Հա

Գաղափարական

21/07/2018

Արցախի Ա Հանրապետութեան 100-ամեակը

Այո, հէնց այդպէս՝ Արցախի Առաջին Հանրապետութիւն, որի 100-ամտակը լրանում է յուլիսի 22-ին։ Անհերքելի պատմական ճշմարտութիւն է, որ 100 տարի առաջ նոյն այդ օրը՝ 1918 թ. յուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարւեց արցախահայութեան առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միաւոր, այսինքն՝ իրաւական կարգավիճակով հանրապետութեանը հաւասարազօր պետութիւն։

Այո, հէնց այդպէս՝ Արցախի Առաջին Հանրապետութիւն, որի 100-ամտակը լրանում է յուլիսի 22-ին։ Անհերքելի պատմական ճշմարտութիւն է, որ 100 տարի առաջ նոյն այդ օրը՝ 1918 թ. յուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարւեց արցախահայութեան առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միաւոր, այսինքն՝ իրաւական կարգավիճակով հանրապետութեանը հաւասարազօր պետութիւն։

Համագումարը, որին մեր լեռնաշխարհի բոլոր շրջաններից մասնակցում էին վճռորոշ ձայնի իրաւունքով 180 պատգամաւոր եւ խորհրդակցական ձայնով՝ Շուշի քաղաքում գործող հասարակական հոսանքների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, աշխատանքները շարունակեց մինչեւ յուլիսի 28-ը՝ ընտրելով Ազգային խորհուրդ եւ կազմելով կոալիցիոն կառավարութիւն՝ բաղկացած 7 անդամից։ Այն ստացաւ «Ղարաբաղի ժողովրդական կառավարութիւն» անունը: Հէնց համագումարի օրերին էլ՝ յուլիսի 24-ին, ընդունւեց կառավարութեան հռչակագիրը։

Նորընտիր կառավարութիւնը, որի իրաւասութիւնը տարածւում էր ամբողջ գաւառի վրայ, եռանդագին լծւեց տեղերում իշխանութեան մարմինների ստեղծման գործին: Քաղաքի եւ մերձակայ շրջանների անվտանգութիւնն ապահովելու համար յուլիսի 27-ին հաստատւեց պարետութիւն: Գաւառի ներքին խնդիրները լուծելու համար ստեղծվեց չորս յանձնաժողով` ֆինանսական, պարէնաւորման, բժշկասանիտարական եւ վարչաիրաւական: Գիւղական լիազօրների փոխարէն նշանակւեցին գաւառային եւ քաղաքային կոմիսարներ: Ջրաբերդ-Գիւլիստանում, Խաչենում, Դիզակում եւ Շուշիում հիմնւեցին հաշտարար դատարաններ: Իբրեւ բարձրագոյն վճռաբեկ ատեան` Շուշիում ստեղծւեց շրջանային դատարան եւ նրան կից յատուկ գործերի քննիչ յանձնաժողով։

Այսպիսով, Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծմամբ աւարտւեց արցախեան լեռնաշխարհի հայկական անկախ իշխանութեան կազմաւորման դժւարին գործընթացը, ինչի արդիւնքում՝ 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղն ունէր պետականութեան բոլոր ատրիբուտները` ներառեալ բանակն ու օրինական իշխանութիւնները: «Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծումով հայերը հռչակեցին նրա անկախ գոյութեան իրաւունքը, որը, հարկաւ, սկսեց տհաճութիւն պատճառել թուրքերին»,- գրել է «Մշակ» թերթը։

Ժամանակաշրջանը, անշուշտ, բոլոր առումներով վտանգայարոյց էր՝ յագեցած հակասական ու դրամատիկ իրադարձութիւններով։ Հէնց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձաւ «վիճելի տարածք»: Փաստօրէն, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է հէնց այդ շրջանում, երբ 1917 թ. Ռուսաստանի կայսրութեան փլուզման արդիւնքում Անդրկովկասում կազմաւորւեցին երեք ազգային պետութիւններ` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետութիւնները։ Ադրբեջանը ձգտում էր միաւորւել Թուրքիայի հետ, Վրաստանը յոյսեր էր տածում Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հաւատարիմ մնացած Հայաստանին ոչ մի տէրութիւն չէր սատարում։ Ի տարբերութիւն Հայաստանի եւ Վրաստանի՝ «Ադրբեջան» անունով պետութիւն ձեւաւորւել էր առաջին անգամ եւ որեւէ պատմական կապ չունէր Արեւելեան Անդրկովկասի հետ։ Նորաստեղծ Ադրբեջանը նպատակ ունէր ցամաքային կապ հաստատել օսմանեան կայսրութեան հետ, որի ճանապարհին ընկած էր նաեւ Արցախի տարածքը։ Արցախահայութիւնը հրաժարւեց ճանաչել, այսպէս կոչւած, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւասութիւնը։

