Հա

Գաղափարական

15/01/2019 - 11:40

Դաշնակցութիւնը շերտերի բաժանելու բոլոր փորձերը դատապարտւած են ձախողման. Արմաւիրում վերաբացւեց «Արամ Մանուկեան» կենտրոնը

Երէկ Արմաւիրի մարզում կայացաւ ՀՅԴ «Արամ Մանուկեան» վերանորոգւած մարզային կենտրոնի բացման արարողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ Արմաւիրի մարզում կայացաւ ՀՅԴ «Արամ Մանուկեան» վերանորոգւած մարզային կենտրոնի բացման արարողութիւնը:

Կենտրոնը, որտեղ  գործում են տարածքային երեք` Արմաւիրի «Խնուս», Էջմիածնի «Վաչէ Ռոստոմեան» եւ Բաղրամեանի «Սիմոն Զաւարեան» կոմիտէներն ու Հայ օգնութեան միութեան եւՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Արմաւիրի մարզի գրասենեակները, վերանորոգւել է  ՀՅ Դաշնակցութեան` Ֆրանսիայի, Բելգիայի եւ Հոլանդիայի կառոյցների աջակցութեամբ:

«Yerkir.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Սպարտակ Ղարաբաղցեանը նշեց, որ կենտրոնի վերաբացումն անգնահատելի կարեւորութիւն ունի: «Սա ՀՅԴ-ի 128 տարւայ պատմութեան դրւագներից է, քանի որ Դաշնակցութիւնն այդ տարիների ընթացքում իր գաղափարակիցներին հաւաքելու տարբեր ճանապարհներ է անցել, եւ այսօր այդ գաղափարախօսութիւնն ամրապնդելու եւ աւելի լայն շրջանակների հասցնելու նպատակով նման կենտրոնների ստեղծումը շատ կարեւոր է»,- ասաց նա:

Ղարաբաղցեանը նաեւ կարեւորեց այն փաստը, որ կենտրոնը վերականգնւել է Դաշնակցութեան` Սփիւռքի կառոյցների աջակցութեամբ, ինչը մէկ անգամ եւս վկայում է, որ ՀՅԴ-ն համազգային կառոյց է:

Դաշնակցական հերոսների նկարներով եւ մուտքին` Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նկարով պատկերազարդւած կենտրոնի բացման արարողութեանը ներկայ էին ոչ միայն Արմաւիրի դաշնակցականները, այլեւ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Հոլանդիայից ժամանած դաշնակցականներ, Արցախյան ազատամարտի հերոսների հարազատներ, զինակիցներ:

Բացման խօսքով հանդէս եկած` «Արամ Մանուկեան» մարզային կոմիտէի նախագահ Արամայիս Մխիթարեանը շնորհակալութիւն յայտնեց կենտրոնի վերանորոգութեան համար աջակցութիւն ցուցաբերած ՀՅԴ կառոյցներին` խոստովանելով, որ այն չէր իրագործւի առանց նրանց ջանքերի:

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ նաեւ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի փոխհերթապահ Յովսէփ Տէր-Գէորգեանը: Նա նշեց, որ Դաշնակցութեան կենսափորձը ցոյց է տւել, որ ՀՅԴ կենտրոններում է, որ բազմաթիւ սերունդներ ստացել են իրենց մարդկային եւ ազգային ատաղձը, դաստիարակւել են ի խնդիր Հայաստանի Հանրապետութեան հզօրացման, Հայ Դատի պայքարի ընդարձակման ու Սփիւռքի առաւել կազմակերպման` մշակելով եւ իրագործելով անհամար ծրագրեր:

«Գիտակցելով նմանատիպ կենտրոնների նշանակութիւնը` մեր թշնամիները փորձել են զանազան միջոցներով հարւածել: Այս գրասենեակների համար վիրաւորւել եւ զոհւել են մեր բազմաթիւ ընկերներ, համակիրներ, եւ, վերջապէս, Հայ Դատի պայքարի ու Արցախեան ազատամարտի ճամփին մեր բազմաթիւ ընկերներ  այստե՛ղ են առել իրենց առաջին քայլերը: Արմաւիրի այս գրասենեակի վերանորոգումը բազմաթիւ տարիներ մաս է կազմել Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ծրագրին: Սակայն վերջին տարիներին Ապրիլեան պատերազմի ընթացքին տուժած ընտանիքները, Արցախեան բանակի եւ Սիրիայում մեր հայրենակիցների օգնութեան հարցը եղել են մեր առաջնահերթութիւնները: Սակայն, քանի որ Դաշնակցութեան որոշումը վաղ թէ ուշ գործադրւում է, ահա այսօր մենք այստեղ ենք»,- ասաց Տէր-Գէորգեանը:

Նրա խօսքով` այս ծրագրի իրականացումը յստակ պատգամ է բոլոր նրանց համար, ովքեր «ներսի ու դրսի, Սփիւռքի ու Հայաստանի, Արեւմուտքի ու Արեւելքի» Դաշնակցութեան միջեւ հակասութիւններ եւ բաժանումներ են ուզում տեսնել: «ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրեին այս համեստ, սակայն խորհրդանշական աշխատանքը եւս մէկ անգամ փաստում է, որ Դաշնակցութիւնը շերտերի բաժանել միտող բոլոր փորձերը դատապարտւած են ձախողութեան»,- եզրափակեց Տէր Գէորգեանը` յաւելելով. «Դաշնակցութեան կենտրոնները կենտրոն լինելուց վեր են, դրանք ժողովրդի տունը պէտք է հանդիսանան»:

Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական միութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը: «Մենք հաւատացած ենք, որ Դաշնակցութիւնն ամենալաւ կազմակերպութիւնն է հայ ժողովրդի համար: Դաշնակցութիւնը, այո, արդէն նշում է իր 129-ամեակը, սակայն չսխալւենք, ընկերնե'ր, Դաշնակցութիւնն ապագայի կուսակցութիւն է: Անշուշտ, Դաշնակցութիւնն ունի բոլոր տեսակի փորձառութիւններ, որ հայ ժողովրդին մատուցի փայլուն ապագայ, սակայն, ցաւօք, մինչ օրս չի կարողացել համոզել ժողովրդին իրեն վստահելու հարցում: Բայց կը գայ օրը, երբ Հայաստանի ժողովուրդը նոյնպէս կը վստահի Դաշնակցութեանը: Ժամանակի հարց է: Եւ երբ գայ Դաշնակցութեանը վստահելու օրը,  ասելու են` ինչո՞ւ առաջ չենք վստահել»,- ասաց նա:

Փափազեանի համոզմամբ` հայ ժողովուրդը փայլուն ապագայ կունենայ այն ժամանակ, երբ հաստատւի «Մէկ ազգ, մէկ ժողովուրդ, մէկ հանրապետութիւն» գաղափարը: «Սա միայն Դաշնակցութիւնը կարող է հաստատել այս երկրում: Հիմա աշխատանք պէտք է տանենք, որպէսզի մեր քաղաքացիները մեզ հաւատան: Իսկ դրա համար պէտք է մտնենք ժողովրդի մէջ, լինենք ժողովրդի կողքին, աշխատենք ժողովրդի համար»,- նշեց նա` յաւելելով. «Դաշնակցութիւնը մէկն է, միակամ է, եւ անգամ եթէ ունենք մեր մէջ տարբերութիւններ, ինչը շատ բնական է աշխարհի 30 երկրներում գործող կուսակցութեան համար, դա մեր հարստութիւնն է»:

Այնուհետեւ, Մուրադ Փափազեանի գլխաւորութեամբ, կայացաւ երդման արարողութիւն, եւ ՀՅԴ շարքերը համալրւեցին նոր անդամներով:

Յարակից լուրեր

  • Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի
    Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի

    Ամանորի եւ Սուրբծննդեան տօների նախօրէին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կը վերաբացւի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից:

  • Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ վերաբացւում է
    Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ վերաբացւում է

    Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ պատրաստւում է բացմանը։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Սիրիայի հնութիւնների եւ թանգարանների վարչութեան ղեկավար Մաամուն Աբդէլ Քերիմը «SANA»-ին ասել է, որ երկար սպաստւած իրադարձութիւնը տեղի կունենայ այսօր։ 

  • Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ
    Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ

    Հալէպի օդանաւակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգութեան որոշ հարցերից ելնելով, իշխանութիւններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

  • Հանդիսաւորութեամբ վերաբացւեց ՀՅԴ Վանաձորի կոմիտէի գրասենեակը
    Հանդիսաւորութեամբ վերաբացւեց ՀՅԴ Վանաձորի կոմիտէի գրասենեակը

    Մայիսի 27-ին հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ Վանաձորի ՀՅԴ գրասենեակի բացումը: Գրասենեակը վերանորոգւել է Կանադայի` Դաշնակցութեան կառոյցի ջանքերով: Գրասենեակի բացմանը մասնակցում էին մեծ թւով սփիւռքահայ դաշնակցականներ:

  • ՀՀ գիւղնախարար.- «Այս տարւայ խաղողի բերքը լինելու է նախորդ տարւայ մակարդակի»
    ՀՀ գիւղնախարար.- «Այս տարւայ խաղողի բերքը լինելու է նախորդ տարւայ մակարդակի»

    Այս տարւայ խաղողի բերքի ծաւալները չեն զիջելու նախորդ տարւայ ցուցանիշին: Այս մասին վերջերս լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը: «Ճիշտ է՝ այս տարի կարկուտն Արմաւիրի մարզում փչացրեց խաղողի բերքի զգալի մասը, սակայն մենք այդ բացը կը լրացնենք միւս մարզերից սպասւող աննախադէպ ծաւալների հաշւին»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ խաղողի լաւ բերք է սպասւում յատկապէս Արարատի եւ Տաւուշի մարզերում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։