Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 09:50

Սեւ-Քարեցի Սագօ (Ծովանեան Սարգիս, 1870-1908). Ֆեդայական շարժման դաշնակցական նախակարապետներուն առինքնող դէմքը

Նոյեմբեր 13-ի այս օրը կ’ոգեկոչենք անմեռ յիշատակը մեր ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին ամէնէն առինքնող դէմքերէն՝ 19-րդ դարավերջին թափ առած հայոց Ֆեդայական Շարժման անկեղծ զինուորի աննկուն նախակարապետներէն Սեւ-Քարեցի Սագոյի։

ՆԱԶԱՐԷԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ

 

Նոյեմբեր 13-ի այս օրը կ’ոգեկոչենք անմեռ յիշատակը մեր ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին ամէնէն առինքնող դէմքերէն՝ 19-րդ դարավերջին թափ առած հայոց Ֆեդայական Շարժման անկեղծ զինուորի աննկուն նախակարապետներէն Սեւ-Քարեցի Սագոյի։

Սեւ-Քարեցի Սագօ առասպելատիպ ֆեդայիի աւանդ կտակեց հայոց սերունդներուն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծնունդը հունաւորող Սարգիս Կուկունեանի արշաւախումբին իր մասնակցութենէն (քսան տարեկանին) մինչեւ Տարօնի մէջ 1898-ի իր ձերբակալութիւնը ու երեք տարուան բանտարկութիւնը թրքական զօրքին կողմէ, ապա՝ 1905-ի հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանութեան ղեկավարումէն մինչեւ 1908-ի Պարսկական ժողովրդավարական Յեղափոխութեան մասնակցելու յանձնարարութեամբ իր ճանապարհորդութեան ընթացքին բծաւոր տիֆով վարակումն ու վախճանը։

Դաշնակցութեան անդամագրուած առաջին մարտիկներէն է Սեւ-Քարեցի Սագօ, որ ուղղակի Քրիստափորի եւ Ռոստոմի հետ անմիջական գործակցութեամբ կազմաւորուեցաւ, գաղափարական նկարագիր ու յեղափոխական կամք մարմնաւորեց։ Ինչպէս որ ժամանակակիցները կը վկայեն՝ Սեւ-Քարեցի Սագօ երեք տարի ահաւոր ֆիզիքական ու հոգեկան չարչարանքներու ենթարկուած է թրքական բանտերուն մէջ, բայց երբեք չէ կորսնցուցած ոգու արութիւնն ու կորովը եւ կրկին պայքարի դաշտ վերադառնալու վճռականութիւնը: Ան Մեթերհեմ բանտի միակ կալանաւորն է եղած, որուն երբեւէ չեն կրցած ձեռնաշղթայ հագցնել…

«Ուիքիփետիա ազատ հանրագիտարան»ի ամփոփումով՝ Սեւ-Քարեցի Սագօ, որ գործածած է նաեւ Անմեղ, Անմեղեան ծածկանունները, ծնած է 14 Յունուար 1870-ին Սեւ-Քար (այժմու Հ.Հ. Տաւուշի մարզ) եւ վախճանած՝ 13 Նոյեմբեր 1908-ին։

1892 թուականին Սեւ-Քարեցի Սագօ հաստատուած է պարսկական-թրքական սահմանին գտնուող Դերիկի վանքին մէջ (որ այդ ժամանակաշրջանին յենակէտ էր դէպի Երկիր ճանապարհին)։ Մասնակցած է քիւրտերու դէմ մղուած հայ ֆեդայիներու ինքնապաշտպանութեան կռիւներուն։ Մեծապէս նպաստած է զինատար խումբերու Արեւմտեան Հայաստան անցումին։ Ուղեկցած է Պարսկաստան անցնող կամաւորներուն։

1897-ին, մասնակցած է Խանասորի արշաւանքին։ 1898-ին, Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդհանուր Ժողովի յանձնարարութեամբ՝ զինատար խումբով Կարսէն անցած է Երկիր։ Աղբիւր-Սերոբի եւ Հրայր-Դժոխքի հետ գործակցած է ու մասնակցած ֆեդայական կռիւներուն։ Մշոյ դաշտի Ղզլաղաճ գիւղին մէջ ձերբակալուած է թրքական զօրքին կողմէ։ Որպէս Ս. Կարապետ վանքի ուխտաւոր ներկայանալու Սագոյի բոլոր ճիգերը անցած են ապարդիւն։ Ի վերջոյ, հայդուկային գործունէութեան, Աղբիւր Սերոբի հետ ունեցած նամակագրական կապերուն եւ այլնի համար թրքական դատարանի կողմէ դատապարտուած է 101 տարուան բանտարկութեան, ապա՝ մահուան։ Սակայն 1901 թուականին յանձնուած է ռուսական իշխանութեանց դատին, որոնք ատեն մը ետք ազատ արձակած են զայն։

