Հա

Գաղափարական

Շաբաթ, 13 Յուլիսի 2013 14:10

Աղւան Վարդանեան.- «Ո՛Չ ԱՌԱՋԻՆ ՕՐՆ Է, Ո՛Չ ԷԼ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է, ՈՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀՅԴ-Ի ՄԷՋ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ, ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՏԵՍՆԵԼ»

alt«yerkir.am» - Լրագրողների խնդրանքով ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանն անդրադարձել է ՀՅԴ-ի եւ վարչապետի յարաբերութիւնների վերաբերեալ ծաւալւած վերջին խօսակցութիւններին: Նա ընդգծել է, որ եղել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հարցազրոյցը, որին յաջորդել է վարչապետի արձագանգը, եւ յորդորել է այսքանով բաւարարւել:
«Ձեր վերլուծութիւնները, ձեր գնահատականները քննարկէք այս երկու յայտարարութիւնների հիման վրայ, աւելացնելու ոչինչ չունեմ: Եթէ դուք ուշադիր կարդաք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հարցազրոյցը եւ ուշադիր կարդաք վարչապետի կարճ արձագանգը, կարծում եմ՝ ինքներդ ամէն ինչ կը հասկանաք»,- նշել է Աղւան Վարդանեանը:

Այն հարցին, թէ ՀՅԴ ղեկավար մարմիններում, այդուհանդերձ, փոփոխութիւն հնարաւոր է, նա արձագանգել է. «Իհարկէ, հնարաւոր է: ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառոյց է եւ, ի տարբերութիւն շատ-շատերի, առողջ կառոյց է, որտեղ անընդհատ քննարկումներ, տեսակէտների բախումներ են լինում, մտքեր են առաջանում, եւ այսօր մեզ համար իսկապէս այդպիսի շրջան է: Ուզենք թէ չուզենք, անկախ ընտրութիւններին տրւած մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք. երեք ընտրութիւններում մեծ հաշւով մենք ձախողւել ենք, եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք: Թողնենք մի կողմ ընտրութիւնների բնոյթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը (լծակ), բայց գուցէ ինչ-որ բան մեզ մօտ էլ է սխալ, մենք էլ ինչ-որ բաներում թերացել ենք: Մենք քննարկումների մէջ ենք, եւ դրանք առողջ քննարկումներ են: Ո՛չ առաջին օրն է, ո՛չ էլ վերջին, որ փորձում են ՀՅԴ-ի մէջ պառակտումներ, բաժանումներ տեսնել, հանգիստ եղէք, որեւէ խնդիր այստեղ մի տեսէք»:
Լրագրողների խնդրանքով, կրկին անդրադառնալով վարչապետի հետ ծագած խնդիրներին, Ա. Վարդանեանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն որեւէ մէկի հետ որեւէ խնդիր չունի, եւ եւս մէկ անգամ յորդորել է նայել երկու տեքստերը. գնահատականը պարզ է:
«ՀՅԴ-ն իր քայլերը, իր որոշումներն ընդունում է ինքնուրոյն, մենք որեւէ խնդիր չունենք, այս առումով՝ ես շատ հանգիստ եմ: Երկու տեքստերն էլ նայէք, համեմատէք եւ կը տեսնէք, թէ ճշմարտութիւնը որտեղ է»,- յայտարարել է Աղւան Վարդանեանը:

Վարչապետի արձագանգը
«Ազատութիւն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի յայտարարութիւնը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Յարութիւն Բերբերեանն ասաց. «Նախ զարմացած ենք, թէ ընդհանրապէս ինչ պատերազմի մասին կարող է խօսք գնալ եւ ինչ ի նկատի ունի պարոն Մարգարեանը»:
«Վարչապետ Տիգրան Սարգսեանը մշտապէս մեծ յարգանքով է վերաբերւել եւ վերաբերւում աւանդական կուսակցութիւններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստութիւն են: Ինչ վերաբերում է Հ. Յ. Դաշնակցութեան ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցութեան ներքին խնդիրներն են, եւ Տիգրան Սարգսեանը, հանդիսանալով ՀՀԿ փոխնախագահ, այլ կուսակցութիւնների խնդիրներով չի զբաղւում», - ընդգծեց Յ. Բերբերեանը:
«Տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ գնահատականների հետ համաձայն չենք, եւ եթէ այդ գնահատականները ուշադրութիւն գրաւելու նպատակ ունեն, ապա դա այլ խնդիր է»,- «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց վարչապետի խօսնակը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։