Print this page
Շաբաթ, 07 Յուլիսի 2018 09:50

Նա ծիծաղում էր մահւան երեսին

Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Արամ Պօղոսեանը ծնւել է 1970 թ. յուլիսի 6-ին Երեւանում: Սովորել է թիւ 125 դպրոցում: Միշտ նեղացած էր յիշում, որ դպրոցում այն ժամանակ առանձին վերաբերմունքի էր արժանանում որպէս «ախպար». Ծնողները հայրենադարձ են: Ձիւդոյի վարպետ էր: Աւարտել է Երեւանի Ժողտնտեսութեան ինստիտուտը:

Նրա նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը եւ գաղափարական կերտւածքը չէին կարող հանգիստ առնել Արցախեան շարժման օրերին: Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթօնք, կորցրածը յետ բերելու, պատմութիւնը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի: 1989 թւականից Թաթուլ Կրպէյեանի, Արթուր Կարապետեանի, Սիմոն Աչիկգեոզեանի եւ այլոց հետ մեկնեց Շահումեան:

Մասնակցել է Գետաշէնի համար մղւող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանութեանը: 1991 թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վարդան Բախշեանի եւ երկու ընկերների հետ ընկաւ շրջափակման մէջ: Վարդանը զոհւեց: Արամը լաւ գիտէր` ինչպէս պէտք է վարւի, եթէ յայտնւել է թշնամու օղակի մէջ. դա չպէտք է արւէր իր համար պահւած մէկ գնդակով: Նռնակի օղակը քաշած` նա սպասում էր, որ հետը տանի գոնէ մի քանի ազերիների, որոնք կը մօտենան իրեն գերի վերցնելու: Հէնց այդ պահին թշնամու թիկունքից լսեց ընկերների պայմանական կրակահերթ ազդանշանը. դուշմանն էր: Երկրորդ անգամ ճակատ առ ճակատ մահին հանդիպեց նոյն ամսի 23-ին Լեսնոյում: Թիկունքը մաքրելիս, երբ ուզում էր մտնել մի տուն, նրա վրայ դիմահար կրակեց վիրաւոր մի ադրբեջանցի: Գլխից թեթեւ վիրաւորւեց: Մարտական ընկերները պատմում են, որ դրանից յետոյ էլ Արամը ծիծաղում ու կատակում էր, կենսուրախութիւնը նրա համար ամենաբնորոշն էր:

Կարճ ժամանակ անց Շուշիում էր: Փետրւարի 5-ին Կարագեաւ գիւղում հետախուզութեան գնալիս Արայիկի (Չեչէն), Պետոյի, հրազդանցի Ռուբոյի հետ գերադասեցին բեռը թեթեւացնելու համար ազատւել ոչ թէ զինամթերքից, այլ բուշլատներից, խիստ թանկ էին զէնքն ու զինամթերքը, Չլդրանում հետախուզութեան ժամանակ կրակի տակ սպանւած թշնամիների զէնքերն էր դուրս բերում: Փետրւարի 11-12-ին մասնակցել է Մալիբէյլիի, 22-24-ին Խոջալուի ազատագրմանը:

Շուշիի ազատագրմանը մասնակցել է որպէս Դաշնակցութեան երիտասարդական ջոկատի հրամանատար: Մեծ պատասխանատւութեամբ էր մօտենում առաջին անգամ Ղարաբաղ մեկնած անփորձ զինւորներին մարզելու եւ առաջնորդելու գործին: Համարձակ էր ու կենսախինդ, թէեւ հրամանատար էր, քիչ էր կարգադրում, վտանգաւոր ձեռնարկներն ինքն էր իրականացնում:

1998 թւականից Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի տնօրէնն էր: Վայելում էր կուսակցութեան վստահութիւնը եւ ամենայն պատասխանատւութեամբ էր վերաբերւում ցանկացած գործի: Երկու տարի առաջ՝ վիրահատութիւնից մի քանի ժամ անց, ընկերներին երկտող էր ուղարկել. «Չմոռանաք վճարել ԳՄ գրասենեակի հոսանքի վարձը»: Սիրում ու կարօտում էր ընկերներին:

Նրա աշխատասենեակից միշտ ծիծաղի ձայներ էին լսւում: Խեղճացած մարդկանց յանդիմանում էր Արամը` ասելով` «Մէջդ կրակ չկայ»: Նրան ոչ ոք խեղճացած չտեսաւ: Երբ յայտնաբերւեց սարսափելի հիւանդութիւնը, ընկերները թաքցրին` յանկարծ չխեղճանայ: Բայց նրա կամքը չկոտրւեց: Մինչեւ վերջին օրը չհաւատաց, որ կեանքից հեռանում է, որ որեւէ հիւանդութիւն կարող է տանել իրեն:

Արամ Պօղոսեանը մահացել է 2003 թ. դեկտեմբերի 21-ին:

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