Հա

Գաղափարական

14/07/2018

Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

Ամերիկացի պատմաբան Գիլ Թրոյի հետ «mediamax.am» կայքէջի հարցազրոյցը հետաքրքիր է մեր պատմութեան ու իրականութեան որոշ դրւագների անդրադառնալու իր «Կողմնակի հայեացքի» համար: Այդ նպատակով հարցազրոյցն արտատպում ենք՝ հրէական ծագումով պատմաբանի հետ մասամբ համաձայնելով մասնաւորապէս այն հարցում, թէ Քաջազնունին մոռացւած է Հայաստանում: Իրապէս էլ Առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունին ոչ միայն խորհրդային վայրագ կայսրութեան զոհը դարձաւ, թերեւս նրա համար, որ հայրենիքի փրկութեանը նւիրաբերեց իր ու երկու զաւակների կեանքը, այլեւ ամէն ինչ արւեց, որ նրա անունը թաքցւի գալիք սերունդներից: Բայց անգամ աշխարհի խոշորագոյն բռնապետութիւնը ի զօրու չէր ոչնչացնելու պատմութիւնն ու ճշմարտութիւնը: Նորանկախ Հայաստանում հայոց պետականութեան հիմնադիրների անունները ոչ շատ հեշտութեամբ, բայց եւ գտնում են իրենց արժանի տեղը անկախ եւ ազատ հայութեան սրտում:

«arfd.am»

 

Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

«Հուսալով դառնալ Կովկասի Ջորջ Վաշինգթոնը՝ Յովհաննէս Քաջազնունին 100 տարի առաջ օգնեց ստեղծել Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, բայց այսօր մոռացւած է…: Հայերից քչերը նշեցին Քաջազնունու 150-ամեակը, ոչ ոք չգիտի, թէ որտեղ է ամփոփւած նրա աճիւնը»,- գրել էր պատմաբանը:

«Մեդիամաքս»-ին տւած հարցազրոյցում Գիլ Թրոյը պատմել է, թէ ինչպէս է իմացել Յովհաննէս Քաջազնունու մասին, ինչու է որոշել գրել նրա մասին, ինչ գիտի ժամանակակից Հայաստանի եւ հայերի մասին:

 

- Ինչպէ՞ս իմացաք Յովհաննէս Քաջազնունու մասին եւ ինչո՞ւ որոշեցիք ուսումնասիրել նրա պատմութիւնը:

- Երեք տարի «Daily Beast»-ի համար «Գաղտնի կեանքեր» շաբաթական սիւնակը գրելիս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել՝ որոնելով յաճախակի անտեսւած անհատների մասին հետաքրքիր եւ կարեւոր պատմութիւններ:

Այս տարւայ սկզբին, երբ տեսա, որ 1918 թ. գարունը նշանաւորում է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, դա ինձ հետաքրքրեց: Որպէս հրեայ, որպէս ամերիկացի՝ վաղուց եմ ամաչում քաղաքականութեան, մասնաւորապէս՝ Հայոց Ցեղասպանութեան հարցի քողարկման պատճառով:

Դուստրս, ով վերջին մի քանի տարիներին ապրում է Երուսաղէմում, հայ սենեակակից ունի, եւ մենք որոշ հայերի հետ ենք ընկերացել: Այդպիսով՝ ես մտածում էի, որ հետաքրքրաշարժ կը լինի ամերիկացիների հետ կիսւել Հայաստանի՝ մէկ դար առաջւայ պատմութեամբ՝ լաւի, վատի եւ տգեղի մասին:

Այնուհետեւ, խորացայ իմ ուսումնասիրութիւններում եւ կարծում էի, որ Յովհաննէս Քաջազնունին կը լինի հրաշալի խայծ, իսկական գաղտնի կեանք: Կարծում էի, որ նա մոռացւած է կամ անյայտ է ամերիկացիների համար, սակայն պարզեցի, որ Հայաստանում եւս անտեսւած է…

 

- Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ, ինչպէս Դուք էք նշել ձեր յօդւածում, Հայաստանում բաւարար ճանաչւած չէ Յովհաննէս Քաջազնունին:

