Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 31 Յունւարի 2017 12:00

Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը մտահոգութիւն է յայտնել Թրամփի հրամանագրի առնչութեամբ

Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել` կապւած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրւած հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացեալ Նահանգներ:

«ԱԼԻՔ» - Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել` կապւած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրւած հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացեալ Նահանգներ: Գրում է «Արմէնպրես»-ը: 

Յայտարարութեան մէջ յանձնախումբը նշել է, որ շարունակում է մտահոգւած լինել նախագահի հրամանագրի առնչութեամբ` թէ ԱՄՆ-ի քաղաքականութեան, թէ հայ անհատների ու ընտանիքների վրայ հնարաւոր ազդեցութեան տեսանկիւնից: 

Յայտնելով, որ իրենք խնդրի առնչութեամբ կապի մէջ են Կոնգրեսի եւ Սպիտակ տան հետ` յանձնախումբը խորհուրդ է տւել այն հայերին, ում բարեկամները կամ ընկերները ձերբակալւել են ԱՄՆ մտնելիս կամ արգելւել է նրանց մուտքը երկիր, կապւել յանձնախմբի հետ եւ տեղեկացնել, թէ ինչ իրադրութեան պայմաններում են գտնւում: 

Բացի այդ, Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը կոչ է արել այն հայերին, ովքեր Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից կամ Եմէնից են եւ ԱՄՆ քաղաքացի չեն, խուսափել Միացել Նահանգների տարածքը լքելուց, քանի որ կայ վտանգ, որ յետ վերադառնալիս նրանց մուտքը կարող է արգելւել` անկախ իմիգրացիոն կարգավիճակից: 

Յանձնախումբը յիշեցրել է, որ իրենք պարբերաբար խորհրդակցում են քաղաքացիական եւ իրաւական կազմակերպութիւնների հետ: «Որպէս հայկական ծագում ունեցող ամերիկացիներ, հպարտ ներգաղթեալների համայնք, որոնցից շատերը Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած ընտանիքներից են, որոնք արմատներ ունեն Սիրիայում, Իրաքում, Իրանում եւ հրամանագրում նշւած այլ երկրներում, մենք շարունակում ենք խորապէս մտահոգւած լինել այդ հրամանագրով նախատեսւած բարոյական, իրաւական եւ մարդասիրական սահմանափակումների առնչութեամբ»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։