Հա

Գաղափարական

01/06/2013

alt«mardik.am» - ՀՀ կառավարութեան ծրագրից ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել, նախեւառաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էութեան, կապ չունի Հայաստանի հետ եւ բացարձակապէս չի համապատասխանում երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Խորհրդարանական յայտարարութիւնների ժամին նշեց ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Նա ընդգծեց, որ կառավարութիւնը տիպիկ դրսեւորումն է վերարտադրւող իշխանութեան, նրա իրական պատկերն է: «Դրա համար էլ կառավարութիւնը չի փոխւել, ինչպէս չի փոխւում վերարտադրւող իշխանութիւնը: Եթէ մէկը կասկածում է, թող փորձի լուրջ տարբերութիւններ գտնել վերջին շրջանի կառավարութիւնների միջեւ: Ակնյայտ է, որ վերարտադրման բնոյթ ունեցող իշխանութեան մէջ չի կարող այլ կառավարութիւն լինել, քան այն, որ պարտաւոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը»,- նշեց Ա. Ռուստամեանը:
Վերջնիս ասութեամբ՝ հիմա էլ խոստանում են պայքարել աղքատութեան, գործազրկութեան եւ արտագաղթի դէմ, սակայն, ըստ նրա, այն կառավարութիւնը, որի օրօք այս ամէնը նոր թափ ու ծաւալներ է ստացել, չի կարող դրա դէմ պայքարել: «Այդպիսի բան չի լինում՝ կառավարութիւնը ինքն իր դէմ չի պայքարելու: Եթէ ժողովուրդը ուզում է յաջողւած պայքար մղել, պէտք է սթափւի, համախմբւի եւ պայքարի՝ օր առաջ ազատւելու այս միահեծան եւ ինքնագոհ իշխանութիւններից»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։