1905-ի հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ Սեւ-Քարեցի Սագօ կազմակերպած է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանութիւնը՝ միաժամանակ հանդէս է եկած եղբայրութեան կոչերով։ 1907-ին մասնակցած է Վիեննայի Հ.Յ.Դ. Չորրորդ Ընդհանուր Ժողովին, որ որոշում տուած էր օգնելու 1905 թուականին սկսած Պարսկական ժողովրդավարական յեղափոխութեան։ Ժողովի յանձնարարութեամբ, Սեւ-Քարեցի Սագօ ուղեւորուած է դէպի Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիւանդացած է քոլերայով եւ մահացած։ Թաղուած է Երեւան, այժմու Կոմիտասի անուան պանթէոնի տարածքին մէջ։ 1938 թուականին, խորհրդային իշխանութեանց կողմղ Սեւ-Քարեցի Սագոյի գերեզմանը աւերուած է, իսկ գերեզմանաքարը (սպիտակ մարմարէ) փոխադրուած եւ դրուած է հայ նշանաւոր կոմունիստ Ասքանազ Մռաւեանի շիրիմին վրայ։

Սեւ-Քարեցի Սագօ հայոց Ֆեդայական շարժման այն եզակի դէմքերէն է, որուն մասին մենք ունինք հարուստ գրականութիւն։ Իր յիշատակը ոգեկոչելու թող ծառայէ հայրենի մեծարժէք մտաւորական Իգնատ Մամեանի նուիրուած կայքէջէն քաղուած եւ Սուրէն Միրզոյեանի կողմէ ստորագրուած՝ «ՍԵՒ-ՔԱՐԵՑԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ» խորագրեալ հետագայ վկայութիւնը (Իգնատ Մամեանի «Մեթերհեմ բանտի կալանաւորը» խորագրեալ վիպակին առիթով).

«Թումանեանը ժամանակակիցների յուշերում» գրքում՝ զօրավար Անդրանիկի խօսքը կայ.- «1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսայ եւ ճանչցայ զայն (խօսքը՝ Յովհ. Թումանեանի մասին է - Ս.Մ.) իր բնակարանին մէջ, Սեւ-Քարեցի Սագոյի միջոցով» (էջ 550): Ինձ շատ հետաքրքրեց, թէ ո՛վ է Սեւ-Քարեցի Սագոն, որ այդքան մտերիմ է եղել հայ ազգի երկու մեծերին` ամենայն հայոց բանաստեղծին եւ ամենայն հայոց զօրավարին: Դիմեցի ինձ ծանօթ սեւ-քարեցիներին, բայց ոչ ոք չկարողացաւ ստոյգ պատասխան տալ իմ հարցին:

Զարմանքս աւելի մեծացաւ, երբ համեմատաբար վերջերս իմացայ, որ Սեւ-Քարեցի Սագոյի կինը` Մարօ Ղարաքէշիշեանը, ծնուել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գաւառի Դոստլու (ներկայումս` Նոյեմբերեանի շրջանի Բարեկամաւան) գիւղում:

…Սկսած իր կազմաւորման վաղնջական ժամանակներից մինչեւ օրս, մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել մեղուաջան աշխատանքով ու արարչագործութեամբ` ստեղծելով ե՛ւ նիւթական բարիքներ, ե՛ւ մշակոյթի ինքնատիպ ու հրաշակերտ յուշարձաններ: Միաժամանակ՝ նա զէնքը ձեռքից ցած չի դրել` պայքարելով թէ՛ օտար նուաճողների, թէ՛ դրկիցների ոտնձգութիւնների դէմ, ովքեր փորձ են արել զրկելու նրան ազատութիւնից ու անկախութիւնից:

Հայ ժողովրդի հերոսական գոյամարտի սրբազան թեմային է նուիրուած Իգնատ Մամեանի «Մեթերհեմ բանտի կալանաւորը» վիպակը («Արեւիկ», 1989 թ.):

Վիպակում պարզորոշ երեւում են հեղինակի անհատական ոճը, ստեղծագործական սկզբունքներն ու պատկերային մտածողութիւնը:

Գիրքը կարդացւում է չթուլացող հետաքրքրութեամբ: Ի. Մամեանը կարողացել է համոզիչ պատկերել անցեալ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին թուրքական բռնապետութեան դէմ ծաւալուած ազգային-ազատագրական պայքարի մասնակիցների` զինատար Սեւ-Քարեցի Սագոյի եւ նրա զինակից ու կեանքի ընկեր Մարոյի կերպարները: Շարժման գեր-խնդիրն էր մարտնչել սուլթանական Թուրքիայի հարստահարիչների, ազգային ու սոցիալական ամէն կարգի բռնացումների դէմ, ինչին էլ սուրբ երդումով զինուորագրւում են Սեւ-Քարեցի Սագոն (Սարգիս Ծովանեան) եւ իր կինը` մինչեւ վերջ հաւատարիմ մնալով այդ երդմանը:

Հեղինակը վեր է հանում ֆիդայիների անձնազոհութիւնը, ճշմարտախօսութիւնը, արդարադատութիւնը, հնարամտութիւնը, բարոյական միւս որակները, ինչպէս հաւատարմութիւնը միմեանց նկատմամբ, խիզախութիւնն ու անկոտրում կամքը, յարգանքը աշխատաւոր ժողովրդի հանդէպ: Նրանք օժտուած են մարդկային ամենա-առաքինի յատկանիշներով:

Ո՞վ է Սեւ-Քարեցի Սագոն:

… Սեւ-Քարեցի ռանչպար Սարիբէկի որդին գնում է Գոշավանք` օրհնութիւն ստանալու: Նայելով խաչուած Քրիստոսի պատկերին, նա շշնջում է.- «Եթէ զօրու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչեւ կեանքիս վերջը կռուել Ավետեաց Երկրի ազատութեան համար: Անձիս պահպանութիւն չեմ խնդրում քեզնից, տէ՛ր: Թող մեռնեմ, եթէ դա հարկաւոր է, միայն թէ ինձ չդարձնես պարզապէս մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ յաւիտեանս բոլորին անյայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կեանքս մատաղ անելու իմ ժողովրդին» (էջ 17): Վանքի քահանան ընդունում է Սագոյի երդումը եւ օրհնում նրա սուրբ նպատակը:

Գիւմրիում Սագոն ծանօթանում է ղարաբաղցի Արշոյի հետ, եւ նրանք ընդգրկւում են Սալմաստ մեկնող կամաւորական խմբի մէջ, բայց խմբի մեկնումը օրէցօր յետաձգւում է: Ահա եւ նրանք վճռում են երկուսով անցնել Արաքսը եւ մեկնել Ս. Նախավկայի վանք:

Սագոյին թւում է, թէ գործերը լաւ են ընթանում, սակայն ճակատագիրը երես է թեքում` սպանում են Արշոյին: Անմիջապէս լուծելով նրա վրէժը, Սագոն դաշոյնով փոս է փորում եւ ընկերոջ դին յանձնում հողին:

Սագոն ներկայանում է Ս. Նախավկայի վանահայր Վարդանին եւ, հակառակ իր կամքի, երեք ամիս աշխատում է որպէս սպասաւոր ու աբեղայ: Տարբեր ճանապարհներով Սագոյին ստուգելուց յետոյ, ի վերջոյ, նրան վստահում եւ մարտական յանձնարարութիւններ են տալիս: Շուտով մենք Սագոյին տեսնում ենք զինատարի դժուարին ու ծանր աշխատանքներ կատարելիս:

Յանձին վիպակի հերոսների՝ Իգնատ Մամեանը կարողացել է կերտել հայդուկների հաւաքական դիմանկարը: Սեւ-Քարեցի Սագոն, օրինակ, դրսեւորւում է անընկճելի կամքով` բանտարկուած լինելով Մուշի եւ Կարինի բանտերում: Նոյնիսկ այն դէպքում, երբ դատապարտուած էր 101 տարուայ բանտարկութեան, հետագայում էլ` մահուան:

Հիմք ընդունելով Սագոյի Գոշավանքի երդումը՝ հեղինակը դէպքերը ծաւալում է այդ ուղղութեամբ: Բանտից ազատ արձակուելուց յետոյ, չնայած առողջական վիճակին, միչեւ իր մահը նա երբեք հանգիստ չի առնում: Գրքի առաջաբանում հեղինակը խոստովանում է.- «Հանրածանօթ դէպքերը չվերապատմելու համար շրջանցել եմ գրքի հերոսի կենսագրութեան հետ առնչուող մի շարք յայտնի իրադարձութիւններ, չեմ խորացել այն դէպքերի նկարագրութեան մէջ, որոնք յայտնի են մեզ»…

