Հա

Գաղափարական

17/02/2018 - 12:20

Ազատ չէ այն մարդը, որ ենթակայ է իշխող խաւի կողմից ստեղծւած օրէնքներին

Այսօր հանդիսաւորապէս ամբողջ հայ ժողովուրդը ազգովին, իսկ Հայաստանի մեր ժողովուրդը՝ պետականօրէն, նշում է մեր նորագոյն պատմութեան մեծագոյն իրադարձութեան տարեդարձը:
1918 Մայիսի 28. Մի թւական, որ անկիւնադարձ հադիսացաւ հայ ժողովրդի կեանքում եւ արժանի պսակումը դարձաւ նրա մղած կենաց ու մահու ամեհի պայքարի՝ ստրկութիւնից նրան առաջնորդելով ազատութեան ու անկախութեան:

Խաժակ Տէր-Գրիգորեանի խօսքը` Մայիս 28-ին նւիրւած տօնակատարութեան օրւայ առիթով

 

Այսօր հանդիսաւորապէս ամբողջ հայ ժողովուրդը ազգովին, իսկ Հայաստանի մեր ժողովուրդը՝ պետականօրէն, նշում է մեր նորագոյն պատմութեան մեծագոյն իրադարձութեան տարեդարձը:

1918 Մայիսի 28. Մի թւական, որ անկիւնադարձ հադիսացաւ հայ ժողովրդի կեանքում եւ արժանի պսակումը դարձաւ նրա մղած կենաց ու մահու ամեհի պայքարի՝ ստրկութիւնից նրան առաջնորդելով ազատութեան ու անկախութեան:

Պատմական իրադարձութիւնները, որքան էլ անկիւնադարձային լինեն նրանք, չեն կարող առաջնորդող լուսաստղ հանդիսանալ սերունդների համար, չեն կարող շարունակական ներկայութիւն լինել ժողովուրդների կեանքում, եթէ նրանք յագեցած չեն անժամանցելի, բոլոր ժամանակների համար հաւասարարժէք գաղափարներով:

Մայիսի 28-ը ոչ միայն քաղաքական իմաստով անկիւնադարձ հանդիսացաւ մեր կեանքում, այլեւ իր մէջ խտացնելով բոլոր ժամանակների ամենավեհ գաղափարները՝ ազատութիւնն ու անկախութիւնը, որպէս պայծառ աստղ շողաց հայոց երկնակամարում եւ պիտի շարունակի շողալ այսուհետեւ եւս մինչեւ յաւիտեան, քանի-որ մարդ անհատի եւ ժողովուրդների ազատութեան գաղափարը, երկրների անկախութեան գաղափարը, պատկանում են յաւէրժութեան եւ նրանցից աւելի բացարձակ արժէքներ չկան մարդկային իրականութեան մէջ:

Մայիսի 28-ը փաստօրէն այն պարունակն է, որ իր մէջ պարունակում է Հայ ժողովրդի դարաւոր իղձերի հանգանակը: Մեր պատմութիւնը վկայ, թէ ո՜րքան արիւն է հոսել, ո՜րքան կեանքեր են զոհաբերւել մեր հայրենի հողի վրայ՝ նւաճելու մարդկային իրաւունքներից նւազագոյնը եւ ամենավեհը՝ ազատութիւնը: Ո՜րքան ճիգ ու ջանք է թափւել ձեռք բերելու ազգային ու պետական անկախութիւն, եւ ո՜րքան արիւն-քրտինք է հոսել պահպանելու ձեռքբերւածը:

Մեր ժողովրդի պատմութիւնը, կարծես, օրինաչափ հերթագայութիւնն է կեանքի, ազատութեան ու անկախութեան համար մղւած անհաւասար պայքարների: Այդ բոլոր գաղափարների, ձգտումների ու նրանց համար մղւած մաքառումների ամբողջական հանգանակն է Մայիսի 28-ը:

Այդ հանգանակը եօթանասուն տարիներ շարունակ ապրեց աքսորում, տարագրութեան մէջ: Հ. Յ. Դաշնակցութիւնը որպէս աւանդապահը այդ գաղափարական հանգանակի աչքի լոյսի պէս փայփայեց ու պահպանեց՝ պատնեշ կանգնելով այն բոլոր նկրտումների դէմ, որոնք աջից ու ձախից փորձում էին ջախջախել ու ոչնչացնել այն՝ նրանում նկատելով այն ամենավտանգաւորը, որ կարող էր ի վերջոյ փշրել բռնութեան շղթաները: Եւ իրաւամբ, ո՞վ կարող է թշնամանք ունենալ ազատութեան ձգտումի դէմ, եթէ ոչ բռնութիւնն ու բռնակալը:

Դաշնակցութիւնը այսօր սրտի անհուն գոհունակութեամբ հրճւում է ի տես այն իրողութեան, որ ի կատար է ածել իր արթուն պահակի պարտականութիւնը եւ այդ գաղափարները այսօր վերադարձւել ու յանձնւել են սեփական ժողովրդի խնամքին: Սակայն Դաշնակցութիւնը չի կարող այսուհետեւ եւս արթուն կերպով չհսկել այդ հանգանակի անշեղ իրագործման վրայ եւ պահանջատէր չհանդիսանալ Մայիսի 28-ով մարմնաւորւող ամբողջական ու Միացեալ Հայաստանի գաղափարի նկատմամբ:

Դաշնակցութիւնը հրճւում է, երբ ուժեղին ու տիրակալին քծնող, հլու կերպով նրա կամքը կատարող ուժերը, այսօր դարձի են գալիս եւ ոչ միայն ընդունում են Մայիսի 28-ով մարմնաւորւող՝ ազատ ու անկախ Հայաստանի գաղափարը, հայոց ազգային եռագոյն դրօշը, արծւառիւծ զինանշանն ու «Մեր Հայրենիք» օրհներգը, այլեւ նախաձեռնում են իրենց իսկ ձեռքով Հայաստանի իշխանութիւններին յանձնել այն եռագոյն դրօշը, որի դէմ եօթանասուն տարի շարունակ անհաշտ պայքար էին մղել հէնց իրենք՝ պղտորելով հայ ժողովրդի արիւնը:

Ճշմարտութիւնը միշտ եւ ամենուրեք յաղթանակ է: Յաղթանակը Դաշնակցութեան գաղափարներն են: Ճշմարիտ գաղափարներն են, որ նւաճում են յաղթանակը:

Հասկանում ենք նաեւ, որ կը գայ ժամանակը, եւ այն շատ չի ուշանայ, երբ Հայաստանը իր բոլոր խաւերով, իր մեծով ու փոքրով տէր կը կանգնի Միացեալ Հայաստանի գաղափարին: Կը գայ օրը, երբ Հայապատկան հողերի պահանջատիրութիւնը կը դառնայ հայ ժողովրդի անզիճելի մտասեւեռումը եւ քանի դեռ գաղափարը եւս չի դարձել պաշտօնական պահանջ, Դաշնակցութիւնը պիտի շարունակի մնալ առաջամարտիկը ու պահակը Միացեալ Հայաստանի գաղափարի եւ պահանջատէրը Հայապատկան հողերի միացման:

Ի վերջոյ, պիտի յաղթանակի գերագոյն իդէալը եւ պիտի ստեղծւի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան:

Մինչ այդ սակայն, հայ ժողովրդի առջեւ ծառանում են բազմաթիւ հարցեր, որոնք պահանջում են շուտափոյթ լուծում, աչալրջութիւն ու զգօնութիւն:

Այսօր առաջնահերթը Արցախի հարցն է, քանի դեռ լուծւած չէ այն - իր վրայ սեւեռւած պիտի պահի համայն հայութեան, եւ Հայաստանի իշխանութիւնների ուշադրութիւնը: Արցախը որպէս հայկական հող իր զուտ հայ բնակչութեամբ ամէն իրաւունք ունի իր սեփական ճակատագիրը տնօրինելու իւրովի, ազատ ու անկաշկանդ վարելու իր կեանքը, ճշտելու իր տեղը ազգերի ընտանիքում:

Դժբախտաբար հայ ժողովրդի շահերը Արցախեան հարցում համընթաց չեն Անդրկովկասի նկատմամբ քաղաքական նկրտումներ ունեցող մեծ ու փոքր բազմաթիւ պետութիւնների հետ: Հայ ժողովրդի շահերը բախւում են նրանց շահերին եւ բոլորը միահամուռ փորձում են ճնշել մեր «փոքրիկ ածու»-ն, որպէսզի կորզեն զիջում մեզնից, որպէսզի անձնատւութեան մղեն մեզ ազգովին:

Այն վայնասունը, որ ամբողջ աշխարհով մէկ բարձրացւեց հայ ժողովրդի դէմ՝ Խոջալուի կամ Լաչինի ազատագրման կապակցութեամբ, այն աղմուկը, որ հարուցեց ընդդէմ հայութեան, քանի որ նա համարձակութիւն էր ունեցել Սադարակի բարձունքներում լռեցնելու նախայարձակ ադրբեջանցիների ռազմական կրակակէտերը, պարզ ապացոյց է այն բանի, որ Անդրկովկասով շահագրգռւած մեծ ու փոքր պետութիւններ, Թուրքիան, Ամերիկան, Իսրայէլը եւ նրանց շահակից պետութիւնները հայութեան մէջ նշմարում են մի ինչ-որ ներուժ, վտանգ, որով եւ փորձում են Հայաստանը պահել այնպիսի պայմաններում, որը թոյլ կը տայ նրանց ցանկացած պահի ճնշել, պաշարել ու կամք պարտադրել:

Դժբախտաբար հայ ժողովրդի մէջ կան անձնաւորութիւններ, նոյնիսկ պետական շրջանակներում, որ պարտւողական տրամադրութեամբ տուրք են տալիս կոնֆորմիզմին ու հաշտւողական վարքագծով պատրաստ են զիջելու ամէն բան, հրաժարւելու վերջին նւաճումներից, վերադառնալու 1988-ի փետրւարից առաջ գոյութիւն ունեցող վիճակին՝ Արցախն ու արցախահայութիւնը թողնելով Ադրբեջանի ճիրաններում: Իրատեսութեան պատրւակով այս գաղափարի առաջ քաշումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ջուր լցնել թշնամու ջրաղացը:

Արիւն քրտինքով, հազար զոհաբերութեամբ նւաճւած Շուշին թշնամուն յանձնելու մտածումն իսկ պիտի նկատւի դաւաճանութիւն:

Այս զանազան ու խայտաբղետ պետութիւնների խաչաձեւող շահերի բաւիղներում զիջումներ չկատարելու համար:

Հայաստանը պարտաւոր է լինել հզօր: Հզօր մարտի դաշտում, հզօր՝ դիւանագիտութեան ասպարէզում, հզօր՝ առեւտրի մէջ, հզօր՝ տնտեսապէս եւ քաղաքականապէս:

Հզօրանքը, սակայն երկնատուր պարգեւ չէ: Հզօրանալ կարելի է հետեւողական, անդուլ աշխատանքով, ծրագրաւորումով ու նախատեսումներով: Հզօրանքի կերտման մասնակից պիտի լինի անպայմանօրէն ժողովուրդը: Սակայն հզօրանք իրականում պիտի ստեղծի պետութիւնը՝ օգտագործելով ժողովրդական ամէն կարգի ներդրումները: Կառավարութիւնները պատասխանատու են ժողովրդի առջեւ իրենց այն բոլոր քայլերի համար, որոնք այսպէս կամ այնպէս խոտոր են համեմատւում հզօրանքի տանող քայլերին:

Մեր իշխանութիւնները բնականաբար պատասխանատու են ստեղծել ազգային բանակ, որպէսզի հայ մարդը կարողանայ գլուխն ապահով բարձին դնել, որպէսզի հայ գիւղացին առանց վարանումի իր հողը հերկի, որպէսզի արցախցին ստիպւած չլինի շարունակ զէնքը ուսին անցնել Ստեփանակերտի փողոցներով:

