Հա

Գաղափարական

29/01/2019 - 14:35

Արամը՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրը

100 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1919 թւականի յունւարի 29-ին մահացաւ 20-րդ դարի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիրը՝ Արամ Մանուկեանը:

 

(Արամ Մանուկեանի մահւան 100-ամեակի առիթով)

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

100 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1919 թւականի յունւարի 29-ին մահացաւ 20-րդ դարի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիրը՝ Արամ Մանուկեանը:

Բուն անունով Սերգէյ Յովհաննիսեանը՝ Արամը ծնւել է 1879 թւականին Զանգեզուրի Զէյւա գիւղում: Իր ծննդավայրում նախնական կրթութիւնը ստանալուց յետոյ պատանի Սերգէյն ուսումը շարունակելու նպատակով տեղափոխւում է Շուշի, ուր բնակւում էր նրա աւագ եղբայրը: Շուշիում, Արամը նախ սովորում եւ աւարտում է տեղի ծխական դպրոցը, որից յետոյ էլ ընդունւում է Շուշիի թեմական դպրոցը, որն այդ տարիներին Կովկասի կարեւորագոյն ուսումնական հաստատութիւններից մէկն էր:

Հէնց Շուշիի թեմական դպորցում սովորելու տարիներին էլ պատանի Արամը ծանօթանում է հայ յեղափոխական շարժման եւ նրա դրօշակակրի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարներին եւ փարւում է դրանց: Շատ շուտով դրանք դառնում են իր նկարագրի անբաժան մասնիկը, կերտողն ու ձեւաւորողը, գծելով նրա ողջ գիտակցական կեանքի ապագայ ուղին: Արամը ողջ էութեամբ նւիրւում է հայոց ազատագրական պայքարին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, Շուշիի թեմական դպրոցում դառնալով դրա ամեանակտիւ քարոզիչներից ու տարածողներից մէկը: Հէնց այդ բացայայտ գործունէութեան պատճառով էլ Արամը հեռացւում է դպրոցից եւ ստիպւած տեղափոխւում է Երեւան, ուր աւարտում է տեղի թեմական դպրոցը:

1901 թւականին կազմակերպական բացառիկ ունակութիւններով օժտւած, երիտասարդ, գաղափարական յեղափոխականը, կուսակցութեան ղեկավար մարմնի որոշմամբ գործուղւում է Բաքու, ուր լծւում է տեղի նաւթարդիւնաբերութեան ոլորտում աշխատող հայ բանւորների ազգային, յեղափոխական եւ գաղափարական պատրաստութեան գործին:

Արամը, սակայն, երազում էր Երկիր տեղափոխւելու եւ այնտեղ գործելու մասին: 1903 թւականին նա տեղափոխւում է Կարս, որն այդ օրերին յայտնի էր որպէս Դաշնակցութեան՝ դէպի Երկիր տեղափոխւող յեղափոխական գործիչների հնոցն ու դարբնոցը: Կարսում տեղի ՀՅԴ ԿԿ-ն նախընտրում է Արամին պահել իր մօտ, որպէսզի օգտւի նրա ղեկավարի բացառիկ ունակութիւններից: Մէկ տարւայ ընթացքում Արամն առանցքային դերակատարութիւն է ունենում դէպի Երկիր տեղափոխւողների գաղթարական եւ մարտական պատրաստւածութեան եւ զէնքի փոխադրութեան կազմակերպման գործում: Մէկ տարի անց, 1904 թւականին Արամին վերջապէս յաջողւում է իրագործել իր նւիրական երազանքը: Նա տեղափոխւում է Երկիր, որպէսզի անցին Վան եւ այնտեղից էլ Սասուն, յեղափոխական գործը կազմակերպելու նպատակով: Հանգամանքների բերումով, Արամը ստիպւած է լինում մնալ Վանում: Երեւի թէ սա ճակատագրի տնօրինումն էր: Սկզբում «Պարոն Արամ» անունով յայտնի, Զանգեզուրի լեռներից սերող երիտասարդ այս գործիչը, կարճ ժամանակում այնպէս մերւեց վան-վասպուրականցիներին ու դարձաւ նրանցից մէկը, որ մկրտւեց Վանայ Արամ անունով: Արամը շատ արագ դարձաւ ոչ միայն ՀՅԴ Դուրան-Վասպուրականի կազմակերպութեան, այլեւ ողջ Վան-Վասպուրականի հայութեան առաջին դէմքն ու նրա հաւաքական ուժն ու քաղաքական կամքը մարմնաւորող ղեկավարը:

1904 թւականից սկսած, կարճ ընդհատումներով, Արամի յեղափոխական գործունէութեան եւ կեանքի երկրորդ շրջանը հիմնականում կապւած է Վան-Վասպուրականի հետ: Արամի ներկայութեան եւ գործունէութեան շնորհիւ էր, որ Վան-Վասպուրականը դարձաւ ազգային-ազատագրական պայքարի եւ Արեւմտեան Հայաստանի փաստացի քաղաքական կենտրոնը:

Արամի քաղաքական կենսագրութեան համար ճակատագրական նշանակութիւն ունեցաւ 1915-1917 թւականները: 1914 թւականին, երբ պայթեց Առաջին Համաշխարհային պատերազմը, Արամը բնազդաբար զգալով մօտալուտ վտանգն ու ողբերգութիւնը, նետւեց Վանի եւ Վասպուրականի հայութեան ինքնապաշտպանութեան կազմակերպման գործին: Նրա անմիջական ղեկավարութեամբ զէնք-զինամթերք էր պահեստաւորւում, զինւում էր ժողովուրդն ու կազմակերպւում էին զինեալ խմբեր: Միեւնոյն ժամանակ, նա փորձում էր իշխանութիւնների հետ բանակցութիւնների միջոցով, ժողովրդին հնարաւորինս հեռու պահել օրհասական վտանգից:

Արշակ Վռամեանի եւ Իշխանի սպանութիւնից յետոյ, ապստամբունթիւնն անխուսափելի էր. Արամի հրահանգով Վան-Վասպուրականն ապստամբութեան դրօշ պարզեց: Նա դարձաւ այդ ապստամբութեան եւ հերոսական ինքնապաշտպանութեան ղեկավարն ու ոգին: Արամի գործադրած անմիջական ջանքերի շնորհիւ էր, որ Վան-Վասպուրականի հայութեան մեծամասնութիւնը խուսափեց բնաջնջման անխուսափելի թւացող վտանգից:

Ազատագրւած Վան, հայկական կամաւորական ջոկատների եւ ռուսական բանակի ստորաբաժանումների յաղթական մուտքից յետոյ, Արամը դարձաւ Վան-Վասպուրականի անկախութեան ղեկավարը: Նա ձեռնամուխ եղաւ քաղաքացիական իշխանութեան ձեւաւորմանը, փորձելով ամէն գնով ամրապնդել իշխանութիւնն ու կանխել Վան-Վասպուրականի հայաթափումը: Նա, սակայն, չկարողացաւ կանխել ցարական Ռուսաստանի դաւադիր ծրագիրը: Ռուսական բանակի չհիմնաւորւած նահանջի արդիւնքում, Արամը ստիպւած եղաւ կազմակերպել Վան-Վասպուրականի հայութեան նահանջը դէպի Արեւելեան Հայաստան:

Այնուհետեւ, Արամը հաստատւեց Թիֆլիսում, որտեղ զբաղւում էր արեւմտահայ գաղթականների գործերով: Եւ հէնց այստեղ էլ սկսւեց նրա քաղաքական կեանքի վերջին՝ երրորդ եւ, թերեւս ամենակարեւոր հանգրւանը:

1917 թւականի օրհասական օրերին, երբ ռուսական բանակի նահանջից յետոյ, կազմաքանդւել էր ողջ ռազմաճակատը, Հայոց ազգային խորհրդի որոշմամբ, Արամը գործուղւում է Երեւան: Երեւան ժամանելու առաջին իսկ օրից, մինչ Հայաստանի Հանրապետութեան ձեւաւորումը, Արամը դառնում է Երեւանի նահանգի փաստացի ղեկավարը: Ժողովուրդն իր ճակատագիրը վստահում է Արամին. նրան հռչակում է «դիկտատոր»:

Արամն անմիջապէս քայլեր է ձեռնարկում Երեւան քաղաքում եւ նահանգում իրավիճակի կայունացման, կարգ ու կանոն հաստատելու, ժողովրդի մօտ խուճապային՝ անկումային հոգեբանութիւնը կանխելու նպատակով: Այդ նպատակով, նա կտրուկ, երբեմն ծայրայեղ, բայց միանշանակ արդարացւած քայլերի է դիմում եւ երկաթէ կամքի, քաղաքական հեռատեսութեան ու շրջահայեաց մօտեցման շնորհիւ կարողանում է կանխել Արեւելեան Հայաստանի կազմաքանդումը, խուճապահար ժողովրդի մօտ վերականգնում եւ ամրապնդում է ցանկացած գնով կռւելու եւ յաղթելու ոգին, նրանց պայքարի է մղում՝ կերտելով ինչ-որ տեղ ոչ մի տրամաբանութեան սահմաններում չտեղաւորւող եւ անկարելի թւացող յաղթանակը:

Արամի քաղաքական գործունէութեան գագաթնակէտն անշուշտ 1918 թւականի Մայիսեան փառահեղ յաղթանակներն ու Հայաստանի անկախ Հանրապետութեան հռչակումն էր: Պատմական փաստ է. չլինէր Արամ չէին լինի Մայիսեան յաղթանկները, չէր լինի նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը:

