Հա

Գաղափարական

02/05/2013

alt«yerkir.am» - Հիմնական հարցն այն է, որ ՀՅԴ-ն կարողանայ Երեւանի քաղաքային իշխանութիւնը փոխել, ու եթէ այդ փոփոխութիւնները ՀՅԴ-ն միայնակ չկարողանայ անել, բնականաբար կը փորձի գտնել իր պէս մտածող քաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է այդ միտքը կեանքի կոչել,- նախօրէին Քանաքեռ-Զէյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ պատասխանելով քաղաքացիների այն հարցին, թէ ինչպէս է ՀՅԴ-ն պատկերացնում այլ քաղաքական ուժի ներկայացուցչի քաղաքապետ լինելու հանգամանքը:

ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխաւորողը նշեց, որ այսօր յետընտրական համագործակցութիւնը հնարաւոր է, քանի որ ուժերը որքան էլ ճիգ գործադրեն՝ միեւնոյն է, ոչ մի ուժ չի կարողանայ 50 տոկոսից աւելի վստահութեան քւէներ ստանալ ու միահեծան քաղաքային իշխանութիւն ձեւաւորել:
Քաղաքացիները Արմէն Ռուստամեանին հարց ուղղեցին նաեւ հրապարակւող սոցհարցումների արդիւնքների վերաբերեալ, որին ի պատասխան՝ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչը շեշտեց, որ վաղուց արդէն յայտնի է, որ այդ սոցհարցումները պատւիրում են իշխանութեան ներկայացուցիչները, ու դրա համար նրանց այդ հարցումների արդիւնքներում լաւ լոյսի ներքոյ են ներկայացնում: Արմէն Ռուստամեանը ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքին, որ դրանք ոչ թէ իրական սոցհարցումներ են, այլ՝ քարոզչամիջոցներ. երբ պատւիրատուները միշտ նոյն մարդիկ են, այդ հարցում կոչւածն իրականացնողները՝ նոյնպէս:
«Եթէ մի սոցիոլոգի կանխատեսում չի իրականանում, ապա նա այլեւս պէտք է դադարի իրեն սոցիոլոգ կոչելուց»,- ասաց Արմէն Ռուստամեանը՝ յաւելելով, որ դա նոյնն է, որ մի մարդ իրեն գիտնական հռչակի, բայց նրա առաջարկած թէզերը գիտականօրէն ջախջախեն ու ասեն, որ ոչ մի գիտական հիմք չունի. այդ դէպքում՝ տւեալ մարդը ուղղակի հեռանում է գիտութեան ոլորտից...
Քաղաքացիներին նաեւ հետաքրքրում էր, թէ ՀՅԴ-ն աւագանու կազմում ինչ է պատրաստւում անել Երեւանի կրթական համակարգի հետ այն դէպքում, երբ այդ համակարգը համատարած կուսակցականացւել է: Այդ հարցին ի պատասխան՝ Արմէն Ռուստամեանը նշեց, որ դա անթոյլատրելի է, քանի որ առաջին հերթին աշակերտներն իրենց ուսուցիչների դէմքով Հանրապետական կուսակցութեանն են տեսնում, ու չի կարող այնպէս լինել, որ բոլորը նոյն գաղափարական, մտածելակերպի եւ աշխարհընկալման պատկերացումներն ունենան:
Դա Արմէն Ռուստամեանը համեմատեց ԽՍՀՄ-ի տարիների միակուսակցական համակարգի հետ՝ նշելով, որ ներկայ վիճակով իշխող ուժն այնպէս է արել, որ պետութիւնը նոյնականացւում է իրենց կուսակցութեան հետ: Իսկ ՀՅԴ-ական քաղաքապետը այդ վիճակը Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան տակ գտնւող դպրոցներում կը շտկի:

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։