, որ հանրապետականներն իրենց բնակարան էլ են այցելել՝ յորդորելով քւէարկել թիւ 8 ընտրատարածքում իր ՀՀԿ-ական մրցակցի օգտին.
- Մի քանի օր առաջ մեր տուն էլ են այցելել որոշակի առաջարկով՝ չիմանալով, որ այստեղ հէնց թեկնածուներից մէկն է ապրում: Հանրապետական կուսակցութեան անունից էին հանդէս գալիս, բայց համատիրութեան աշխատող էին: Առաջարկում էին Հանրապետական կուսակցութեանը ձայն տալ:
Լրագրողների այն հարցին էլ, թէ ինչ են առաջարկել ՀՀԿ-ի օգտին քւէարկելու դիմաց, Ա. Եղիազարեանը պատասխանել է.
- Դրան չհասաւ, որովհետեւ պահի տակ խորամանկութիւն չդրսեւորեցի՝ ներս հրաւիրել եւ փորձել աւելին պարզել:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։