Հա

Գաղափարական

28/12/2018 - 12:00

Իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան

«Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն՝ գիտական գրականութիւն եւ դեդեկտիւներ: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարւեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»:

Արտաշէս Շահբազեան

 

«Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն՝ գիտական գրականութիւն եւ դեդեկտիւներ: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարւեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»:

Վահան Յովհաննիսեանի հետ խօսելիս, յատկապէս` երբ կար ազատ ժամանակ եւ հակւածութիւն հոգեշահ զրոյցների համար, կարելի էր համոզւել, որ ընթերցած գրականութեան շնորհիւ նա կուտակել էր գիտելիքների ծանրակշիռ պաշար: Յիշելով պատառիկներ նրա բանավոր ելոյթներից, հրապարակախօսական գրութիւններից եւ, իհարկէ, ստեղծագործած, ցաւօք միակ, վէպից կարելի է հասկանալ, որ կուտակած այդ գիտելիքները բազմազան էին, ընդգրկում էին համաշխարհային պատմութիւնը, մշակոյթը եւ այլ ոլորտներ: Հայ, ռուս, եւրոպական եւ այլ ժողովուրդների պատմութիւնը, մշակոյթը, կենցաղը, ազգագրական առանձնայատկութիւնները գիտեր մասնագիտական խորութեամբ:

Այլ հարց, որ նա մտաւորականի իր կերպարն ի ցոյց դնելու հաւակնութիւններից հեռու էր եւ, միւս կողմից, գիտելիքները դրսեւորելու ասպարէզից էլ հեռացել էր` մի օր կենսագրութեան կտրուկ շրջադարձ կատարելով դէպի ազգային ազատագրական պայքար, Հայաստանի անկախութեան շարժում եւ կուսակցական, քաղաքական ու պետական գործունէութիւն:

Սա նրա կեանքի աներկբայ ընտրութիւնն էր, թէեւ առիթների դէպքում ափսոսանքով էր յիշում գիտական գործունէութեան տարիները եւ երբեմն էլ, իրեն յատուկ հումորով, ասում. «Յաջողութիւն ձեր աշխատանքներին, ես վերադառնում եմ հնագիտութիւն»:

Նախկին գործընկերներն ասում են, որ Վահան Յովհաննիսեանը լաւ հնագէտ էր, եւ քաղաքականութեան հաշւին պատմագիտութեան այս ասպարէզը կորցրեց հմուտ ու հեռանկարային գիտնականի:

Մասնագիտութեան ընտրութեան եւ մասնագիտական աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար աւելի տպաւորիչ կը լինի, եթէ դարձեալ լսենք իրեն` մէջբերում կատարելով վերը նշւած հարցազրոյցից:

«Ես մանկութեան տարիներից էլ ուզել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում աւելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ ինստիտուտն աւարտելուց յետոյ վերադարձայ Հայաստան (Մոսկւայում եմ աւարտել) ցանկացայ աշխատել եւ զբաղւել միջնադարեան Հայաստանի, յատկապէս՝ Կիլիկեան թագաւորութեան ժամանակաշրջանով: Ի դէպ՝ երբ աւելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմութեան ֆակուլտետ ընդունւել, «ամենավերեւից» պահանջ եկաւ, որ պատմութեան մէջ չմտնեմ, քանի որ դիսիդենտի որդի եմ: Ես ստիպւած ընդունւեցի բանասիրական ֆակուլտետ, բայց, որպէսզի յետոյ անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխւեցի Մոսկւա: Երբ վերադարձայ, միջնադարի ուսումնասիրութիւնն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լինէր մեր ժամանակներից, որպէսզի «դասակարգային պայքար» չլինէր: Ես ընտրեցի հնագիտութիւնը՝ բրոնզէ դարը: Ոտք ու ձեռքով մտայ դրա մէջ եւ հասկացայ, որ դա աշխարհի ամենալաւ մասնագիտութիւնն է:

Ես տարբեր տեղերում եմ պեղումներ արել՝ Հարաւային Հայաստանում, յատկապէս՝ Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի աւազանում: Սակայն ամենակարեւոր յուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է յայտնի Քարաշամբի դամբարանադաշտը՝ Երեւանից 30 կմ. հիւսիս՝ Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նիւթերը մինչեւ հիմա դեռ ամբողջութեամբ հրապարակւած չեն: Այնպիսի ֆանտաստիկ յուշարձան էր, որ պետութիւնը որոշեց դրա մի մասը դարձնել արգելոց եւ դեռ չպեղել, հետագայում աւելի նոր ու կատարելագործւած տեխնիկաների միջոցով շարունակել: Եւ հիմա այդպէս էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ կոնֆլիկտներով կարողացանք դադարեցնել շինարարութիւնը: Ես նոյնիսկ ստիպւած եղայ Աւանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դանբարանաթմբի վրայ, որ տրակտորները կանգնեն: Դրանից յետոյ մենք ստացանք պեղումների թոյլտւութիւն, արգելեցինք շինարարութիւնը եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդիւնքներ տւեցին, որ, 1940-ականներից սկսած, ամբողջ Հարաւային Կովկասում չեն եղել: Յայտնաբերւած գանձերը ներկայումս պահպանւում են պատմութեան թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրայ պաշտպանել եմ թեկնածուական թեզ»:

1980 թւականից Վահան Յովհաննիսեանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում, նախ` որպէս գիտաշխատող, յետոյ` գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թւականից տեղափոխւում է Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերւել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր:

Բայց ամէնից աչքի ընկնող գտածօները, ինչպէս եւ ինքն է նշում հարցազրոյցում, պեղւել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Յովհաննիսեանի ղեկավարած արշաւախումբը: Քրիստոսի թւականութիւնից առաջ 23-րդ դարի դամբարանում յայտնաբերւել են անգնահատելի գիտական եւ նիւթական արժէք ներկայացնող գտածօներ: Դրանց թւում է հռչակաւոր արծաթէ գաւաթը, որի վրայ պատկերւած դիցաբանական սիւժէն մշակութաբանօրէն կապում է գաւաթի ստեղծողներին մեր երկրի հնագոյն հնդեւրոպական բնակչութեան` հայերի նախնիների հետ: Հրաշալի պահպանւած գաւաթը վկայում է, որ այդ շրջանում արդէն Հայաստանը բաւական զարգացած արտադրական ու մշակութային կենտրոն է եղել: Այս եւ միւս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմութեան թանգարանի հպարտութիւնն են եւ որպէս այցեքարտ ցուցադրւում են Հայաստանում ու արտերկրում:

Գտածօներն ու հետազօտութիւնները հիմք են հանդիսացել Վահան Յովհաննիսեանի մի քանի տասնեակ գիտական աշխատութիւնների եւ թեկնածուական թեզի համար: 

Ռուսաստանում եղած տարիներին Վահանն աշխատել է նաեւ, այսպէս ասած, ռուսական Լուվրում` Էրմիտաժում, եւ Լենինգրադի Արեւելագիտութեան ու հնագիտութեան ինստիտուտներում:

Մէջբերւող հարցազրոյցում, անդրադառնալով յայտնի ռուս գիտնական, Էրմիտաժի տնօրէն Պիոտրովսկու կողմից ասւած այն մտքին, թէ ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտութիւնից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ յայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթէ որեւէ մէկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձաւ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում, չինական սահմանի վրայ, յատուկ ջոկատներում էի ծառայել: Զէնքին եւ պատերազմի արւեստին տիրապետում էի: Եթէ գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պէտք են, ուրեմն ընտրութեան առջեւ ես՝ եթէ ոչ՝ ես, ապա ո՞վ»:

Հարցազրոյցից բերւած այս ընդարձակ մէջբերումների նպատակը ոչ միայն մտաւորական Վահան Յովհաննիսեանի կենսագրական փաստերը ներկայացնելն էր, այլեւ որոշ պատկերացում փոխանցելը նրա մարդկային կերպարի մասին:

Քաղաքական գործիչ Վահանը մեզ յայտնի էր իր տրամաբանւած, կրակոտ ու սուր ելոյթներով: Նա մշտազբաղ էր խորհրդարանի, խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների, կուսակցական եւ քաղաքական բազմաշերտ գործունէութեամբ, միաժամանակ` պատգամաւորութեան վերջին տարիներին սկսեց նաեւ յօդւածներ գրել: 

Վահանի համար այս աշխատանքը ձեռնարկելու մղիչ ուժը խոր մտահոգութիւնն էր Հայաստանի ապագայի վերաբերեալ: Յաճախ էր կրկնում այն միտքը, թէ երկրի ժողովրդագրական եւ միւս կորուստները խորանալով կարող են մի սահմանի հասցնել, որտեղից վերադարձ այլեւս հնարաւոր չի լինի: Այս մասին է վկայում նաեւ «yerkir.am» կայքէջում հրապարակւած եւ հետագայում գրքի վերածւած յօդւածաշարի խորագիրը` «Մայրամուտ, որը պէտք է կասեցնել»:

Յօդւածաշարի նախաբանում Վահանը գրում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ դատապարտում օրեցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպ ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ, ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:

