Հա

Գաղափարական

29/01/2018 - 10:40

Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահւան օրն է

1919 թւականի յունւարի 29-ին հայ ժողովուրդը կորցրեց իր բազմադարեան պատմութեան լաւագոյն գործիչերից մէկին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանին (Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան): 1879 թւականի մարտի 19-ին Շուշիում ծնւած Արամը, 1890-ական թթ. անդամագրւելով հայ ազատամարտի առաջատար ուժ Հ.Յ. Դաշնակցութեանը, իր ամբողջ կեանքն անմնացորդ նւիրեց հայ ժողովրդի ազատութեան եւ անկախ պետականութեան վերականգնման վեհ գործին:

ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ
պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

 

1919 թւականի յունւարի 29-ին հայ ժողովուրդը կորցրեց իր բազմադարեան պատմութեան լաւագոյն գործիչերից մէկին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանին (Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան): 1879 թւականի մարտի 19-ին Շուշիում ծնւած Արամը, 1890-ական թթ. անդամագրւելով հայ ազատամարտի առաջատար ուժ Հ.Յ. Դաշնակցութեանը, իր ամբողջ կեանքն անմնացորդ նւիրեց հայ ժողովրդի ազատութեան եւ անկախ պետականութեան վերականգնման վեհ գործին:

Արամը դարձաւ հայոց պայքարի եւ ստեղծարար մտքի մարմնացումն ու ոգին: Իր գործունէութեան առաջին իսկ օրերից նա աչքի ընկաւ իր ժողովրդին անսպառ նւիրւածութեամբ, պատասխանատւութեամբ, մեծ եռանդով, քաղաքական հասունութեամբ, կազմակերպչական բացառիկ ձիրքով: Արամի համոզմունքն էր. ազատագրական պայքարի դրօշ բարձրացրած հայ ժողովուրդը պէտք է յոյսը դնի սեփական ուժերի վրայ:

Հայոց Մեծ եղեռնի ժամանակաշրջանում Արամը կազմակերպեց եւ իր իսկ առաջարկութեամբ ստեղծւած բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանութեան Զինւորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915 թւականի ապրիլեան ինքնապաշտպանութիւնը: Վանի ինքնապաշտպանութիւնն աւարտւեց յաղթանակով, ինչի շնորհիւ աւելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկւեցին անխուսափելի կոտորածներից: Ինքնապաշտպանութեան յաղթանակից յետոյ Արամ Մանուկեանը նշանակւեց Վանի նահանգապետ: Սկսւեց նրա պետական գործունէութիւնը: Նահանգապետի պաշտօնում նա վեր հանեց իր կազմակերպչական տաղանդը, ազգային-պետական մտածելակերպն ու անխտրական ոգին: Արամի գլխաւորութեամբ Վասպուրականի հայութիւնը ձեռնամուխ եղաւ թուրք-քրդական աւազակախմբերից նահանգի անվտանգութեան ապահովման, քայքայւած տնտեսութեան վերականգնման, գաղթականութեան խնամքի, օրինականութեան եւ կարգ ու կանոնի ապահովման եւ այլ խնդիրների լուծմանը: Յաջողութիւններն այնքան ակնյայտ էին, որ առանց չափազանցութեան կարող ենք 72 օր գոյատեւած Վանի նահանգապետութիւնն անւանել հայոց պետականութեան նախատիպ:

1917 թւականի վերջին ռուսական Կովկասեան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան Հայաստանը: Այդ իրավիճակում՝ 1917 թւականի դեկտեմբերին, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային եւ Հայ զինւորական խորհուրդների կողմից Արամը իբրեւ լիազօր գործուղւեց Երեւանի նահանգ: Ժամանելով Երեւան՝ Արամ Մանուկեանը գերմարդկային ճիգեր գործադրեց հայութեանը սպառնացող նոր ողբերգութիւնը կանխելու համար: Նա առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանութեանն ու ազատութեանը միտւած յստակ քաղաքական ուղեգիծ. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հետեւողական, տքնաջան ու անձնուրաց աշխատանքի շնորհիւ յաջողւեց կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանութեան մարմիններ, կանոնաւոր հայկական զօրք, երկրում հաստատել կարգուկանոն, ճնշել թուրք-թաթարական հակահայկական-հակապետական շարժումները, մեղմել պարենային ծանր դրութիւնը:

1918 թւականի Մայիսեան ճակատագրական, ծայրայեղ ծանր օրերին, երբ թուրքական զօրքերը ներխուժել էին Արարատեան դաշտ եւ անմիջականօրէն սպառնում էին Սուրբ Էջմիածնմին ու Երեւանին, երբ դրւած էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, երբ մի պահ հուսալքութիւնը ստացել էր համատարած բնոյթ, Արամը չընկրկեց: Նա մինչու վերջ մնաց անկոտրում, լաւատես, գործնական, անարգ թշնամուն հակահարւած հասցնելու հարցում անզիջում եւ կարողացաւ իր շուրջը համախմբել նւիրեալ այլ գործիչների ու ժողովրդի մէջ բորբոքել պայքարի ոգին: Արդիւնքում կազմակերպւեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք էլ հնարաւոր դարձրին Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծումը:

Սարդարապատի ճակատամարտից յետոյ հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակաւոր կառավարութիւն Արամը լծւեց պետական շինարարութեան պատասխանատու եւ չափազանց դժւարին գործին, կարողացաւ երկիրը պահել համեմատական կայունութեան մէջ, մինչեւ որ Հայոց կ. Ազգային խորհուրդը եւ ՀՀ կառավարութիւնը տեղափոխւեցին Երեւան: ՀՀ կառավարութեան մէջ Արամ Մանուկեանին վստահւեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավւորութեան, հաղորդակցութեան, պարենաջորման եւ խնամատարութեան նախարարութիւնները, ինչպէս նաեւ տեղական իշխանութեան խնդիրները:

Արամը՝ առաջնորդւելով ազգային-պետական մտածողութեամբ, դրսեւորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հաւաքական գործունէութեան մղելու համար այնքան անհրաժեշտ ազնւութիւն եւ անձնական անշահախնդրութիւն, նախաձեռնողականութիւն ու հետեւողականութիւն, նպատակային եւ արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալեց երկրում ամուր իշխանութեան եւ իրաւակարգի հաստատման, պետական իշխանութեան մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովութիւնների ճնշման եւ երկրի հայացման, գաղթականութեան եւ որբերի խնամքի եւ այլ ուղղութիւններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականութեան ամրապնդմանը:

Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման, ապա նաեւ պետականաշինութեան գործընթացում ունեցած առաջնակարգ եւ հսկայական ներդրման համար Արամ Մանուկեանը հայոց պատմութեան մէջ յաւերժացաւ որպէս Հանրապետութեան հիմնադիր:

Արամի ազգանւէր գործունէութիւնը, ստեղծարար միտքը պէտք է ուղենշային լինեն բոլորիս համար: Բոլորիս համար մշտապէս պէտք է լսելի լինեն Նիկոլ Աղբալեանի հետեւեալ խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»: Միայն այդ կերպ մտածելով ու գործելով կարելի է ներկայիս Հանրապետութիւնը վերածել մեր ողջ ժողովրդի համար ընդունելի եւ պաշտելի պետութեան, ւ հասնել նրա ամրապնդմանն ու հզօրացմանը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։