Հա

Գաղափարական

30/01/2018 - 12:40

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում ու ամիսներում: Իսկ բուն պայքարը ահաւոր ծանր ու երկարատեւ էր լինելու, եւ միայն զոհաբերութեան պատրաստակամ, Ղարաբաղի ազատագրմանը հաւատարիմ, կեանքի ու ապրելու գերխնդիր դարձած մարդը կարող էր յաղթահարել դէպի յաղթանակը տանող բազում խոչընդոտներով լեցուն ճանապարհը: Տւեալ ժամանակահատւածում դա ամենակարեւոր ճշմարտութիւնն էր, որի արժէքն ու իմաստը խորապէս ըմբռնել էր Հայ Դատի նոր-նոր զինւորագրւած պռօշեանցի երիտասարդ Պետօն:

1964 թւականի յունւարի 30-ին ծնւած, Երեւանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ուսանող Պետօն, մարտի դաշտում շատ արագ ԼՂ-ի մայոր Պետրոս Ղեւոնդեան դարձաւ, ընտրւեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրաւման դժւարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:

Շահումեանի շրջանում անցկացւած հէնց առաջին իսկ օրերից Պետօն աչքի էր ընկնում մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարւեցողութեամբ, մարդկանց հասկանալու կարողութեամբ:

1991 թւականի ապրիլի 18-ին պռօշեանցիների խումբն ուղղաթիռով Շահումեանից մեկնում է Գետաշէն ու տեղ հասնելուն պէս՝ Պետօն ու իր ընկեր Կարօտը անմիջապէս ներկայանում են Թաթուլ Կրպէեանին՝ քննարկելու իրենց ջոկատի հետագայ անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի եւ Կարօտի առաջին , եւ, ցաւօք վերջին հանդիպումն էր:

Մալիբէյլիի գրաւման ժամանակ, գրոհը սկսւելուց վայրկեաններ անց, Պետօն, գործելով հարւածային ջոկատի կազմում, վիրաւորւում է ուսից. Վէրքը թեթեւ էր եւ ապաքինումն էլ անցկացնում է աննկատ եւ ինչպէս ասում են՝ ոտքի վրայ:

Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերում, անգամ Գետաշէնի, Մարտունաշէնի ողբերգական անցքերից յետոյ, երբեք չապրեց պարտւողի հոգեբանութեամբ, նրա դաւանանքը միայն յաղթանակն էր:

Անգամ Շահումեանի դէպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարօտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպէսզի նա կորցնէր իր վճռականութիւնն ու անսասան ոգին:

Իսկ յաղթանակի կարեւորագոյն պայմանը, ինչպէս բազմիցս նշում էր Պետօն, անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը:

Նա մէկընդմիշտ ընտրել էր այդ ուղին եւ պէտք է գնար մինչեւ վերջ:

Ու նա գնաց մինչեւ վերջ. Մինչեւ յաղթանակ:

1994 թւական. փետրւարի 14. Թուրքական ուժերը ղարաբաղեան զօրամիաւորումների հարւածներից մազապուրծ՝ լքում են իրենց դիրքերը եւ անցնելով Օմարի լեռնանցքը՝ ԼՂՀ-ի բանակի մարտիկների տնօրինութեանն են յանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները:

Լեռնալանջերին դիրքաւորւած մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովւել սնունդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջաւոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որ անցնում է Եանշաղ եւ Ղամիշլի գիւղերով, ձեան պատճառով՝ տեղ- տեղ դեռեւս խցանւած էր:

Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը եւ ժամանակին լուծել դիրքերում ամրացւած զինւորների մատակարարման խնդիրները: Պետօն, այդ նպատակով, Եանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժւում դէպի Գեանջա-Քեալբաջար ճանապարհահատւածի խաչմերուկի ուղղութեամբ: Գեանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ. հեռաւորութեան վրայ հանդիպում է շտապօգնութեան մեքենայի եւ նրա շուրջ խմբւած զինւորների պատմածներից տեղեկանում, որ նրանց յանձնարարւած է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ-ի բանակի այնտեղ մնացած վիրաւոր զինւորներից մէկին: Բայց, քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատւած էր, շտապօգնութեան մեքենայի սպասարկող անձնակազմը երկիւղելով ողբերգական հետեւանքներից՝ չէր համարձակւում առաջ շարժւել, իսկ մարտադաշտում նրանց օգնութեանն էր սպասում վիրաւոր զինւորը:

Պետօն, չնայած սպառնացող ստոյգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնութիւն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարէն՝ անվարան նստում է շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ շտապում վայրկեան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրաւոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսւում է պայթիւնը եւ ականի բեկորներից խոցւած՝ Պետօն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշւած րոպէներ անց այդ նոյն ճանապարհով աւտոմեքենաներով, արդէն անարգել, անցնում էին Ղարաբաղեան բանակի զինւորները:

ԼՂՀ-ից դէպի Մռաւ եւ Օմարի լեռնանցք ձգւող մայրուղին բաց է…

Պետոյի գործի միակ չափանիշը անմահութիւնն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդեանը 1996 թւականին ԼՂՀ-ի կողմից յետմահու պարգեւատրւել է «Մարտական խաչ» շքանշանով: Նոյն թւականին ՀՀ-ի կողմից յետմահու պարգեւատրւել է Արիութեան մեդալով, աւելի ուշ ստացել է «Ոսկէ արծիւ» շքանշանը՝ արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով են կոչւել Պռօշեանի, Եղէգնուտի եւ Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007 թւականին նրա հարազատ ֆակուլտետում բացւեց «Պետրոս Ղեւոնդեան» անունը կրող լսարան:

ՅԱՒԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ, ՊԵՏՐՈՍ ՂԵՒՈՆԴԵԱՆ…

 

Հրամանատար Պետոյին
(Պետօ Ղեւոնդեանի յիշատակին)

 

Մեծ Մռովից մինչ Հորադիզ
Փառքի ճամբայ ես անցել
Ու այդ ճամբին քո համբաւից
Մեր ձորերն են թնդացել:
Հրամանատար անվախ ընկեր,
Դաշնակցական քաջ զինւոր,
Քո քաջ բազկի հուժկու զարկից
Թուրքն էր ընկնում ամէն օր:
Դէպ Օմար սար, դէպ մեծ Ջամբազ,
Դէպի կարօտ սուրբ երդում,
Ուր Օմարում յաղթած վայրում
Լուսէ խաչն է իր կերտում:

(Կրկներգ)
Հրամանատար…
Զինւորն ընկաւ, քաջ ֆեդային,
Մեծ Մռովը սարսռաց
Ու երկնքից ձմռան կէսին
Անձրեւ տեղաց՝ որպէս լաց:
Գնաց Պետօն, մեծ երամին
Մի նոր արծիւ միացաւ,
Փա՜ռք քեզ, Պետօ, փա՜ռք երամիդ,
Հայոց սրտերն դառնացան:
Դաշնակցական դու քաջ զինւոր,
Հրամանատար մեր ընկեր,
Քո բազուկի հուժկու զարկից
Քանի թուրքեր են սատկել:

(Կրկներգ)
Հրամանատար…

Յարակից լուրեր

  • Նա ծիծաղում էր մահւան երեսին
    Նա ծիծաղում էր մահւան երեսին

    Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

  • Գլխիս տակ դաշույն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ
    Գլխիս տակ դաշույն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ

    Հայ ժողովուրդը 21-րդ դար եւ նոր ժամանակներ մուտք գործեց հասակը բարձր կանգնած, մէջքը շտկած եւ ճակատը բաց ու պայծառ։

    Ազգային ինքնավստահութեան եւ ինքնահաստատման այդ խոյանքը մեր ժողովուրդը նուաճեց Արցախեան Ազատամարտով, որ անհաւասար ուժերով ճակատումներէ ու լինելութեան մաքառումներէ յաղթական դուրս գալու հրաշքին նորօրեայ վկայութիւնը եղաւ։

  • Դուշման (Վարդան Ստեփանեան, 1966-1992). Արցախեան ազատամարտի ֆետայական խոյանքը
    Դուշման (Վարդան Ստեփանեան, 1966-1992). Արցախեան ազատամարտի ֆետայական խոյանքը

    Հայ ժողովուրդը 21-րդ դար եւ նոր ժամանակներ մուտք գործեց հասակը բարձր կանգնած, մէջքը շտկած եւ ճակատը բաց ու պայծառ։

    Ազգային ինքնավստահութեան եւ ինքնահաստատման այդ խոյանքը մեր ժողովուրդը նուաճեց Արցախեան Ազատամարտով, որ անհաւասար ուժերով ճակատումներէ ու լինելութեան մաքառումներէ յաղթական դուրս գալու հրաշքին նորօրեայ վկայութիւնը եղաւ։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով
    «Հայրենիք»-ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով

    Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ:

    Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն:

    Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ փետրուար 25-26, 1992-ին:

  • «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը մեր համայնքում` նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100 եւ Արցախեան շարժման 30-ամեակներին
    «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը մեր համայնքում` նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100 եւ Արցախեան շարժման 30-ամեակներին

    Արցախեան շարժման 30-ամեայ պատմական վաւերագրութիւնը մեր նորագոյն պատմութեան մէջ բեկումնային եղաւ: Այն կերտեց հայի նոր տեսակի, բացայայտեց նրա հայրենասիրական տեսանկիւնից ներքինում թաքնւած ինքնութիւնը ու շարժման յաղթութիւնները չուշացան, նրանք կերտեցին լիիրաւ ու անկախ Արցախ...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։