Հա

Գաղափարական

29/01/2019 - 11:50

Արամ` նշանակում է յաղթանակ

1879 թւականի մարտի 19-ին զանգեզուրեան ջինջ երկնակամարում յաղթականօրէն շողում էր արեւը` սպասելով մինչեւ հայոց մամիկները, թեքւած նորածնի գլխին, բարուրեն նրան: Թող որ ծնողները Սերգէյ կոչեցին նրան, բայց ի վերուստ նշւած էր, որ Արամ անունը գտնելու էր իր իսկական տիրոջը առաւել գեղեցկանալու, յաղթականօրէն շողալու մինչեւ այսօր` նրանից դեռ շատ երկար:

1879 թւականի մարտի 19-ին զանգեզուրեան ջինջ երկնակամարում յաղթականօրէն շողում էր արեւը` սպասելով մինչեւ հայոց մամիկները, թեքւած նորածնի գլխին, բարուրեն նրան: Թող որ ծնողները Սերգէյ կոչեցին նրան, բայց ի վերուստ նշւած էր, որ Արամ անունը գտնելու էր իր իսկական տիրոջը առաւել գեղեցկանալու, յաղթականօրէն շողալու մինչեւ այսօր` նրանից դեռ շատ երկար:

Արամն ընդամենը 11 տարեկան էր, երբ Շուշիի դպրոցում սէր ու յարգանք էր վայելում որպէս արտակարգ կարողութիւններով օժտւած աշակերտ: Այնուհետեւ իր ազգասիրական գաղափարներով նա աչքի է ընկնում Երեւանի թեմական դպրոցում: Ազգամիջեան հախուռն յարաբերութիւնների օրերին Արամը հանգիստ չէր կարող մնալ. անցնում է Կարսի շրջան, որտեղից խառն ու դաժան իրավիճակում զէնք ու զինամթերք է փոխադրում Երկիր, խմբեր կազմում Երկիր մտցնելու համար, քանի որ շուտափոյթ օգնութիւն էր պէտք Սասունին: Աւա՜ղ, շատ ուշ էր… Սասունն ընկել էր…

Մնալով հաւատարիմ իր ազգին ու գաղափարներին` Արամը որոշում է մեկնել Վան, ուր սկսւում է նրա գործունէութիւնը Վասպուրականում: Այստեղ, որպէս հայութեան ոգեւորիչ ուժ, նրա միտքն ու հոգին զբաղւած էին դպրոցով, մամուլով, երիտասարդութեան ու ազգային յարաբերութիւնների խնդիրներով: Երբ նենգ դաւադրութեան զոհ են դառնում մանկութեան ընկերներ Իշխանն ու Վռամեանը, Արամը, յոյսը դրած սեփական գաղափարների ու բազուկների վրայ, աշխատում է փրկել Վանը…

Պատմութեանը քաջ յատնի է Վանի հերոսական ինքնապաշտպանութիւնը, որի ֆոնին քաջ արծւի պէս թեւաբախում է Արամը: Վասպուրականն Արեւմտահայաստանի միակ փրկւած հատւածն էր, ուր Արամը ստեղծեց հայոց հանրապետութիւն, որը գոյատեւեց 70 օր:

Դրանից յետոյ Արամն Արարատեան դաշտում անանցանելի պատնեշ ստեղծեց հակառակորդի դէմ: Բնաւեր հայոց արեան հոտը ռունգերում` հակառակորդը հասել էր մինչեւ այնտեղ, բայց երերաց, քանի որ կար Արամը: Անշուշտ, Սարդարապատի յաջողութիւնը նաեւ զօրավարների ու զինւորների յաջողութիւնն էր, բայց եւ նրանց կողքին իր խորհուրդներով կանգնած էր Արամը: Երեւանի Ազգային խորհուրդը, Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ, կռւողներին ապահովում էր պարենի ու զինամթերքի պաշարներով, կռւողների նոր ջոկատներով: Արամը` բազմաթիւ դէպքերում իմաստուն կազմակերպիչը, դարձել էր Արարատեան երկրի ոգին: Նրա արծւային մտքի թռիչքը եւ լեռնացող ոգին պատնեշել էին այն միտքը, թէ 1918 թւականի գարունը կարող էր վերջինը լինել հայոց համար:

Աւա՜ղ, 1919 թ. յունւարին այն համաճարակը, որով տառապում էր իր ժողովուրդը, խլում է նաեւ նրա սիրելի հերոսի կեանքը, եւ ժողովուրդը, չամաչելով իր արցունքներից, երկիւղածօրէն քաջ Արամին հողին է յանձնում Մասիսների յաւէրժական հայացքի ներքոյ: 

Անուրանալի է Ա. Մանուկեանի աւանդը 20-րդ դարասկզբի հայոց պետականութեան վերականգնման գործում:

Աւելի քան 500–ամեայ ընդմիջումից յետոյ` 1918 թ. մայիսի 28-ին, հայութեան վերջին բեկորների` դարաւոր թշնամու դէմ մղւած հերոսական մաքառման արդիւնքում վերընձիւղւեց հայկական պետականութիւնը:

1918 թւականի մայիսի 28-ին արտասանած նրա կոչը տակնուվրայ արեց թերահաւատութեան, կասկածամտութեան, յուսահատութեան ճիրաններում շնչահեղձ լինող հայոց հոգիները եւ մարտի կոչեց բոլորին: Նա ասես անտես մի ձեռքով պատռեց անորոշութեան շղարշը եւ անխնայ ճշմարտութեամբ ցոյց տւեց Հայաստանի իրական պատկերը, որը բանաստեղծութեան եւ արձակի մէջ Երկիր Նայիրիի խորհրդանիշով ցոյց էին տւել Չարենցն ու Տէրեանը: Հոգեւոր Հայաստանի ոգին էր խօսում Արամի ձայնով, որի ատաղձն անվերջ հոգեւոր, մշակութային արժէքների արարման եւ միեւնոյն ազգային նպատակի շուրջ համախմբւելու հերոսութեան մէջ էր: Այն նպատակի, որը պիտի իրականանար մեր եւ միմիայն մեր ջանքերով: Ով ապաւինում է ուրիշի գթասրտութեանը, նա կայացնում է իր մահւան դատավճիռը: Սա էր այն խտանիւթը, որով միշտ կենսունակ էր Արամ Մանուկեանի ազգային գաղափարախօսութիւնը:

Օտար տէրութիւններին ապաւինող հայ ազգային ուժերին նա ասաց այժմ արդէն մարգարէութեան լուսապսակով ամփոփւած իր հանճարեղ խօսքերը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է` զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում` շոշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրան հակառակ կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք ու պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին` թէ’ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ ու կանոն հաստատելու համար»:

Մայիսի 28-ի իր յայտնի կոչը նա աւարտեց հետեւեալ խօսքերով. «Անխնայ պատժի ու պատասխանատւութեան պիտի ենթարկւեն բոլոր դասալիքները, պրովոկատորները եւ ժողովրդի բոլոր թշնամիները: Ցոյց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբեք»:

Յիրաւի կան անուններ, որոնք դարակազմիկ արժէք են խտացնում իրենց մէջ, եւ խօսել այդ անունների մասին` նշանակում է մտովի ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` դրա մէջ ներառելով մի ողջ ժողովրդի պատմութիւն:

Խօսելով նրա կեանքի ու գործի մասին` մենք կամայ թէ ակամայ բացում ենք հայ ժողովրդի պատմութեան մի ամբողջ դարաշրջանի համայնապատկերը, որը լի է ամենաողբերգական, ամենադրամատիկ եւ ամենահերոսական էջերով: Թէպետ եթէ փորձենք գտնել հայ ժողովրդի պատմութեան որեւէ ժամանակաշրջան, որն իր մէջ չի ամփոփում այդ երեք էջերը միաժամանակ, դժւար թէ դա մեզ յաջողւի: Հայ ժողովրդի պատմութիւնն ամբողջութեամբ հունցւած է ողբերգութեան եւ հերոսականութեան շաղախից:

Սակայն 20-րդ դարի սկիզբը ասես կտրւեց հայ ժողովրդի պատմութեան ամբողջ երկար շղթայից` դառնալով ամենաճակատագրականն ու հերոսականը բոլոր հազարամեակների երթի մէջ:

Միշտ էլ տեղին է յիշատակել Մեծ Եղեռնի ողբերգական դէպքերին, ցաւալի վիճակագրութեանն ու պատմական անարդարացի զարգացումներին վերաբերող աղաղակող փաստերի տեսութիւնն ու վերլուծութիւնը: 

Տեղին է յիշատակել նաեւ այն պատճառով, որ միանգամայն անհնար է անդրադառնալ 20-րդ դարասկզբի որեւէ հայ մեծանուն զաւակի կեանքի եւ գործունէութեան գնահատմանը` շրջանցելով Մեծ Եղեռնի անխուսափելի գոյութիւնը ժողովրդի, նրա իւրաքանչիւր անհատի, հասարակ հայ մարդու կեանքում: Հայոց Մեծ Եղեռնը ներծծւած է մեր իւրաքանչիւրի արեան բջիջների բաղադրութեան մէջ` իբրեւ ցաւ եւ իբրեւ վեր հառնելու խորհրդանիշ:

Սակայն այսօրւայ խորհուրդն ամփոփւած է Եղեռն վերապրած հայ ժողովրդի պանծալի զաւակներից մէկի` Արամ Մանուկեանի կեանքի եւ գործի հանդէպ երախտիքի եւ խոնարհումի բացառիկ ինքնատիպ դրսեւորման մէջ:

Արամ Մանուկեանի անունով այսօր կոչւում են դպրոցներ, փողոցներ, սակայն նրա մեծութեան իսկական, ահռելի չափերը մինչեւ այսօր դեռ հասու չեն ժողովրդի աւելի լայն շրջանների գիտակցութեանը, դեռ ամբողջութեամբ պարպւած չէ 70 տարիների այն դատարկութիւնը, որի մէջ ապրեցին Արամ Մանուկեանի եւ նրա նմանների անուններն ու գործը, դեռ փառաբանական ձոնով լցւած չէ այն մեծ լռութիւնը, որտեղ արգելւած էր անգամ հնչեցնել նրանց անունները:

Արամ Մանուկեանին միանշանակ համարում են Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր, եւ սրանով ամէն ինչ ասւած է նրա մասին: Եթէ իսկապէս հնարաւոր է մի մարդու անւան հետ կապել 500 տարիների ընթացքում մի ամբողջ ժողովրդի բազում սերունդների գուրգուրած ու նրա արիւնով շաղախւած ազգային ձգտումների իրականացման այն կազմաւորումը, որ կոչւեց Հայաստանի Հանրապետութիւն, ապա այդ մարդն իրաւամբ պիտի լինի Արամ Մանուկեանը, ով եղաւ անկախութեան գաղափարի մեծագոյն դէմքը, ազգային գաղափարների իրականացման եւ պատմական դէպքերի վրայ ամենամեծ ազդեցութիւն ունեցող հայորդին, իր ժողովրդի երազանքի ոգեկոչողն ու նահատակը, մարդ, ում մեծագոյն երախտիքին, սակայն, մենք արժանին դեռ չենք հատուցել:

Արամ Մանուկեանը պետական այր էր եւ երկու գերագոյն արժէք ունէր կեանքում ու գործունէութեան մէջ` պետութիւն եւ ժողովուրդ:

Նորանկախ հանրապետութեան` Յովհաննես Քաջազնունու ղեկավարած կառավարութեան կազմում դաշնակցական Արամ Մանուկեանը, ստանձնելով ներքին գործերի նախարարութեան ղեկավարումը, համոզւած էր` ներքին գործերի ուժեղ համակարգը ուժեղ պետութեան անկիւնաքարն է, ուժեղ պետութիւնը` ժողովրդի ապահովութեան ու բարօրութեան գրաւականը:

Ներքին գործերի նախարարութեան առաջնային խնդիրներն էին` պայքարը աննախադէպ չափերի հասած յանցաւորութեան դէմ, երկրում կարգ ու կանոնի, ներքին կայունութեան եւ անդորրի հաստատումը:

Ներքին գործերի մարմիններին կարճ ժամանակահատւածում յաջողւեց տարրական կարգ ու կանոն հաստատել երկրում` ապահովելով քաղաքացիների կեանքի եւ ունեցւածքի պաշտպանութիւնը: Քչերն էին այսպիսի յստակութեամբ պատկերացնում իրաւակարգի եւ ներքին կայունութեան պահպանման կենսական նշանակութիւնը, որքան Արամ Մանուկեանը, որը միանշանակ գիտէր` այդ խնդիրը կարող է լուծել միայն նւիրեալ եւ գործի գիտակ աշխատակիցներով համալրւած իրաւապահ կառոյցը:

Ներքին գործերի նախարարից պահանջւում էին բացառիկ ձեռնարկումներ ու քայլեր, եւ Արամ Մանուկեանը կարողացաւ կատարել խնդիրը:

Այս քաջորդու սխրանքին ենք պարտական մեր 500-ամեայ երազանքի իրականացման համար, այն ոգու համար, որ նա ներշնչեց իր զինակիցներին, ամբողջ հայ ժողովրդին` անհաւատալի թւացող մեր յաղթանակի` Սարդարապատի հերոսամարտի ժամանակ:

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ եւ կործանւում դրա պակասից»,- այսպէս է մեզ պատգամել մեր միւս դիւցազունը` դիւցազունների զարմից Գարեգին Նժդեհը: Արամ Մանուկեանի հայրենասիրութիւնը կը կանգնէր աւելի հզօր բանակների դէմ, եթէ օրհասն այդպէս պահանջեր, կը կանգնէր եւ թշնամուն չէր տայ հայրենիքի մի թիզ հողն անգամ:

Արամ Մանուկեանն ապրեց ընդամենը 40 տարի, ճիշտ այնքան, որքան Չարենցը, Բակունցը, Տէրեանը: Սակայն այն գործը, որ նա հասցրեց անել իր եւ իր ժողովրդի համար փոթորկայոյզ այն ժամանակահատւածում, որ պատմութեան մէջ մտաւ Առաջին Հանրապետութիւն փառապանծ անունով, այսօր դժւար է միանշանակ գնահատել:

Նա մի հոյակապ, հմայիչ, հզօր ու կախարդիչ դէմք էր, որ եկաւ եւ գնաց պայծառ ու փայլուն ասուպի նման: Մնաց մեր այն համոզումը, որ Արամ` նշանակում է յաղթանակ:

Ֆելիքս Բախչինեան

Հայաստանի «Ֆրիտոֆ Նանսենէ հիմնադրամ»-ի նախագահ, գրող

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած
    Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած

    Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը հոգու կանչով նրա շիրիմի մօտ էր բերել ոչ միայն ՀՅԴ անդամների, այլեւ պետական անւանի գործչի յիշատակը գնահատող բազմաթիւ հայորդիների: Նրանք եւ մեր ժողովուրդը աւելի քան մէկ դար է, ինչ դասեր են քաղում Արամ Մանուկեան պետական գործչի եւ պարզապէս օրինակելի ու հայրենասէր մարդու ապրած կեանքից:

  • Արամը` ապրող յիշատակ
    Արամը` ապրող յիշատակ

    Երէկ երեկոյեան Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր` Արամ Մանուկեանի գաղափարակիցները հաւաքւել էին նրա արձանի մօտ` յարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու մահւան 100-րդ տարելիցի առիթով:

  • Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ
    Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ

    Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:

  • Արամը՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրը
    Արամը՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրը

    100 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1919 թւականի յունւարի 29-ին մահացաւ 20-րդ դարի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիրը՝ Արամ Մանուկեանը:

  • Ռոստոմ եւ Արամ
    Ռոստոմ եւ Արամ

    Տարբեր սերունդի եւ տարբեր տարիքի մարդիկ, բայց մեր այս երկու թանկագին ընկերները ո՜րքան կը նմանէին իրարու շատ մը տեսակէտներով:

    Ամենէն առաջ՝ իբրեւ սերմանացան: Ուսուցիչ՝ երկուքն ալ, իրենց տքնութիւնը խոր հետքեր կը ձգէր նոյնիսկ այս տարրական եւ խաղաղ ասպարէզին մէջ: Կը յիշենք Ռոստոմը, երբ թւաբանութեան դաս կուտար 8-10 տարեկան մանուկներու, ի հարկին ամբողջ դասաժամը յատկացնելով միայն մէկ դանդաղամիտ աշակերտի դասը սորվեցնելու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։