Ադրբեջանի մուսաւաթական կառավարութիւնը նպատակադրւել էր բռնազաւթել պատմական Հայաստանի տարածքներից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Նրա ծաւալապաշտական ծրագրերը բացայայտ քաջալերում եւ դրանց իրականացմանը նպաստում էին Թուրքիան, որոշ ժամանակ անց` դաշնակից տէրութիւնները, գլխաւորապէս` Անգլիան, իսկ Ադրբեջանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ բոլշեւիկեան Ռուսաստանը:

Այնուամենայնիւ, արցախահայութիւնը, հաւատարիմ մնալով նախնեաց ազատատենչ ոգուն, կենաց ու մահու պայքար մղեց իր բնօրրան երկրի ազատութեան ու անկախութեան համար, պայքար, որի կազմակերպական, բարոյական ու քաղաքական, միով բանիւ՝ ռազմավարական կենտրոն դարձաւ Շուշի քաղաքը:

Արցախում հայ-թաթարական ազգամիջեան խորացող ատելութիւնը, բնականաբար, խիստ վտանգաւոր էր եւ յղի ներքին կռիւների ողբերգական հեռանկարով։ Ուստի, ձգտելով կանխել իրադարձութիւնների նման զարգացումը, Արցախի իշխանութիւնները հնարաւորինս ամէն ինչ անում էին առաջացող վիճելի հարցերը քաղաքակիրթ ձեւով՝ բանակցութիւնների միջոցով լուծելու համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարութիւնը, մտադրութիւն չունենալով հրաժարւել Լեռնային Ղարաբաղը նւաճելու գաղափարից, մի կողմից՝ եռանդուն ջանքերով անընդհատ բորբոքում, սրում էր հայ-թաթարական փոխյարաբերութիւնները, միւս կողմից՝ յարմար պահի սպասում իր նկրտումներն իրականացնելու համար։ Եւ պահն այդ չուշացաւ։ Երիտթուրքական զօրքերը, որոնք խայտառակ պարտութիւն էին կրել հայ ժողովրդի մղած 1918 թթ. մայիսեան հերոսամարտերում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում, տակաւին մեծ վտանգ էին ներկայացնում Հայաստանի եւ նրա պատմական նահանգ Արցախ լեռնաշխարհի համար։ Ղազախ-Աղստաֆա գծով դրանք շտապում էին Գանձակ՝ դէպի Բաքու առաջանալու եւ այն գրաւելու համար, նպատակ ունենալով՝ մի կողմից՝ կանխել գերմանացիներին, միւս կողմից՝ նախադրեալներ ստեղծել համաթուրքական նպատակների իրականացման համար: Դէպի Բաքու շարժւող թուրքական բանակից առանձնացաւ մի զօրախումբ եւ գնաց դէպի Արցախ ու բանակատեղի դարձրեց Աղդամը` ներկայիս Ակնան, Լեռնային Ղարաբաղի սահմանային դարպասներից մեկը, որը բանալի էր գաւառ ներխուժելու համար:

Զօրախմբի հրամանատար Ջեմիլ Ջահիդ բէյը, ապա եւ թուրքական զօրքերի հրամանատար Նուրի փաշան, դեռեւս Ելիզաւետպոլում (Գանձակում) հաստատւած ադրբեջանական կառավարութեան հետ մէկտեղ վերջնագրեր ներկայացրին Ղարաբաղի Ազգային խորհրդին։ Թշնամին, վստահ լինելով իր վրայ, ծրագրել էր սրընթաց գրոհով վերցնել Շուշին։ Թուրք-թաթարական միացեալ ուժերի յարձակմանը նախորդեց Ղարաղշլաղ (ներկայիս Բերդաձոր) հայկական մեծ գիւղի կործանումը, որը ծանր հարւած էր Արցախին: Գիւղը պատկանում էր Զանգեզուրի գաւառին եւ սահմանակից էր Շուշի քաղաքին: Արցախի համար այն ունէր ռազմավարական նշանակութիւն. Գորիսից դէպի Շուշի միակ ճանապարհն անցնում էր այդտեղով:

