Հա

Գաղափարական

14/06/2017

Կարօտը կը վերադառնայ, երբ կազատագրւի Շահումեանը

2017 թւական յունիսի 13-ին Երեւանի Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում տեղի ունեցաւ երեկոյ ի յիշատակ Կարօտ Մկրտչեանի: Երեկոյի ընթացքում Կարօտ Մկրտչեանին նւիրւած խօսք ասացին կուսակցական ընկերներ Արտաշէս Շահբազեանը եւ Տարօն Տօնոյեանը:

«alikonline.ir» - 25 տարի առաջ յունիսի 13-ին տեղի ունեցաւ Շահումեանի անկումը: Ռուսական եւ ադրբեջանական ռազմական ուժի հետ բախման ժամանակ անհետ կորաւ դաշնակցական ջոկատի հրամանատար Կարօտ Մկրտչեանը:

2017 թւական յունիսի 13-ին Երեւանի Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում տեղի ունեցաւ երեկոյ ի յիշատակ Կարօտ Մկրտչեանի: Երեկոյի ընթացքում Կարօտ Մկրտչեանին նւիրւած խօսք ասացին կուսակցական ընկերներ Արտաշէս Շահբազեանը եւ Տարօն Տօնոյեանը: Տեղեկացնում է «arfd.am»-ը:

Այնուհետեւ յաջորդեց համերգային ծրագիրը:

Ներկայացնում ենք Արտաշես Շահբազեանի ելոյթը.

Սիրելի ներկաներ, ընկերներ.

Մարդը, ում բացակայութեան 25 տարւայ առիթով հաւաքւել ենք այսօր, կարող էր արցախեան ազատամարտի ամենահեղինակաւոր ու ճանաչւած գործիչներից մէկը դառնալ, եթէ բախտ վիճակւէր աւելի ծաւալուն կենսագրութիւն կերտել իր համար: Եւ այնուամենայնիւ, անգամ ազատամարտիկի ոչ շատ երկար ուղի անցնելով, նա հասցրեց դրսեւորել իրեն, որպէս քաջ ու նւիրեալ մարտիկ, խելացի ու ոգի ներշնչող հրամանատար: Ասում ենք, որ անփոխարինելիներ չկան: Հէնց կոնկրետ օրինակի վրայ կարելի է վկայել, որ 2016-ի ապրիլեան քառօրեայի դերակատար, ինչպէս եւ այսօր, հէնց այս պահին, թշնամու հնարաւոր սադրանքներին հանդիման անյողդողդ կանգնած 18-20 տարեկան մեր տղաները ապացուցում են, որ չեն զիջում 90-ականների յաղթանակը կերտած սերնդին, ապացուցում են, որ հայի գէնը չի սպառւել եւ այսօր ու վաղը եկող իւրաքանչիւր սերունդ ունակ է լինելու կեանքի գնով պաշտպանելու հայութեան արժանապատւութիւնն ու արդար դատը:

Ասւածով հանդերձ պիտի ընդունենք, որ իւրաքանչիւր անհատականութիւն իւրովի անկրկնելի է ու ինքնատիպ: Այդպիսին էր նաեւ Կարօտը, որ կը մնայ իրեն ճանաչած մարդկանց եւ առհասարակ, հայոց նորօրեայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն կերպարով եւ անցած ճանապարհով:

Դեռ այն օրերին, երբ բոլորը հաւասար ու հասարակ էին Կարօտը յիշեցնում էր մեր հին ֆիդայիներին: Նա կարծես Գալէն լինէր՝ քչախօս ու ներհուն, բայց անվախ ու պատի պէս աներեր: Կապուտաչեայ, դէմքին առնականութիւն հաղորդող սրածայր բեղով նա յիշեցնում էր Սեպուհին ՝ ժայռեղէն հաւատով, թշնամու նկատմամբ անզիջում ու անխնայ, հրամանատարի ձիրքով եւ իր շրջապատին դէպի իրեն ձգող մարդկային հմայքով:

Կարօտն իր մտերիմ ընկերների եւ մասնաւորապէս հրաշալի եռեակն ամբողջացնող Պետոյի ու Հրաչի հետ Դաշնակցութիւն եկաւ, երբ կուսակցութիւնը հայրենիքում դեռ անաղմուկ ձեւաւորման փուլում էր: Այդ առաջին օրերին անգամ, նա եւ իր ընկերները հասուն էին գաղափարապէս, իսկ ամենաչնչին յանձնարարութեան հարցում ունեցած լրջութեամբ կարծես կանխազգում էին այն ճակատագրական մարտահրաւէրները, որ հերթով ձեռնոց էին նետելու նրանցից իւրաքանչիւրին: Սասունցի պապերի կիսատ թողած գործը, կարծես անայլընտրանք էր դարձնում Կարօտի առջեւ բացւող կռւի ճանապարհը: Նա կամաւորապէս կանգնեց այդ ճանապարհի վրայ, երբ դեռ նոր-նոր էր սկսւում պայքարը, երբ շատերի համար լուրջ մտահոգութեան խնդիր էր, թէ սկիզբ առած քամիները ինչ փոթորիկներ են ծնելու: Կարճ ժամանակում Կարօտը կայացաւ այդ փոթորիկների մէջ, որպէս վարժ զինւոր ու յետեւից մարդ տանող հմուտ հրամանատար: Եղաւ տարբեր ռազմական գօտիներում, դրսեւորեց ինքնապաշտպանութիւն կազմակերպելու հմտութիւն, լուրջ առճակատումների մասնակից եղաւ եւ ապրեց Գետաշէն-Մարտունաշէնի անկման ծանր ցաւը: Իսկ երբ հնարաւորութիւն ընձեռւեց մասնակից դառնալու կորսւած տարածքների ազատագրման գործողութեանը, նրա աչքերն այրւում էին, կարծես ցանկանում էր ժամ առաջ յայտնւել այդ կռւի մեջ: Ինձ համար անմոռանալի է եւ տարբեր առիթներով յիշել եմ մի խօսակցութիւն, որ ունեցայ այդ օրերին Շահէն Մեղրեանի հետ Ազատամարտի խմբագրութիւնում, որի յարկաբաժնի մէկ սենեակում էլ այն ժամանակ գործում էր Բիւրոյի գրասենեակը: Շահէնը մեծ պատրաստութիւնների հեւքով այցելել էր Բիւրոյի գրասենեակ, լուսահոգի ընկեր Խաժակի մօտ: Միջանցքում բռնացնելով հարցրեցի, թէ ինչ է սպասւում Գետաշէնի հետ կապւած: Շահումեանի ինքնապաշտպանութեան հրամանատարը պատասխանեց կարճ մէկ նախադասութեամբ. «Կարօտն արդէն այնտեղ է»: Կարծես աւելին ասելու անհրաժեշտութիւն չկար, էլ ինչ երաշխքիք էր անհրաժեշտ, եթէ հայդուկապետի կողքին պիտի կանգնէր Կարօտի նման յուսալի զինւորն ու հրամանատարը:

-Առանց Գետաշէնն ազատագրելու յետ չեմ գայ,- ընկերների մօտ ասել էր Կարօտը: Եւ այդպէս էլ եղաւ: Երբ խորհրդային երկրի մեծ դաւադրութեանը զոհաբերւեց Շահումեանը, կարծես փակւեց նաեւ Կարօտի յետդարձի ուղին: Ու նա ընտրեց անէութեան ճանապարհը:

90-ականների այն հագեցած օրերից մի օր Կարօտը, ուրիշ մի քանի ընկերների հետ, այցելել էր Աւանի մեր կոմիտէութիւն: Իր մեքենայով դէպի Աղի հանք էինք իջնում, երբ հասնելով այն ժամանակ գործող կոոպերատիւ տեխնիկումին Կարօտն ասաց,- այստեղ սովորող մի աղջկայ էի ուզում, շան աղջիկը մերժեց, ասաց.«Դաշնակցական ես, կը գնաս, կը մեռնես»: Պատմեց Կարօտն ու զուլալ, իր ներսի ամենախորքերից քրքջաց անչար: Ես զարմացել էի, թէ հայ երիտասարդը ինչպէս արժանապատւութիւնը խոցող չհամարեց այսպիսի խոստովանութիւնը: Յետոյ հասկացայ, որ դա մէկ դրսեւորումն էր իր պարզ ու անհաւակնոտ էութեան: Հասկացայ, որ այդ անմիջականութիւնն ու պարզութիւնը, որ յատուկ է մեծ մարդկանց բխում էր հարուստ ներաշխարհից: Ներքնապէս դատարկ մարդիկ են, որ փորձում են արտաքին փայլ ու փքուն կերպար ստեղծել իրենցից, իսկ ներքին հարստութեամբ արժեւորւած մարդը պարզ է, համեստ ու անմիջական: Կարօտի օրինակով կարող ենք վկայել, որ այդպիսի մարդը առաջ չի ընկնում վերջնական խօսք ասելու համար, շրջապատից ներողամտաբար քայլը կիսով յետ է պահում, լինում է ներողամիտ, բայց եւ պատրաստակամ դիմացինին օգնութեան ձեռք մեկնելու հարցում: Կարօտի էութեանը յատուկ էր այն ինչ Համօ Սահեանն ու Հրանտ Մատթէոսեանն անւանում են, հայ գիւղացու, հայ շինականի, ազնւականութիւն: Այդ ազնւականութիւնը ոչ տոհմական ժառանգականութեան հետ կապ ունի եւ ոչ էլ ձեռք բերովի է, այդ ազնւականութիւնը բխում է փոխանցւած արժէհամակարգից, ներքին անկաշառ էութիւնից:

Եթէ Կարօտի համար երջանիկ բարեբախտութիւն էր հասունանալ մի ժամանկահատւածում, երբ պէտք է բռնկւէր ազգի ընդհատւած ազատագրական պայքարը, ապա անմարսելի ողբերգութիւն էր հայրենի սրբազան հողի նոր կորուստը, գուցէ եւ այն ինքնամեղադրանքի անտանելի բեռով, որ հէնց դու չկարողացար պաշտպանել ու կորցրեցիր այդ հողը: Բայց պիտի հաւատանք Կարօտի վերադարձին: Նա հիմա էլ մշտապէս անշշուկ քայլում է մեր կողքից, սակայն կը միանայ մեզ, երբ կազատագրւի Շահումեանը: Ինքը կը դառնայ այդ ազատագրւած հայրենիքի մասնիկը:

Սիրելի ներկաներ ցանկանում եմ խօսքս ավարտել, տալով հոգու եւս մէկ կարեւոր պարտք: 25 տարի առաջ, այս օրը Բուզլուխում զոհւեց Գարիկ Սարգսեանը, Կարօտ Մկրտչեանի հետ անյայտութեան ճամփով գնացին Ալեքսանդր Ասատրեանը, Գառնիկ Յովհաննէսեանը, Համազասպ Նահապետեանը, Արեգ Սուղեանը, Դաւիթ Յովհաննէսեանը, Վալերի Խաչատրեանը, Սանասար Սիմոնեանը:

Այս անունները թանկ են ոչ միայն իրենց հարազատների, այլեւ մարտական ընկերների համար, որոնց մի մասն էլ ներկայ է այս դահլիճում: Այս անունները թանկ են մեզ ու մեր սերունդների համար, որովհետեւ պատկանում են յաղթական ազատամարտի պատմութեանը: Փառք ու յաւերժութիւն իրենց բոլորին: Փառք ու յաւերժութիւն Կարօտին, Պետոյին, Հրաչին: Բոլոր այս մարդիկ մեզ համոզեցին, որ հայ լինելը հպարտութիւն է եւ երջանկութիւն: Նրանք իմաստաւորեցին մեր ապրելը եւ դրա համար շնորհակալութիւն ու խոնարհում մինչեւ գետին: Փառք ու պատիւ բոլոր հերոսացած հայորդիներին:

Յարակից լուրեր

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

  • Սպարտակ Սէյրանեան. «Նպատակ ունեն ազգային աւանդական կառոյցներին դուրս մղել ազգային կեանքից»
    Սպարտակ Սէյրանեան. «Նպատակ ունեն ազգային աւանդական կառոյցներին դուրս մղել ազգային կեանքից»

    Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարաւոր հետեւանքների իմաստով խիստ վտանգաւոր իրողութեան: Համապարփակ եւ բազմաշերտ քարոզչութիւն է իրականացւում Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում, Ջաւախքում, աւանդական եւ նոր Սփիւռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգեւոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառոյցների, ինստիտուտների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների դէմ, որոնք, անշուշտ, բոլորին յայտնի են:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։