Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 10:21

ՀՅԴ ՄԱՄՈՒԼ - Ինքնախաբէութիւնը փրկութիւն չէ

altՓետրւարի 18-ից յետոյ՝ Հայաստանի իշխանութիւնը, ֆուտբոլային լեզւով ասած, խաղում էր ժամանակի վրայ: Նա կարծես համբերատարօրէն սպասում է, թէ երբ կը մարեն յետընտրական յուզումները եւ այս մէկ փորձութիւնն էլ հաւանական կը դառնայ համարել յաղթահարւած: Նախագահական երդմնակալութիւնը կարծես որոշակի սահմանագիծ էր, որից յետոյ բոլորի համար պարզ պէտք է դառնար, որ հրապարակային կրքերն այլեւս անցած փուլ են, եւ նախագահական երկրորդ շրջանն իր անկասելի ընթացքի մէջ է այլեւս: Այնուամենայնիւ, իշխանութիւնը, առնւազն արտաքուստ, դեռ պէտք է պահպանի որոշակի զգուշաւորութիւն մինչեւ Երեւանի աւագանու ընտրութիւնների աւարտը: Դժւար է կանխատեսել, թէ նախագահական ընտրութիւններից յետոյ ստեղծւած յուզումի ալիքը, անթեղւած կրակի պէս, ինչպիսի ազդեցութիւն կը կրի նոր քամիներից: Իհարկէ, իշխանութիւնը այս ընթացքում սպասում էր ոչ-ձեռնծալ:

Նախ՝ տպաւորութիւն ստեղծւեց, թէ վերջինս պատրաստակամ է ընդդիմութեան հետ կայացնելու փոխզիջումային բնոյթի համաձայնութիւններ: Ընթացքում պարզ դարձաւ, որ նոյն իշխանութիւնը պատրաստ չէ ոչ միայն սկզբունքային, արմատական փոփոխութիւնների, այլեւ նրա առաջարկների մէջ զգացւում էր ժամանակաւոր տպաւորութիւն ստեղծելու, այսպէս ասած մոլորեցնելու, միտումը: Հաւատ չէր ներշնչում, այսպէս կոչւած, երկխօսելու պատրաստակամութիւնը: Եւ այժմ, երբ սկիզբ է առել արդէն Երեւանի աւագանու համար ընտրապայքարը, կամաց-կամաց ի յայտ են գալիս նոյն անօրինական տեխնոլոգիաները, առանց որոնց՝ դժւար է պատկերացնել, թէ ղեկավարող այս ուժը երբեւէ կը մասնակցի ընտրական մրցակցութեան: Միւս կողմից՝ գնալով մարում են այն թոյլ սպասելիքները, թէ ի վերջոյ իշխանութիւնը կըմբռնի նախագահական ընտրութիւնների ժամանակ տեղի ունեցածի արմատական պատճառները եւ կը դիմի, եթէ ոչ հիմնական, ապա գոնէ շօշափելի փոփոխութիւնների:
Միւս կողմից, զուգահեռաբար, իր ամենօրեայ անդուլ գործին է կենտրոնացւած քարոզչամեքենան:
Կրկին անգամ, փաստւում է, որ քսան տարուց աւելի այս երկրին պատուհասած իշխանական համակարգի ժառանգականութեան պորտալարը չի կտրւում եւ գործելակերպն էլ չի փոխւում: Մեզանում յանուն իշխանութեան կռիւը, ոմանց համար, ընդունել է ինքնանպատակ բնոյթ եւ կարծես գլադիատորական այդ հրապարակից դուրս ոչ ոք ու ոչ մի խնդիր գոյութիւն չունի:
Իշխանութեանը սպառնացող հին հիւանդութիւնն է իրականութեան զգացողութեան կորուստը: Մանաւանդ, երբ այդ իշխանութիւնն ունենում է աւտորիտար (հեղինակապետական) բնոյթ: Իշխանութիւն, որ շրջապատւած է լինում պատասխանատւութեան զգացումից զուրկ, իշխանութիւնը, որպէս բիզնես ընկալող, անմաքուր մարդկանցով: Շրջապատւում է քծնողներով, որոնք շեֆի յետեւից ընկած գովերգում են նրա իմաստուն ու ազգափրկիչ գործունէութիւնը:
Շատերն այդ փորձութեանը չեն դիմանում եւ իրենք իրենց համոզում են, որ, օրինակ, այն վերաբերմունքը, որ արտայայտւում է ընտրութիւնների արդիւնքում ու յետընտրական գործընթացներում թելադրւած է իշխանութեան համար մղւող, նոյն ինքնանպատակ մրցապայքարի տրամաբանութեամբ: Այլ դրդապատճառներ չկան եւ, հետեւաբար, հերթական անգամ գերխնդիրը մնում է յետընտրական սրացումները ինչ-որ կերպ յաղթահարելը:
