Հա

Գաղափարական

19/03/2019 - 12:00

Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է

 

1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ

 

1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը: Երիտասարդ տարիքում անդամագրւելով հայ ազատամարտին՝ ի դեմս նրա առաջատար ուժ ՀՅ Դաշնակցութեան՝ Արամն իր ամբողջ կեանքն անմնացորդ նւիրեց թուրքական լծից հայ ժողովրդի ազատութեան վեհ գործին, նրա անվտանգութեան ապահովմանն ու արժանապատիւ ապագայի կերտմանը: Նա կեանքի իւրաքանչիւր պահը ծառայութիւն էր իր ժողովրդին: Արամը մշտապէս աչքի ընկաւ իր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագոյն պատասխանատւութեամբ, հայրենասիրութեամբ, քաղաքական հասունութեամբ, հեռատեսութեամբ, կազմակերպչական բացառիկ ունակութիւններով, արդարամտութեամբ ու ընկերասիրութեամբ: Նրան մշտապէս խորթ մնացին սին խօսքերը, երեսպաշտութիւնը, փառամոլութիւնը, մեծամտութիւնն ու նիւթապաշտութիւնը: Այս որակների շնորհիւ իր գործունէութեան բոլոր ժամանակներում եւ վայրերում Արամը ձեռք բերեց մեծ հեղինակութիւն, վայելեց նոյնիսկ քաղաքական այլ ուժերի վստահութիւնն ու յարգանքը՝ դառնալով կենտրոնական դէմք: Ամենուր իր շուրջը համախմբելով ժողովրդական զանգւածներին, ռազմական ու քաղաքական ուժերին եւ գործիչներին՝ նա արձանագրեց լրջագոյն ձեռքբերումներ: Դրանց մէջ, իհարկէ, առանցքային տեղ են զբաղեցնում Վանում եւ Երեւանում կերտւած պատմական յաղթանակները:

Կարսում, որը 20-րդ դարի սկզբին վերածւել էր հայ ազատամարտի դարբնոցի, յեղափոխական պայքարի (1903-1904 թթ.) փորձառութիւն ձեռք բերած Արամը, 1905 թ. հաստատւելով Վանում, ՀՅԴ Վանի կազմակերպութիւնը հասցրեց աննախընթաց յաջողութիւնների: Բաւական է յիշել, որ նրա գործունէութեան միայն երկու տարիների ընթացքում (1905-1906 թթ.) Վան-Վասպուրական ներկրւեց աւելի շատ զէնք-զինամթերք, քան նախորդած 15 տարիների ընթացքում: Յիշատակելի է նաեւ այն, որ նրա շրջահայեաց եւ հմուտ ղեկավարման շնորհիւ ազատագրական ուժերն այստեղ այնքան ուժեղացան, իսկ ժողովուրդը՝ այնպէս կազմակերպւեց ու զինւեց, որ Վանի նահանգի շատ շրջաններում յաջողւեց մեղմել կամ վերացնել քրդերի սանձարձակութիւնները:

1915 թ. Արամը կազմակերպեց եւ իր իսկ առաջարկութեամբ ստեղծւած բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանութեան Զինւորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915 թ. ապրիլեան յաղթական ինքնապաշտպանութիւնը, որի շնորհիւ աւելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկւեցին Թուրքիայի կողմից կազմակերպւած ու իրագործւած Մեծ Եղեռնից, որին զոհ գնաց 1.5 մլն. արեւմտահայ: Ինքնապաշտպանութեան յաղթանակից յետոյ նշանակւելով Վանի նահանգապետ Արամ Մանուկեանը, ցուցաբերելով ազգային-պետական մտածելակերպ ու անխտրական ոգի, գլխաւորեց Վան-Վասպուրականի հայութեան խաղաղ-ստեղծագործ աշխատանքը:

1917 թ. վերջին, երբ թուրքական զօրքերը, օգտւելով ռուսական Կովկասեան ռազմաճակատի քայքայումից, պատրաստւում էին ներխուժել Հայաստան եւ աւարտին հասցնել Հայոց Ցեղասպանութիւնը, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային եւ Հայ զինւորական խորհուրդների կողմից Արամը գործուղւեց Երեւանի նահանգ: Նրա խնդիրն էր վերջ տալ նահանգում տիրող խառնաշփոթին, ստեղծել ամուր իշխանութիւն եւ իրականացնել կազմակերպւած զօրահաւաք, որպէսզի հնարաւոր լինէր դիմակայել թուրքական զօրքերին: 1918 թ. մարտի 24-ին, երբ թշնամին արդէն գրաւել էր Հայաստանի զգալի տարածքներ, տագնապի մատնւած ժողովրդական զանգւածները, զօրքը եւ Երեւանի Հայոց Ազգային խորհուրդը Ա. Մանուկեանին ընտրեցին Երեւանի նահանգի դիկտատոր՝ նրա հետ կապելով հայ ժողովրդի փրկութեան յոյսը: Դիկտատոր ընտրւած Արամը երբեք չդարձաւ բռնապետ, այլ մնաց ժողովրդի սիրելին ու նւիրեալը՝ իր անսահմանափակ իշխանութիւնը մինչեւ վերջ օգտագործելով բացառապէս յօգուտ ազգային շահերի: Անտեսելով պայմանականութիւնները, ժողովրդավարութեան ժամանակավրէպ պահանջները եւ ընտրելով կառավարման դիկտատորական՝ տւեալ ժամանակաշրջանում միակ ճիշտ ձեւը՝ Ա. Մանուկեանը վճռականօրէն շարունակեց հայութեան ներուժի համախմբման գործը: Սեփական փորձից համոզւած, որ հայրենիքի փրկութիւնը կախւած է ժողովրդի կամքից ու մասնակցութեան աստիճանից, Արամն ամէն ինչ արեց դրան հասնելու համար: Դեռեւս 1917 թ. դեկտեմբերին նա յայտարարել էր, որ հայութիւնը միայնակ է եւ որ պէտք է համախմբւի ու սեփական ուժերով  պաշտպանւի թուրքական յարձակումից:

Ամիսների տքնաջան, գաղափարական ու գործնական հետեւողական քայլերը, 1918 թ. մայիսեան ճակատագրական օրերին թշնամուն վճռական ճակատամարտ տալու եւ Երեւանը պաշտպանելու Արամի անսասան դիրքորոշումը սթափեցրին սարսափելի վտանգից անորոշութեան մատնւած ժողովրդին եւ տեւական պարտութիւններից յուսալքւած ռազմաքաղաքական գործիչներին ու զօրքին: Բանն այն է, որ շատերը մտածում էին նոյնիսկ Սբ. Էջմիածնից ու Երեւանից դէպի Սեւանայ լճի աւազան նահանջելու մասին: Արդիւնքը եղաւ այն, որ 1918 թ. մայիսին Սարդարապատում, Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայկական կանոնաւոր զօրքն ու աշխարհազօրը թուրք զաւթիչներին մատնեցին ջախջախիչ պարտութեան: Մայիսեան այդ փառայեղ յաղթանակները հայ ժողովրդին փրկեցին ոչնչացումից եւ հնարաւոր դարձրին անկախ պետականութեան վերականգնումը` ի դէմս Հայաստանի Առաջին Հանրապետութեան: Նորանկախ Հայաստանի անդրանիկ կառավարութեան մէջ, որը գլխաւորում էր Յ. Քաջազնունին, Արամ Մանուկեանին վստահւեցին միաժամանակ Ներքին գործերի, Կրթութեան, Հաղորդակցութեան, Պարենաւորման եւ Խնամատարութեան նախարարութիւնները:

Ա. Մանուկեանը մեծ եռանդով ու բարձր պատասխանատւութեամբ իր մասնակցութիւնը բերեց կառավարութեան աշխատանքներին՝ մշտապէս հանդէս գալով նախաձեռնողի եւ ուղղորդողի դերում՝ մեծապէս նպաստելով հայոց պետականութեան ամրապնդմանը: Նրա կազմակերպչական ջիղի, հաշւենկատ քայլերի շնորհիւ շօշափելի ձեռքբերումներ արձանագրւեցին ՀՀ վարչական մարմինները ձեւաւորելու, երկրում ամուր իշխանութիւն, կարգուկանոն եւ օրինականութիւն հաստատելու, թուրք-թաթարական հակապետական խռովութիւնները ճնշելու, պարէնային ճգնաժամը մեղմելու, պաշտօնական գրագրութիւնները հայացնելու, հարիւր հազարաւոր արեւմտահայ փախստականների եւ որբերի ծանր կացութիւնը մեղմելու եւ այլ ուղղութիւններով: Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման, ապա նաեւ նրա հիմքերի ամրապնդման գործում ունեցած առաջնակարգ եւ վիթխարի աւանդի համար Արամ Մանուկեանն արժանացաւ Հանրապետութեան հիմնադրի պատւանունին:

Իր գործունէութեամբ Արամ Մանուկեանը ցոյց տւեց, որ ժողովրդի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ազգային իրական շահերով առաջնորդւելու, արդարամիտ, հեռատես ու հաւասարակշիռ գործելակերպի դէպքում կարելի է հասնել համաժողովրդական միասնութեան եւ մեր յաղթանակները դարձնել անկասելի, իսկ հզօր Հայաստանը՝ տեսանելի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։