Հա

Գաղափարական

21/02/2019 - 10:20

Կրկին օրհներգի մասին

Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ: Բայց նաեւ ակնյայտ է, որ օրհներգի փոփոխութեան գաղափարը ԱԺի մեր երիտասարդ փոխնախագահին ականջահաճոյ է եղել կամ, ինչպէս ռուսներն են ասում՝ было по душе, որի համար ինքը եւ իր զինակից ընկերները, թերեւս, ունեն պատճառ: Այլապէս դժւար է բացատրել իր կողմից ցուցաբերւող հետեւողականութիւնը: Առայժմ մի կողմ թողնելով այն հարցը, թէ մեր պետական օրհներգը, առհասարակ՝ պետական խորհրդանիշները «լաւն» են, թէ՝ ոչ, յետադարձ հայացք նետենք պատմութեանը (ոչ միայն մեր) եւ կտեսնենք, որ ընդհանրապէս պետական խորհրդանիշների հարցը օրակարգային է դառնում՝

1) երբ նոր պետութիւն է ստեղծւում,

2) երբ պետական կառավարման նոր մոդել կամ նոր հայեցակարգ (գաղափարախօսութիւն) է որդեգրւում: Առաջին տիպի իրավիճակ մենք ունեցանք 1918-ին, երբ Պատմական Հայաստանի մի փոքր մասի վրայ, որպէս Մայիսեան հերոսամարտերի տրամաբանական զարգացում, ազդարարւեց հայկական անկախ պետականութեան ծնունդը: Երկրորդ տիպի իրավիճակ առաջացաւ 1920-ի վերջին, երբ հայ ժողովուրդը հարկադրւած էր ընտրութիւն էր կատարել «ռուսական մուրճի եւ թուրքական սալի միջեւ»: Այսինքն, երբ Հայաստանում հաստատւեցին խորհրդային կարգեր, որոնք իրենց հետ բերեցին նոր՝ ոչ ազգային կամ, բոլշեւիկեան տերմինաբանութեամբ՝ աշխատաւորական՝ մուրճ ու մանգաղի գաղափարախօսութիւն:

Այսօր մենք չունենք այդ երկու իրավիճակներից եւ ոչ մէկը: Իսկ եթէ ունենք, թող իրազեկեն նոր իշխանաւորները եւ այդ դէպքում գուցէ կը վերանայենք մեր պատկերացումները: Երրորդ հանրապետութեան առաջին իշխանութիւնները նոր պետական խորհրդանիշներ ընդունելու համար, թերեւս, աւելի շատ հիմքեր ունէին, քան ներկայիս իշխանութիւնները, որովհետեւ անկախ պետականութեան կորուստից 70 տարի անց՝ 20-րդ դարի վերջին, վերստին ստեղծւում էր անկախ պետութիւն, բայց արդէն բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, քան առկայ էր դարասկզբին: Որոշ դեգերումներից յետոյ, սակայն, նրանք ցուցաբերեցին անհրաժեշտ շրջահայացութիւն եւ Առաջին հանրապետութեան խորհրդանիշները որդեգրելու միջոցով, ըստ էութեան, իրենց յայտարարեցին հայ ժողովրդի նւիրական իղձերի խորհրդանիշ համարւող այդ հանրապետութեան ժառանգորդը:

Մէկ անգամ ասել ենք, այժմ էլ աւելորդ չենք համարում կրկնել. օրհներգի ընտրութիւնը պարզապէս լաւ բանաստեղծական տեքստի կամ բարձրաճաշակ երաժշտութեան ընտրութիւն չէ: Դա նախ եւ առաջ արժէքային համակարգի ընտրութիւն է: Հետեւաբար, օրհներգի փոփոխութեան կողմնակից պարոնա՛յք իշխանաւորներ, դուք ի՞նչ արժեհամակարգի կրող էք: Խօսելով մտաւորականների մի խմբի անունից՝ դեռ չի նշանակում արտայայտել ողջ հայ մտաւորականութեան կարծիքը: Ընդունում ենք, որ կան մտաւորականներ, այդ թւում՝ անւանի, որոնք օրհներգի փոփոխութեան կողմնակից են: Նախ, նրանց անւանի լինելը կամ զանազան տիտղոսներ ու կոչումներ ունենալը դեռեւս չի նշանակում, թէ տւեալ հիմնահարցի մասին նրանց պատկերացումներն աւելի խորքային են, քան այդ տիտղոսներն ու կոչումները չունեցողների:

Աւելին, պետական օրհներգի փոփոխութեան նախկին փորձերից յայտնի է, որ նրանցից ոմանք ունեն անձնական շահագրգռւածութիւն, իսկ մի մասի դէպքում էլ դեր են խաղում այլ հանգամանքներ: Մասնաւորապէս՝ ոմանք օրհներգն ընկալում են միայն որպէս արւեստի գործ՝ կտրւած նրա ընդունման հանգամանքներից, պատմական ենթատեքստից եւ, ի վերջոյ, որ ամէնից կարեւորն է, նրա մեջ չտեսնելով արժեքային կողմնորոշման խնդիր: Դրան աւելանում է նաեւ հոգեբանական գործօնը. մարդիկ տասնամեակներ շարունակ (իրենց ծննդեան օրից) վարժւած են եղել իբրեւ օրհներգ ընկալելու խաչատրեանականը՝ Խորհրդային Հայաստանի օրհներգը: Կարծում ենք՝ իրականութեան դէմ մեղանչած չենք լինի, եթէ ասենք, որ այդ սերնդի շատ ներկայացուցիչներ դէմ չէին լինի ԽՍՀՄի վերականգնմանը, որովհետեւ ինչպէս մի առիթով թուրք լրագրողի սպառանալիքին (արդի տերմինաբանութեամբ՝ ռազմատենչ հռետորաբանութեանը) պատասխանել էր Ս. Կապուտիկեանը, ԽՍՀՄի տարիներին Անկարայից Երեւան տանող ճանապարհն անցնում էր Մոսկւայով: Կամ, ինչպէս անկախութեան սկզբնական շրջանում իր մի հարցազրոյցում ձեւակերպել էր Յ. Մատթէոսեանը, ԽՍՀՄ-ի կազմում հայն իրեն զգում էր մեծ կայսրութեան քաղաքացի եւ ոչ թէ՝ մի փոքր երկրի: Որ նոյնն է, թէ՝ աւելի պաշտպանւած: Այսինքն՝ մտաւորականների այդ մասի համար (նրանք գերազանցապէս ներկայացնում են մտաւորականութեան աւագ սերունդը) պետական անկախութիւնը մեծ արժէք չէ: Որքան էլ որ այս մտայնութեան պատճառները հասկանալի են (ասւածներին կարելի է աւելացնել նաեւ անցած երեք տասնամեակների սոցիալտնտեսական դժւարութիւնները, սոցիալական անարդարութիւնը եւ այլն), այդ մտայնութիւնը որոշիչ չպիտի լինի: Անկախութիւնից հրաժարւելը կարող է արդարացւել միայն մի դէպքում. եթէ այն ի վիճակի չէ երաշխաւորելու ժողովրդի ֆիզիկական անվտանգութիւնը: Այդպիսի իրավիճակ առաջացաւ 1920-ի աշնան վերջին, երբ թուրքական զօրքերը գրաւեցին ողջ Շիրակը եւ սպառնում էին Երեւանին, իսկ Հայաստանի հիւսիսարեւելեան սահմաններից (Իջեւան) հանրապետութեան տարածք թափանցելու փորձեր էին անում բոլշեւիկեան ջոկատները: Ուստի հանրապետութեան ղեկավարութեանը այլ բան չէր մնում, քան հակւել դէպի «ռուսական մուրճը» եւ իշխանութիւնը զիջել հայ բոլշեւիկներին (1920 թ. դեկտեմբերի 2): Մնացեալը մեր ներքին խնդիրներն են, եւ մենք պարտաւոր ենք դրանք յաղթահարելու կամք գտնել մեր մէջ, եթէ իսկապէս աշխարհի հին ու քաղաքակիրթ ազգերից մէկն ենք:

Ճշմարիտ է, որ ազգայինպետական խորհրդանիշների պահպանման ջատագովը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է: Իսկ դա բնական չէ՞: Դաշնակցութեան ամբողջ պատմութիւնը եղել է պայքար յանուն հայ ժողովրդի իրաւունքների եւ ազգային արժէքների, իսկ այսօր այդ իրաւունքներին ու արժէքներին վերստին վտանգ է սպառնում: Օրհներգի փոփոխութեան հարցը օրակարգային հարց դարձնողները, ըստ ամենայնի, ազգային արժէքների պահպանութեան մտահոգութիւն չունեն, իսկ նրանց ձայնակցողներն էլ պարզապէս չեն տեսնում դրա խորքային, հեռահար վտանգները: Վտանգներից մէկն այն է, որ դրանով պետական խորհրդանիշի ընտրութեան կամ փոփոխութեան հարցը իջեցւում է ընթացիկ ներքաղաքական հարցի աստիճանի: Այսինքն՝ ամէն նոր իշխանութեան մտքով կարող է անցնել պետական խորհրդանիշ փոխել՝ հարմարեցնելով տւեալ պահի իր պատկերացումներին կամ կուսակցական շահերին: Հետեւաբար՝ արժեզրկել խորհրդանիշի բուն խորհուրդը:

Բացի այդ, ինչպէս արդէն ասւեց, պետական խորհրդանիշների փոխարինման հարց կարող է առաջանալ միայն այն դէպքում, եթէ պետութեան կեանքում սկսւում է որակական նոր փուլ, այն է՝ փոխւում են պետութեան ներքաղաքական եւ արտաքաղաքական վեկտորները, յայտարարւում է նոր տիպի պետական մշակոյթի կուրսի մասին եւ այլն, որոնք հիմք կը տային, օրինակ, յայտարարելու Չորրորդ հանրապետութեան սկզբնաւորման մասին: 2018-ին տեղի ունեցածը պարզ իշխանափոխութիւն է, թէկուզեւ ժողովրդի ճնշման տակ տեղի ունեցած իշխանափոխութիւն, բայց ոչ երբեք «յեղափոխութիւն», ինչպէս որ սիրում են կրկնել նրա ակտիւիստները: Հետեւաբար, չկայ նշւած բաղադրիչներից եւ ոչ մէկը, որը կարող է հիմք տալ խօսելու պետական խորհրդանիշ փոխելու մասին:

Հասկանալի է, որ 2018-ի խորհրդարանական ընտրութիւններում ժողովուրդը ներկայ իշխանութիւններին օժտել է ուժեղ մանդատով, եւ նրանք փորձում են իրենց պատկերացրած «յեղափոխութիւնը» տարածել պետական կեանքի բոլոր ոլորտներում: Այն է՝ վարել «ռեֆորմիստական» քաղաքականութիւն, բայց պիտի նկատի ունենալ, որ ոչ բոլոր ռեֆորմներն են իրականում բարեշրջում: Ազգային արժէքների դէպքում նախընտրելի է պահպանողականութիւնը կամ, որ աւելի ճիշտ է՝ աւանդապահութիւնը: Այդ ոլորտում թոյլ տրւած սխալների շտկումը շատ ցաւոտ կը լինի եւ դժւարին:

19.02.2019 թ.

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի
    Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի 121-րդ Շրջանային ժողովը իր խիստ վրդովմունքը կ'արտայայտէ այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնութեան որոշ ներկայացուցիչներ, Խորհրդարանի փոխ-նախագահի գլխաւորութեամբ, իրենց լիազօրութիւնները գերազանցելով, արտախորհրդարանական հարթակներու վրայ ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձուցած են քննարկումի առարկայ։

  • Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»
    Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

    Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

  • Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ
    Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ

    Բոլոր երեւոյթները այսօր ցոյց կու տան, որ ՀՀ Ազգային Օրհներգը լուծարելու ծրագիրը պատահական քմայքի ծնունդ չէ։ Ան Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեանի բարդոյթներէն ծնած սոսկ նախաձեռնութիւն մը չէ։ Անոր ետին գոյութիւն ունի մէկ ամբողջ հաստատութիւն (establishment) իր կանխամտածուած ռազմավարութեամբ, որուն նպատակն է լուծարել ոչ միայն Օրհներգը, ոչ միայն աղաւաղել ազգային Եռագոյնը եւ ՀՀ Զինանշանը, այլեւ հարազատ այս խորհրդանիշներով մարմնաւորուած մեր անկախ պետականութեան ազգային գաղափարախօսութի՛ւնը։

  • «Փաստ». «Ֆէյսբուքեան նամականի. պայքա՞ր, թէ՞ «բառդակ» իշխանութեան ներսում»
    «Փաստ». «Ֆէյսբուքեան նամականի. պայքա՞ր, թէ՞ «բառդակ» իշխանութեան ներսում»

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական օրհներգի փոփոխութեան մասին քննարկումները բաւականին հետաքրքիր շերտեր բացայայտեցին ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան գեղագիտական մօտեցումների եւ դրանց միջեւ առկայ համաձայնութիւնների ու հակասութիւնների, այլեւ հէնց իշխանութեան ներսում եղած հակասութիւնների առումով: Օրհներգի փոփոխութիւնն, իհարկէ, առիթ էր, պատճառն աւելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցոյց տւեց, թէ ինչպիսին է իշխանութեան ներքին խոհանոցը: 

  • Օրհներգի փոփոխութեան վերաբերեալ քննարկումներն ամբողջ ազգ մը մտացիր ընելու իմաստազուրկ քայլեր են
    Օրհներգի փոփոխութեան վերաբերեալ քննարկումներն ամբողջ ազգ մը մտացիր ընելու իմաստազուրկ քայլեր են

    Ազգային խորհրդանիշ մը փոփոխութեան ենթարկելու վտանգաւոր մտադրութիւն մը ի յայտ եկած է Հայաստանի Ազգային Ժողովի փոխ նախագահ Ալէն Սիմոնեանի նախաձեռնութեամբ։ Պարզ փոփոխութեան մասին չէ խօսքը, այլ Հայաստանի Հանրապետութեան պետական գործող օրհներգը փոխարինելու մասին կը խօսուի, թեր ու դէմ կարծիքներու լայն բեմահարթակ մը ստեղծելով Հայաշխարհի եւ Սփիւռքի մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։