- Կարծում եմ՝ Յովհաննէս Քաջազնունու՝ Հայաստանում լաւ յայտնի չլինելու երեք պատճառ կայ: Նախ, Հանրապետութիւնը ձախողւում էր մի քանի եղանակներով, եւ նա այնքան էլ հայկական Ջորջ Վաշինգթոնը չէր, քանի որ Հանրապետութեան կեանքն ընդհատւեց: Երկրորդ, Խորհրդային կարգերում գիտակցւած միտում կար պատմութիւնը ներկայացնել իրենց տեսանկիւնից, որում քիչ տեղ էին զբաղեցնում ազնիև, ինքնուրոյնութեան ձգտող եւ անկախ մտածող հայրենասէրները՝ ինչպիսին Յովհաննէս Քաջազնունին էր: Երրորդ՝ այնպէս ազնիւ եւ անկեղծ լինելը, ինչպէս նա իր շարժման մէջ էր, գին ունի, ինչի համար էլ որոշ հայ հայրենասէրներ հասան այն բանին, որ գրադարաններում ոչնչացրին հռչակագիրն ու նրա մասին գրքերը:

Նա, ի տարբերութիւն Ամերիկայի, չտւեց կատարեալ Հանրապետութեան տարբերակը եւ որոշ սխալներ գործեց. հետագայում թուրքերն ու կոմունիստները, հաշւի առնելով նրա արտայայտած որոշ մտքեր, դրանք օգտագործեցին իրենց օրակարգն առաջ տանելու համար:

 

- Ուսումնասիրե՞լ էք, արդեօք, Հայաստանի առաջին Հանրապետութեան պատմութիւնը: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունէին այդ իրադարձութիւնները Հայաստանի հետագայ ճակատագրի եւ որպէս պետութիւն կայացման վրայ:

- Ես ամերիկացի պատմաբան եմ, ով շաբաթը մէկ անգամ տարբեր պատմութիւններ է «փորփրում», այնպէս որ ես ամենեւին Հայաստանի պատմութեան փորձագէտ չեմ: Կարծում եմ, որ Յովհաննէս Քաջազնունու եւ առաջին Հանրապետութեան պատմութիւնը կարեւոր նախազգուշացնող հեքիաթ է՝ Հայաստանին եւ անկայուն շրջանների այլ փոքր երկրներին զգուշացում՝ ցանկացած պետութեան փխրունութեան, ազգային միասնութեան անհրաժեշտութեան եւ այն մասին, որ արտաքին դաշնակիցների հետ ասոցացւել պէտք է, բայց միեւնոյն ժամանակ անհրաժեշտ է զգուշաւոր լինել:

Դա նաեւ կարեւոր պատմութիւն է ճշմարտութեան մասին՝ ներառյալ ձեր ազգի նւաճումները եւ թերութիւնները, ինչը ենթադրում է պատրաստակամ լինել ինքնաքննադատութեան:

 

- Ի՞նչ գիտէք մեր օրերի Հայաստանի մասին:

- Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց շատ կը ցանկանայի այցելել: Ես աւելին գիտեմ Հայաստանի մասին, քան շատ ամերիկացիներ, սակայն եթէ անկեղծ լինեմ, իմ իմացածն էլ այդքան շատ չէ: Սակայն տարբեր ընկերների եւ ծանօթների հետ շփումների ու որոշ հետազօտութիւնների արդիւնքում ես բաւականաչափ տեղեկացւած եմ, որպէսզի հիանամ այս խիզախ ժողովրդով, ովքեր սարսափելի հալածանքների են ենթարկւել թուրքերի, ապա Խորհրդային կարգերի կողմից, բայց կենդանի եւ ծաղկուն են պահել իրենց աւանդոյթներն ու արժէքները:

Դա ոգեշնչում է ինձ որպէս ամերիկացու, ով հաւատում է ազգայնականութեանը, ոգեշնչում է գնահատել այն պատմութիւնը, որը մենք կարող էինք անւանել «Ազգի վերադարձ» կամ «յաւիտենական ժողովուրդ»: Դա ինձ նաեւ որպէս մարդ է ոգեշնչում, որը հաւատում է մարդկային ոգու ուժին եւ տոկունութեանը՝ անհատապէս եւ հաւաքականօրէն:

 

- Յօդւածում Դուք խօսում եք նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին եւ որպէս պատմաբան յստակ գնահատականներ եք տալիս 1915 թւականի հայերի ողբերգութեանը: Ձեր կարծիքով, ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման գործում ի՞նչ դեր կարող են ունենալ պատմաբանները:

- Դա, եթէ անկեղծ, յօդւածը գրելու իմ օրակարգի մասն էր կազմում: Աւելի երկար տարբերակում կամ, թերեւս, մէկ այլ յօդւածում, ես կը ցանկանայի ուսումնասիրել դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի դերը, ով 1915 թջականին համարձակօրէն զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ «ռասայական ոչնչացման քարոզարշաւ է ընթանում»: Նրա յուշերը՝ «Դեսպան Մորգենթաուի պատմութիւնը» լոյս է տեսել 1918 թւականին, եւ մենք՝ որպէս պատմաբաններ եւ հումանիստներ, պէտք է օգտագործենք այդ տարեդարձը՝ պահանջելու, որ ԱՄՆ կառավարութիւնը եւ աշխարհի միւս մասը դադարեցնեն անտեսել փաստերը եւ քաղաքականացնել պատմութիւնը:

Այս պատւաւոր մարդը եւ ազնիւ դիտորդն իր յուշերում՝ հայերի մասին «Ազգի սպանութիւնը» գլխում, նկարագրելով այդ վայրագութիւնները՝ դրանք անւանում է «սառնարիւն, հաշւարկւած պետական քաղաքականութիւն»:

Ամօթ մեզ, որ այդ յանցագործութիւնների մասին բաիականաչափ տեղեակ չենք: Ամօթ մեզ, որ կոծկել ենք դա՝ տեղի տալով թուրքերին: Ես հետաքրքրւած չեմ ցեղասպանութեան ճանաչմամբ՝ զուտ միայն որպէսզի թուրքերն իրենց վատ զգան, կամ հայերը՝ լաւ: Բայց ճշմարտութեան կոծկումը, որպէս պատմաբանի, ինձ վիրաւորում, սարսափեցնում եւ նեարդայնացնում է:

Զրոյցը՝ ՄԱՐԻ ԹԱՐԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Փոքրիկ Հայաստանը՝ էկզոտիկ Ուրուգւայում. Լապշինի բլոգ
    Փոքրիկ Հայաստանը՝ էկզոտիկ Ուրուգւայում. Լապշինի բլոգ

    Ռուս-իսրայէլցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ուրուգւայում եղել է հայկական ամենահին» կուսակցութիւններից մէկի՝ «Հնչակեան» կուսակցութեան կենտրոնակայանում: Այս մասին նա գրել է իր՝ «Փոքրիկ Հայաստանը էկզոտիկ Ուրուգւայում» յօդւածում:

  • Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»
    Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»

    ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի մէջ» խորագրով յօդւածում գրել է. «Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում առեւտրի համագործակցութեան համաձայնագրից եւ Կլիմայական փոփոխութիւնների մասին Փարիզեան պայմանագրից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարւում է ԱՄՆ վարչակազմը»:

  • Հարւարդի համալսարանի դասախօսի անդրադարձը. «Հայերի Ցեղասպանութիւնը նրանց ունեցւածքը իւրացնելու միջոց էր»
    Հարւարդի համալսարանի դասախօսի անդրադարձը. «Հայերի Ցեղասպանութիւնը նրանց ունեցւածքը իւրացնելու միջոց էր»

    «Ինչպէ՞ս «յաջողւած» Ցեղասպանութիւն իրագործել Օսմանեան կայսրութիւնում, նացիստական Եւրոպայում կամ Մերձաւոր Արեւելքում». այս հարցի պատասխանը տւել է հեղինակաւոր Հարւարդի համալսարանի դասախօս Ումիթ Կուրտը, որը «Journal of Genocide Research» հանդէսում հրապարակել է նոր յօդւած՝ Թուրքիայի հարաւում, մասնաւորապէս՝ Այնթափ քաղաքում Ցեղասպանութեան ժամանակ հայերի զանգւածային բնաջնջման մասին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։