Դեռեւս նախագահական ընտրապայքարի շրջանում ակնյայտ էր, որ այլեւս դժգոհութեան բաժակը լցւած է եւ դուրս է թափւում: Սա սկսել էր նեարդայնացնել թեկնածու նախագահին, ինչը նա յաճախ չէր կարողանում թաքցնել: Ի վերջոյ, ընտրութեան իրական պատկերը, ինչպէս եւ յետընտրական գործընթացները ակնյայտ վկայութիւններն էին թէ, ինչպէս է այլեւս հատել մարդկանց համբերութիւնն էլ, դիմանալու ուժն ու ցանկութիւնն էլ: Այս ու այն ճամբարից հնչող մեկնաբանութիւնները, թէ Րաֆֆի Յովհաննիսեանի քւէների մի մասը իրենը չէին, եւս մէկ անգամ փաստում է հէնց վերն ասւածը: Ընտրողի համար հիմնական խնդիրը իշխանափոխութեան հարցն էր: Հետեւաբար՝ գլխաւոր եզրակացութիւնը, որ պէտք է անի այս ամենից, օրւայ իշխանութիւնն այն է, որ ժամանակը շրջադարձ է կատարել եւ նախկին իներցիայով գալիք հինգ ու հետագայ տարիները քարշ տալն անհնար է:
Պէտք է ըմբռնել, որ մեր երկիրը վաղուց ձերբազատւել է «երկաթեայ վարագոյրներից» ու գնալով աւելի է ենթակայ քաղաքակրթութեան կանոններին: Այսօր ոչ միայն անկախութեան սերունդը չի կարող համակերպւել առկայ համակարգի գոյութեան հետ, այլեւ՝ հասարակութեան բացարձակ մեծամասնութիւնը:
Այն պարագայում, երբ նոյն իշխանութիւնը, կենսական պահանջ է համարում այլ պետութիւնների հետ բազմակողմանի կապերի ու ինտեգրացիայի զարգացումը, անհնար է, ընդհանուր գործընթացի մէջ մտնել՝ լինելով բոլորովին այլ խաղի կանոններով խաղացող: Հին յոյներն ասում էին, որ ամենադժւար յաղթանակը սեփական անձի դէմ տարած յաղթանակն է: Չպէտք է փրկութիւն որոնել ինքնախաբէութեան մէջ եւ կամայական մեկնաբանութիւններ տալ զանգւածային դժգոհութիւններին: Հարկ է մտածել. Իսկ կարո՞ղ է, օրինակ, այս իրականութիւնից գոհ լինել գիւղացիութիւնը, որը չձախողւելու վախից չի մշակում հողերի քառասուն տոկոսը, եւ ընտանիքը թողած, բանկերի տոկոսները վզից կախ, փրկութիւն է որոնում պանդխտութեան մէջ: Կարո՞ղ է այս իրականութիւնից գոհ լինել հանրային ծառայողների ստւար բանակը, որի աշխատավարձով կարելի է վճարել կոմունալ վարձերը եւ թերեւս միայն հաց գնել: Կարո՞ղ է գոհ լինել գիտութեան ու մշակոյթի գործիչը՝ գոյատեւելով հարիւր դոլարին համարժէք կամ այն քիչ գերազանցող աշխատավարձով: Կարո՞ղ է գոհ լինել մանր, միջին ու մեծ բիզնեսի ներկայացուցիչը, երբ տեղի է ունենում ողջ տնտեսութեան կենտրոնացում՝ մի քանի օլիգարխիական կլանների ձեռքում, երբ նա չի կարողանում իր խնդիրները լուծել օրինականօրէն՝ եկամուտների համեմատ՝ տրամաբանական հարկումների սահմաններում: Վերջապէս կարո՞ղ է գոհ լինել նոյն օլիգարխը, որը պատէպատ է զարկւում ֆինանսա-տնտեսական ստւերային յարաբերութիւնների ձեռքից, պարտաւոր է մշտապէս «մուծւել» այս կամ այն «կարեւոր» գործի համար եւ գումարած դրան՝ ծառայել որպէս քաղաքական գործիք: Չէ՞որ հիմնականում նրա ուսերին է ընտրութիւնների արդիւնքն ապահովելու բեռը:
Նախագահական ընտրութիւնների անակնկալ արդիւնքի մէջ ակնյայտօրէն արտայայտւած էր առկայ վիճակից համընդհանուր դժգոհութիւնը: Այս պայմաններում նոր խոստումները եւ վիճակագրական թւերը այլեւս ցանկալի ազդեցութիւն չեն գործում, քանի որ անցած հինգ տարիներում դրանցից եղել են ինչքան ասես, բայց առաջընթացի փոխարէն՝ արձանագրւել է սողացող նահանջ: Իւրաքանչիւր տարւայ վերջին կառավարութիւնը ներկայացրել է, թէ նախորդից լաւ բիւջէ է առաջարկում, իսկ յաջորդ բիւջէն առաւել լաւն է լինելու: Հինգ տարւայ արդիւնքում՝ «լաւ» եղաւ միայն նոյն կառավարութեան եւ յայտնի խաւերի համար: Ամէն տարի հանրապետութեան նախագահը մի քանի անգամ ծրագրային բնոյթի ելոյթներ է ունեցել՝ անդրադառնալով, թէ տնտեսական խնդիրներին, թէ նեխածութեանը, ամենաթողութեանը, բարոյական