Դեռ այսօր էլ ապրում են մարդիկ, ովքեր անձամբ ճանաչել ու հանդիպել են Մարոյին: Լաւ կը լինէր, եթէ շրջանառութեան մէջ դրուէր նրանց կենդանի խօսքը, ինչն առաւել կը շեշտէր պատումի վաւերականությունը: Կ’ուզենայի մէջբերել այն դրուագը, երբ զինատար խմբի ղեկավար Արտակ Դարբինեանը դիմում է Սագոյին.- «Քո մասին ինձ պատմել են, ջահել ես, ուժեղ ու համարձակ: Կ’ուզենայի, որ մի քանի ուրիշ մարդկանց հետ Թիֆլիսից զէնք տեղափոխէիր Արաքսի այս ափը: Կարծում եմ` այդպէս կ’ուզենար նաեւ Մարօ Ղարաքէշիշեանը:

Սագոն ցնցուեց:

- Դուք ճանաչո՞ւմ էք Մարոյին…

- Այո՛, նա մեզ շատ է օգնում զէնք հայթայթելու գործում»:

Հեղինակը հիանալի է նկարագրում Մարոյին` որպէս հայդուկի. իր պարտականութիւնները կատարելիս Մարոյին միշտ տեսնում ենք միայնակ` լինի Տաշքենդի, Աղստեւի հովտի, թէ այլ ճանապարհներին:

… Անցած ամրանը Իջեւանից Երեւան վերադառնալիս՝ ծանօթացայ երկու սփիւռքահայերի: Պարզուեց, որ նրանք վերադառնում են Սեւ-Քար գիւղից, ուր այցի էին գնացել Սեւ-Քարեցի Սագոյի գերեզմանին: Իրենց գաղթօջախում առանձին ակումբ են հիմնել Սագոյի անուամբ եւ վառ են պահում նրա յիշատակը: Մուշեղը, այդպէս էր իմ նոր ծանօթի անունը, պատմեց, որ իր պապն ու Սագոն միասին կռուել են:

Եթէ դեկտեմբերեան երկրաշարժի առիթով Հայաստանում գտնուող սփիւռքահայերը կարող են այցելել Սեւ-Քար, ապա մեզնից իւրաքանչիւրի պարտքն է երբեք չմոռանալ հայրենիքի նահատակներին:

Կարդալով վիպակը՝ շատերին անհաւանական կը թուայ, որ անցեալ դարավերջին մի հայ կին, տղամարդու տարազով, կարող էր Տաշքենդից զէնք տեղափոխել Կովկաս` ֆիդայիներին հասցնելու նպատակով: Կամ թէ՝ հօրեղբոր տղայի` Գէորգի Ղարաքէշիշեանի օգնութեամբ հրազէն հայթայթել Անդրկովկասի ցարական զինանոցից: Գիրքը հաւաստում է, որ Մարոն ոչնչով յետ չի մնացել Սագոյից: Նա ոչ միայն զէնք էր ձեռք բերում, այլեւ կարողանում է մահուան դատապարտուած Սագոյին տեղափոխել Թիֆլիս, ուր եւ նրան ազատ են արձակում: Մի խօսքով` խիզախ հայուհին անհնարինը հնարաւոր էր դարձնում: Ամուսնու մահից յետոյ նա բանտարկւում է, կրկին ազատւում եւ, որ յատկանշական է, մեռնում է զէնք տեղափոխելիս:

Սագոն եւ Մարոն մեծապէս պարտական էին Գէորգի Ալեքսանդրի Ղարաքէշիշեանին, ում միջոցով ծանօթացել են Յովհաննէս Թումանեանի եւ թիֆլիսահայ մտաւորականութեան հետ: Նա եւս փոքր ծառայութիւններ չի մատուցել ազգի փրկութեանը եւ զոհուել է Սարդարապատի ճակատամարտում` որպէս հրետանային մարտկոցի հրամանատար:

Չնայած 30 հազար օրինակ տպաքանակին` գիրքը, կարելի է ասել, գրախանութներում չերեւաց: Անհրաժեշտ է այն վերահրատարակել, քանի որ հազարաւոր ընթերցողներ` երկրում, թէ արտասահմանում, կ’ուզենային ձեռք բերել այս հրատարակութիւնը…

Իգնատ Մամեանը վիթխարի աշխատանք է կատարել` հասարակութեան ուշադրութեանը ներկայացնելով մի խումբ հայ ֆիդայիների կեանքն ու գործը: Ազգային-ազատագրական շարժման դեռ քանի հերոսներ են սպասում իրենց կենսագիրներին: Նրանք՝ ովքեր զէնքը ձեռքին նահատակուեցին հայրենիքի ազատութեան ու անկախութեան համար, արժանի են ամենայն դրուատանքի ու յիշատակութեան: Մեր հերոսական անցեալի բոլոր դրուագների գեղարուեստական լուսաբանումը դաստիարակչական մեծ նշանակութիւն ունի ոչ միայն այսօրուան, այլեւ գալիք սերունդներուն համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։