Սեպտեմբերի 6-ին` Ղարաղշլաղի անկումից երկու օր անց, Շուշիում հրաւիրւեց արցախահայութեան երկրորդ համագումարը, որը պէտք է քննարկէր գաւառի ներքին ու արտաքին կեանքին վերաբերող մի շարք հարցեր: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 200 մարդ, այդ թւում` ներկայացուցիչներ քաղաքական բոլոր կուսակցութիւններից: Համագումարը, մէկ անգամ եւս արտայայտելով արցախահայութեան կամքը, անառարկելիօրէն մերժեց թուրքական հրամանատարութեան եւ մուսաւաթական կառավարութեան պահանջները, միաձայն արտայայտւելով Հայաստանի Հանրապետութեան հետ միաւորւելու օգտին։

Սեպտեմբերի 15-ին, անգլիական ուժերի հեռանալուց յետոյ թուրքերը ներխուժեցին Բաքու եւ կազմակերպեցին եռօրեայ նախճիր՝ կոտորելով 30 հազար անզէն հայերի։ Բաքւի եւ Ելիզաւետպոլի (Գանձակի) նահանգներում աւերւեցին ու ոչնչացւեցին հարիւրաւոր հայկական գիւղեր։

Թուրքական զօրքերի հրամանատարութիւնը դարձեալ վերջնագիր յղեց Ղարաբաղի կառավարութեանը՝ պահանջելով զինաթափւել ու թոյլատրել թուրք-թաթարական զօրքերի մուտքը Շուշի եւ ճանաչել Ադրբեջանի իշխանութիւնը։

Սեպտեմբերի 17-22-ին Շուշիում գումարւեց արցախահայութեան 3-րդ համագումարը: Պատգամաւորների ընդհանուր թիւը հասնում էր շուրջ 200-ի: Համագումարի աշխատանքներն ընթանում էին բուռն վէճերի պայմաններում: Երեք օրւայ քննարկումներից յետոյ որոշւեց` հաշւի առնելով, որ Առաջին աշխարհամարտում գերմանա-թուրքական խմբաւորման պարտութիւնը դարձել է օրախնդիր, ժամանակ շահելու նպատակով եւ արիւնահեղութիւնից խուսափելու համար առանց կռւի գնալ համաձայնութեան։

Մինչ այդ թուրք-թաթարական զինված կազմաւորումները սեպտեմբերի 22-23-ին լայնածաւալ յարձակում սկսեցին Ղարաբաղի վրայ եւ շարժւեցին դէպի Շուշի` ճանապարհին աւերելով ամէն ինչ, ժողովրդից խլելով բոլոր զէնքերը եւ տեղափոխելով Աղդամ (Ակնա): Շուշին առանց կռւի անձնատուր եղաւ: Տաճիկ ասկեարները, որոնց թիւը հասնում էր շուրջ 2000-ի, Շուշի մտան սեպտեմբերի 24-ին: Գրաւելով Շուշին, թուրքերն այնտեղ մտցրին ռազմական դրութիւն: Ադրբեջանի թելադրանքով թուրք հրամանատարութիւնը ցրեց Ղարաբաղի կառավարութիւնը եւ զինաթափ արեց հայ բնակչութեանը: Խուժելով քաղաք` տաճիկ ասկեարները, քրդերն ու տեղական թուրքերը սկսեցին կողոպտել հայերի տները, խանութները եւ կոտորել նրանց: Սարսափելի կոտորածն ու թալանը տեւեցին երկու օր ու դադարեցին երրորդ օրը միայն։ Առաջին հերթին հաշւեյարդար տեսան Շուշիի հայ մտաւորականութեան հետ: Միայն հոկտեմբերի 1-ի գիշերը ձերբակալւեց մի քանի տասնեակ մտաւորական` աւելի քան 60 հոգի։ Բնակչութեան գլխին կախւած բոլոր տեսակի դժւարութիւններից ամէնից սարսափելին սովն էր: Թուրքերի մուտք գործելուց յետոյ գիւղացիները բոյկոտ յայտարարեցին քաղաքին եւ թոյլ չտւեցին, որպէսզի որեւէ մէկը կենսամթերք բերեր քաղաք, դա էլ այն դէպքում, երբ քաղաքը կտրւած էր դրսի աշխարհից, հաղորդակցութիւն չունէր թէ Գանձակի եւ թէ Գորիսի հետ:

Թուրքական տիրապետութեան հետեւանքով Ադրբեջանի իշխանութիւնը տարածւեց ընդամենը Շուշի քաղաքի եւ Քարին տակ, Շոշ ու Ղայբալու գիւղերի վրայ։ Ու թէկուզ Շուշին ընկել էր, բայց կանգուն էին միւս շրջանները` Ջիւանշիրը, Ջրաբերդը, Դիզակը եւ Վարանդան: Յատկանշական է, որ դեռեւս թուրքական յարձակման նախօրեակին այդ շրջանների զինւած ուժերն ինքնաբերաբար համախմբւեցին գաւառի աչքի ընկնող գործիչների շուրջը եւ, երկիրը պաշտպանելով վերահաս վտանգից՝ մինչեւ անգլիական ներկայացուցչութեան գալը, չենթարկւեցին թուրքական հրամանատարութեանն ու Ադրբեջանի կառավարութեանը: Այն օրերին, երբ թուրքերը շարժւում էին դէպի Շուշի, Ջիւանշիրի գաւառի հայութիւնն անհաւասար կռւում ջարդեց ու դուրս շպրտեց իր հողը ներխուժած թուրքերին: Ջիւանշիրում կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ տաճկական բանակի հրամանատարութիւնը վճռում է գրաւել Վարանդան: Թուրքական զինուժը առանց դիմադրութեան հանդիպելու մտաւ Շոշ, այնուհետեւ` Տռնաւազ եւ Խաչմաչ գիւղերը: Հոկտեմբերի 17-ի երեկոյեան թշնամին հասաւ Վարանդայի Մսմնա գիւղ եւ գիշերեց այնտեղ: Զէնքի ընդունակ բնակչութիւնը ոտքի կանգնեց: Ամենուր կազմակերպւեցին աշխարհազօրային ջոկատներ: Նոյն օրը հայկական մի ջոկատ` Ասլան Մուրադխանեանի (Ասլանիկ) գլխաւորութեամբ, ամրանում է Մաշադիշէն գիւղի մօտ ընկած բարձունքներում` փակելով դէպի Ամարասի ձոր տանող միակ ճանապարհը: Հայ զինեալները փակեցին նաեւ դէպի Շուշի տանող նահանջի ուղիները: Գիշերւայ խրախճանքը դեռ չվայելած` թուրք եւ թաթար ասկեարները հոկտեմբերի 18-ի լուսաբացը դիմաւորեցին շրջապատման մէջ ընկած: Շրջապատումից դուրս գալու՝ թշնամու բոլոր ջանքերն ապարդիւն անցան: Կռիւը տեւեց մի ամբողջ օր: Հակառակորդը մարտադաշտում թողեց մի քանի տասնեակ զինւոր, նաեւ՝ 3 թնդանօթ, 4 գնդացիր եւ ռազմամթերքով բեռնաւորւած 30 ջորի: Ոսոխի կենդանի մնացած՝ աննշան թւով զինւորները, օգտւելով մառախլապատ եղանակից, ծածուկ քաշւում են դիմացի անտառը, իսկ այնտեղից գիշերով մեծ դժւարութեամբ հասնում Շուշի։ Այսպիսով, Արցախի գաւառները թշնամու համար մնացին անմատչելի: Այսքանից յետոյ թուրքերը հազիւ մտածեին, թէ Շուշի մտնելը բաւական է, որպէսզի իրենցը համարեն ողջ Լեռնային Ղարաբաղը:

Ի վերջոյ, 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչեց իր պարտութիւնն Առաջին աշխարհամարտում։ Թուրքական զօրքերը հեռացան Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրաւեցին անգլիացիները եւ երկրամասում դարձան բացարձակ տէր ու տիրական։ Մուսաւաթական Ադրբեջանի կառավարութիւնն այս անգամ փորձեց անգլիացիների օգնութեամբ նւաճել Լեռնային Ղարաբաղը։ Յայտարարելով, թէ վիճելի տարածքների ճակատագիրը որոշւելու է Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում, անգլիական հրամանատարութիւնն իրականում ջանք չէր խնայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին կցելու համար։ Հսկողութիւն հաստատելով Բաքւի նաւթի արտահանութեան վրայ, նա ձգտում էր Անդրկովկասը վերջնականապէս անջատել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը դարձնել Արեւմուտքի ամրակէտն ու խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը։ Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետութիւնների քաղաքականութիւնն ակնյայտ ադրբեջանամէտ էր։

Բրիտանական ռազմական ներկայացուցչութեան՝ Ղարաբաղ մուտք գործելուց յետոյ տեղի քաղաքական ուժերի մէջ ուրւագծւում է երկու ուղղութիւն: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանի եւ Ղարաբաղի զօրքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ բէկ Մելիք-Շահնազարեանի գլխաւորած հոսանքը բռնել էր անգլիացիներին հլու-հնազանդ ենթարկւելու ուղին: Նրանք գտնում էին, որ պէտք է ենթարկւել դաշնակիցների կամքին, անտեղի արիւն չթափել, համբերատար սպասել վեհաժողովի արդար վճռին: Հակառակ դէպքում՝ դա կարող է վնասել Արցախի դատին: Իսկ Դաշնակցութեան տեղական «Ապառաժ» կոմիտէն եւ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդն անիմաստ էին համարում անգլիացիների հետ յոյսեր կապելը, առաւել եւս նրանցից օգնութիւն եւ աջակցութիւն սպասելը: Նրանք Արցախի հարցի լուծումն իրաւացիօրէն կապում էին ազատագրական պայքարի հետ եւ ճիգ էին գործադրում զէնքի ենթակայ բնակչութիւնից զինեալ խմբեր ստեղծելու ուղղութեամբ:

Այդ ընթացքում Ադրբեջանը մեծ թւով զօրամասեր էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ եւ նրանց տեղաւորում գաւառի ռազմավարական նշանակութեան կէտերում: Ադրբեջանական զինուժը կենտրոնացվեց նաեւ Շուշիում: Արցախի ռազմական ուժերի դիմադրութիւնը ճնշելու եւ գաւառը վերջնականապէս գրաւելու նպատակով Ադրբեջանի մարտական ուժերը թուրք սպաների հրամանատարութեամբ յարձակումներ են սկսում տարբեր ուղղութիւններով: Նրանք աւերածութիւնների ենթարկեցին Ասկերանի շրջանը: Թուրք-թաթարական կանոնաւոր զօրքերը սահմռկեցուցիչ վայրագութիւններ կատարեցին նաեւ Դիզակի եւ Վարանդայի գիւղերում: Եւ այդ ամէնը կատարւում էր անգլիական ներկայացուցչութեան աչքի առաջ, իսկ վերջինս բացարձակ անտարբեր էր կատարւածի հանդէպ: Աւելին, երբ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հայ ազգաբնակչութեան նկատմամբ գործադրւող սպանդի կապակցութեամբ բողոքեց անգլիացիներին, նրանք անամօթաբար պատասխանեցին, որ իրենք քաղաքական խնդիրներով չեն զբաղւում, իրենց նպատակն է օգնել գաղթականութեանը եւ զբաղւել Ղարաբաղի տնտեսական հարցերով:

Դրութիւնը շարունակում էր բարդանալ: 1919 թ. յունւարի 15-ին ադրբեջանական կառավարութիւնը, «անգլիական հրամանատարութեան գիտութեամբ», ազգութեամբ քուրդ Խոսրով բէկ Սուլթանովին նշանակեց Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանութիւնը ճանաչելու պահանջով։

Մէկ ամիս անց՝ փետրւարի 19-ին, Շուշիում գումարւեց արցախահայութեան 4-րդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը եւ հանդէս եկաւ Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դէմ։ Ի պաշտպանութիւն վերջինիս՝ բրիտանական առաքելութիւնն իր հերթին հանդէս եկաւ պաշտօնական ծանուցմամբ՝ յայտարարելով, թէ բրիտանական հրամանատարութեան համաձայնութեամբ դոկտոր Խոսրով բէկ Սուլթանովը ժամանակաւոր նշանակւել է Զանգեզուրի, Շուշիի, Ջիւանշիրի եւ Ջեբրայիլի գաւառների, այսինքն՝ Ելիզաւետպոլի (Գանձակի) նահանգի հարաւարեւելեան հայկական գաւառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելութիւնը, նշւում է շրջաբերականում, անհրաժեշտ է համարում վերստին հաւաստելու, որ նշւած մարզերի պատկանելութիւնն այս կամ այն միաւորին որոշւելու է խաղաղութեան խորհրդաժողովում։ Ի պատասխան այդ յայտարարութեան՝ Ղարաբաղի Ազգային խորհուրդը յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը կառավարման միակ ընդունելի ձեւը համարում է անգլիացի գեներալ-նահանգապետի նշանակումը։

Լեռնային Ղարաբաղում եւ Զանգեզուրում ադրբեջանական գեներալ-նահանգապետի նշանակումը զայրացրեց Հայաստանի Հանրապետութեանը: 1919 թ. յունւարի 21-ին Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս Ադրբեջանի կառավարութեանը յայտարարեց, որ ինքը չի կարող ընդունել, նոյնիսկ ժամանակաւոր, Ադրբեջանի իշխանութիւնը Ղարաբաղի վրայ, որը կազմում է Հայաստանի անբաժան մասը։

Սակայն անգլիական հրամանատարութիւնը, հակառակ հայկական կողմի բողոքների, շարունակեց օգնել ադրբեջանական կառավարութեանը։ Բաքւում անգլիական զօրքերի հրամանատար գնդապետ Շատելւորտը 1919 թ. ապրիլի վերջերին ժամանեց Շուշի՝ Ադրբեջանի իշխանութիւնը Ղարաբաղի Ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով։ Ապրիլի 23-ին Շուշիում հրաւիրւեց արցախահայութեան 5-րդ համագումարը, որը մերժեց Շատելւորտի պահանջը։