մթնոլորտին եւ հասարակական հնչեղութեան այլ հարցերի: Ամէն մի նման ելոյթի տակ երեւի կը ստորագրէր Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի, բայց օրերն անցնում էին եւ ցանկութիւններն ու խոստումներն այդպէս էլ միս ու արիւն չէին ստանում: Ուրեմն՝ ինչու զարմանալ, եթէ մարդիկ այլեւս վերեւից թափւող նոր խոստումներին չեն հաւատում: Հաւատալ կարելի է, եթէ դրա համար կան որոշակի հիմքեր: Եւ հակառակը, երբ իշխանական-օլիգարխիկ համակարգը մնում է անսասան, երբ նոր օրէնքները չեն ծնւում իրաւական առկայ համակարգը բարեփոխելու նպատակադրմամբ, երբ դրսեւորւում է նախընտրական նոյն ձեռագիրը՝ ով հաւատայ եւ ինչու հաւատայ: Ամենաբարեկեցիկ երկրում անգամ դժւար է պատկերացնել այսքան ինքնահաւան ու ինքնագոհ կառավարողներ, որոնց խնդիրը կարծես ամէն միջոցով օլիգարխներին, պաշտօնատարներին ու արատաւորւած համակարգը ժողովրդից պաշտպանելն է:
21-րդ դարի հայը այլեւս չի ցանկանում այսպէս գոյատեւել իր երկրում, երբ Հայրենիքից դուրս, որեւէ վայրում իր հայրենակիցը կարողանում է շատ աւելի հանգիստ, կարգ ու կանոնի եւ նիւթական յարմարաւէտութեան պայմաններ ապահովել իր համար:
Ուրեմն՝ իրականում, ինչ է առաջարկում իշխանութիւնը ժողովրդին՝ թողնել փախչել երկրից թէ՝ ապրել թիկունք-թիկունքի՝ չհանդուրժելով մէկ-մէկու տեսակէտն էլ, գոյութիւնն էլ:
Քաղաքական-տնտեսական հանգամանքների կողքին՝ որոշիչ գործօն է նաեւ խնդրի բարոյական կողմը:
Խօսենք օրինակներով:
Բոլոր բանական մարդիկ հասկանում էին, որ Խորհրդային Միութիւնը հակամարդկային չարիք է, բայց երբ հրապարակային կերպով մերկացւեց վերջնիս էութիւնը, հասկանալի դարձաւ, որ այլեւս հին ձեւով շարունակել հնարաւոր չէ: Դժւար էր սկզբում հաւատալ, որ կայսրութիւնը կը փլուզւի, միաժամանակ անհաւատալի էր, թէ ինչ-որ բան չի փոխւելու:
Հինգ-վեց տարի հանդուրժելուց յետոյ՝ 1996 թւականին Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնութիւնը դէմ քւէարկեց Լեւոն Տէր- Պետրոսեանին: «Մեր դէմ խաղ չկայ»-ի սկզբունքով առաջնորդւող իշխանութիւնը հակառակ ձեւով ներկայացրեց ընտրութեան արդիւնքները: Դրան հետեւած ժողովրդական ընդվզումը հնարաւոր եղաւ զսպել պետութեան ճնշիչ մեքենայի միջոցով, բայց իշխանութիւնը հասկացաւ, որ ինքն այլեւս ժողովրդի համար անընդունելի է: Լեւոն Տէր-Պետրոսեանը կորաւ տեսադաշտից, իսկ երկու տարի անց, պատեհ առիթից օգտւելով, հեռացաւ:
Հայաստանում այսօր ոչ ոք չի հաւատում, որ նախորդ ու նախորդող ընտրութիւնները չեն կեղծւել եւ այդպիսի փորձ չի արւելու գալիք ընտրութիւնների ժամանակ: Հետեւաբար՝ ինչ ճարտար հռետոր էլ փորձի առաւօտից գիշեր հակառակը համոզել, աւելի եւս կը խորացնի հաւատի կորուստը:
Ի՞նչ է լինելու շարունակութիւնը:
Ենթադրենք անցանկալին: Այն, որ իշխանութեան տղայական յամառութիւնը եւս մէկ անգամ կը կոտրի մարդկանց հաւատը եւ փետրւարից սկիզբ առած յուզումները վերջնականապէս կը մարեն: Հաւանական կը դառնայ «հօրով-մօրով անել» եւս մէկ ընտրութիւն: Կը վերանա՞ն խնդիրները, կը խաղաղւե՞ն երիտասարդութիւնը, մտաւորական շերտը, աղքատները, աշխատավարձով տուն պահել չկարողացողները, գործազուրկները եւ միւսները: Մէկ բան ակնյայտ է. այսպէս շարունակւել հնարաւոր չէ: Այս երկիրը պէտք է լրջօրէն բարեփոխւի՝ դէմքով ու էութեամբ: Այլ ճանապարհ տրւած չէ, հաւանական ճանապարհներով մարդկութիւնը վաղուց անցել է եւ շարունակում է անցնել:

«Դրօշակ»- ի խմբագրական
20 ապրիլի 2013 թ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