Ընտրելով հրապարակախօսութեան լեզուն` իրարայաջորդ յօդւածներում դրանց հեղինակը անդրադառնում է մեր պատմութեանը, փորձում բացայայտել հայ մարդու խառնւածքի այն առանձնայատկութիւնները, որոնք որոշակի դեր են խաղացել նրա պատմական ճակատագրում եւ կանխորոշել այսօրւայ իրականութիւնը: Հետաքրքրական ու խորը վերլուծութեան են ենթարկւում Հայաստանի անկախութեան նոր շրջանի գործընթացները` ախտորոշելու նպատակով առկայ իրականութեան պատճառահետեւանքային կապերը: Իսկ հետապնդւող հիմնական նպատակն, իհարկէ, ստեղծւած իրականութիւնը յաղթահարելու ելքերի որոնումն էր: Իր վերլուծութիւնները Վահանը կատարում է պատմական ընդգրկուն հայելու վրայ` համեմատութիւնների ճանապարհով, ընդհանրութիւններն ու օրինաչափութիւնները յայտնաբերելու մտասեւեռմամբ:

Յօդւածաշարն արժէքաւոր է, քանի որ  քննւում են մեր ընդհանուր ճակատագրի հարցերը: Միւս կողմից, որպէս քաղաքական-վերլուծական նիւթ, հետաքրքրութեամբ էր ընթերցւելու, եթէ անգամ մեզ չվերաբերէր:

Ինչպէս յիշեալ եւ միւս յօդւածների  պարագայում, նոյնպիսի անակնկալ էր ընկեր Վահանի վէպի լոյս աշխարհ գալը: Ինչն էր «ստիպել» կուսակցական-քաղաքական, պետական աշխատանքներով բազմազբաղ մարդուն ձեռք զարկել ստեղծագործական աշխատատար գործի: Յամենայնդէպս, ոչ գրողի համբաւ ձեռք բերելու հաւակնութիւնը: Ծանօթանալով այն ուղերձների հետ, որոնք  յղում է վէպն ընթերցողին, ինչպէս եւ հետեւելով գրքի վերաբերեալ Վահանի որոշ արտայայտութիւններին, կարելի է յիշել քսաներորդ դարի երկրորդ կէսի լատինաամերիկեան մեծ գրականութիւնը ստեղծած հեղինակների հետեւեալ արտայայտութիւնը. «Ես գրում եմ, որպէսզի օգնեմ լատինաամերիկեան յեղափոխութեանը»: Կարծեմ` նմանօրինակ քաղաքական-գաղափարական պատւէր է իր առջեւ դրել կամ, այլ կերպ ասած, կամաւոր յանձնառութիւն էր ստանձնել նաեւ Վահանը` ձեռնամուխ լինելով իր համար նոր, ստեղծագործական աշխատանքի:  Ենթադրութիւնս  հաստատւում է իր իսկ այն բացատրութեամբ, թէ. «Վէպը  ռուսերէն եմ գրել, որպէսզի աւելի լայն լսարան ունենայ»: Այս նոյն նկատառումով էլ սեփական կեանքի մայրամուտին նա անհամբեր էր, որ տեսնի, հայերէնի կողքին անգլերէն թարգմանութիւնը: Վահանը հաւատում էր իր ուղերձների կարեւորութեանը այսօրւայ  համաշխարհային տագնապալի զարգացումների խորապատկերի վրայ, եւ վէպի ընթերցողն էլ համոզւում է ասելիքի կարեւորութեան մէջ:

Ի՞նչ վէպ է գրել Վահանը: Այն կարելի է դասել նրա սիրելի դեդեկտիւի ժանրին: Աւելի ստոյգ` քաղաքական դեդեկտիւի ժանրին: Կարելի է անւանել նաեւ պատմական դեդեկտիւ: Միւս կողմից` դեդեկտիւ գրականութեանը բնորոշ է  կոնկրետ ժամանակահատւածի մէջ կոնկրետ իրադարձութիւնների զարգացումն ու հանգուցալուծումը: Այնինչ` «Մանդիլիոնը» նման է երկու հազարամեակ ընդգրկող իրադարձութիւններով եւ սերունդների խճճւած կենսագրութիւններով պատմավէպի: Սակայն ժանրային այս բնորոշումը եւս կաշկանդիչ է թւում ներկայ ժամանակում ապրող մարդկանց ճակատագրերի ու յարաբերութիւնների համապատկերի առումով, եւ պէտք է պարզապէս ընդունել, որ ինչպէս ամէն մի լաւ ստեղծագործութիւն, «Մանդիլիոնը» եւս չի տեղաւորւում իզմերի ու ժանրերի կաղապարների մէջ:

