Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 11 Յուլիսի 2013 10:05

ՀԱՅ ԴԱՏ - «Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրաւական թղթածրարը»

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի արտասանած խօսքը՝ Հայաստանի Սփիւռքի նախարարութեան «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովում, որը տեղի ունեցաւ յուլիսի 5-6-ը՝ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան նիստերի դահլիճում, Երեւան:
altԸնդհանրապէս, հայ ժողովուրդ-Թուրքիա եւ յատկապէս՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պէտք է ունենան նաեւ իրաւական հէնք: Օսմանցիների կողմից Հայկական բարձրաւանդակ ներխուժումից ի վեր, հայ-օսմանա-թուրքական յարաբերութիւնները պարբերաբար եւ այն էլ՝ սահմանափակ շրջանակներում ունեցել են իրաւական ինչ-որ հէնք: Այսօր, երբ արդէն հարեւաններ են Թուրքիայի Հանրապետութիւնն ու Հայաստանի Հանրապետութիւնը, անհրաժեշտ է նաեւ իրաւական տեսանկիւնից նայել երկու պետութիւնների յարաբերութիւններին, ինչը կարող է լրացւել հայ ժողովուրդ-Թուրքիա յարաբերութիւնների իրաւական հէնքի ամբողջացմամբ:

Վերջին տարիների իրադարձութիւնները, սկսած միջազգային ապահովագրական ընկերութիւնների դէմ՝ այդ ընկերութիւնների յաճախորդ եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի իրաւաժառանգորդների կողմից դատական հայցերից մինչեւ 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրւած Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները ցոյց տւեցին, թէ ինչքան շփոթ, անտեղեակութիւն եւ տարակարծութիւն կայ մեր մէջ, Թուրքիայից մեր Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրաւական հարցերի շուրջ: Հետեւաբար՝ այդ բոլորը վերահաստատեցին, թէ ինչքան անելիք ունենք, որպէսզի պատրաստենք «Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրաւական թղթածրարը»:
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը պէտք է առիթ լինի հայոց իրաւունքների սահմանման եւ ձեռքբերման ուղղութեամբ նոր փուլ սկսելուն: Մինչեւ 2015 թ. պէտք է իրականացւի Հայոց Ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով միջազգային իրաւունքի եւ նորմերի համաձայն թղթածրարի պատրաստութիւնը, եւ պէտք է քայլեր ձեռնարկւեն՝ մի կողմից սատարելու ներազգային ճակատում այդ թղթածրարի շուրջ տեսակէտների բիւրեղացմանը, միւս կողմից՝ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման շուրջ միջազգային հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս նախապատրաստութիւն կոնկրետ (որոշակի) քայլերի:
Ահա այս տեսանկիւնից պէտք է ընկալել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի 2013 թ. ապրիլի 24-ի համատեղ յայտարարութիւնը, որով, մասնաւորաբար, Թուրքիայից պահանջւում է վերադարձնել բռնագրաււած հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալւածներն ու հոգեւոր-մշակութային արժէքները: Անհրաժեշտ է ողջունել այս նախաձեռնութիւնը՝ որպէս հատուցման գծով մէկ մասնակի, բայց կարեւոր քայլ եւ աջակցել, որ այն հասնի իր նպատակին: Այս ուղղութեամբ քաղաքական կարեւոր քայլ էր Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 2011 թ. դեկտեմբերի 13-ի (թիւ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է ուղղում քրիստոնէական, ներառեալ՝ հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալւածներն ու ունեցւածքները վերադարձնել իրենց պատմական իրաւատէրերին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 2007 թւականից այդ նպատակով՝ կատարել է մի շարք նախաձեռնութիւններ, որոնց մի մասի նախնական արդիւնքները հրապարակւել են 2010 թ. հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: 2007 թ. դեկտեմբեր ամսին ձեւաւորւել է Հայոց Ցեղասպանութեան Հատուցման ուսումնասիրման խումբը, որի լրամշակւած եւ ամբողջական զեկոյցը կը հրապարակւի շուտով: Մասնագիտական բազմակողմանի, ներառեալ՝ իրաւական, այդ ուսումնասիրութիւնը կը հրապարակւի՝ քննարկւելու համար թէ՛ մասնագէտների, եւ թէ՛ ընդհանրապէս հասարակութեան կողմից:
Հայոց Ցեղասպանութեան Հատուցման ուսումնասիրման խմբի զեկոյցը սկսւում է Հայոց Ցեղասպանութեան խիստ համառօտ նկարագրութեամբ: Դրան յաջորդում են.
- Ցեղասպանութեան հետեւանքով հայերին հասցւած վնասների սխեմատիկ նկարագրութիւնը.
- Հայոց Ցեղասպանութեան հատուցման հարցի իրաւական վերլուծութիւնը՝ հիմնւած միջազգային իրաւունքի օրինադրութեան, սկզբունքների եւ նախընթացների վրայ.
Նիւթական հատուցման վերաբերող յետցեղասպանութեան պայմանագրերի պատմութեան եւ առընչւող համաձայնագրերի եւ գործիքների վերլուծութիւնը.
- Փիլիսոփայական քննարկումը հատուցման բարոյական հարցերին, ներառեալ՝ որոշ առարկութիւնների պատասխաններ.
- Փոխանցման արդարադատութեան մօտեցման տեսանկիւնից՝ քաղաքական վերլուծութեան ճամբով մշակւած խորհրդանշական, ինչպէս նաեւ նիւթական հատուցման մոդելը.
- Սահմանումն այն տարածքների, որոնք համարւում են պատշաճ հատուցում, ինչպէս նաեւ տարբերակներ՝ թէ՛ հատուցման փաթեթի տարածքային մասը, ըստ էութեան, ինչից պէտք է կազմւած լինի.
- Ցեղասպանութեան ընթացքում կորած կեանքի եւ տառապանքի համար հայերին տրւելիք ընդհանուր դրամական փոխհատուցման հաշւարկը.
- Կոնկրետ շարժական գոյքի Ցեղասպանութեան միջոցով զաւթման, ինչպէս նաեւ վերականգնման կամ փոխհատուցման ենթակայ այլ տնտեսական հետեւանքների հաշւարկի շրջանակը:
Այս զեկոյցը կոնկրետ առաջարկ է փոխհատուցման ենթակայ կոնկրետ առարկաների հիմնաւորման վերաբերեալ: Թէեւ Ուսումնասիրման խումբն ընդունում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրութիւն կատարել հատուցումների փաթեթի որոշ յստակ գործօններ ճշտելու նպատակով, սակայն խմբի անդամները միակարծիք են, որ ներկայացւող շրջանակը, ընդհանուր առմամբ, բարոյագիտական, քաղաքական եւ իրաւաբանական տեսանկիւններից ճիշտ եւ արդարացի լուծում է հանդիսանում Հայոց Ցեղասպանութեան չլուծւած հարցերի՝ հատուցումների բաժնով: Միեւնոյն ժամանակ, Ուսումնասիրման խումբն ընդունում է, որ հատուցումները, Հայոց Ցեղասպանութեան հարցի ընդհանուր լուծման կարեւոր եւ հիմնական բաղադրիչը լինելով հանդերձ, այնուամենայնիւ, բաւարար չեն ամբողջական հանգուցալուծման համար (օրինակ՝ Թուրքիայի Հանրապետութիւնում հայերի նկատմամբ վերաբերմունքի պարագայում), թէեւ, ինչպէս նշւած է զեկոյցում, հատուցումները կօգնեն հանգուցալուծման ընդհանուր գործընթացին: Ուսումնասիրման խմբի համար կարեւորագոյն սկզբունք է եղել այն ըմբռնումը, թէ հատուցումները ոչ միայն դէպի արդարութիւն հնարաւոր միջոցներ են, այլ դրանք անհրաժեշտ են Հայոց Ցեղասպանութեան խնդրով արդարութիւն հաստատելու համար:
Մինչեւ այդ թղթածրարի հրատարակումը եւ դրա արծարծած հարցերի համահայկական քննարկումն ու ի վերջոյ՝ հայութեան եւ Հայաստանի իրաւունքների ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման շուրջ համահայկական համախոհութեան ձեւաւորումը, անհրաժեշտ է կատարել մի շարք հաստատումներ եւ ճշտել մի շարք սկզբունքներ.
