Հա

Գաղափարական

04/05/2013 - 13:25

alt«yerkirmedia.am» - Ապրիլի 3-ին Երեւանի Շառլ Ազնաւուրի անւան հրապարակում երեւանցիների հետ նախընտրական վերջին հանդիպումն է անցկացրել ՀՅԴ քարոզչական խումբը:
Այս քարոզարշաւի ընթացքում ՀՅԴ-ն ամբողջ թիմով հանդիպումներ է ունեցել Երեւանի բոլոր համայնքներում, անցկացրել քայլարշաւներ եւ ի տարբերութիւն տարբեր ուժերի՝ հանդէս եկել ամբողջ թիմով:
ՀՅԴ համամասնական ցանկը կազմւած է ոչ միայն քաղաքական, այլեւ՝ մասնագիտական փորձ ու կողմնորոշում ունեցող մարդկանցից, ոչ- կուսակցականներից: Բոլորն էլ նոյն տեսակի մարդիկ են, պարկեշտ, իր կուսակցութիւնը, ընկերներին ու Երեւանը չխայտառակած մարդիկ:

«Ընդամէնն ամիսներ առաջ տեսել ենք նախընտրական քարոզարշաւ, իշխանութեան թեկնածուն փորձում էր մենակ երեւալ ամէն տեղ, որովհետեւ իր ընկերները ցոյց տալու բան չեն, իսկ իր ընկերներով կարող է գնալ միայն ընտրակեղծիքի դէպքում: Այսօրւայ իրենց թեկնածուն էլ փորձում է ցոյց չտալ այն կերպարները, որ կազմում են իր թիմը: Մենք այնքան ինքնավստահ ենք այս առումով, համարձակ»- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը:
Ազատ Հայաստանը, Վահան Յովհաննիսեանի ասութեամբ՝ կերտւում է ազատ քւէարկութեամբ, եւ ոչ ոք չպէտք է տուրք տայ ճնշումներին, որին ենթարկւելը տանելու է կործանման:
«Այն հեքիաթի պէս, որ աղւէսը գալիս է ու ճտերը տանում: Լաւ՝ քանի՞ ճուտ ունէք դուք, քանի ճուտ ունէք դուրս տալու: Ախր մենք մեր երկրի ճակատագրի հետ ենք խաղում: Կա՛մ մենք գնում ենք եւ քւէարկում Դաշնակցութեանը, կա՛մ գնում ենք եւ ընդդիմադիրներին մեծամասնութիւն դարձնում, կա՛մ յետոյ չպէտք է լաց լինել՝ նայելով ճամբրուկներին»,- ասաց Վահան Յովհաննիսեանը:
Նա ասաց, որ քաղաքացիները չեն ճանաչում աւագանու անդամներին, քանի որ նրանք ոչինչ չեն արել:
«Ամէն ինչ արել են, որ աւագանու ինստիտուտը չորս տարում այդպէս էլ չկայանայ: Եւ այդ հլուհնազանդ աւագանին շատ վատ դերակատարում է ունեցել քաղաքի կառավարման գործում, վնասել է բիւջէին»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:
Իշխող կուսակցութիւնը, ըստ աւագանու անդամի թեկնածու, Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի, տպաւորութիւն է ստեղծում, թէ իրենք յաղթել են, բայց ակնյայտ է տագնապը: «Եթէ ինքնավստահ են, ինչո՞ւ է թաղի խուժանը խառնւել իրար, ինչո՞ւ են փող բաժանում, ինչո՞ւ են սոցիոլոգիական հարցումներով նկարչութիւն անում»,- ասաց Արսէն Համբարձումեանը:
Աղւան Վարդանեանն էլ ասաց, որ ամէն ինչ շատ պարզ է, ով ուզում է, որ ոչինչ չփոխւի մեր կեանքում, թող քւէարկի իշխող ուժին: Այս իշխանութիւնը, Աղւան Վարդանեանի ասութեամբ, անցնող տարիների ընթացքում ոչինչ չի արել մայրաքաղաքի զարգացման համար:
«Իշխանութիւնը եթէ մի բան զարգացրել է, ընտրակեղծիքները, ընտրակաշառքի ինստիտուտը: Մեզ ասում են՝ փաստեր բերէք, լաւ, մենք պետութիւն ենք թէ՝ չէ, դա ոստիկանների գործն է, միթէ չգիտէ՞ք, այնքան են լկտիացել, որ մարդկանց ասում են՝ դիմում գրէք, որ օգնութիւն տանք»,- ասաց Ա. Վարդանեանը:
Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանն էլ անդրադարձաւ ընտրութիւնների քաղաքական կարեւոր դերակատարութեանը: Նրա ասութեամբ՝ եթէ այժմ ոչինչ չփոխենք, ստիպւած կը լինենք սպասել եւս հինգ տարի: Արմէն Ռուստամեանը յայտարարեց, որ Դաշնակցութիւնը վստահօրէն է մասնակցում ընտրութիւններին եւ գնում է փոխելու երկիրը՝ փոփոխութիւնը սկսելով հէնց Երեւանից:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։