Հա

Գաղափարական

Կիրակի, 27 Յուլիսի 2014 10:40

«Լիսբոնի հինգը» եւ հայութեան ազատագրական պայքարը

Հայաստանի խորհրդայնացմամբ պետական մակարդակով ընդհատւեցին Հայ Դատի լուծմանն ուղղւած պայքարը եւ Ցեղասպանութեան գլխաւոր դահիճների նկատմամբ հատուցման գործողութիւնները. մարդիկ ստիպւած էին իրենց մէջ խեղդել ազգային պահանջներն ու գիտակցութիւնը՝ խորհրդային իշխանութիւնների կողմից պարտադրւող ինտերնացիոնալիզմի պայմաններում: 

ՆԱՆԷ ՄԱՆԱՍԵԱՆ

 

Հայաստանի խորհրդայնացմամբ պետական մակարդակով ընդհատւեցին Հայ Դատի լուծմանն ուղղւած պայքարը եւ Ցեղասպանութեան գլխաւոր դահիճների նկատմամբ հատուցման գործողութիւնները. մարդիկ ստիպւած էին իրենց մէջ խեղդել ազգային պահանջներն ու գիտակցութիւնը՝ խորհրդային իշխանութիւնների կողմից պարտադրւող ինտերնացիոնալիզմի պայմաններում: Իսկ աշխարհում սփռւած հայութիւնը ինքնահաստատւելու, հացի խնդիր լուծելու եւ ինքնութիւնը պահպանելու մարտահրաւէրի առաջ էր կանգնել, բացի այդ՝ Եւրոպան սուզւում էր յեղափոխական եւ ազգայնական շարժումների նոր ալեկոծութիւնների մէջ, որոնք էլ 30-ականների վերջում յանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմին: Քառասունականների երկրորդ կէսում «տաք» հակամարտութիւնը տեղը զիջելու էր «սառը» առճակատմանը, որն էլ ձգւելու էր գրեթէ մէկ տասնամեակ:
Մթնոլորտի լիցքաթափման հետ աշխարհում խնդիրներ լուծելու վայր դարձան միջազգային-դիւանագիտական հարթակները: Արտերկրի հայութիւնը ժամանակը պատեհ համարեց իր հարցերը եւս միջազգային ասպարէզ բերելու համար, սակայն քաղաքական բեմահարթակներ չտրամադրւեցին հայութեանը՝ մի քանի տասնամեակ մոռացութեան մատնւած Հայկական Հարցը բարձրացնելու համար:
Սակայն, ազգային վերազարթօնք ապրող սփիւռքահայութեան տրամադրութիւնների վրայ մեծ ազդեցութիւն ունեցան 1965 թւականին Խորհրդային Հայաստանում Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը ոգեկոչող յուշահամալիրի բացումը եւ դրան ուղեկցող իրադարձութիւնները: Լենին-ստալինեան մամլիչի ճնշումը յաղթահարած հայրենաբնակ հայութեան իր դատին տէր դառնալը սփիւռքահայութեանը հաւատ ներշնչեց, որ ազգային բռնադատւած իրաւունքների վերականգնման համար պայքարը շարունակւում է, եւ դա նոր ազդակ դարձաւ հայոց պահանջատիրութեան աշխուժացման համար:
Եւ, այնուամենայնիւ, դիւանագիտական ուղիներով հարցն առաջ մղելու ջանքերը մնում էին անարդիւնք: Սփիւռքահայութեան պայքարող ու պահանջատէր հատւածը հասկացաւ, որ ուժեղ ցնցումը կարող է աշխարհին պարտադրել հայեացքը թեքել հայութեան ասելիքի կողմը: Անցած դարի 70-ականների կէսին սկիզբ առաւ եւ մէկ տասնամեակ ծաւալւեց պահանջատիրական զինեալ պայքարը: Սփիւռքում ստեղծւեցին մի քանի ընդյատակեայ զինեալ կազմակերպութիւններ (Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ, Հայ յեղափոխական բանակ եւ այլն), որոնք երկրագնդի տարբեր անկիւններում ահաբեկչական գործողութիւններ էին իրականացնում թուրքական պետութեան դիւանագիտական ներկայացուցիչների դէմ: Մարդկութեան ուշադրութիւնը դանդաղօրէն սեւեռւում էր Հայկական Հարցին, աշխարհի առաջին ցեղասպանութեան փաստի վրայից մաքրւում էր մոռացութեան փոշին:
Այդ պայքարի ամենաազդեցիկ էջերից մէկը գրեցին «Լիսբոնի 5»-ը՝ Սեդրակ Աճեմեանը, Վաչէ Տաղլեանը, Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահընեանը, Արա Քրջլեանը: Յուլիսի 27-ին լրանում է նրանց սուրբ նահատակութեան 31-րդ տարելիցը: Հայրենիքը երբեք չտեսած, նրա հողը ոտքի տակ չզգացած 19-21 տարեկան հինգ լիբանանահայ երիտասարդները մեծացել էին հայրենազրկւած նախնիների՝ Եղեռնի մասին անհաշիւ պատմութիւնները լսելով, ներշնչւել ու դաստիարակւել հատուցման խորհրդով: 1983 թւականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում նրանք գրաւեցին թուրքական դեսպանատունը եւ իրենց հետ պայթեցրին այն: «Դեսպանատան գրաւումը միջազգային անտեսումից ձանձրացած ու յոգնած հայ երիտասարդութեան ընդվզման արտայայտութիւնն է»,- ասւում էր պորտուգալական իշխանութիւններին ուղղւած Հայ յեղափոխական բանակի հաղորդագրութեան մէջ:
Դաշնակցական գործիչ Արտաշէս Շահբազեանի ասութեամբ՝ «Լիսբոնի 5-ի» գործողութեան արդար պահանջատիրական էութիւնը կասկածի տակ դնող եւ այն որպէս սովորական տեռոր որակող ուժեր փորձել են եւ երբեմն-երբեմն փորձում են խեղաթիւրել ու նսեմացնել ինչպէս այս գործողութեան, այնպէս էլ, առհասարակ, հայկական պահանջատիրական զինեալ պայքարի իմաստը՝ թիւր կարծիք ստեղծելով ինչպէս միջազգային հանրութեան, այնպէս էլ, ցաւօք, հայ հասարակութեան շրջանում: «Լիսբոնի տղաները գնացին գիտակցւած մահւան՝ փաստելու համար, որ տեղի ունեցողը արկածախնդրութիւն չէ, այլ՝ բարոյական ու քաղաքական առումով արդարացւած պայքար: Չընդունել այս արարքի տրամաբանւածութիւնը նոյնն է, թէ դէմ լինել, օրինակ, նրանց, ովքեր զէնքի դիմելու ճանապարհով ազատագրեցին Արցախը»:
Լիսբոնի գործողութիւնն իրականացրած երիտասարդները ջանացել են տեղիք չտալ անմեղ զոհերի, նոյնիսկ ռումբը պայթեցնելուց առաջ ազատ են արձակել թուրք դեսպանի կնոջն ու հարազատներին: «Հայ յեղափոխական բանակի թիրախը եղել են միայն թուրքական պետութիւնը եւ դրա շահերը ներկայացնողները»,- ասում է Արտաշէս Շահբազեանը:
«Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութեան մարտիկ Անդրանիկ Պօղոսեանի ասութեամբ՝ սա էր միակ ճիշտ ուղին պետականութիւն չունեցող ազգի համար. «Երբ պետականութիւն ունեցող ժողովուրդներն իրենց հարցերը լուծում են զէնքով, դա կոչւում է պատերազմ, ուրեմն՝ ինչո՞ւ հայերիս դէպքում միայն նրա համար, որ մենք չունէինք այդ պետականութիւնը, պայքարի նոյն՝ ռազմական ճանապարհը պէտք է որակւէր ահաբեկչութիւն»:
«Զինեալ պայքարը միակ միջոցն է՝ ապահովելու մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Մենք կորցրել ենք, համարեա, մեր ամէն ինչը, մինչեւ անգամ մեր ինքնութիւնը, բայց, բարեբախտաբար, մենք դեռ պահպանել ենք մեր յեղափոխական յանդգնութիւնը: Մենք վճռել ենք յօդս ցնդեցնել այս շէնքը եւ մնալ փլւածքի տակ: Սա ինքնասպանութիւն չէ, ոչ էլ՝ խելագարութեան արտայայտութիւն: Սա զոհաբերութիւն է ազատութեան բագինին»,- ասւած է Լիսբոնի տղաների հաղորդագրութեան մէջ:
Լիսբոնում թուրքական դեսպանատան պայթիւնը ցնցեց աշխարհը, գործողութեան վերաբերեալ միջազգային հանրութեան, մամուլի արձագանգները եղան տարբեր: Բնական էր նաեւ գերտէրութիւնների բացասական արձագանգը. մամուլում այն յաճախ որակւեց ահաբեկչութիւն: Չէ՞ որ դա քաղաքական թատերաբեմում իրենց ձեռքով գրւած սցենարի իրականացում չէր, ինչպէս եւ դուրս էր նրանց վերահսկողութիւնից: Փաստ է, սակայն, որ այս պայթիւնը, ինչպէս եւ միւս հայ վրիժառուների կրակոցները փլուզեցին լռութեան պատնէշները: Աշխարհը սկսեց խօսել Հայկական Հարցի մասին: Լիաբոնի գործողութիւնից յետոյ՝ Բէյրութ ժամանեցին պորտուգալական եւ գերմանական մամլոյ պատւիրակութիւններ, որոնք տեղեկատւութիւն էին հաւաքում ոչ միայն «Լիսբոնի հնգեակ»-ի, այլեւ, առհասարակ, հայկական գաղթօջախների եւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Անմահացած հինգ հայորդիներն իրենց կեանքը հայրենիքի ազատագրութեան զոհասեղանին դրեցին հպարտութեամբ ու պատրաստակամութեամբ, հարթեցին գալիք պահանջատէր սերունդների Հայ Դատի հետապնդման ուղին:
Այս հերոսական էջն իր անդրադարձն ունեցաւ նաեւ շատ հայ երիտասարդների հոգում, ովքեր զէնք վերցրեցին եւ նետւեցին Արցախի ազատագրութեան պայքարի յորձանուտ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։