Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 09:20

Չխոնարհւող հայուհիները. հայ «ամազոնուհիները» ցնցել են թուրք գնդապետին

Աւելի քան 15 հայ կին՝ տղամարդկանց հետ միասին պայքարել են թուրքերի դէմ 1915 թւականի Մուսա լեռան պաշտպանութեան ժամանակ:

Թուրքական բանակի գնդապետը հիացել է հայ կանանց արիութեամբ, որոնք չեն զիջել տղամարդկանց Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Մուսա լեռան ինքնապաշտպանութեան ժամանակ:

«alikonline.ir» - Աւելի քան 15 հայ կին՝ տղամարդկանց հետ միասին պայքարել են թուրքերի դէմ 1915 թւականի Մուսա լեռան պաշտպանութեան ժամանակ:

Թուրքական բանակի գնդապետը հիացել է հայ կանանց արիութեամբ, որոնք չեն զիջել տղամարդկանց Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Մուսա լեռան ինքնապաշտպանութեան ժամանակ:

Այդ մասին ժամանակին պատմել է ինքնապաշտպանութեան մասնակիցներից մէկը՝ Արտաշէս Բալաբանեանը, որը Հայաստան տեղափոխւելուց յետոյ դասաւանդել է Էջմիածնի ճեմարանում: Արդէն կեանքից հեռացած Բալաբանեանի պատմութեան ձայնագրութիւնը յայտնւել է «Sputnik Արմենիա»-ի մօտ:

Նրա խօսքով՝ պատճառը, որ Մուսա լեռան բնակիչները դիմել են ինքնապաշտպանութեան, թաքնւած է Զէյթուն քաղաքում: Տեղի իշխանութիւններին յաջողւել է համոզել հայերին, որոնց Աբդուլ Համիդը պարբերաբար կոտորել է 30 տարի շարունակ, որ ճանապարհին նրանց ոչինչ չի սպառնում: Արդիւնքում անապատի ճանապարհին սպանւել է 7 հազար մարդ:

«Երկու հոգի հրաշքով փախչել են Զէյթունից եւ պատմել, թէ ինչպէս են թուրքերը յարձակւել իրենց վրայ, երբ նրանք դուրս են եկել գիւղերից եւ բոլորին կոտորել»,- պատմել է Բալաբանեանը: Մի քանի օր անց Մուսա լեռան բնակիչներին Անտիոքից նամակ է եկել, որում նրանց յանձնարարել են եօթ օրւայ ընթացքում լքել իրենց տները, դրանից առաջ նկարագրել ունեցւածքը՝ վերադառնալուց յետոյ այն յետ ստանալու համար:

Բալաբանեանի խօսքով՝ նամակում կոչ են արել «լիովին վստահել իշխանութիւններին»: Հայերը Անտիոք են ուղարկել իրենցից մէկին, որը տեղի թուրքերի շարքում մտերիմ մարդ ունէր: Նա հաղորդել է, որ հայ ժողովրդի վրայ կախւել է «Դամոկլեան թուրը»: «Նրանք մի քանի օր խորհրդակցել են, որոշել, թէ ինչպէս վարւել՝ խոնարհեն գլուխը, որպէսզի նրանց մորթեն ոչխարների նման կամ զէնքը ձեռքներին պայքարել»,- պատմել է Բալաբանեանը:

Նրա խօսքով՝ մնացել է լուծել զենքի հարցը: Բայց պարզւել է, որ դեռ 1895 թւականին եւ 1908 թւականին (այդ ժամանակ երիտթուրքերը յեղաշրջում են կատարել) հնչակները գաղտնի զէնք են բերել եւ թաքցրել: Դրա մասին իմացել են միայն հոգեւոր առաջնորդը եւ գիւղերից մէկի գիւղապետը:

Նրանք լեռ են բարձրացել: Պարտականութիւնները կիսել են իրար մէջ: Ամենափոքր տղաներին թողել են կանանց խնամքի տակ, 10-13 տարեկան պատանիները հսկողութիւն են իրականացրել, 14-16 տարեկանները ներգրաււել են ռազմիկներին մթերքով եւ զինամթերքով ապահովելու գործերում: Աւելի քան 15 կին պայքարել է տղամարդկանց հետ միասին, նրանցից մէկը, շրջափակման մէջ ընկնելով, խոստովանել է թուրքերին, որ 5 թուրք է սպանել:

«Նրանց հազարապետն ասել է իր զինւորներին. «Եթէ իմ զօրքերը կռւեն հայերի նման, ապա ես կը նւաճեմ աշխարհը»»,- պատմում է Բալաբանեանը:

Մուսա լեռան հայերը յետ են մղել թուրքական կանոնաւոր բանակի հինգ յարձակում: Ինքնապաշտպանութեան ընթացքում նրանք կարողացել են նամակ ուղարկել Հալէպում ֆրանսիական ներկայացուցչութիւն՝ օգնութիւն խնդրելով: Եւ այն հասել է:

Աւելի ուշ նրան յաճախ են հարցրել, թէ ինչպէս են կարողացել 600 գիւղացիներից բաղկացած խմբով, զէնքի եւ զինամթերքի անբաւարար քանակի պայմաններում յաղթել 10-հազարանոց կանոնաւոր բանակին:

«Մենք լեռ էինք բարձրացել խելահեղ մտքով: Կա՛մ կը մեռնենք զէնքը ձեռքերիս, կամ կապրենք խաղաղ»,- ասել է Բալաբանեանը:

Սւեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիւները Մուսա լեռան վրայ (Հալէպի նահանգի Անտիոք գաւառում՝ Սւեդիա գիւղաքաղաքի մօտ) տեղի են ունեցել 1915 թւականին Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Լեռան շուրջը կար 6 հայկական գիւղ՝ Քեբուսիէ, Վագըֆ, Խդրբեկ, Եողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (աւելի քան 6 հազար մարդ) զբաղւում էին երկրագործութեամբ, շերամապահութեամբ, մեղւաբուծութեամբ, ունէին իրենց դպրոցները, եկեղեցիները:

Շրջափակման 53-րդ օրը երեւաց ֆրանսիական 2 ռազմանաւ: Նրանք սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացւեց, որ ֆրանսիական կառավարութիւնը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրւեցին Ֆրանսիա. «Ժաննա դ՛Արկ» ու այլ նաւեր ու շարժւեցին Պորտ Սաիդ, ուր նրանց օգնութեան հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրւագներից է: Հերոսամարտն իր գեղարւեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրը» վէպում, որը թարգմանւել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ աւանը (Էջմիածնի շրջանում), որտեղ յուշարձան է կանգնեցւած ի պատիւ Մուսա լեռան պաշտպանների:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։