Մէկհատորեակի ծաւալի մէջ յաջողգել է ընդգրկել երկհազարամեայ ժամանակահատւած ամփոփող իրադարձութիւններ` սկսած Եդեսիայի Աբգար թագաւորի նամակագրութիւնից Յիսուս Քրիստոսի հետ եւ Տիրոջ գործունէութեան ու ձերբակալութեան նկարագրութիւններ, Կոստանդնապոլսի կործանումից մինչեւ հայոց ջարդերը, Առաջին աշխարհամարտը, կամաւորական շարժումն ու ինքնապաշտպանական կռիւները, Սարդարապատը, Առաջին Հանրապետութեան անկումն ու Փետրւարեան ապստամբութիւնը, Հայաստանի խորհրդային տարիներից մինչեւ նոր վերազարթօնք, Ղարաբաղեան պայքար ու Հայաստանի անկախացում: Եւ, ի վերջոյ, ներկայիս իրականութիւնը՝ կրօնական ծայրայեղականութիւնը եւ միջազգային ահաբեկչութիւնը:

Ժամանակային մէկ կտաւի վրայ միախառնելով ու շաղկապելով պատմական իրադարձութիւնները` Վահան Յովհաննիսեանը ապացուցում է, որ չկան իրարից կտրւած անցեալ ու ներկայ, այլ կայ իրադարձութիւնների մէկ շղթայ: Անցեալը շարունակում է ուղղութիւն տալ ներկային, եւ ներկան կարող է ներգործել անցեալի վրայ: Իր ստեղծագործութեան հերոս Ռալֆ Կոտերեանի բերանով նա մէջբերում է Ջորջ Օրուէլի հետեւեալ արտայայտութիւնը. «Ով կառավարում է անցեալը, նա կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան, նա կառավարում է անցեալը»:

Կարծես, այս ճշմարտութեամբ առաջնորդւելով է, որ իրար հետ կենաց-մահու մրցակցութեան մէջ են մտնում «Մանդիլիոնի» հակառակորդ կողմերի հերոսները, որոնց մի մասը ձգտում է գտնել եւ փրկել Քրիստոսի ձեռամբ արարւած նրա դիմապատկերը, իսկ միւս կողմը ձգտում է գտնել եւ ոչնչացնել այն:

Անդրադառնալով ներկայիս աշխարհը ալեկոծող երեւոյթներից մէկին` Վահան Յովհաննիսեանն ընթերցողին է յղում գլխաւոր ուղերձներից մէկը` ֆիզիկական յաղթանակից առաւել կարեւոր է նկատւում հոգեւոր կռւանների թուլացումն ու ոչնչացումը: Հէնց քրիստոնեայ հզօր երկրներում հրապարակւում են գրքեր, նկարահանւում են ֆիլմեր, որոնց միջոցով շատ նրբօրէն, յաճախ նոյնիսկ քրիստոնէութեան արժէքների պաշտպանութեան անւան տակ իրականացւում է կասկած սերմանելու, հոգեւոր արժէքներն ու սրբութիւնները վարկաբեկելու գործընթաց: Պատահականութի՞ւն է այս բոլորը: Վահան Յովհաննիսեանն ասում է` ոչ:

Առհասարակ, իւրաքանչիւր մարդ եւ, իհարկէ, քաղաքական գործիչ իրականութիւնը տեսնում է սեփական մտահորիզոնի չափով: Ոմանց համար աշխարհն այն է, ինչ սկսւում է իրենցից եւ պտտւում սեփական առանցքի շուրջը, ոմանք էլ, ինչպէս Վահանը, տեսնում են ոչ միայն ընթացիկ երեւոյթները, այլեւ թափանցում դրանց խորքը եւ յանգում օրինաչափութիւնների վրայ հիմնւած ընդհանրացումների: Այդ իսկ պատճառով նմանների հնչեցրած ահազանգերը ոչ թէ քաղաքական չափազանցութիւնների ժանրից են, այլ բխում են վաղւայ արդիւնքն ու հետեւանքը կանխազգալու կարողութիւնից:

Վահանը կայացած գիտնական էր, երբ եկաւ Դաշնակցութիւն եւ դարձաւ Հայաստանի նորակազմ կառոյցը ներկայացնող ղեկավար անձ: Նրան, սակայն, գայթակղում էր ոչ թէ իր կարգավիճակը, այլ Արցախը, ազատագրական կռիւը, կենդանի պայքարն ու ճիգը` ուղղւած հայաստանեան կեանքի հակասութիւնների յաղթահարմանը: Նա եղաւ Դաշնակցութեան համասփիւռ կառոյցի կարեւոր դերակատարներից մէկը՝ իր ընդգրկուն կերպարով կրկնելով պայքարի ու գրչի մեծ նախորդներին եւ միաժամանակ լինելով ու մնալով որպէս իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։