Հա

Գաղափարական

23/02/2019 - 10:40

Մեր Հայրենիք, թշուառ անտէր

 

Երբեմն բառերը իրենց հետ բերում են այնպիսի արժէքային հասկացողութիւններ, որոնք ակամայ տեղ են գտնում մեր ենթագիտակցութեան մէջ: Սովետական Հայաստանը «Հայաստանի երկրորդ Հանրապետութիւն» անուանելն էլ դժբախտաբար իր հետ բերեց այն թիւր ըմբռնումը, ըստ որի Սովետական Հայաստանն էլ դասուեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ ներկայ անկախ Հայաստանի շարքին: Դա իրավ անարդարութիւն էր ոչ միայն մեր պատմութեան նկատմամբ այլ նաեւ տարիներ բոլշեւիկեան հալածանքին ենթարկուած մեր ժողովրդի զաւակների նկատմամբ:

ԶԱՐԵՀ ԱՃԵՄԵԱՆ

 

Երբեմն բառերը իրենց հետ բերում են այնպիսի արժէքային հասկացողութիւններ, որոնք ակամայ տեղ են գտնում մեր ենթագիտակցութեան մէջ: Սովետական Հայաստանը «Հայաստանի երկրորդ Հանրապետութիւն» անուանելն էլ դժբախտաբար իր հետ բերեց այն թիւր ըմբռնումը, ըստ որի Սովետական Հայաստանն էլ դասուեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ ներկայ անկախ Հայաստանի շարքին: Դա իրավ անարդարութիւն էր ոչ միայն մեր պատմութեան նկատմամբ այլ նաեւ տարիներ բոլշեւիկեան հալածանքին ենթարկուած մեր ժողովրդի զաւակների նկատմամբ:

Հայաստանի վերանկախացումից յետոյ մեր մտաւորականութիւնը արժանի գնահատականը չտուեց մեր երկրի սովետական տարիների պատմութեանը: Այդ քայլում իր մեղքի բաժինն ունի նաեւ մեր վերանկախացած երկրի պետականութիւնը: Մեր պետական այրերը երեւի քաղաքական նկատառումներով ու մեր երկրի «մեծ բարեկամ»-ին չվիրաւորելու համար մի տեսակ կամաւոր ինքնագրաքննութեան ենթարկուելով փորձեցին հեռու մնալ այդ տարիների սեւ ու մութ երեւոյթների բացայայտումից: Փաստօրէն Փետրուարեան ապստամբութիւնը մինչեւ օրս պետականօրէն չի նշուել ու յիշատակուել նորանկախ Հայաստանում: Դեռ չհաշուած, որ անկախութիւնից դեռ քանի տարի անց Երեւանի բանտերում կացնահարման հանդէս կազմակերպողներից՝ Աւիս Նուրիջանեանի անուան փողոցի անունը դեռ մնում էր անփոփոխ:

Հայաստանի վերանկախութեան տարիներին հասակ առած նոր սերունդը որքանո՞վ է տեղեկացուած Արամ Մանուկեանի, Համազասպի կամ նման նուիրեալների կեանքի, մտքերի ու իրագործումների մասին: Անտարակոյս նրանց կեանքին, մտքերին, կրած հալածանքներին ու ձեռքբերումներին քաջատեղեակ սերունդները այսօր կարող էին վճռորոշ դեր ունենալ երկրում ազգային արժէքների պահպանման եւ պաշտպանութեան գործում:

Սրա վրայ պէտք է աւելացնենք նաեւ մեր հանցանքի բաժինը: Մենք` իբրեւ դաշնակցականներ, վերջին երեսուն տարիներին ենթարկուեցինք նոյն ինքնագրաքննութեանը, որի արդիւնքում ժողովրդի սեփականութիւնը չդարձրեցինք մեր նորագոյն պատմութեան շատ իրողութիւններ, որոնք կարող  էին լոյս սփռել մեր ազգային արժէքների վրայ: Մենք եւս սկսեցինք օգտագործել երկրորդ Հանրապետութիւն անհիմն ասացուածքը:

Սովետական բռնատիրութեան «Հիմն»-ը մինչեւ անգամ Խաչատրեանի պէս հանճարի ստեղծագործութիւն լինելով հանդերձ մեր երկրի բռնազաւթման տարիների վերյիշումն է միայն, նրա ստորակայական կարգավիճակի վառ յիշատակը՝ երբ «եղբայրական» Ադրբեյջանին կարելի էր նուիրել հազարամեայ հայկական Արցախն ու Նախիջեւանը:

Ու այս բացթողումների եւ «հեզութեան» հետեանքով է, որ այսօր ցանկացած պատահական գործիչ հեշտութեամբ կարողանում է երկրի հիմն ու դրօշը`ազգային արժէքները, վերանայելու կամ վերազարդարելու անհիմն արշաւ սկսել ու իր վրայ գրաւել ապատեղեկացուած հանրութեան ուշադրութիւնը:

Ուշադրութի՛ւն, որ կարող է եւ միտում է շատ աւելի վտանգաւոր որոշումներից շեղել  հանրութեան միտքը:

Միայն թէ չգայ այն պահը, որ ստիպուած լինենք վերադառնալ հիմնի Նալբանդեանական բնագրի բառերին՝ Մեր հայրենիք, թշուառ անտէր...

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։