Հա

Գաղափարական

12/06/2013 - 11:10

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2013 թ. յունիսի 5) - Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Թբիլիսիում, 3-4 յունիսին, Վրաստանի «Սոցիալ դեմոկրատներ՝ զարգացման համար» կուսակցութեան հիւրընկալութեամբ:

altalt

Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ՝ Մոլդովայի, Բելոռուսիայի, Վրաստանի, Ուկրայինայի, Ղազախստանի, Հայաստանի, Հունգարիայի, Յունաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցութիւններից, ինչպէս նաեւ որպէս հիւր՝ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչները: Ներկայ էր նաեւ Ընկերվար միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիզ Այալան:
Ժողովին մասնակից ՀՅԴ-ի պատւիրակութեան կազմում էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Ժողովին նախագահեցին յանձնախմբի համանախագահներ՝ Վահան Յովհաննիսեանն ու Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա):
Յանձնախմբի այս ժողովը առաջինն էր Ընկերվար միջազգայնականի վերջին Կոնգրեսից յետոյ: Օրակարգի հարցերն էին.
1- Ճշտել ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի ներկայ առաջնահերթութիւններն ու կատարելիքները:
2- Տարածաշրջանում դեմոկրատական պետութիւնների յաջողութեան պայքարի մարտահրաւէրները:
3- Հակամարտութիւնների յաղթահարում-հիմնարար անհրաժեշտութիւն՝ արդար ու բարեկեցիկ հասարակութիւն ձեւաւորելու ճանապարհին:
4- Տարածաշրջանի երկրների ազգային իրավիճակի մասին զեկոյցներ:
5- Ներկայ ժամանակահատւածի համար յանձնախմբի աշխատանքային ծրագիր:
6- Եզրակացութիւններ եւ ժողովի յայտարարութեան որդեգրում:
ՀՅԴ-ի ներկայացուցիչները ելոյթներ ունեցան օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
Աւարտին ժողովը որդեգրեց հետեւեալ յայտարարութիւնը. «ԱՊՀ-ի Կովկասի եւ Սեւ ծովի տարածաշրջանից Սոցինտերնի անդամ կուսակցութիւնները, համախմբւած Թբիլիսիում 2013 թ. յունիսի 3-4-ին՝ որոշելու համար տարածաշրջանում սոցիալական ժողովրդավարութեան առաջնահերթութիւններն ու մարտահրաւէրները, առաջին հերթին վերահաստատեցին իրենց անսասան յանձնառութիւնը՝ պահպանելու այս գլոբալ քաղաքական ընտանիքի միասնութիւնն ու ամբողջականութիւնը՝ Գերմանիայում մեր անդամների վերջերս կատարած նախաձեռնութիւններից ու մամուլում յայտնւած նրանց յայտարարութիւններից յետոյ: Յանձնախմբի անդամները այս առիթով յայտարարում են, որ իրենք լիարժէք ներկայացւած են այդ զարգացումներին ի պատասխան՝ Սոցինտերնի նախագահի եւ գլխաւոր քարտուղարի կողմից տրւած Բաց նամակ բովանդակութեամբ:
alt«Ընդգծում ենք, որ մեր սոցիալ դեմոկրատական ինքնութեան էութիւնը հանդիսացող միջազգային համերաշխութիւնը պէտք է պահպանել եւ ամրապնդել: Այս տարածաշրջանի երկրները թէեւ տարբեր են սոցիալական եւ մշակութային առումներով եւ որոնք ներկայում տարբեր փուլերում են ժողովրդավարութեան ապահովման, բարելաւման թէ ամրապնդման ճանապարհին, այդուհանդերձ՝ կիսում են բազմաթիւ ընդհանուր խնդիրներ: Շատ կարեւոր է տարածաշրջանային մակարդակով համակարգւած գործողութիւններ իրականացնելը եւ մենք յանձնառու ենք կըրկնապատկել ջանքերը՝ հետապնդելու ժողովրդավարական կառավարում, համերաշխութիւն եւ բոլորի համար հաւասար իրաւունքներ:
«Վրաստանի դէպքում յանձնախումբը նշեց, որ ընտրութիւնների միջոցով կառավարութեան փոփոխութիւնից յետոյ առկայ է ձեւափոխութեան մի զգայուն գործընթաց եւ յոյս յայտնեց, որ արդարութիւն վերականգնելու այդ գործընթացը լինի թափանցիկ եւ արդիւնաւէտ: Յուսով ենք, որ քաղաքական համակարգը դառնայ առաւել ներկայացուցչական եւ ժողովրդավարական: Վրաստանում ողջունելի են դէպի համընդհանուր կրթութիւն եւ առողջապահութիւն՝ աղքատութեան նւազեցման համար, գիւղի եւ աշխատանքային յարաբերութիւնների զարգացման համար քայլերը: Ողջունում ենք նաեւ տարածաշրջանում խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման համար վրացական կառավարութեան քաղաքականութիւնը եւ նրա ջանքերը՝ Վրաստան-Ռուսաստան յարաբերութիւնների քաղաքակիրթ շրջագծում առաջխաղացման համար:
«Խաղաղ քաղաքականութիւնը տարածաշրջանում ու հարեւանների միջեւ առաջնային նշանակութիւն ունի, եւ այս տարածաշրջանում հակամարտութիւնների միայն խաղաղ լուծումը պէտք է գերակշռի:
«Յանձնախումբը լիովին սատարում է տարածաշրջանային հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը՝ միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ:
