Հա

Գաղափարական

28/08/2017

1992 թւականի օգոստոս 28-ին զոհւել է Արցախեան ազատագրական շարժման ղեկավարներից մէկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդօ) Յարութիւնեանը

1992 թւականի օգոստոս 28-ին զոհւել է Արցախեան ազատագրական շարժման ղեկավարներից մէկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդօ) Յարութիւնեանը

Ծնւել է 1956 թւականի մարտի 7-ին Երեւանում: Արմատներով վանեցի է: 1987 թւականին աւարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտութեամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միութեան անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղեան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանութեան ընկերութեանը», իսկ 1988 թւականին դարձել նախագահութեան անդամ:

1990 թւականին ընդունւել է ՀՅԴ շարքեր: Նոյն տարին կուսակցութեան յանձնարարութեյամբ, որպէս Դաշնակցութեան ջոկատների հրամանատար մեկնել է Բերդաձոր: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանութեան գործում, եւ դա գնահատւեց հէնց իր կենդանութեան օրօք: Նա դարձաւ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամաւոր:

Որպէս պատգամաւոր մեկնել է «Արտեկ» ճամբար: Եղել է Կոմերիտմիութեան քարտուղար: Գրել է երգեր, բանաստեղծութիւններ, պատմւածքներ: Մինչ զինծառայութեան (1974-1976 թթ.) մեկնելը (Վլադիվոստոկ) եւ վերադառնալուց յետոյ աշխատել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչութիւնում եւ այնտեղ տպագրել բանաստեղծութիւններ: Ծառայութիւնից վերադարձել է պատւոգրով:

Երբ 1992 թւականին Քարին տակի ճակատամարտում նա կորցրեց իր ամենամտերիմ ընկերներին, մթնեց, բայց չերերաց: Գրեց. «Ու գնում են նրանք, որ կռունկներ դարձած յետ վերադառնան», եւ նկատեց՝ «Քարին տակի ճակատամարտից հայը դուրս եկաւ բարոյահոգեբանական յաղթանակով»: Եւ մահւանը զուգահեռ՝ եղան ծնունդներ… եւ Բերդաձորն ապրեց:

1991 թւականին ադրբեջանցիների հայաթափման ծրագրում Գետաշէնից յետոյ Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինւորները գերւեցին եւ Բաքւի Բայլովեան բանտում դատապարտւեցին գնդակահարութեան: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շէնքի մօտ ցոյց կազմակերպւեց, եւ Անդրանիկի հանդիպումը Ջորջ Բուշի հետ տւեց ցանկալի արդիւնք՝ գնդակահարութիւնը հետաձգւեց, եւ «Կարմիր խաչ»-ին յանձնարարւեց այցելել Բաքւի բանտ, իսկ Ադրբեջանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարութիւնը: Անդրանիկը հանդիպումներ շատ ունեցաւ նշանաւոր մարդկանց հետ, եղաւ Վարազ Սամուէլեանի արւեստանոցում, եւ Վարազի հետ այցելեց Անդրանիկ զօրավարի յուշարձանին, եղաւ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր տիկին Գայիանէն նւիրեց Դրոյի գիրքը եւ ձայներիզը, ուր Սիմոն Վրացեանը, Դրօն եւ մէկը (որ չգիտէր եւ տիկին Գայիանէն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիւների մասին: Եւ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992 թւականին հնչեց հայկական հեռուստաէկրաններից: Անդրանիկը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցաւ ելոյթներ, եւ դրամահաւաքի աշխատանքը՝ ի օգնութիւն Արցախի բաւականին մեծ յաջողութեամբ պսակւեց: Բոլոր թերթերն արձագանգեցին: Եւ ինչպէս Վարդգէս Պետրոսեանն է ասում. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարւած եւ հիացած է Անդրանիկով…»:

Անդրանիկն ունի երկու զաւակ՝ աղջիկ եւ տղայ: Նա շատ քչերից մէկն էր, ով դեռ 10 տարին չբոլորած իր որդուն կրակել էր սովորեցրել, որպէսզի մասնակցի մարտական գործողութիւններին: Նոյնիսկ Էջմիածնի Մայր տաճարում, մկրտութեան արարողութեանը որդու ձեռքը զէնք էր տւել: Երեխային տանում էր Մարտակերտի շրջանի ամենաթէժ կէտերն, ու երբ հարցնում էին, թէ ինչու է փոքրիկին իր հետ բերում, ասում էր, որ եթէ պիտի իր մինուճար որդուն կորցնի, ապա թող կորցնի կռւում… Թուրքերը 5 մլն. գլխագին էին սահմանել նրան բռնելու, կամ ոչնչացնելու համար: Իսկ նա միշտ շեշտում էր, թէ իրեն թուրքի գնդակ չի դիպչի: Կարծես կանխազգում էր: 1992 թւականի օգոստոսի 28-ին Այնթափից Երեւան վերադառնալու ճանապարհին զոհւում է աւտովթարից: Թաղւած է Եռաբլուրում:

Հետագային Բերդաձորի դպրոցը կոչւեց Անդրանիկ Յարութիւնեանի անունով, նկարահանւեց ֆիլմ-խրոնիկա՝ Անդրանիկ Յարութիւնեանի մասին, 1991 թւականին Արտակ Արզումանեանը նկարահանեց «Աւնի ճանապարհը՝ Բերդաձոր» ֆիլմը եւ Շուշւա ազատագրումից յետոյ՝ «Ճանապարհը բաց է» (2 մասից), որը նոյնպէս նւիրւած էր Անդրանիկ Յարութիւնեանին եւ իր մարտական ընկերներին:

1992 թւականին ԱՄՆ-ում մարդու իրաւունքների պաշտպան Անդրէյ Սախարովի յուշամեդալն Անդրանիկին է յանձնել Սախարովի այրին՝ Ելենա Բոնները: 1992 թւականի օգոստոսի 28-ին՝ մահւան օրն իսկ, Լոս Անջելէսում ստեղծւել է «Անդրանիկ Յարութիւնեան» հիմնադրամը:

Բերդաձորի իշխանի մտքերից.

«Որքան առողջ է ազգի ինքնապաշտպանական բնազդը, նոյնքան եւ հզօր է ու անկասելի գոյութեան իրաւունքի գործադրումը նրա կողմից: Մի ազգ, որն իր գոյութեան իրաւունքը փնտրում է օտար ճամփաներում, իրաւունք չունի ո՛չ ազատութեան, ո՛չ երջանկութեան եւ ո՛չ էլ գոյութեան: Այսօր մենք՝ հայերս դուրս ենք եկել ազգային-ազատագրական պայքարի, բայց լիովին չենք ընդունել այս ճշմտարութեան իմաստը, չենք վերափոխել մեր մէջ մենակութեան սարսափը եւ շարունակում ենք մեր պայքարի տաճարը կառուցել՝ որպէս հիմնասիւներ օգտագործելով այլոց կարծիքները: Քանի դեռ այս մտայնութիւնն է իշխողը, հայ ժողովուրդը չի կարող յոյս ունենալ որեւէ հարցի վերջնական լուծմանը: Այո՛, հայ ժողովուրդն ունի հողային պահանջ եւ չի հրաժարւի իր պահանջատիրութիւնից: Բայց առայժմ մենք զուգահեռաբար այլ հարցեր պէտք է լուծենք. նախ բարոյահոգեբանական, ապա՝ գաղափարական: Նախ պէտք է հասնենք այն բանին, որ հայ ժողովուրդը յաղթահարի իր մէջ մենակութեան սարսափը, գիտակցի, որ ուժեղն աւելի հզօր է, երբ մնում է մենակ, հասկանայ, որ մենակ մնալու գիտակցութիւնն է ազգին տանում ուժերի գերագոյն լարման եւ կենտրոնացման…»:

«Մենք չպէտք է մոռանանք, որ վրէժ ունենք, արեան վրէժ ունենք: Ես չեմ ընդունում էդ լալկանութեամբ վրէժը: Վրէժը մէկն է, էս աշխարհում միշտ ուժեղներն են իրենց համար տեղ բացել, միշտ ուժեղների ձեռքն է եղել ե՛ւ ճշմարտութիւնը, ե՛ւ արդարութիւնը, միշտ ուժեղներն են իրենց կամքը թելադրում: Նախ ուժեղանալ է պէտք: Արդեօ՞ք էս ամէն ինչը թոյլ չի տալիս մեզ մտածելու, որ մենք մենակ ենք էսօր: Եւ ինչի՞ անպայման էդ մենակութիւնից մենք միշտ սարսափում ենք: Ինչի՞ էդ մենակութիւնը մեզ չի տալիս ընդհակառակը, էն իմպուլսը պէտք է տայ, որ մենք մեզ աւելի ուժեղ զգանք, աւելի միասնական, մենք պէտք է հասկանանք, որ վերջին հաշւով իւրաքանչիւր մարդ ինչպէս իր երեխային, իր ընտանիքին խնամում պահում է, նոյնպէս նաեւ Հայրենիքը՝ իւրաքանչիւր ազգ ինքն է իր Հայրենիքը խնամում եւ պահում…»:

 

dushmanvardanstepanyan.wordpress.com

Յարակից լուրեր

  • Անդրանիկ Յարութիւնեան (Բերդաձորցի Անդօ)
    Անդրանիկ Յարութիւնեան (Բերդաձորցի Անդօ)

    1992 թ. օգոստոս 28-ին զոհւել է Արցախեան ազատագրական շարժման ղեկավարներից մէկը՝ Անդրանիկ «Բերդաձորցի Անդօ» Յարութիւնեանը:
    Ծնւել է 1956 թ. մարտի 7-ին՝ Երեւանում: Արմատներով վանեցի է: 1987 թ. աւարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտութեամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ Գրողների միութեան անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։