Հա

Գաղափարական

18/02/2019 - 11:06

Բոլշեւիկներն իրենց համարում էին ամենախելացին, եւ երկրի կառավարման հարցում ուրիշ որեւէ տեսակէտ կամ կարծիք նրանց համար հետաքրքիր չէր

Ի՞նչ ասելիք ունի 1921 թ. Փետրւարեան ապստամբութիւնն այսօր իւրաքանչիւրիս եւ մասնաւորապէս ղեկավար մարմիններում ընդգրկւած անձանց, ի՞նչ սխալներից է անհրաժեշտ խուսափել` մեր երկրի խաղաղ եւ անվտանգ կեանքն ապահովելու համար. «Yerkir.am»-ի այս եւ յարակից հարցերին է անդրադառնում պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանը:

«alikonline.ir»- Ի՞նչ ասելիք ունի 1921 թ. Փետրւարեան ապստամբութիւնն այսօր իւրաքանչիւրիս եւ մասնաւորապէս ղեկավար մարմիններում ընդգրկւած անձանց, ի՞նչ սխալներից է անհրաժեշտ խուսափել` մեր երկրի խաղաղ եւ անվտանգ կեանքն ապահովելու համար. «Yerkir.am»-ի այս եւ յարակից հարցերին է անդրադառնում պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանը:

 

- Որո՞նք էին 1921 թ. Հայաստանում տեղի ունեցած Փետրւարեան ապստամբութեան հիմնական պատճառները:

- Առաջինը պէտք է նշել սոցիալ-տնտեսականը: Երբ Հայ յեղկոմն եկաւ իշխանութեան, սկսեց կիրառել ռազմական կոմունիզմի եւ բռնագրաւումների քաղաքականութիւն ամբողջ Հայաստանում: Ցեղասպանութիւնից եւ պատերազմներից տուժած բնակչութեան համար շատ դժւար էր բոլշեւիկեան բռնագրաւումներին դիմագրաւելը եւ դրանց հետեւանքները տանելը: Հայ գիւղացուն վերջին ունեցւածքից զրկելը, բնականաբար, դժգոհութիւնների էր տեղիք տալիս: Ժողովրդի համբերութեան բաժակը մի օր պէտք է լցւէր, եւ նա պէտք է ընդւզէր:

Ապստամբութեան պատճառների մէջ առանցքային էր նաեւ 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքւած Երեւանի համաձայնագրի կէտերի չյարգելը բոլշեւիկեան իշխանութիւնների կողմից: Բոլշեւիկները պարտաւորւել էին չհալածել ոչ բոլշեւիկեան կուսակցութիւնների ներկայացուցիչներին, պահպանել Հայաստանի անկախութիւնը: Սակայն բոլշեւիկները չյարգեցին իրենց խոստումը: Հայ յեղկոմն իրականացրեց բռնութիւնների եւ ձերբակալութիւնների քաղաքականութիւն: Բոլշեւիկեան իշխանութիւններն սկսեցին հալածանքներ նախկին կառավարութեան ներկայացուցիչների ու յատկապէս մտաւորականութեան հանդէպ: Արդէն դեկտեմբերի 4-ին, Հայաստանում խորհրդային իշխանութիւն հաստատելուց ընդամէնը 2 օր անց, ձերբակալւեցին յայտնի մտաւորականներ, իսկ մի քանի օր յետոյ` նախկին կառավարութեան անդամներ` Համօ Օհանջանեանի գլխաւորութեամբ:

Դեկտեմբերի կէսերին սկսւեց ձերբակալութիւնների նոր ալիք: 1921 թ. յունւարի վերջին Հայաստանի բանտերը լցւած էին այն անձանցով, որոնք ինչ-որ առումով չէին կիսում խորհրդային իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը: Փետրւարի սկզբին սկսւել էր նաեւ ձերբակալւած գործիչներին սպանելու գործընթացը: Բանտերում գտնւող ոչ բոլշեւիկեան կուսակցութիւնների ներկայացուցիչների, մտաւորականների եւ քաղաքական գործիչների ճակատագիրը յուզում էր ինչպէս ժողովրդին, այնպէս էլ դեռեւս ազատութեան մէջ գտնւող դաշնակցականներին:

Փետրւարեան ապստամբութեան պատճառներից յաջորդը բոլշեւիկեան իշխանութիւնների կողմից հայոց ազգային արժէքների ոտնահարումն էր: Բոլշեւիկները հեգնում էին անկախութեան, Արեւմտեան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու գաղափարները, ազգային խորհրդանիշերը` «Մեր հայրենիք»-ը, եռագոյնը եւ Հայաստանի Առաջինին Հանրապետութեան զինանշանը: Նոյնիսկ խօսք էր գնում ռուսերէնը որպէս պետական լեզու հայերէնին փոխարինելու մասին: Սա նոյնպէս առաջացնում էր ժողովրդի դժգոհութիւնը:

Ապստամբութեան պատճառներից էր նաեւ հայ սպաների նկատմամբ կիրառւած տեռորը: 1000-ից աւել հայ սպաներ, որոնց մեծամասնութիւը 1-2 տարի առաջ մարտնչել էր յանուն Հայաստանի անկախութեան, ձերբակալւեցին եւ աքսորւեցին Ռուսաստան` նվաստացուցիչ հանգամանքներում: 

 

- Արդեօք սա ժողովրդական ինքնաբու՞խ էր ապստամբութիւն էր, թէ՞ ՀՅԴ կուսակցութեան կողմից էր հրահրւել:

- Տարբեր մօտեցումներ կան այս հարցում, բայց գիտական տեսակէտն այն է, որ ժողովրդի դժգոհութիւնները հասունացած էին, եւ ապստամբութիւնը պէտք է պայթէր, իսկ Դաշնակցութիւնը պարզապէս եկաւ ղեկավարելու արդէն ժողովրդի սկսած ինքնաբուխ շարժումը` յստակ գիտակցելով հայութեան գլխին կախւած վտանգը:

Փետրւարի 18-ին ապստամբները մտան Երեւան: Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ հռչակւեց Հայրենիքի փրկութեան կոմիտէն: Վերջինս հանդէս եկաւ յայտարարութեամբ եւ յայտնեց, որ որպէս  Հայաստանի ժամանակաւոր կառավարութիւն գործելու էր այնքան ժամանակ, մինչ  տեղի կունենային ժողովրդավարական սկզբունքներով համապետական ընտրութիւններ:

 

- Ինչո՞ւ հերթն ընտրութիւններին չհասաւ:

- Խորհրդային Ռուսաստանն ամէն կերպ աջակցեց Հայաստանի բոլշեւիկներին` վերականգնելու համար իրենց իշխանութիւնը Երեւանում: Ամիսուկէս անց բոլշեւիկները ռուսական զօրքի օգնութեամբ մտան Երեւան, իսկ ապստամբների մեծ մասն ստիպւած եղաւ Գառնիի վրայով անցնել Զանգեզուր, ապա` Պարսկաստան:

 

- Ինչպիսի՞ն էր մեր ժողովրդի վերաբերմունքը Հայրենիքի փրկութեան կոմիտէի նկատմամբ:

- Դատելով ժամանակի մամուլում առկայ տեղեկութիւններից, ինչպէս նաեւ յուշագիրների` մեզ փոխանցած հաղորդումներից, ժողովուրդն ուրախացել էր բոլշեւիկեան իշխանութեան տապալումով, որովհետեւ վերջինները, իրենց կառավարման երկուսուկէս ամսւայ ընթացքում այնպիսի աղէտների առջեւ էին կանգնեցրել երկրի բնակչութեանը, որ այլեւս մարդիկ չէին կարող հանդուրժել բոլշեւիկների յետագայ իշխանութիւնը: Սրա մասին վկայում են անգամ բոլշեւիկեան ղեկավար գործիչների կողմից ակամայ արւած յայտարարութիւնները: Մասնաւորապէս յիշատակման է արժանի Վ. Ի. Լենինի յայտնի նամակը: Ապրիլի կէսերին նա Կովկասի կոմունիստներին նամակ էր յղել` կոչ անելով մեղմ վերաբերւել բնակչութեան եւ յատկապէս մտաւորականութեան նկատմամբ, եթէ անգամ նրանք եղել են ՀՅԴ անդամներ: Կարելի է ենթադրել, որ Հայ յեղկոմի վարած բռնութիւնների եւ բռնագրաւումների քաղաքականութիւնն ընկալելի չէր նաեւ Մոսկւայի համար: Փետրւարեան ապստամբութիւնից եւ Լենինի այս նամակից յետոյ բոլշեւիկեան բռնութիւնները Հայաստանում դադարեցւեցին: Հայ յեղկոմի այն կազմը, ովքեր եկել էին իշխանութեան, բոլորը հեռացան Հայաստանից: Մոսկւան էլ գիտակցեց, որ իշխանութեան եկած Հայաստանի ռազմայեղափոխական կոմիտէն արկածախնդրութեան էր գնացել, որովհետեւ  Հայաստանում նրանք կիրառել էին այնպիսի քայլեր, որոնք քննութիւն չէին բռնել Խորհրդային Ռուսաստանում: Հայ յեղկոմի անդամները գիտէին, որ ռազմական կոմունիզմն իրեն չէր արդարացրել, բայց խաղաղ ճանապարհով իշխանութեան եկած Հայ յեղկոմն արիւն էր տենչում: Ժամանակակիցները վկայում էին, որ նրանց համար յեղափոխութիւնը նշանակում էր արյիւն եւ աւերածութիւններ, որ նրանք տենչում էին քաղաքացիական կռիւների: Այս տրամաբանութիւնն էր երկիրը հասցրել քաղաքացիական կռիւների եւ Փետրւարեան ապստամբութեան:

 

- Որո՞նք են Փետրւարեան ապստամբութեան դասերը եւ այժմէականութիւնը:

- Գլխաւոր դասն այն է, որ ոչ մի իշխանութիւն իրեն անպատժելի չպէտք է համարի:

Միւս դասն անկախութեան գաղափարն է: Դեկտեմբերի 2-ին Հայ յեղկոմը եւ Խորհրդային Ռուսաստանը յայտարարել էին, որ իրենք երաշխաւորելու էին Խորհրդային Հայաստանի անկախութիւնը, բայց արդէն յաջորդ օրերին պարզ երեւաց, որ, ընդհակառակը, նրանք ոտնահարելու էին հայոց երկրի անկախութիւնը: Հայ ժողովուրդը, զէնք բարձրացնելով, ցոյց տւեց, որ անհրաժեշտութեան դէպքում, եթէ խնդիրը վերաբերում է անկախութեանը, ինքը կարող է կռւել անգամ հզօր Ռուսաստանի դէմ, որովհետեւ իրականում Հայաստանի բոլշեւիկեան իշխանութիւններն իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Փետրւարեան ապստամբութիւնը սերունդներին փոխանցեց, որ անկախութիւնը գերագոյն արժէք է եւ այն չպէտք է սակարկութեան դնել:

Փետրւարեան ապստամբութեան յաջորդ դասը նոյնպէս արդիական է. պէտք է հաշւի առնել քաղաքական տարբեր ուժերի, բնակչութեան բոլոր խաւերի տեսակէտները երկրի կառավարման հարցում, անկախ նրանից,  կիսում ես, թէ` չէ նրանց հայացքները: Բոլշեւիկների համար մերժելի էին ամբողջ նախկինը եւ ցանկացած տեսակէտ, որը չէր համընկնում իրենցին, նոյնիսկ եթէ իրենց մերժած տեսակէտը կարող էր շատ կարեւոր արժէք ունենալ: Նրանք իրենց համարում էին ամենախելացին, եւ երկրի կառավարման հարցում ուրիշ որեւէ տեսակէտ կամ կարծիք նրանց համար հետաքրքիր չէր: Եւ դրա հետեւանքով պայթեց Փետրւարեան ապստամբութիւնը: Նման անցանկալի իրադարձութիւններից խուսափելու համար անհրաժեշտ է հաշւի առնել այս հանգամանքը եւս:

Մ.Հ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։