Հա

Գաղափարական

01/07/2013

alt«tert.am» - ՀՀ ԱԺ-ի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը թէեւ իրեն դատաւոր չի համարում «օֆշորային սկանդալի» հարցում մեղաւորներին մատնանշելու, սակայն ըստ նրա, խնդրին պէտք է բազմակողմանի պարզաբանում տրւի:
Աւելին՝ ՀՅԴ պատգամաւորը վերլուծելով հասկացել է, որ «տարօրինակ բաներ» են տեղի ունենում, ինչից յետոյ եզրակացրել, որ առնւազն Նաւասարդ Կճոյեանը պէտք է կաթողիկոսի որոշմամբ «կողքի քաշւի», իսկ վարչապետը գոնէ ժամանակաւոր արձակուրդ մեկնի:

Յիշեցնենք, որ մայիսի 29-ին «hetq.am» էլեկտրոնային կայքի «Ովքեր են Փայլակ Հայրապետեանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռեակը» վերնագրւած հրապարակման մէջ տեղ գտած տեղեկատւութեան համաձայն Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը Կիպրոսում օֆշորային գօտում գրանցւած կազմակերպութիւններից մէկի բաժնետէր է, իսկ նրա գործընկերներն են՝ վարչապետ Տիգրան Սարգսեանը եւ գործարար Աշոտ Սուքիասեանը:
Յիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ «hetq.am»-ը հրապարակել էր խմբագրութիւն ուղարկւած Աշոտ Սուքիասեանի նամակը, որում նա յայտնել էր, որ օֆշորային գօտում ընկերութիւնն ինքն է գրանցել՝ առանց ընկերութեան միւս երկու բաժնետէրերի տեղեկութեան: «Ասեմ, որ այս կազմակերպութեան հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսեանի եւ Ն. Կճոյեանի անուններով՝ առանց նրանց գիտութեան եւ առանց նրանց համաձայնութեան: Դա արել եմ, որպէսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգութիւններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,- մասնաւորապէս, ասել էր նա: Դրանից յետոյ՝ դատախազութիւնը գործ յարուցեց Աշոտ Սուքիասեանի նկատմամբ եւ յայտարարեց միջազգային հետախուզութիւն:
«Կայ նման բան թէ չկայ, ես դատաւոր չեմ, բայց մնում է խնդիրը, պետական կառավարման համակարգի նման վիճակում ակնկալել, որ իրաւապահ մարմիների միջոցով կը պարզաբանւի եւ բոլորը կը հաւատան՝ անհնար է, սա խորութեամբ պէտք է բացայայտւի, ԱԺ-ի բազմակուսակցական յանձնաժողովի միջոցով քննարկւի եւ գնահատական տրւի»,- ասել նա եւ փորձել վերլուծել տեղի ունեցող «տարօրինակ գործընթացները»:
«Այս բացայայտումը չի եղել տարբեր մարդկանց վերաբերեալ, թւարկւած երեք անձինք կապ ունեն, Աշոտ Սուքիասեանը խաչքաւորն է Արարատեան թեմի առաջնորդ Նաւասարդ Կճոյեանի, ով վերջին հարցազրոյցում ասաց, որ միասին շատ են ճանապարհորդել: Ես չգիտեմ, խաչքաւորները մի՞շտ են, որ այդքան միասին ճամբորդում են: Յետոյ վարչապետը եւ Սրբազանը իրար հետ սերտ կապ ունեն, ինչքան գիտեմ: Նաւասարդ Կճոյեանը վարչապետի երեխաների քաւորն է, այսինքն՝ սրանք շղթայւած են»,- ասաց նա եւ շարունակեց իր հարցադրումները:
«Յետոյ հարց է, ինչո՞ւ «Արմէնպրես»-ի միջոցով տարածւեց Նաւասարդ Կճոյեանի պարզաբանումը, որը, ինչպէս յայտնի է, կառավարական լրատւամիջոց է շարունակում մնալ: Ինձ համար հասկանալի չէ, այս ամէնը մշակւել, գրւել էր, որովհետեւ նախորդ հարցազրոյցները այլ լրագրողների հետ այլ տեքստի մասի՞ն է խօսում: Նոյնիսկ այս վիճակում, որ ոչ ոք դատաւոր չէ եւ ես էլ դատաւոր չեմ, բայց իմ կարծիքով՝ եկեղեցին պէտք է իր դիրքորոշումն արտայայտի, Արարատեան թեմի առաջնորդը կաթողիկոսի որոշումով պէտք է «կողքի քաշւի»: Ինչու չէ նաեւ հնարաւոր տարբերակ եմ տեսնում վարչապետի թէկուզ ժամանակաւոր արձակուրդ մեկնելը»,- ասաց նա եւ նշեց, որ հարցը մինչեւ չպարզաբանւի՝ անընդհատ շարունակելի կը լինեն շահարկումները:
Այն դիտարկմանը, թէ իրատեսական է համարում վարչապետի հրաժարականը, Աղւան Վարդանեանը նշեց, որ ինքը չէր ուզի այդ կարգի դատողութիւններ անել եւ նկատում է, որ եթէ միջազգային փորձը դիտարկեն, դա հաւանական է, Հայաստանի դէպքում՝ «ոչ իրատեսական»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։