Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած միջազգային գիտաժողովի շրջանակներում մայիսի 26-ին տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը:
«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած միջազգային գիտաժողովի շրջանակներում մայիսի 26-ին տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:
Միջոցառմանը ներկայ էին դաշնակցական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հիւրեր Վրաստանից եւ սփիւռքից: Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ Արամ Մանուկեանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երւանդ Փամբուկեանը:
Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան արխիւներից: Պատմական այս բացառիկ փաստաթղթերը լոյս են սփռում Արամ Մանուկեանի` 1904-1915-ներին ծաւալած գործունէութեան վրայ: Ժողովածուում հրապարակւած են Արամ Մանուկեանի նամակներից 354-ը, որոնցից 325-ը երբեեւէ չեն տպագրւել: Նամակներից 260-ը վերաբերում են հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման համար անհրաժեշտ զէնք-զինամթերթի մատակարարմանը:
«Նամակները նոր լոյս են սփռում եւ վկայում ազգային-ազատագրական պայքարում Արամ Մանուկեանի ունեցած բախտորոշ դերակատարութեան մասին»,-իր ելոյթում նշեց հեղինակը:
Փամբուկեանը նկատեց, որ միայն մէկ տարւայ ընթացքում` 1904-1905 թթ Մանուկեանը 240-ից աւելի նամակներ է գրել: «Ցաւօք 1914-1915 թթ Արամ Մանուկեանից սակաւաթիւ գրութիւններ են պահպանւել: Այդ տարիներին Վասպուրականի, ինչպէս նաեւ միւս հայկական շրջանների կուսակցութեան արխիւները ժամանակին Ժնեւ չփոխադրելու արդիւնքում ոչնչացւել են»,- նշեց Փամբուկեանը:
Ժողովածուի հեղինակի խօսքով` Արամ Մանուկեանը բաւականին ընթեռնելի ձեռագիր է ունեցել, չնայած նրան, որ նամակներից շատերը հապճեպօրէն են գրւած: Նամակներում առանձնանում են Արամ Մանուկեանի լեզւական եւ ուղղագրական առանձնայատկութիւնները:
Երւանդ Փամբուկեանի խօսքով` Արամ Մանուկեանն իր նամակներում յաճախակի գործածել է ծածկանուններ, որոնք հիմնականում վերաբերել են տեղանուններին: Գաղտնիութեան նկատառումներից ելնելով՝ դաշնակցական գործիչը յաճախ գործածել է թւանշանային ծածկագրեր:
Խօսելով Արամ Մանուկեան պետական եւ հասարակական գործչի մասին, Փամբուկեանն ասաց. «Արամ Մանուկեանը խստապահանջ եւ կարգապահ կուսակցական էր: Նա օժտւած էր մարդկանց համախմբելու արտասովոր հմայքով եւ կարողութեամբ: Նրա խօսքը հանդուգն էր եւ համոզիչ»:
«yerkir.am»-ի հետ զրոյցում «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը նշեց, որ սա Արամ Մանուկեանի փաստաթղթերի վերաբերեալ երրորդ հրատարակութիւնն է. «Արամ Մանուկեանի փաստաթղթերն առաջինը հրատարակւել է Բէյրութում` Հրաչ Տասնապետեանի կողմից, երկրորդ հրատարակութիւնն արւել է ազգային արխիւում պահւած նիւթերի հիման վրայ, իսկ երրորդը Փամբուկեանի խմբագրած հրատարակութիւնն է, որը հաճելի զուգադիպութեամբ համընկաւ առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի հետ»:
Նշենք, որ նամակների ժողովածուն լոյս է տեսել 1000 օրինակով: Հատորը տեղադրւած է նաեւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի «historyofarmenia.am» կայքում: