Հա

Գաղափարական

18/02/2019 - 11:00

Յովհաննէս Քաջազնունին 1921թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին

Հայոց նորագոյն պատմութեան մէջ իւրայատուկ տեղ է զբաղեցնում 1921թ. փետրւարեան ապստամբութիւնը: Ապստամբութեան առաջացման պատճառներին եւ ընթացքին, ապստամբութեան օրերին հասարակական-քաղաքական եւ ռազմական մի շարք յայտնի գործիչների գործունէութեան պատմաբանները բազմիցս անդրադարձել են:

Հայկ Մարտիրոսեան

Հայոց նորագոյն պատմութեան մէջ իւրայատուկ տեղ է զբաղեցնում 1921թ. փետրւարեան ապստամբութիւնը: Ապստամբութեան առաջացման պատճառներին եւ ընթացքին, ապստամբութեան օրերին հասարակական-քաղաքական եւ ռազմական մի շարք յայտնի գործիչների գործունէութեան պատմաբանները բազմիցս անդրադարձել են: Սակայն քչերին է յայտնի, որ Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յ. Քաջազնունին ակտիւօրէն մասնակցել է փետրւարեան ապստամբութեանը: Պատմաբանների տեսադաշտից յայտնի պետական ու կուսակցական գործչի գործունէութեան անյայտ մնալը պայմանաւորւած է նրանով, որ պատմագրութեան մէջ մինչ օրս ընդունւած է եղել յիշատակել, որ Յ. Քաջազնունին, Ն. Աղբալեանի, Լ. Շանթի եւ մի շարք այլ յայտնի հասարակական-քաղաքական գործիչների հետ, ձերբակալւել է 1921թ. փետրւարի 9-10-ին, փետրւարի 18-ին ազատւել է բանտից, իսկ ապստամբութեան պարտութիւնից յետոյ անցել է Զանգեզուր, այնտեղից էլ արտասահման: Որոշակի տեղեկութիւն Յ. Քաջազնունու` փետրւարեան ապստամբութեանը մասնակցելու մասին տալիս է Ս. Վրացեանը իր յայտնի աշխատութիւններում եւ«Հայրենիք» ամսագրում տպագրւած մի շարք յօդւածներում: Միաժամանակ, Յ. Քաջազնունին նոյնպէս իր յուշերում անրադարձել է փետրւարեան ապստամբութեանը, որը տպագրւել է Ս. Վրացեանի խմբագրութեամբ: Դեկտեմբերի 2-ին Երեւանի համաձայնագրով իշխանութիւնը բոլշեւիկներին յանձնելուց յետոյ ՀՅԴ Բիւրօն եւ հակաբոլշեւիկեան գործունէութեամբ առաձնապէս աչքի ընկած դաշնակցակաները հեռացան Հայաստանից: Հայաստանում կուսակցութեան պատասխանատու նշանակւեց  Ս. Վրացեանը: Իշխանութեան գալու առաջին իսկ պահից` Ս. Կասեանի ղեկավարած Հայաստանի  յեղկոմը խախտեց դեկտեմբերի 2-ի համաձայնագրի կէտերը:   Ընդօրինակելով Ռուսաստանում իրականացւող տնտեսական քաղաքականութիւնը` Հայ յեղկոմը երկրում մտցրեց «ռազմական կոմունիզմ», որի էութիւնը պարենմասնատրման կենսագործումն էր, այսինքն` գիւղացիութիւնից հացի եւ այլ մթերքների աւելցուկների անհատոյց բռնագրաւումը:

Երկրով մէկ մոլեգնող բռնագրաւումները ու խուզարկումները կատարւում էին անկազմակերպ եւ օրապահանջ նկատառումներով, որը յանգեցնում էր յաւելեալ լարւածութեան, սակայն այս հանգամանքը չխանգարեց, որ բոլշեւիկները յունւարի սկզբին սկսեն բռնութիւնների նոր ալիք. այս անգամ ձերբակալութիւններից ու աքսորից չխուսափեց բանակը, յատկապէս սպայական կազմը: 1921թ. յունւարի 11-ին Մոսկւայի պահանջով ՀՍԽՀ բանակի հրամանատարի պաշտօնից ազատւում է Դրօն եւ մի խումբ հայ սպաների հետ տեղափոխւում է Բաքու, որտեղից էլ` Մոսկւա: Դրոյի հեռացմանն անմիջապէս հետեւեց սպաների առաջին խմբի (շուրջ 200 հոգի) աքսորը: Գ. Աթարբեկեանի ժամանելուց (յունւարի14) յետոյ եւս 1000 սպա բռնեցին աքսորի ճամփան, ինչը բնակչութեան շրջանում դժգոհութիւններ առաջացրեց:

Փետրւարի սկզբին ձերբակալութիւններ սկսւեցին մտաւորականների շրջանակներում: Փետրւարի 9-ի, լոյս 10-ի գիշերը իրականացւեցին զանգւածային ձերբակալութիւններ: Ս. Վրացեանը յիշատակմամբ` այդ գիշերը ձերբակալւել է աւելի քան 200 յայտնի հասարակական գործիչ, որոնց թւում յիշատակում է Յ. Քաջազնունուն:

Սակայն վերջերս յայտնաբերւած արխիւային մի փաստաթղթի եւ Յ. Քաջազնունու անձնական յուշերի ուսումնասիրութիւնը ցոյց են տալիս, որ Յ. Քաջազնունուն ձերբակալել են փետրւարի 11-ի ուշ երեկոյեան: Նշւած փաստաթղթի համաձայն` Հայաստանի արտակարգ յանձնաժողովը 1921թ. փետրւարի 12-ին կազմել էր կալանքի տակ վերցւածների 2 ցուցակ. մէկը` փետրւարի 9-ի լոյս 10-ի գիշերւայ համար, (թւով 88 «հակայեղափոխականներ»), միւսը` փետրւարի 11-ի, լոյս 12-ի գիշերւայ համար` (թւով 18 մարդ), ընդամենը 106 մարդ:

Յ. Քաջազնունուն ձերբակալել են փետրւարի 11-ի, լոյս 12-ի գիշերը վերջին պահին, այդ իսկ պատճառով նրա անունն ընդգրկւած չի եղել ցուցակում: «Ութն օր չեկայի բանտում» վերնագրւած յուշերում Հ. Քաջազնունին շատ տպաւորիչ նկարագրում է իր ձերբակալութիւնը, հարցաքննութիւնը եւ բանտում անցկացրած օրերը: Նա այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, ում նկատմամբ եւ՛ ժողովուրդը, եւ՛ տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում` բոլշեւիկները, առանձնայատուկ յարգանքով էին վերաբերւում:

Փետրւարի 16-ի լոյս 17-ի գիշերը երկրում բռնկւած համաժողովրդական ապստամբութիւնն արագ զարգացում ունեցաւ: Արդէն փետրւարի 18-ին ապստամբները գրաւեցին Երեւանը: Բանտերից ազատւեցին բոլոր բանտարկեալները, այդ թւում եւ Յ. Քաջազնունին: Նոյն օրը գումարւած ժողովին, մասնակցում էին նախկին կառավարուեան եւ խորհրդարանի անդամներ, անհատ գործիչներ եւ ապստամբած խմբերի ներկայացուցիչներ: Ժողովում որոշւում է լրացումներ կատարելով վերականգնել Ս.Վրացեանի կառավարութիւնը` «Հայրենիքի փրկութեան կոմիտէ» (Հփկ) անւանումով, որը եւ դառնում է փաստացի իշխանութիւնը Հայաստանում: Նորաստեղծ Հփկ-ն արձակում է իր թիւ 1 հրամանը, որով ազդարարում է Հայաստանում խորհրդային իշխանութեան տապալման եւ մինչեւ կառավարութեան կազմւելը իր կողմից ամբողջ իշխանութիւնը ստանձնելու մասին: Յ Քաջազնունին Հփկ-ի անդամ չի եղել, բայց իր փորձով եւ գիտելիքներով գործուն մասնակցութիւն է ունեցել Հփկ-ի աշխատանքներին: Իր ինքնակենսագրականներում Յ. Քաջազնունին միշտ շեշտել է, որ բանտից դուրս գալուց յետոյ  մեկուսացւել է բոլոր գործերից: Եւ դա բնական էր, քանի որ ինքնակենսագրականները գրւել են Խորհրդային Հայաստան գալուց յետոյ: Հայաստանի ազգային արխիւում պահւող Յ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացութիւնում ասւում է, որ 1937 թ. նոյեմբերի 16-ի հարցաքննութեան ժամանակ Յ. Քաջազնունին  ճանաչել է իր ակտիւ դաշնակցական գործունէութիւնը Հայաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, յայտարարել, որ խորհրդայնացումից յետոյ ձերբակալւել է, սակայն դաշնակցական խռովութեան  ժամանակ ազատւել է բանտից, իսկ այնուհետեւ դաշնակցական կառավարութեան միւս անդամների հետ փախել է Իրան: Նա արտասահմանից վերադառձել է 1924 թ. եւ մինեւ ձերբակալւելը ոչ մի հակախորհրդային գործունէութիւն չի ծաւալել:

Սակայն գործում առկայ նիւթերը հաւաստում են, որ Քաջազնունին բանտից ազատւելուց յետոյ ակտիւ մասնակցել է ՀՓԿ-ի գործունէութեանը: Այսպէս` 1921թ. փետրւարի 23-ով թւագրւած եւ «Հայրենիքի փրկութեան կոմիտէի» նախագահի ստորագրութեամբ պահպանւած մի թաստաթղթում ասւում է. որ Յ.Քաջազնունին մի խումբ ընկերների հետ մեկնել է Ղամարլուի շրջան` օգնելու տեղի «Հայրենիքի փրկութեան կոմիտէին» եւ աջակցել տեղի ինքնապաշտպանութեան կազմակերպմանը: ՀՓԿ մամուլի ու քարոզչութեան վարչութեան 1921թ. մարտի 21-ի գրութիւնում` ուղղւած Էջմիածնի «Հայրենիքի փրկութեան կոմիտէի» կայազօրի նախագահին, ասւում է, որ 1921թ. մարտի 20-ին «Հայրենիքի փրկութեան կոմիտէի» նախագահ Վարացեանը նախկին նախարարապետներ Քաջազնունու եւ Օհանջանեանի հետ միասին ուղեւորւել են Ղամարլու եւ վերադառնալուց յետոյ Վրացեանը հակախորհրդային բնոյթի յայտարարութիւն է կատարել, որը նպատակ էր հետապնդում նւազեցնելու ժողովրդի մէջ բոլշեւիկների հեղինակութիւնը: ՀՓԿ մամուլի ու քարոզչութեան վարչութեան 1921թ. մարտի 9-ի տեղեկատւութիւնում ասւում է, որ մարտի 9-ին կազմւել է վիրաւոր զինւորներին օգնութիւն կազմակերպելու մի յաձնախումբ նախկին վարչապետ Յ Քաջազնունու նախագահութեամբ:

Բոլոր այս նիւթերը մատնանշում են, որ Փետրւարեան ապստամբութեան արդիւնքում բանտից ազատւելուց յետոյ Յ. Քաջազնունին  ակտիւ մասնակցութիւն է ունեցել ապստամբութեանը եւ նրա ղեկավար մարմնի` ՀՓԿ-ի գործունէութեանը:

Ժամանակակիցների յուշերում նոյնպէս որոշակի տեղեկութիւններ կան Յ. Քաջազնունու այդ ժամանակաշրջանի գործունէութեան մասին: Մասնաւորապէս Ս.Վրացեանը իր յուշերում գրում է. «…ամբողջ փետրուարեան ապստամբութեան եւ նահանջի ընթացքին, գրեթէ ամէն օր միասին էինք. Հայրենիքի փրկութեան կոմիտէի անդամ չէր, բայց նրա բոլոր ժողովներին ներկայ էր եւ բոլոր գործերին տեղեակ ու մասնակից, ո՛չ որպէս ներկայ կամ դիտող, ինչպէս բժ. Յովսէփ Տէր Դաւթեանն էր, այլ իբրեւ գործօն դերակատար»:

Արխիւային այլ գործերում պահւող փատաթղթերում առկայ տեղեկութիւնները նոյնպէս որոշակի պատկերացում են տալիս փետրւարեան ապստամբութեան օրերին Յ. Քաջազնունու գործունէութեան մասին: Այսպէս, Հայրենիքի փրկութեան կոմիտէի 1921 թ մարտի 7-ի թիւ 11 նիստում, լսելով վերջին քաղաքացիական կռիւներում սպանւածների ընտանիքներին նպաստ տալու հարցը, որոշւում է կազմել մի յանձնաժողով քաղաքացիական կռւի զոհերի թիւը պարզելու եւ ծրագիր կազմելու` ընտանիքներին նպաստ յատկացնելու համար: Յանձնախմբի նախագահ է նշանակւում Յ. Քաջազնունին, իսկ անդամներ` Լ. Շանթը եւ գնդ. Մելիքեանը:

Այսպիսով, մեր ուսումնասիրութիւնները ցոյց տւեցին, որ 1937թ. Հ. Քաջազնունու մեղադրական գործի նիւթերում եւ արխիւային այլ փաստաթղթերի միջեւ կան էական որոշակի տարբերութիւններ: Եթէ մեղադրական գործում նշւում է, որ 1921 թ. մարտի 9-ին կազմւել է վիրաւոր զինւորներին օգնութիւն կազմակեւպելու  յանձնախումբ Յ. Քաջազնունու նախագահութեամբ, ապա Ազգային արխիւում պահւող Հփկ-ի մարտի 7-ի թիւ 11-րդ նիստի արձանագրութիւնում, կարդում ենք, որ որոշւել է կազմել քաղաքացիական կռիւներում զոհւածների թիւը պարզելու եւ նրանց ընտանիքներին նիւթական օգնութիւն յատկացնող յանձնախումբ: Ս. Վրացեանը յիշատակում է. «Բոլշեւիկների կողմից ձերբակալւածներ կամ սպանւածների աննեցուկ ընտանիքների օգնութեան համար կազմւած էր մի յանձնախումբ Յ. Քաջազնունու նախագահութեամբ»: Միաժամանակ պէտք է նշել, որ Յ.  Քաջազնունու մեղադրական գործի նիւթերում յիշատակւած որոշ դրւագներ համնկնում են Ս. Վրացեանի յուշերի հետ: Մասնաւորապէս 1921 թ. մարտի 20-ին Հփկ-ի նախագահը, Յ. Քաջազնունին եւ Յ. Օհանջանեանը այցելում են Ղամարլու դիրքեր ինչպէս նաեւ խորհրդակցութիւն ունենում զորահրամանատարութեան հետ:

Փետրւարեան ապստամբութեան օրերին Յ. Քաջազնունու գործունէութեան մասին Ս. Վրացեանը կարեւոր եւ շատ հետաքրքիր տեղեկութիւն է տալիս: Մասնաւորապէս նա գրում է. «Եւ փետրուարի 18-ից սկսած մինչեւ մայիս` մինչեւ Պարսկաստան անցնելը նա մասնակցեց Հայրենիքի փրկութեան կոմիտէի բոլոր աշխատանքներին, ներկայ եղաւ նրա նիստերից շատերին, բաժին ունեցաւ գործնական ձեռնարկների մէջ»: 1921թ. մարտի 20-ին Թիֆլիսից Երեւան է ժամանում բանաստեղծ Յ. Թումանեանը: Թիֆլիսահայ մտաւորականութեանը եւ անձամբ բանաստեղծին մտահոգել էր Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի կործանարար հետեւանքները, այդ իսկ պատճառով նա անձամբ էր եկել պարզելու ապստամբութեան պատճառները: Յ. Քաջազնունին, որին Թումանեանը անսահման վստահում էր, կառավարութեան կողմից նշանակւում է իբրեւ Յ Թումանեանի ընկերակից ու խորհրդական: Այնուհետեւ Յ Թումանեանը Յ Քաջազնունու ուղեկցութեամբ այցելում է կառավարական հիմնարկութիւնները, հիւանդանոցները, հանդիպում ժողովրդի տարբեր խաւերի ու բոլշեւիկ գերիների հետ: Յ. Թումանեանը, ծանօթանալով քաղաքում տիրող իրավիճակին, հեռագրում է Գ. Օրջոնիկիձէին, որով խնդրում էր, որ վերջինս իր հեղինակաւոր միջամտութեամբ վերջ տայ «այս ոչ ոքի համար հարկաւոր արիւնայեղութեանը»: Հփկ-ն գիտակցում էր, որ երկար չի կարողանայ դիմադրել բոլշեւիկեան Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով մարտի վերջերին ձեռնամուխ է լինում  նահանջի ծրագրերի մշակմանը: Առաջարկւում էր նահանջի երկու ճանապարհ` Բաշ-Գառնի-Դարալագեազ եւ Ղամարլու-Շարուր-Նախիջեւան: Քննարկումից յետոյ ընտրւում է առաջին տարբերակը, քանի որ երկրորդը վտանգաւոր ու անյուսալի էր: Բացի այդ` պէտք է յաղթահարւէր թշնամու դիմադրութիւնը, ինչը  նոր զոհերի պատճառ կը լինէր: Այս ծրագրի մշակման քննարկումներին մասնակցել է նաեւ Յ Քաջազնունին: Ապրիլի 2-ին խորհրդային ուժերը գրաւեցին Երեւանը. ապստամբութիւնը պարտւեց:

Նահանջող ժողովրդի հետ եւս կրելով զանազան զրկանքներ, Յ Քաջազնունին կարողանում է հասնել Զանգեզուր` որտեղից եւ անցնում է Իրան:

Այսպիսով, ամփոփելով պէտք է նշել, որ Յ Քաջազնունին  ակտիւ մասնակցութիւն է ունեցել Փետրւարեան ապստամբութեանն, ու Հայրենիքի փրկութեան կոմիտէի գործունէութեանը, քանի որ համոզւած  էր, որ այեւս անհնարին է հանդուժել բոլշեւիկեան բռնաճնշումները: Այնուհանդերձ ինչպիսի մասնակցութիւն եւ ինչպիսի դերակատարութիւն էլ որ ունեցել է Յ. Քաջազնունին փետրւարեան ապստամբութեան օրերին, այնուամենայնիւ փետրւարեան ապստամբութիւնը հայ ժողովրդի սերունդների յիշողութեան մէջ կը մնայ որպէս Հայոց հերոսական ու, միաժամանակ, ողբերգական պատմութեան անբաժան մասը:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։