1) Անհատական վնասուց հատուցման նպատակով՝ անհատ հայերի կողմից յարուցւած դատեր չպէտք է խոչընդոտեն մեր ազգային պահանջատիրութեանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետէ կը դատարկի իր քաղաքական բովանդակութիւնից եւ կը վերածի սոսկ նիւթական դատի: Չպէտք է ազգի ողբերգութիւնը որոշ անհատների կողմից նիւթական շահ ապահովելու միջոցի վերածել եւ այդպիսով՝ հաւաքական ու ազգային իրաւունքները հետապնդելուն խոչընդոտ հանդիսանալ: Խօսքը չի վերաբերում անհատական իրաւունքները զոհելուն. խօսքը վերաբերւում է այդ անհատական իրաւունքները մի խումբ մարդկանց, հիմնականում՝ որոշ փաստաբանների անզուսպ շահի աղբիւրի վերածելուն, ինչպէս, դժբախտաբար, ականատես եղանք ապահովագրական ընկերութիւնների դէմ դատական գործերով առնչւած փաստաբանների փոխադարձ մեղադրանքներով եւ մերկացումներով:
2) Հայաստան-Թուրքիա իրաւական սահմանի հիմքն է Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճիռը: Մինչեւ մեր իրաւունքների եւ հատուցման պահանջների իրաւական թղթածրարի պատրաստութիւնը՝ անհրաժեշտ է, որ մեր Հայաստանի Ազգային ժողովը որդեգրի որոշում, որն էլ կարգելի Հայաստանի կողմից որեւէ փաստաթղթի ստորագրութիւն, որը կը հրաժարւի վիլսոնեան Իրաւարար վճռով ճշտւած Հայաստան-Թուրքիա սահմանագծից: Անկախ Հայաստանը իր ազատ կամքով չի կարող հրաժարւել այդ իրաւունքից: Թուրքիան եւ Սեւրի պայմանագիրը ստորագրած ու նրանց իրաւայաջորդ հանդիսացող պետութիւնները պարտաւոր են ճանաչելու Հայաստանի այդ իրաւունքը, եթէ ցանկանում են, որ միջազգային յարաբերութիւնները հիմնւած լինեն միջազգային իրաւունքի վրայ: Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դէմ. սա նշանակում է իրաւատէրը մնալ այն ամէն ինչի, որը համաշխարհային հանրութիւնը, միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչել է որպէս Հայաստանի կենսունակութեան համար անհրաժեշտ: Այս տեսանկիւնից՝ քաղաքական եւ իրաւական կարեւոր, բայց ոչ բաւարար քայլեր են՝
ա) 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը, որը հիմքն է Հայաստանի Սահմանադրութեան եւ որտեղ Հայաստանի օրէնսդիրը գիտակցում է «իր պատասխանատւութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում», առաւել՝ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման գործին»:
բ) Հայաստանի նախագահի 2009 թ. հոկտեմբերի 10-ի ուղերձը, որտեղ նշւած է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը1) ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն»:
գ) Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010 թ. յունւարի 12-ի որոշումը2), որտեղ խօսւում է «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ փաստացի սահմանի3)» մասին:
դ) Հայաստանի նախագահի 2010 թ. նոյեմբերի 23-ի ուղերձը, որտեղ նախագահն ասում է. «Քսաներորդ դարի պատմութեան մէջ [Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի Հայաստանի սահմանների վերաբերեալ Իրաւարար վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն էր, որով պէտք է վերականգնւէր պատմական արդարութիւնը եւ վերացւէին հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութիւնում իրագործւած Ցեղասպանութեան հետեւանքները: Այդ վճռով միջազգայնօրէն ճանաչւում եւ ամրագրւում էին Հայաստանի սահմանները» (…):
3) Միջազգային իրաւունքի համաձայն՝ անկախ Հայաստանի Հանրապետութեան առկայութեան պայմաններում տարածքային վէճի մէջ հայկական կողմից կարող է որպէս իրաւատէր հանդէս գալ միայն այդ պետութիւնը: Հասարակական նախաձեռնութիւններ, ի՛նչ անունով էլ դրանք հանդէս գան, չեն կարող փոխարինել միջազգային իրաւունքի հայկական միակ սուբիեկտ (իրաւատէր) հանդիսացող Հայաստանի պետութեանը կամ որպէս իրաւատէր ներկայանալ նրա միջազգային իրաւունքներին եւ պարտաւորութիւններին:
- Անհրաժեշտ է շարունակել հետապնդել Հայոց Ցեղասպանութեան եւ նրա հետեւանքների ճանաչումը Թուրքիայի կողմից. ոմանք այս պահանջը համարում են Թուրքիայի համար վիճելի մէկ պատմական փաստի ճանաչում, մինչդեռ խնդիրը շատ աւելի խորն է: Հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետութեան համար սա նախեւառաջ պատմական արդարութեան վերականգնում է: Թուրքիան դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը եւ ճանաչելով մարդկութեան դէմ այդ ոճրի համար իր բարոյական, քաղաքական եւ իրաւական պատասխանատւութիւնը, նախադրեալներ է ստեղծելու Հայաստանի ու հայութեան հետ բնականոն յարաբերութիւններ հաստատելու ճանապարհին: Իր հարեւան Թուրքիայի հետ խաղաղ գոյակցելու ձգտող Հայաստանի համար նման դատապարտումն ու ճանաչումը անվտանգութեան նւազագոյն երաշխիք է, որը հարկաւոր է ամրագրել Թուրքիայում անհրաժեշտ նախաձեռնութիւններով՝ սկսած դպրոցական դասագրքերում ճշմարտացի տեղեկութիւն փոխանցելով Թուրքիայի երեխաներին, հասնելով մինչեւ ոճրագործների ոգեկոչումն արգելելու եւ զոհերի յիշատակը յարգելու նախաձեռնութիւններին: Մարդկային զոհերից բացի՝ Ցեղասպանութիւնը պատճառեց անհատական եւ հաւաքական նիւթական վնասներ, որոնց հատուցման եւ վերականգնման պատասխանատւութիւնը եւս պիտի ընդունի Թուրքիան:
Պէտք է արձանագրել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, թէեւ նման ճանաչումը պարզ է, որ կը հեշտացնի այդ հարցերի արծարծումը:
Եզրակացնելով՝ ասեմ, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու պահանջները Թուրքիայից չսկսեցին, հետեւաբար՝ նաեւ չպէտք է սահմանափակւեն 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան ուխտով: Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրաւական մէկ ամբողջական թղթածրարը անհրաժեշտ է, որ ունենայ իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրաւատէրերի, հասցէատէրերի ու ատեանների յստակ նշումներով:
«Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրաւական թղթածրարի» շուրջ պէտք է գոյանայ համահայկական համախոհութիւն, այնպէս, ինչպէս կայ համախոհութիւն՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրում: Ամէն տեսակէտից՝ ցանկալի է, որ այդ թղթածրարի մշակման եւ համահայկական համախոհութեան ձեւաւորման առանցքը լինի պետութիւնը, բայց այն չպէտք է սահմանափակւի պետութեան իրաւունքներով, հնարաւորութիւններով եւ կատարելիքներով: Այդ թղթածրարը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի իրաւունքների ձեռքբերման եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրագործման ռազմավարութիւնը պէտք է հաշւի առնի եւ խարսխւած լինի համայն հայութեան իրաւունքների եւ հնարաւորութիւնների վրայ: Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը նախեւառաջ ենթադրում է այդ իրաւունքներից չհրաժարւե՛լ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից:

——————————————————
1) Ընդգծումը՝ մեր կողմից. Կ. Մ.:
2) 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխ քաղաքում ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւններում ամրագրւած պարտաւորութիւնների Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը որոշելու վերաբերեալ գործով:
3) Ընդգծումը՝ մեր կողմից. Կ. Մ.:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։