Հա

Գաղափարական

19/02/2019 - 10:20

Անկեղծութեան ու խոստովանութեան պահ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանեանի խօսքը Ա. Մկրտչեանի 60-ամեակին նւիրւած միջոցառմանը:

 Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանեանի խօսքը Ա. Մկրտչեանի 60-ամեակին նւիրւած միջոցառմանը:

Արթուր Մկրտչեանի 60-ամեակին նւիրւած միջոցառումը անկեղծութեան ու խոստովանութեան երեկոյ է։

Այդպէս էր 10 տարի առաջ, երբ տօնում էինք ընկ. Արթուրի 50-ամեակը, այն հազւադէպ օրերից, երբ ճշմարտութիւնը ստւերում էր կեղծիքին, երբ ազնւութիւնն աւելի գերադասելի էր դառնում, երբ շողոքորթներն ասելիք չեն ունենում, երբ իրական պատմութիւնն ողողւում է ամենուր։ Կարելի է երկար խօսել՝ չդիմակայելով զգացմունքների պոռթկմանը։ Բայց տրւած հնարաւորութիւնը թելադրում է լինել կոնկրետ՝ առարկայական, խօսել ըստ էութեան, կամաց-կամաց բացելով ոչ վաղ անցեալի պատմութեան փակւած վարագոյրը, սրբելով այն թանձր փոշին, որի տակ թաքնւած են իմ սերնդակիցների չխամրած յիշողութիւնները, երեւան հանել այն դէպքերն ու դէմքերը որոնց մասին գիտակցաբար ժամանակաւորապէս լռեցինք, բայց չմոռացանք։

Այսօր բացառապէս պիտի խօսենք Արթուր Մկրտչեանի մասին, մեր նորօրեայ ազատագրական պայքարի ծնունդ Արթուր Մկրտչեանի, ով այդպէս էլ մնաց, որպէս Արցախի Հանրապետութեան պետականութիւն կերտողի խորհրդանիշ։ Մեր Անկախ Հանրապետութեան առաջին նախագահ, այո, առաջին ընտրւած նախագահ Արթուր Մկրտչեանի մասին, այն Արթուրի, ով լինելով Հ.Յ. Դաշնակցութեան անդամ, ընտրւելով Գերագոյն խորհրդի նախագահ, գերադասեց պետական ամենաբարձր ամբիոնից յայտարարելու, որ ինքը որեւէ կուսակցութեան անդամ չէ, որպէսզի դառնայ բոլորի նախագահը։

Մենք այսօր խօսում ենք այն Արթուրի մասին ով զինւորական հակումներ չունենալով, գերագոյն գլխաւոր հրամանատար հանդիսանալով հանդերձ, այդպէս էլ գերադասեց իր ուսերին չկրել զինւորական կոչումներ, ոչ էլ զինւորական համազգեստը դարձրեց ժամանակներին «մոդայիկ» դարձած հագ ու կապ։ Այն Արթուրի, որ այդպէս էլ առ այսօր չարժանացաւ պետական ամենաբարձր կոչումի ու պարգեւի, արժանացաւ աւելիին՝ ազնիւ ու պետական մտածելակերպով Առաջնորդի կոչումին։

Տեղին է այստեղ յիշել մեր մեծերից Աւետիս Ահարոնեանի խօսքերն ուղղւած Զօրավար Անդրանիկին.

«Միշտ էլ ցաւ ունեցայ Անդրանիկի ուսադիրների համար: Ազգային հերոսները պաշտօնական փայլ ու պատւից միշտ պէտք է ազատ մնան: Յարգանքն ու պաշտամունքը, որ ժողովուրդն է փռում իր ընտրեալների ոտքերի առջեւ, մշտական եւ անուշաբոյր խնկարկութիւն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատւոյ աստիճան չի կարող այն փոխարինել:

Սասունի արծիւը զօրավարութեան պատւանշանների պէտք չունէր: Հայ ժողովուրդն իր հոգում նրան շատ աւելի բարձր պատւանդանի վրայ էր դրել, քան կարող էր հասնել որեւէ զօրավար»:

Այդպիսին է նաեւ Արթուր Մկրտչեանը:

Մենք պիտի խօսենք այն առաջնորդ Արթուր Մկրտչեանի մասին, ով մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակներում չխուսափեց իր ուսերին պատասխանատւութիւն վերցնելուց, համոզւած լինելով, որ բոլորը կառաջնորդւեն իր նման անաղարտ զգացումներով, չպատկերացնելով նոյնիսկ իր նկատմամբ հնարաւոր խափանարար քայլերի մասին, որ կարող էին ձեռնարկել իր երբեմնի թիմակիցներն ու ազատագրական պայքարի առաջնորդներ հռչակւածները չգիտակցելով, որ դա ուղղւած է նորանկախ Արցախի պետութեան դէմ։

Մենք պիտի խօսենք հրապարակախօս եւ իր ունկնդիրների սիրտը շահած Արթուրի մասին, այն փոքրամարմին, բայց մեծ ոգու տէր Արթուրի, որ խորհրդային ու համայնավարական մտածելակերպ ունեցող մասսաների մէջ իր խօսքով կարողացաւ արթնացնել ազգային պատկանելիութեան ու ազատագրական պայքարին պատրաստ բջիջները` շահելով նրանց վստահութիւնը։ Այն ռամիկ ու չարքաշ ընտանիքի զաւակ Արթուրի, ով կարողացաւ իր մէջ ներդաշնակել Դիզափայտի ժեռ ու ապառաժ բարձունքների ու Արաքսի դաշտավայրի բնական հարստութիւնն ու բնութեան ոգին, հայ ժողովրդի կենցաղը, աւանդոյթներն ու սովորոյթները՝ հաւակնելով դառնալ հայ ազգագրութեան ճշմարիտ գիտակ։

Մենք պարտաւոր ենք խօսել այն Արթուրի մասին, ով իր բարոյեական կերպարն առաւել արժեւորեց իր օրինակելի ընտանիքով։ Այդպէս էլ ընտանիքի համար բարոյեականուիւնն ու համեստութիւնը թողնելով որպէս ամենամեծ ժառանգութիւն … Կարելի է շարունակել:

Ժամանակն ու պատմութիւնը մեծ դասեր ունեն։ Պատմութիւնը ժամանակի ընթացքում երբեմն դիտաւորեալ մոռացւում է, երբեմն կեղծւում։ Ներկայ ժամանակի պատմութիւնը դա մենք ենք՝ մեր անցած ուղիով ու արժէհամակարգով։ Մենք պարտաւոր ենք երեւան հանել իրական եւ ճշմարիտ պատմութիւնը։

Խոստովանութեան ու անկեղծութեան այս երեկոյին ինձ մնում է համեստօրէն եւ անկեղծ սրտով շնորհաւորել ընկ. Արթուրի տարեդարձը, հաւաստիացնել ներկաներին ու բոլոր նրանց, ովքեր խորութեամբ ու անաչառութեամբ են ընկալելու իմ ահազանգերը, որ մենք հաւատարիմ ենք այն բարձր ու վեհ գաղափարներին, որ դաւանում էր Արթուր Մկրտչեանը։

Հ.Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից ինձ վերապահւած է շնորհաւորել Արցախի հանրապետութեան իշխանութիւններին, Արթուր Մկրտչեանի հարազատներին ու գաղափարակից ընկերներին ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակի առիթով։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Արթուր Մկրտչեանը պէտք է համալրի Արցախի հերոսների շարքը
    Արթուր Մկրտչեանը պէտք է համալրի Արցախի հերոսների շարքը

    Սաղաթելեան. «Արթուր Մկրտչեանի դերակատարութիւնը Արցախի նորանկախ պետականութեան մէջ այն ժամանակւայ քաղաքական իրավիճակում եղել է բացառիկ»:

  • Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին
    Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին

    Փետրւարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահի 60-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրւարի 18-ին:

  • Յատուկ պատգամ, որից հայ ժողովուրդը պէտք է հետեւութիւններ անի
    Յատուկ պատգամ, որից հայ ժողովուրդը պէտք է հետեւութիւններ անի

    «Առաւօտ»-ը  զրուցել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

  • Արթուր Մկրտչեանը կը դառնար 60 տարեկան
    Արթուր Մկրտչեանը կը դառնար 60 տարեկան

    Այսօր լրանում է ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: Գրում է «Yerkir.am»-ը:

  • Աղքատութիւնը գիւղացու գլխում է, իսկ խե՞լքը…
    Աղքատութիւնը գիւղացու գլխում է, իսկ խե՞լքը…

     Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլեւ քաղաքական բուռն օրեր է ապրում: Կարծես թէ պետական կեանքը եռում է, անսպասելի լուրերի, քաղաքական ու հասարակական ակտիւ անցուդարձերի պակաս չի զգացւում, եւ թւում է՝ այս բուռն մթնոլորտում  ինչ-որ նոր բան պիտի ծնւի, բայց ապարդիւն…Վերջին մէկ-երկու ամսում հրապարակ նետւած օրակարգերը եղել են հիմնականում անկարեւոր ու շինծու, իսկ այն ինչին արժեր սպասել, նոյնպէս եղաւ անպտուղ: Խօսքն, անշուշտ, կառավարութեան ծրագրի մասին է, այն ծրագրի, որի մասին ասւում էր, թէ պիտի լինի յեղափոխական ու տնտեսական թռիչք ապահովող: Պարզւեց, որ այստեղ ոչ մի թռիչք էլ չկայ, ոչ մտքի, ոչ թւերի, ոչ էլ երևակայութեան…Այստեղ կայ «պէտք է» եւ «անհրաժեշտ է» բառերի շռայլում, ինչն էլ, ըստ կազմողների եւ, ըստ էութեան, պիտի ապահովի այդ թռիչքը: Բայց, քանի որ, դա կասկածելի է, նախապէս որոշւած է, թէ ով է լինելու այս ծրագրի ձախողման մեղաւորը: Դէ, իհարկե, ժողովուրդը…Էլի այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որովհետեւ աղքատութիւնը ոչ թէ երկրում է կամ կառավարիչների, այլ նրանց՝ պարզ քաղաքացիների գլխում: Եւ այսպէս, ըստ վարչապետի արտայայտած մտքի, ստացւում է հետեւեալը, որ.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։