Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 14 Փետրւարի 2017 12:20

Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)

Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում: Համագիւղացի այլ երիտասարդների հետ 1990 թւականի մայիսին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Նոյն տարւայ աշնանը իր մարտական զինակիցների՝ Կարօտի, Հրաչի եւ միւս ընկերների հետ մեկնում է Շահումեանի շրջան:

Այսօր Պետոյի նահատակութեան 23-րդ տարելիցն է

 

ՍԵՒԱՆ ՄՈՒՍԱԽԱՆԵԱՆ

 

Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում: Համագիւղացի այլ երիտասարդների հետ 1990 թւականի մայիսին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Նոյն տարւայ աշնանը իր մարտական զինակիցների՝ Կարօտի, Հրաչի եւ միւս ընկերների հետ մեկնում է Շահումեանի շրջան:

Պետոյի զինակիցների բնորոշմամբ՝ նա աշխարհ է եկել միայն զոհաբերելու, սովորեցնելու եւ ինքն իր անձը օրինակ դարձնելու համար: Նա մինչեւ իր Արցախ մեկնելը՝ 1990-ին Հայաստանի շրջաններից մէկում իր միւս ընկերների հետ, որոնցից մէկն էլ Կարօտն էր, մի խումբ երիտասարդների մարզում եւ սովորեցնում էր ինչպէս տիրապետել զէնքին եւ տալիս այլ զինւորական գիտելիքներ, որոնք հետագայում օգտագործւեցին պատերազմի դաշտում: Ընդհանրապէս, երբ մէկը խաղաղ պայմաններում է սովորում պատերազմել, շատ աւելի հանգիստ է զգում՝ քան կարող է լինել պատերազմի դաշտում, սակայն Պետոյին յաջողւում էր այնպէս ներկայացնել պատերազմական դրութիւնը, որ բոլորին պատում էր մարտի դաշտում լինելու զգացողութիւնը, ինչն էլ պատճառ էր, որ բոլորի աչքը լինէր դէպի Արցախ, դէպի ռազմի դաշտ:

Պետօն իր զինւորների հետ ապրում էր կողք-կողքի, տալիս նրանց ինչ չունէին, սովորեցնում այն, ինչ չգիտէին, իր զինւորների համար նա լոկ հրամանատար չէր, այլ նաեւ՝ ընկեր: Մի անգամ, երբ զինւորներից մէկը հարցրեց, թէ ինչու Հայաստանում գտնւող բոլոր ընկերները չեն գալիս Արցախ, ինչու բոլորը չեն մասնակցում պատերազմին, Պետոյի միակ պատասխանը եղաւ. «Ես այստեղ եմ, քեզ բաւական չէ՞...»: Արդարամիտ էր նա, ուտում էր այն, ինչ իր զինւորները, քնում էր այնտեղ, որտեղ իր զինւորները, բայց երբ գալիս էր պատասխանատու պահը, իր կեցւածքով լինում էր  կարծր ու խստապահանջ, չէր ների նրան, որ յանկարծ կը փչացնէր զինւորական գոյքը: Նրա նպատակը երբեք էլ հրամանատար լինելը չէր, նրա նպատակը ժամանակի մէջ օգտակար լինելն էր ազգին ու ընկերներին:

Մի շատ հետաքրքիր պատմութիւն է՝ կապւած Պետոյի հետ: Մի անգամ, երբ Սրխաւենդի դիրքերում Պետօն մի քանի տղաների բացատրում էր ինչպէս պէտք է օգտագործել հակաօդային հրթիռը, յանկարծ երկնքում յայտնւում է «SU» տեսակի ադրբեջանական մի ռազմական ինքնաթիռ: Պետօն առանց վարանման՝ նշանառութեան է վերցնում ու արձակում հրթիռը:

Ակնթարթներ անց ինքնաթիռից միայն կտորներ են մնում: Բոլորն ուրախ էին, իսկ Պետօն միայն հանգիստ ասում է. «Տեսաք, այ էդպէս»:

Քելբաջարի կռւից առաջ նա իր զինւորներին կոչ է անում. «Այս գործողութիւնը որոշիչ դեր է խաղալու Արցախի համար»: Քելբաջարը որոշիչ դեր ունեցաւ նաեւ իր կեանքում: Խիզախ մաքառումների, օրհասական կռիւների երկար շարքն աւարտւեց Պետոյի նահատակութեամբ:

1994-ի փետրւարի 14-ին Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդեանը (Պետօն) նահատակւեց Քարվաճառում, երբ դաշնակցական հրամանատարի բարձր գիտակցութեամբ ու ինքնազոհաբերման պատրաստակամութեամբ, վիրաւոր զինակցի կեանքը փրկելու համար՝ նետւեց ականապատ դաշտ եւ կեանքը նւիրաբերեց Արցախի ազատագրական պայքարի զոհասեղանին:

*  *  * 

Հրամանատար Պետոյի յիշատակին

 

Մեծ Մռաւից մինչ Հորադիզ

Փառքի ճամբայ ես անցել

Ու այդ ճամբին քո համբաւից

Մեր ձորերն են թնդացել:

 

Հրամանատար անվախ ընկեր,

Դաշնակցական քաջ զինւոր,

Քո քաջ բազկի հուժկու զարկից

Թուրքն էր ընկնում ամէն օր:

 

Դէպ Օմար սար, դէպ մեծ Ջամբազ,

Դէպի կարօտ սուրբ երդում,

Ուր Օմարում յաղթած վայրում

Լուսէ խաչն է իր կերտում:

 

(Կրկներգ) Հրամանատար …

 

Զինւորն ընկաւ, քաջ ֆեդային,

Մեծ Մռովը սարսռաց

Ու երկնքից ձմռան կէսին

Անձրեւ տեղաց՝ որպէս լաց:

 

Գնաց Պետօն, մեծ երամին

Մի նոր արծիւ միացաւ,

Փա՜ռք քեզ, Պետօ, փա՜ռք երամիդ,

Հայոց սրտերն դառնացան:

 

Դաշնակցական դու քաջ զինւոր,

Հրամանատար մեր ընկեր,

Քո բազուկի հուժկու զարկից

Քանի թուրքեր են սատկել:

 

(Կրկներգ) Հրամանատար …

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։