Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 09:20

Իսահակեանի նամակը Ռուբէն (Արտաշէս Չիլինկարեան) Դարբինեանին

1959 թւականին Կահիրէի «Յուսաբեր» տպարանը հրատարակել է Աւետիք Իսահակեանի նամակները ուղղւած դաշնակցական յայտնի գործիչներ Վահան Նաւասարդեանին, Ռուբէն Դարբինեանին, Երւանդ Խաթանասեանին, եւ Վարդգէս Ահարոնեանին: Թէեւ որոշ նամակների վրայ Իսահակեանը չի նշել դրանք գրելու ամիսն ու օրը կամ տարեթիւը, սակայն ակնյայտօրէն բոլորն էլ գրւել են 1921-1926-թւականներին, երբ բանաստեղծը ընտանիքի հետ ապրել է Վենետիկում:

«alikonline.ir» - 1959 թւականին Կահիրէի «Յուսաբեր» տպարանը հրատարակել է Աւետիք Իսահակեանի նամակները ուղղւած դաշնակցական յայտնի գործիչներ Վահան Նաւասարդեանին, Ռուբէն Դարբինեանին, Երւանդ Խաթանասեանին, եւ Վարդգէս Ահարոնեանին: Թէեւ որոշ նամակների վրայ Իսահակեանը չի նշել դրանք գրելու ամիսն ու օրը կամ տարեթիւը, սակայն ակնյայտօրէն բոլորն էլ գրւել են 1921-1926-թւականներին, երբ բանաստեղծը ընտանիքի հետ ապրել է Վենետիկում: Ինչպէս նշւում է նամականու նախաբանում դրանց հրապարակումը հնարաւոր է դարձել միայն բանաստեղծի մահւանից յետոյ, երբ այլեւս նամակները չէին կարող վնասել Խորհրդային ռեժիմի պայմաններում ապրած հեղինակին: Նամականին ինքնին արժէքաւոր լինելով բացայայտում է այն իրողութիւնը, որ օտարութեան մէջ ապրելու տարիներին անգամ մեծ բանաստեղծը մտքով ու յոյզերով մշտապէս եղել է հայրենիքի հետ, տառապել է նրա կարօտով, չնայած քաղաքական անբարենպաստ հանգամանքներին տենչացել է վերադառնալ եւ հայրենի միջավայրում յագեցնել ֆիզիկական ու հոգեկան քաղցը: Նամակները բացայայտում են Իսահակեանի քաղաքական հայեացքները, հայրենիքի կորսւած եզերքները երբեւէ վերադարձւած տեսնելու բեկբեկուն երազները: ՀՅԴ Բիւրոյի կայքը մտադիր է այլ առիթով աւելի մանրամասնօրէն անդրադառնալ յիշեալ նամակներին, նկատի ունենալով նաեւ, որ դրանցից որոշները կրճատումներով լոյս են ընծայւել 2015 թւականին՝ Երեւանի Պետական համալսարանի հրատարակչութեան կողմից «Աւետիք Իսահակեանի նամակները»:

Բանաստեղծի եւ ազգային գործչի մահւան տարելիցի առիթով հրապարակում ենք Իսահակեանի գրած նամակը «Հայրենիք» թերթի եւ համանուն ամսագրի խմբագիր, Հայաստանի առաջին Հանրապետութեան Արդարադատութեան նախարար եւ ՀՅԴ նշանաւոր գործիչ ու տեսաբան Արտաշէս Չիլինկարեանին (յայտնի է որպէս Ռուբէն Դարբինեան):

Նամակը թւագրւած չէ, սակայն ենթադրաբար գրւել է 1925 թւականի ամռանը:

Սիրելի Արտաշէս,

Վաղուց է քեզ նամակ չեմ գրած: Այս տարի ամէն տարւայ վրայ քեֆս գէշ է: Պատճառները բազում են: Բայց բոլորը մի ակնաղբիւր ունեն - շատ երկար տեւեց ղարիբութիւնը, եւ ծերանում եմ ժողովրդից հեռու… եւայլն եւայլն: Մնալ չի լինում, գնալ չի լինում, ի՞նչ պիտի լինի սրա դեղը:

Ամէն տարի յոյսերս միւս տարւայ վրայ ենք ձգում եւ միշտ խաբւում: Այս վերջին տարին է, որ պիտի համբերեմ: Միւս տարի այլեւս չեմ մնալու դուրսը. կամ Հայրենիք, կամ թափառել բոլոր լայնութիւնների վրայ, բայց աւելի շուտ՝ Հայրենիք: Ասում են, որ լաւ է, կարելի է ապրել, յաճելի է նոյնիսկ, գնալ եւ սեփական աչքերով տեսնել իրականութիւնը:

Այստեղ է նկարիչ Սարեանը: Յաճախ տեսակցում ենք իրար: Բոլշեւիկ չէ: Պատմում է նրանց դրական ու բացասական կողմերն ու գործերը: Ասում է, որ խաղաղութիւն լինի, մի քանի տարուց յետոյ (5-6) շատ լաւ երկիր կը լինի, թէեւ պզտիկ, բայց բարեկարգւած: Յոյս չունի, որ Կարսը եւ Սուրմալին յետ գրաւեն Ռուսները, որովհետեւ Ռուսները եւ նրա բաղկացուցիչ Սովետները շատ աւելի թրքասէր են քան հայասէր, եւ յետոյ բոլշեւիկ զինւորը չի կռւի՝ Հայաստանի սահմանները մեծցնելու համար: Յույս չունի թէ բոլշեւիզմը ընկնի, որովհետեւ, զինւած կուսակցութիւն է եւ շատ խիստ ու սարսափեցնող ռեժիմ: Պէտք է գիտնալ այս եւ մեր շահերը հարմարեցնել դրան: Հայրենասէր մարդ է եւ հասկանում է Դաշնակցութեան պահանջները…

Ստացայ երէկ «Հայրենիք» ամսագրի թիւը: Միայն ոտանաւորներ կարդացի դեռ եւ Շիրւանզադէի գրածը: Ոտանաւորներից կային լաւ բաներ Վազգէն Շուշանեանի կտորներից…

Ուղարկում եմ Սարեանի մասին գրածս «Հայրենիք» թերթի համար: Ամսագրի համար յետոյ կուղարկեմ. Հիմա այնպիսի շոգ է, տաք, որ անկարելի է պարապելը, ստւերի մէջ 30-32աստիճան…

Համբոյրներով եւ բարեւներով – քո՝ Աւետիք

Յարակից Հրապարակումներ

  • Երկու մեծերը` Զաւարեանի մասին. Ազնիւ եւ անկեղծ
    Երկու մեծերը` Զաւարեանի մասին. Ազնիւ եւ անկեղծ

    Ամէն մարդու էլ հո չի կարելի անւանել ազնիւ եւ անկեղծ։ Ամէն մարդ էլ հո չի կարող լինել ազնիւ եւ անկեղծ։

    Շատ հազարների մէջ մինը կարող է լինել ազնիւ եւ անկեղծ։ Էս տեսակ հազւագիւտ մարդկանցից մինն էր Սիմոն Զաւարեանը։

    Նա կարող էր սխալւել, բայց դիտաւորութեամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտութեան հանդէպ աչք փակելու սովորութիւն չունէր, չգիտէր գնալ բազմութեան յետեւից, չգիտէր ձեւանալ էն, ինչ որ չէր եւ միշտ մնաց անկեղծ, ինքնուրոյն ու ինքնատիպ։

  • Էյնշտէյնի նամակներն աճուրդում վաճառել են 200 հազար դոլարով
    Էյնշտէյնի նամակներն աճուրդում վաճառել են 200 հազար դոլարով

    Գիտնական Ալբերտ Էյնշտէյնի նամակները, որտեղ առկայ են բանաձեւեր, Աստծոյ եւ քաղաքականութեան մասին դատողութիւններ, Իսրայէլում՝ աճուրդում վաճառւել են շուրջ 210 հազար դոլարով՝ գերազանցելով աճուրդի կազմակերպիչների սպասելիքները։

  • Իսրայէլում աճուրդի են հանւել Ալբերտ Էյնշտէյնի նամակներն Աստծօ, ֆիզիկայի եւ Իսրայէլի մասին
    Իսրայէլում աճուրդի են հանւել Ալբերտ Էյնշտէյնի նամակներն Աստծօ, ֆիզիկայի եւ Իսրայէլի մասին

    Իսրայէլում աճուրդում վաճառքի կը հանւեն ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնք ուղղւած են քւանտային ֆիզիկայի մասնագէտ Դեւիդ Բոմին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Աւետիք Իսահակեան (1875-1957)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Աւետիք Իսահակեան (1875-1957)

    Հոկտեմբերի 17-ին, 59 տարի առաջ, Երեւանի մէջ վախճանեցաւ արդի հայ գրականութեան ամենէն սիրւած դէմքերէն Աւետիք Իսահակեան, որ քնարերգական իր մեծ տաղանդով դարձաւ հայոց անհուն խռովքին եւ ժայթքող ցասումին սրտայոյզ երգիչը եւ արժանացաւ հայ բանաստեղծներու Վարպետի տիտղոսին:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Հայաստանի առաջին համալսարանի շէնքը Ալեքսանդրապոլում
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Հայաստանի առաջին համալսարանի շէնքը Ալեքսանդրապոլում

    Դեռեւս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնը մայրաքաղաք Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց:
    Չնայած դժւարին պայմաններին, դա կարեւորագոյն առաջնային խնդիր էր համարւում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձեւաւորելու նախադրեալներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։