1918 թւականի Մայիսի 28-ին Թիֆլիսում գտնւող Հայոց ազգային խորհուրդը, հանդէս գալով ողջ հայ ժողովրդի անունից, հռչակեց երկրի անկախութիւնը: Մինչ Թիֆլիսից նորաստեղծ կառավարութեան ժամանումը Երեւան, Արամը շարունակում է ղեկավարել երկիրը, փորձելով ստեղծել եւ ձեւաւորել պետական կառավարման մեքենան եւ դրա համար անհրաժեշտ ենթակառուցւածքները:

Յովհաննէս Քաջազնունու գլխաւորած կառավարութիւնում, Արամը զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտօնը: Այդ պաշտօնում էլ Արամը շարունակում է մնալ երկրի փաստացի ղեկավարը, առանցքն ու պետականութեան ոգին: Նա ժողովրդի սիրելին էր, նրա անմիջական մասնիկը: Ոչնչով չէր տարբերւում շարքային քաղաքացուց, հրաժարւել էր նախարարների համար նախատեսւած բոլոր արտօնութիւններից (ի դէպ, այդպէս էին վարւել նաեւ Առաջին Հանրապետութեան գրեթէ բոլոր հիմնադիր ու ղեկավար այրերը): Նրա ընտանիքն ապրում էր ամենահամեստ պայմաններում, նոյն կենցաղով՝ ինչ մայրաքաղաքի բոլոր ընտանիքները:

Այդ օրերի ծանրաբեռւած աշխատանքն աւելի է հիւծում Արամի առողջութիւնը, որը քայաքայւել էր տարիների ընթացքում, յեղափոխական պայքարի ծանր պայմանների եւ, բնականաբար, անուշադրութեան արդիւնքում: 1919 թւականի յունւարին Արամը վարակւում է ողջ երկիրը պատուհասած բծաւոր տիֆով: Ծանր հիւանդութեան դէմ կարճատեւ պայքարից յետոյ, յունւարի 29-ի միջօրէին նա հրաժեշտ է տալիս կեանքին:

Արամի յուղարկաւորութիւնն ու թաղումը վերածւում է համազգային սգոյ իւրայատուկ արարողութեան: Նրա յուղակաւորութեանը յուզիչ ճառ է կարդում Նիկոլ Աղբալեանը, նշելով. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգու սենեակն ու խօսէք ձեր խղճի հետ եւ ասէք` արդեօք աշխատե՞լ էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞լ էք անձնազոհ, որքան Արամը, տւե՞լ էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:

Արամի մահը հետեւում է Ռոստոմի մահւանը: Ընդամենը տասն օրւայ ընթացքում այս երկու հսկաների կորուստն անդառնալի հետեւանքներ է ունենում նորանկախ Հայաստանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար:

Այսօր, երբ մէկդարեայ հեռաւորութիւնից քննութեան ենք առնում այդ օրերի պատմութիւնը, ցաւով ենք արձանագրում, որ այս երկու հսկաների միաժամանակ կորուստն ինչպիսի քաղաքական բաց ստեղծեց օրհասական ու բարդ այդ օրերին: Աւելի որոշակիօրէն խօսելով Արամի մասին, պէտք է միանշանակ փաստենք, որ նա էր այն եզակի քաղաքական գործիչը, որը կարող էր երկիրը ղեկավարել քաոսային այդ օրերին: Անշուշտ, անմտութիւն կը լինի չհամաձայնւել պատմաբանների այն գնահատականին, որ եթէ կենդանի մնար Արամը, ապա Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում պատմական-քաղաքական իրադարձութիւնները կարող էին տրամագծօրէն այլ ընթացք ունենալ:

Երիցս իրաւացի են նրանք, ովքեր պնդում են, որ Արամն այն եզակի գործիչն էր, որը կարող էր ամրապնդել նորաստեղծ պետականութեան հիմքերը, բոլորովին այլ հուն տեղափոխէր քաղաքական իրադարձութիւնների զարգացման ընթացքը, համախմբէր ժողովրդին, ամրապնդէր նրա կամքը՝ դժւարութիւնները յաղթահարելու դժւարին գործում եւ, ամենակարեւորը՝ ղեկավարէր եւ յաղթանակով պսակէր հայ ժողովրդի կամքն ու ուժը ջլատող դաւաճանների դէմ պայքարը:

Մէկ հարիւրամեակ անց, այսօր եւս այժմէական է հնչում, սպառման ժամկէտ չունեցող Արամի մարգարէութիւնն, որը բոլոր սերունդների երթը լուսաւորող անմար փարոսն է. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։