Սուլթանովը վճռել էր Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկեցնել զէնքի ուժով։ Գրեթէ ողջ ադրբեջանական բանակը կենտրոնացւել էր Արցախի սահմանների երկայնքով։ 1919 թ. յունիսի 12-ին անգլիական զօրքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից՝ գործողութիւնների ազատութիւն տալով ադրբեջանական զօրքերին։ Այդ օրերին հրաւիրւեց արցախահայութեան 6-րդ համագումարը, որի հիմնական խնդիրը մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովի հրաւիրումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի փոխյարաբերութիւնների հարցի քննարկումն էր։

Նոյն թւականի օգոստոսի 13-ին հրաւիրւած արցախահայութեան 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղն իրեն ժամանակաւորապէս համարում է Ադրբեջանի տարածք։ Սակայն Արցախի հայութիւնը զէնքը վայր չդրեց, եւ ադրբեջանական զօրքերն էլ չմտան Լեռնային Ղարաբաղ։ Երկրամասն առաջւայ պէս մնաց ինքնուրոյն քաղաքական միաւոր։

Նորաթուխ նահանգապետը Շուշի ժամանեց իր նշանակումից աւելի քան մէկ տարի անց՝ 1920 թ. փետրւարի 10-ին եւ բնակութեան վայր ընտրեց քաղաքի թաթարական թաղամասը: Նրա իշխանութիւնը գործնականում տարածւում էր միայն Շուշի քաղաքի թուրքական թաղամասի եւ Խանքենդի աւանի վրայ։ Փետրւարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապէս Ադրբեջանին միացնելու հարցի անյապաղ լուծման» պահանջով։ Փետրւարի 28-ից մինչեւ մարտի 4-ը տեղի ունեցաւ արցախահայութեան 8-րդ համագումարը։ Այն Շուշիում գումարելու Սուլթանովի ցանկութիւնը, կարելի է ասել, կատարւեց մասամբ: Բանն այն է, որ Ազգային խորհուրդը նախապէս տեղեկացրել էր պատգամաւորներին՝ քաղաք չգալ, այլ հաւաքւել Շոշ գիւղում: Դժբախտաբար, Ազգային խորհրդին չյաջողւեց այդ մասին տեղեակ պահել բոլոր պատգամաւորներին: Դա էր պատճառը, որ համագումարին հրաւիրւած 127 պատգամաւորներից 50-ը հաւաքւեց Շուշիում, իսկ 77-ը` Շոշ գիւղում։ Շոշի համագումարը, վերստին արտայայտելով հայութեան անբեկանելի կամքը` իր ընդունած բանաձեւով մերժեց Սուլթանովի պահանջը եւ կրկին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորւելու մասին։ Ինչ վերաբերում է Շուշիի համագումարին, ապա այն Սուլթանովի ճնշման տակ ընդունեց Ադրբեջանի շահերից բխող որոշումներ:

Ադրբեջանը եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիան լիովին հասկացան, որ Արցախի հարցը լուծելու ճանապարհը մէկն է` արցախահայութեան բնաջնջումը: Այդ նպատակի համար Ադրբեջանը մեծաթիւ զինուժ կենտրոնացրեց Ղարաբաղի գաւառում: Ստոյգ տւեալներով՝ 1920 թ. գարնանը Ղարաբաղում կենտրոնացւած էր աւելի քան 10 հազար զինւոր: Ի լրումն՝ շտապ կազմակերպւեց նաեւ քրդական մի դիւիզիա: Շուշի ժամանեց Նուրի փաշան` 10 թուրք սպաների ուղեկցութեամբ: Մարտի 11-ին եւ 12-ին Բաքւից Ջեբրայիլի վրայով Ղարաբաղ եւ Զանգեզուր ուղարկւեց 90 վագոն` բեռնւած զէնքով ու զինամթերքով: Մարտի 20-ին Սուլթանովի կարգադրութեամբ թուրք-թաթարական մեծաթիւ զօրքերը սկսեցին բռնութեամբ զինաթափել բնակչութեանը եւ կոտորել նրանց:

Թաթարները պատրաստւում էին մեծ հանդիսաւորութեամբ նշել Նովրուզ բայրամը` մահմեդական ամանորը: Տօնակատարութեանը մասնակցելու անւան տակ (իրականում հայերին կոտորելու) Խանքենդիից զօրքը բերւեց Շուշի՝ իբր թէ զորահանդէսի: Շուշի եկան նաեւ Աղդամից, Ղարաբաղի տարբեր շրջաններից հարիւրաւոր մահմեդականներ: Շուշիի հայութեանը եւս կարգադրւած էր մինչեւ մարտի 22-ը զէնքերը յանձնել: Ժամկէտը լրանալուց յետոյ` նոյն օրն առաւօտեան, Սուլթանովի հրամանով զինւորական պահակախմբերը սկսեցին շրջել քաղաքի հայկական թաղամասում եւ խուզարկել բնակարանները:

Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի դէմ Ադրբեջանի լայնածաւալ յարձակումը սկսւեց մարտի 22-ին: Մուսաւաթական բանակի հարւածային ուժերը թուրք սպաների հրամանատարութեամբ կենտրոնացել էին Աղդամ-Ասկերան-Խանքենդի-Շուշի խճուղու, իսկ արեւմտեան կողմից` Քիրս-Տումի-Խծաբերդ ուղղութիւններում: Հայկական զինւած ջոկատները յարձակման անցան ռազմավարական նշանակութիւն ունեցող Ասկերանի, Շուշիի եւ Խանքենդիի վրայ: Մարտի 22-ին հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, գրաւեցին Խոջալուն եւ Խանքենդին, մարտի 23-ին՝ Ասկերանի բերդը եւ, հարւածելով հակառակորդին, քշեցին մինչեւ Ղարաղաջ:

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կիզակէտը դարձաւ Շուշիի հայ ազգաբնակչութեան սպանդը: Ադրբեջանա-թուրքական զօրքերը եւ մահմեդական բնակչութիւնը մի ամբողջ օր` մարտի 23-ին, արիւնահեղ խրախճանք էին կատարում քաղաքում: Հայ բնակչութեան մեծ մասը սրի էր քաշւում, սպանւում են հազարաւոր տղամարդիկ, կանայք, ծերեր եւ երեխաներ: Ոչ ստոյգ տւեալներով Շուշիում զոհւածների թիւը հասնում էր մօտ 8 հազարի: Մահից փրկւած Շուշիի հայութեան բեկորները, թւով 5-6 հազար մարդ, մազապուրծ փախաւ Վարանդա եւ Դիզակ։ Ըստ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի վիճակագրութեան` կործանւած գիւղերից մօտ 20 հազար չափահաս եւ աւելի քան 4 հազար անչափահաս մարդ ապաստան գտաւ Վարանդայի, Դիզակի եւ մասամբ Զանգեզուրի գիւղերում: Բազմակողմանի նախապատրաստութիւնից յետոյ` մարտի վերջին, թուրքերը միաժամանակ երեք` Ասկերան-Շուշի խճուղու, Աղդամ-Վանք եւ Կարաչինար-Էրքեջ ուղղութիւններով սկսեցին հակայարձակումը:

Արցախահայերի համար վերջապէս եկաւ երկար սպասւած պահը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կարգադրութեամբ 1920 թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի կողմից Վարանդա գաւառ մտան հայկական զօրամասերը Դրոյի հրամանատարութեամբ, եւ մի քանի օրւայ ընթացքում Ղարաբաղը մաքրեցին թուրք-թաթարական զօրքերից: Սուլթանովն իր զինւած կազմաւորումներով պատսպարւեց շրջափակման մէջ գտնւող Շուշիում:

Դրոյի անմիջական նախաձեռնութեամբ ստեղծւեց Արցախի ժամանակաւոր կառավարութիւն` «Վարիչների խորհուրդ» անունով: Ստեղծւեց բանակի ընդհանուր հրամանատարութիւն` Դրոյի գլխաւորութեամբ: Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ սկսւեց ազատ հաղորդակցութիւն: Կազմակերպւեց սայլերի գումակ, որի միջոցով Զանգեզուրից եւ այլ վայրերից շարունակաբար զէնք, զինամթերք ու պարէն էր հասցւում Ղարաբաղ: Բոլոր ճակատներն ու ռազմավարական նշանակութեան բնակավայրերը միացւեցին հեռախօսային գծերով: Դրոյի առաջնահերթ խնդիրն էր ապահովել Արցախի անվտանգութիւնը եւ լուծել գաւառը Հայաստանին վերամիաւորելու հարցը: Նրա մասնակցութեամբ ապրիլի 25-ին Թաղավարդ գիւղում գումարւեց արցախահայութեան 9-րդ համագումարը, որը մէկ անգամ եւս արձանագրեց. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետութեանը` որպէս նրա անբաժան մաս»:

Քաղաքական նոր զարգացումները, սակայն, փոխեցին իրավիճակը: Ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատւեցին խորհրդային կարգեր: Բաքւի բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ ռուսական կարմիր բանակի զօրամասերը մօտեցան Արցախի սահմաններին: Ադրբեջանի բոլշեւիկեան կառավարութիւնն ապրիլի 30-ին եւ մայիսի 8-ին Հայաստանի կառավարութեանը ներկայացրեց վերջնագրեր` պահանջելով հայկական զօրամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Մինչ Հայաստանի կառավարութիւնն ուղիներ էր փնտրում վիճայարոյց հարցերի խաղաղ կարգաւորման համար, Շուշիի եւ Զանգեզուրի շրջաններում հայ-թաթարական կոտորածները կանխելու պատրւակի տակ մայիսի 11-ին, Կովկասեան ճակատի հրամանատարութեան հրամանով, 11-րդ կարմիր բանակի զօրամասերը շարժւեցին դէպի Նախիջեւանի, Օրդուբադի եւ Շուշիի շրջաններ: Մայիսի 12-ին ռուսական զօրքերը մտան Շուշի։

Կարմիր բանակի զօրամասերը հսկում էին Արցախի ռազմավարական կարեւորագոյն կէտերը, իսկ Ադրբեջանի կառավարութիւնը վերջնագրային լեզւով պահանջում էր երեք օրւայ ընթացքում ենթարկւել իրեն: Մայիսի 22-ին տեղի ունեցաւ Ղարաբաղի կառավարութեան վերջին նիստը: Կառավարութիւնը համոզմունք յայտնեց, որ երկրամասում ստեղծւած իրավիճակում դրութիւնը կարող են փրկել տեղական բոլշեւիկները` իշխանութիւնն իրենց ձեռքը վերցնելով եւ Ղարաբաղը յայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս, այլ ոչ թէ Ադրբեջանի։

Այսպիսով, քաղաքական հանգամանքները դասաւորւեցին այնպէս, որ Դրոն մայիսի 27-ին իր զօրամասով հեռացաւ Արցախից եւ վերադարձաւ Գորիս` ամբողջ զինանոցը եւ պարէնի պահեստները թողնելով ղարաբաղցիներին: Մայիսի 28-ին Թաղավարդ գիւղում տեղի ունեցաւ արցախահայութեան 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային։

Այսպիսով, ռուսական կարմիր բանակի օգնութեամբ եւ բոլշեւիկեան Ռուսաստանի ղեկավար գործիչների հովանաւորութեամբ Ադրբեջանն սկսեց աստիճանաբար նւաճել Արցախը: Այլ կերպ ասած` ինչին չկարողացաւ հասնել մուսաւաթական Ադրբեջանը թուրքերի եւ բրիտանացիների օգնութեամբ, Արցախին անհամեմատ հեշտութեամբ տիրացաւ «կարմիր» Ադրբեջանը խորհրդային կարգերի քողի տակ:

Միքայէլ Հաջեան

«Ապառաժ»

Յարակից լուրեր

  • Աւստրալիայի Ռայթի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի Հանրապետութիւնը
    Աւստրալիայի Ռայթի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի Հանրապետութիւնը

    Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց թէ Աւստրալիոյ Սիտնի քաղաքի մէջ գտնուող Ռայտի քաղաքապետարանը ճանչցաւ Արցախի Հանրապետութիւնն ու անոր ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը, երեքշաբթի 22 մայիսի 2018-ին երեկոյեան տեղի ունեցած քաղաքապետարանի նիստի ընթացքին:

  • Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. Կեղծ երկընտրանք
    Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. Կեղծ երկընտրանք

    Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղութեան տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պէտք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգաւորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրւած տարածքների վերադարձ եւ դրան որպէս փոխզիջում` ԼՂ ստատուս-քւոյի երեւակայական փոփոխութիւն եւ խաղաղութեան հաստատում:

  • Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական է
    Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական է

    «Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական այցելութիւն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է ԱՀ պատւիրակութեան անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

  • Բարի գալուստ եւ «սեւ ցուցակներ». ռուս բլոգերը կիսւել է Արցախ այցելութեան տպաւորութիւններով
    Բարի գալուստ եւ «սեւ ցուցակներ». ռուս բլոգերը կիսւել է Արցախ այցելութեան տպաւորութիւններով

    Ռուս բլոգեր Սերգէյ Նովիկովը տպաւորւած է Արցախի Հանրապետութիւն կատարած այցով. նա տպաւորութիւններով կիսւել է իր բլոգում տեղադրւած յօդւածում, ներկայացրել Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ին, որում յայտնւում են Արցախ այցելող յայտնի մարդիկ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։