Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 11 Յուլիսի 2013 13:05

Հրանտ Մարգարեան.- «ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԲԱԶՄԻՑՍ Է ԱՍԵԼ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԷՏՔ Է ՊԱՇՏՕՆԱՆԿ ԱՐՒԻ»

«Վարչապետը պատերազմ է յայտարարել Դաշնակցութեանը»

alt«yerkir.am» - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը բացէիբաց ասել է, որ պատերազմ է յայտարարում Դաշնակցութեանը. «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
Նրա ասութեամբ՝ այդ պատերազմի շրջագծում ՀՀ վարչապետը մամուլում Դաշնակցութեան մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատւիրում:
Մամուլը գրել էր, թէ Դաշնակցութեան ներսում լուրջ դժգոհութիւններ կան, մասնաւորապէս որ փորձեր են արւում կուսակցութեան Բիւրոյի ղեկավարի պաշտօնից հեռացնել Հրանտ Մարգարեանին:

Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին՝ արդեօք դաշնակցականները դժգոհո՞ւմ են իրենից, եւ իսկապէ՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում աւանդական կուսակցութիւնում, Հրանտ Մարգարեանը ասել է, որ իսկապէս հարցեր եղել են, մասնաւորապէս՝ դժգոհութիւններ ընտրութիւններում Դաշնակցութեան գրանցած արդիւնքներից, բայց դրանք արդէն լուծւել են, եւ այսօր որեւէ խնդիր չունեն:
Այն, ինչ մամուլում գրւում է, որեւէ առնչութիւն չունի իրականութեան հետ, դրանք դրսից գործադրւող ճիգեր են՝ Դաշնակցութեան մէջ ճեղքեր գտնելու եւ խնդիրներ յարուցելու համար,- վստահեցրել է Մարգարեանը՝ յաւելելով, որ խօսքը տւեալ դէպքում վարչապետի մասին է:
«Վարչապետ Տիգրան Սարգսեանն իր տնտեսական ապիկար գործունէութեան պատճառով քննադատութեան ենթարկւելուց յետոյ [Դաշնակցութեան կողմից]՝ բացէիբաց յայտարարել է, որ ինքը պատերազմ է յայտարարում Դաշնակցութեանը, եւ այս տեսակ կեղտոտ լրատւութիւն, կեղտոտ բամբասանքանման լրատւութիւնը իր գործն է»,- ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:
«Ուրիշ ոչինչ չկայ. մենք ո՛չ սիրահարւած ենք եւ ո՛չ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, եւ դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգաւորելու համար»,- յայտարարել է Հրանտ Մարգարեանը:
Այն հարցին, թէ որտե՞ղ է վարչապետը յայտարարել պատերազմի մասին, նա արձագանգել է. «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է յայտարարել»: Մարգարեանն ընդգծել է, որ յստակ տեղեկատւութիւն ունեն այդ մասին:
Թէ ինչ մեթոդներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցութիւնը՝ Հրանտ Մարգարեանն ասել է, որ այդ պատերազմն աւելի շատ Տիգրան Սարգսեանին է վնասելու, այլ ոչ թէ՝ Դաշնակցութեանը:
Ինչ վերաբերում է վարչապետի անւան հետ կապւող օֆշորային սկանդալին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչն ասել է, թէ գնահատական արդէն տրւել է, իսկ Տիգրան Սարգսեանն էլ իր բացատրութիւններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մէջ:
«Այսինքն՝ չէ՞ք հաւատում վարչապետի այն բացատրութիւններին, որ տեղեակ չի եղել, թէ ինչպէս է իր անունը յայտնւել օֆշորային կազմակերպութեան բաժնետէրերի ցանկում» հարցին Մարգարեանը պատասխանել է. «Եթէ ինքն այդպէս է ասում, ուրեմն՝ ծիծաղելի է»:
Նա եւս մէկ անգամ համոզմունք է յայտնել, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը պէտք է պաշտօնանկ արւի, ինչի մասին Դաշնակցութիւնը բազմիցս ասել է. «Եթէ երկրում վերջին յոյսի նշոյլը չենք ուզում սպանել, դա նւազագոյն քայլն է, որ պէտք է արւի, եւ ոչ միայն վարչապետը. բաւականին մարդ կայ, որ պէտք է փոխւի»:
Այն հարցին, թէ նախագահի փոփոխութիւնն է՛լ են պահանջում, Հրանտ Մարգարեանն արձագանգել է. «Նախագահի փոխւելը կախում ունի ժողովրդի կամքից. նրան փոխում է ժողովուրդը»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։