«Յանձնախումբը իր խորին մտահոգութիւնն է յայտնում Թուրքիայում իրենց ազատ հաւաքների իրաւունքն իրականացնող քաղաքացիների դէմ՝ ոստիկանութեան կողմից անհամաչափ եւ չափից աւելի ուժի կիրառման կապակցութեամբ: Մենք ցանկանում ենք թուրք կառավարութեանը յիշեցնել, որ խօսքի ազատութիւնը, հաւաքների ազատութիւնը եւ խաղաղ բողոք ունենալու իրաւունքը ժողովըրդավարական ռեժիմի հիմունքներն են: Մենք խոր մտահոգութեամբ ենք հետեւում Թուրքիայում աւտորիտար (միահեծան) հակւածութիւնների աճին եւ դրան հետեւող քաղաքացիների օրինական բողոքների նկատմամբ անտարբերութեանը: Մենք դիմում ենք կառավարութեանը՝ զսպւածութիւն ցուցաբերելու եւ յարգելու մարդու իրաւունքներն ու ազատութիւնները: Յանձնախումբը իր ցաւակցութիւնն է յայտնում նրանց, ովքեր բողոքի ցոյցերի ընթացքում կորցրել են իրենց կեանքը եւ տուժածներին ցանկանում է շուտափոյթ ապաքինում: Սոցինտերնը կը շարունակի լինել համերաշխ թուրք ժողովրդի եւ Հանրապետա-ժողովրդական կուսակցութեան (CHP) հետ՝ իրաւունքների եւ ազատութիւնների, ժողովրդավարութեան եւ սոցիալական արդարութեան համար իրենց պայքարում:
«Ուկրայինայում քաղաքական գործընթացը ցոյց տւեց, որ աւտորիտարիզմի վերադառնալու Վիկտոր Եանուկովիչի փորձերը հասարակութեան մէջ չունեն տեղ եւ ոչ մի աջակցութիւն: Միաժամանակ, աջակողմեան ընդդիմութիւնն ի վիճակի չէ առաջարկել նրա ընթացքից վստահելի այլընտրանք եւ ժողովրդի մէջ աւելի է կորցնում իր ժողովրդականութիւնը: Քանի որ թէ՛ իշխանութեան, եւ թէ՛ ընդդիմութեան հիմնական ուժերը, փաստօրէն, մեկուսացած են ոչ միայն ժողովրդի իրականութիւնից, այլեւ՝ յանուն ժողովրդավարութեան եւ արդարութեան պայքարից, նրանք դառնում են մեկուսացւած՝ քաղաքականութեան մէջ: Ճիշտ այնպէս, ինչպէս 2004 թւականին Սոցինտերնը առաջին կազմակերպութիւնն էր, որ աջակցեց ուկրայնական ժողովրդի ազատութեան համար պայքարին, այն այժմ աջակցում է արդարութեան համար օլիգարխիկ խմբերի եւ իշխող քաղաքական կողմերի դէմ պայքարող Ուկրայինայի քաղաքացիների ջանքերին:
«Յանձնախումբը վերահաստատեց իր ամբողջական համերաշխութիւնը՝ Բելոռուսիայի ժողովրդի հետ՝ յանուն ազատութեան, ժողովրդավարութեան, անկախութեան եւ իրենց ազգային ինքնութեան պահպանման համար պայքարում: Իշխող ռեժիմի կողմից մարդու իրաւունքների շարունակւող լուրջ խախտումները ցաւալի են եւ այս յանձնախումբը կոչ է անում՝ վերջ տալ ընդդիմութեան առաջնորդների հետապնդումներին ու սատարել նրանց ազատագրման եւ ռէաբիլիտացնել (վերականգնել արժանապատւութիւնը, իրաւունքները) քաղբանտարկեալներին, այդ թւում՝ Սոցինտերնի անդամ BSDP (NH) կուսակցութեան ղեկավար Միկալայ Ստատկեւիչին:
«Յանձնախումբն աջակցում է Ղազախստանում իր անդամ Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան (OSDP) գործունէութեանը՝ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատական արժէքներին նպաստելու ջանքերին: Յանձնախումբը ողջունում է OSDP-ի կողմից որդեգրւած նոր «Սոցիալ դեմոկրատիան 21-րդ դարի ուղին է» ծրագիրը եւ կուսակցութեան սոցիալական բազայի ընդլայնման հետ կապւած ռազմավարութիւնը: Յանձնախումբը նաեւ իր լիակատար համերաշխութիւնն է յայտնում կուսակցութեանը՝ երկրի քաղաքական արդիականացման եւ այն անշրջելի դարձնելու համար իր պայքարում:
«Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախումբը գտնում է, որ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան (SDPA) 12-րդ համագումարի որոշումներից յետոյ՝ անհրաժեշտ է վերացնել SDPA-ի կարգավիճակին կապւած առկախ բոլոր հարցերը: Սա միակ Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնն է Ադրբեջանում եւ ճշմարիտ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն է՝ մեր ընդհանուր արժէքների նկատմամբ ամուր հաւատքով: SDPA-ն ենթարկւում է Սոցինտերնի կանոնադրութեանը եւ առաջնորդւում է դրա ծրագրով եւ սկզբունքներով: Այս տարածաշրջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնները իրենց համերաշխութիւնն են յայտնում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեանը եւ դիմում են Սոցինտերնի Էթիկայի յանձնախմբին՝ վերականգնելու նրա կարգավիճակը՝ Սոցինտերնում»:

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է: Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ:
ԱՊՀ-ի երկրների կուսակցութիւններից Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը լիիրաւ անդամի կարգավիճակ ունեցող առաջին կուսակցութիւնն է: ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանը փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովեան երկրների յանձնախմբի համանախագահ: ՀՅԴ-ի համապատասխան կառոյցները լիիրաւ անդամն են Կանանց Ընկերվար միջազգայնականի (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (IUSY):

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։