Հայաստանի իշխանութիւնները պատասխանատու պիտի լինեն ապագայ սերունդների առջեւ, եթէ հզօրանք ստեղծելու գործում թերացում արձանագրեն եւ պատճառ դառնան տարածքային, նիւթական եւ մարդկային կորուստների: Այն բոլոր անհաստատ քայլերը, որ այսօր կատարում են մեր իշխանութիւնները հայկական բանակի ստեղծման ուղղութեամբ իրենց կշռոյթով ու կազմակերպութեան որակով միայն կարող են յուսախաբութիւն պատճառել մեր ժողովրդին:

Հայրենի երկրի ու ժողովրդի պաշտպանութիւնը սրբազան գործ է, որի մեջ թերացողը չի կարող զերծ մնալ ժողովրդի անողոք դատաստանից:

Հզօրանքը, սակայն, բռնութիւն չէ: Ազգային հզօրանքը հաւաքական երեւոյթ է: Իշխանութիւնները հզօր են, եթէ ժողովուրդը կանգնած է իշխանութեան թիկունքին, իսկ դրան կարելի է հասնել միայն ժողովրդին ծառայելով համոզիչ կերպով ցոյց տալով նրան, որ իշխանութիւնները առաւել մտահոգւած են ժողովրդի ու երկրի բարեկեցութեամբ ու ապահովութեամբ, քան սեփական մորթով ու փառքով:

Այն իշխանութիւնները, որոնք հզօրանքի պատրանք ստեղծելու համար կը բռնանան ժողովրդի դեմոկրատական իրաւունքների վրայ, կապանք կը դնեն մարդկանց շուրթերին անյանդուրժողութիւն կը ցուցաբերեն քննադատութեան նկատմամբ, բրտութեան կը դիմեն լռեցնելու ամէն խօսք ու միտք, որ տարակարծիք է պաշտօնական մտածողութեան, կը ստեղծեն ահաբեկումի մթնոլորտ ու մարդկանց կը մղեն ինքնագրաքննութեան, պետութեան մենաշնորհը կը հաստատեն զանգւածային հաղորդակցական միջոցների վրայ, կը կաշկանդեն մարդկային ազատութիւնները, չեն կարող ստեղծել իրական հզօրանք սեփական երկրի, սեփական ժողովրդի համար:

Եթէ մեր իշխանութիւնները հետեւում են Մայիսի 28-ի գաղափարական հանգանակին, ապա պարտաւոր են յարգել մարդկային տարրական իրաւունքների ու ազատութիւնների սկզբունքը, որով կը հզօրանան առաւել, որով իրենց թիկունքին կունենան ժողովրդին: Պէտք չէ մոռանալ, որ առաւել կայուն են այն միասնութիւնները, որոնք ունեն ներքին հակասութիւններ:

Ազատ մարդու իրաւունքները շատ աւելի ընդարձակ են, քան կարելի է պատկերացնել: Կարելի է պատկերացնել անշուշտ կապանքներում փակւած մարդու, որ մտածում է ազատօրէն, խօսում է ազատօրէն, գրում է ազատօրէն՝ առանց ի նկատի ունենալու հետեւանքները:
Բայց դա ազատութիւն չէ:

Ազատ չէ այն մարդը, որ կաշկանդւած է նիւթական, տնտեսական ու ֆիզիկական կապանքներով: Ազատ չէ այն մարդը, որ ենթակայ է իշխող խաւի կողմից ստեղծւած օրէնքներին: Ազատ չէ նա, ով շահագործւում է ուրիշ մարդկանց կողմից:

Ինչ խօսք, որ ամէն մարդ իրաւունք ունի օգտւելու հասարակութեան ընձեռած հնարաւորութիւններից: Պետութիւնը պարտաւոր է կազմակերպել հասարակական կեանքը այնպէս, որ սոցիալական արդարութիւնը տարածւի իւրաքանչիւր քաղաքացու վրայ, որ իւրաքանչիւր քաղաքացի ի վիճակի լինի իր կարողութիւնները ամբողջապէս, անմնացորդ կերպով տրամադրել հասարակութեան, ժողովրդի ու ազգի վերելքին:

Սխալ ըմբռնւած «շուկայական ազատ յարաբերութիւններ»-ը եւ այդ թիւրըմբռնման հետեւանք սխալ գործարքները, նոր քաղքենի դասակարգի գոյացման պրոցեսը, սեփականաշնորհման գծով կիրառւած ոչ իրատես քաղաքականութիւնը ի վերջոյ պիտի յանգեցնի, գերակշիռ մեծամասնութեան տնտեսական ազատազրկութեան:

Միանգամայն ճիշտ է, որ նախորդ վարչակարգի ժամանակ, բացի նոմենկլատուրայի փոքրաթիւ խաւից, ամբողջ ժողովուրդը գտնւում էր տնտեսական ազատազրկութեան ճիրաններում: Բայց, եթէ ճիշտ չկազմակերպւի Հայաստանի տնտեսական կեանքը, բան չի փոխւի եւ վաղը մենք ականատես պիտի լինենք միեւնոյն երեւոյթին այն տարբերութեամբ, որ կուսակցական նոմենկլատուրային կը փոխարինի մաֆիական նոմենկլատուրան:

Իսկ ժողովո՞ւրդը:

Ժողովուրդը պիտի մնայ տնտեսական միեւնոյն վիճակում, տնտեսական կախւածութեան ճիրաններում, թերեւս տնտեսապէս աւելի ծանր պայմաններում, քանի որ շուկայական անիշխանութեան մամլիչ անիւը առաջին հերթին իր ծանրութիւնը պիտի զգացնի տնտեսապէս տնանկ խաւին:

Ով հաւատում է մարդկային ու դեմոկրատական ազատութիւնների արդարութեանը, չի կարող անտարբեր գտւել մարդու տնտեսական ազատութիւնների նկատմամբ: Առաւել եւս՝ պետութիւնները:

Հայաստանի կառավարութեան սեպուհ պարտականութիւնն է ստեղծել տնտեսական այնպիսի մեքենայ, որ ի վիճակի լինի կերտել տնտեսապէս ազատ մարդ՝ բարեկեցիկ ու ապահով պայմաններ, որպէսզի չգտնւի Հայաստանում թէկուզ մի մարդ, որ զուրկ լինի աշխատելու հնարաւորութիւնից:

Մայիսի 28-ը ամէն բանից առաջ Հայաստանի անկախութեան տօնն է: Հայ ժողովրդի համար անկախուեան ձգտումը գալիս է դեռեւս վաղնջական դարերից եւ խտանում Հայկ Նահապետի կերպարում:
Անկախութեան համար հայ ժողովուրդը անհաւասար մարտեր է մղել իր պատմութեան բոլոր շրջաններում:
Այսօր եւս հայ ժողովուրդը մղում է իր ազգային-ազատագրական պայքարը՝ հասնելու համար պետական անկախութեան: Արցախեան ազատամարտը այդ պայքարի թէժ ճակատն է:

Զէնքով նւաճւած անկախութիւնը անհրաժեշտ է պահել, պահպանել ու ամրապնդել: Միշտ էլ, բոլոր ժամանակներում, աւելի դիւրին է եղել նւաճել յաղթանակը ճակատամարտում, քան պահպանել այն քաղաքականութեան բեմահարթակում:

Նւաճւած է մեր անկախութիւնը, Հայաստանի կառավարութիւնը պարտաւոր է աչալուրջ լինել, որպէսզի տանուլ չտայ այն ինչ որ ձեռք է բերւել: Անկախ լինելու համար արտաքին քաղաքականութեան մէջ բաւական չէ դեսպանատներ բացել, պայմանագրեր կնքել օտար պետութիւնների հետ: Կարեւոր է պայմանագրերի բովանդակութիւնը, կարեւոր են պայմանագրերում տեղ գտած կէտերը, նրանցից իւրաքանչիւրում թաքնւած հետին մտքերը:

Անկախ լինելու համար բաւական չէ խորհրդարան ունենալ, դրօշ ունենալ, սեփական դրամանիշ ու նամակադրոշմ ունենալ: Շատ երկրներ ունեն այդ բոլորը, սակայն անկախ չեն: Անկախ չեն, որովհետեւ սխալ քաղաքականութեան հետեւանքով կապիտուլացիայի են ենթարկւել, որովհետեւ տնտեսական գետնի վրայ կայսերապաշտութիւնը գաղութացումի է ենթարկել նրանց: Մեր իշխանութիւնները պիտի գիտակցեն այս վտանգը եւ արթուն ու սթափ յսկեն այն դռների ու լուսամուտների մօտ, որից կարող են ներս խուժել մեր անկախութիւնը շղթայող ուժերի շոշափուկները:

Հ. Յ. Դաշնակցութիւնը միշտ պահանջատէր պիտի մնայ Հայաստանի կառավարութիւնից,- միեւնոյն է, թէ ովքեր կը լինեն նրա աթոռներին բազմած,- պաշտպան կանգնելու Հայաստանի ու հայ ժողովրդի մարդկային իրաւունքներին, անկախութեան եւ հայապատկան հողերի պահանջատիրութեան նկատմամբ:

Այսօր Մայիսի 28-ն է: Հանդիսաւորապէս նշում ենք այդ օրը այն համոզումով, որ ի վերջոյ պիտի յաղթանակեն նրանով մարմնաւորող գաղափարները եւ շատ չի ուշանայ այն օրը, երբ Հայաստանը կը լինի իրաւամբ Ազատ, իրաւամբ Անկախ եւ Միացեալ:

1993 թ. Երեւան

Յարակից լուրեր

  • Մեր լինելութեան գրաւականը
    Մեր լինելութեան գրաւականը

    1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

  • Սարքուած խայտառակութիւնը
    Սարքուած խայտառակութիւնը

    Մայիս 28-ին, Սարդարապատի յուշահամալիրին առջեւ, սարքւեց խայտառակութիւն մը։ Պարզուած ամօթին գիտակից էին թէ անգիտակից, հայրենի պետական այրերը, միեւնոյնն է։ Կատարուածը մեր պատմութեան դէմ դաւաճանութեան համազօր էր, պատահածը մեր ազգային արժանապատուութեան դէմ նախատինք էր։

  • 28 Մայիս 1918. Հայ ժողովուրդը արեամբ նուաճեց ազատ, անկախ ու միացեալ ապրելու իր իրաւունքը
    28 Մայիս 1918. Հայ ժողովուրդը արեամբ նուաճեց ազատ, անկախ ու միացեալ ապրելու իր իրաւունքը

    Մայիս 28-ին, 100 տարի առաջ, Արարատեան դաշտին մէջ, հայ ժողովուրդը սեփական ուժով պարտութեան մատնեց թրքական ասպատակ զօրքերը եւ արժանաւորապէս, այլեւ հերոսական արեամբ նուաճեց ազատ, անկախ ու միացեալ ապրելու իր իրաւունքը։

  • Հայաստանի եւ սփիւռքի դաշնակցականները տօնել են յաղթական Մայիսի 28-ը
    Հայաստանի եւ սփիւռքի դաշնակցականները տօնել են յաղթական Մայիսի 28-ը

    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած տօնակատարութիւնների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը երէկ՝ մայիսի 28-ին բազմամարդ քայլերթ էր կազմակերպել Երեւանում՝ Մատենադարանից մինչեւ Հանրապետութեան Հրապարակ: Բազմամարդ երթին մասնակցում էին ինչպէս Հայաստանի տարբեր մարզերից, այնպէս էլ սփիւռքի հայկական գաղթօջախներից ժամանած բազմաթիւ դաշնակցականներ, կուսակցութեան համակիրներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։