Հա

Գաղափարական

17/04/2019 - 12:40

Շահումեանի արծիւը` Շահէն Մեղրեան

1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը...

1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը...

Շահէն Մեղրեանը ծնւել է 1952 թ. յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ունէր 6 եղբայր, 4 քոյր:

Գերազանց աւարտելով միջնակարգ դպրոցը` 1969 թ. ընդունւել է ԵՊՀ Տնտեսագիտութեան ֆակուլտետ: 1975 թ. աւարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումեանի շրջան: Սկզբից աշխատել է որպէս տնտեսագէտ, ապա շրջանի կոմերիտմիութեան առաջին քարտուղար: 1981-1988 թթ. եղել է շրջանի պահածօների գործարանի տնօրէն, 1988-1991 թթ.` Ագրոարդիւնաբերութեան վարչութեան պետ: 1991-1992 թթ.` մինչեւ շրջանի անկումը` շրջանի գործկոմի նախագահ եւ կուսշրջկոմի առաջին քարտուղար: Կամաւորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմաւորել եւ հանդիսեցել շրջանի ինքնապաշտպանութեան փաստացի ղեկավարը։ Կապ է ունեցել Արցախեան շարժման ՀՀ եւ ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դէպքում բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին եւ ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։

Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ հայերի անվտանգութեան եւ յուղարկաւորմանը մասնակցելուն խոչընդոտներ չստեղծելու ռուսների խոստումը դրժւեց: Հայ պատանդների խուզարկութեան ժամանակ Շահէնը իր մօտ գտնւող ատրճանակը տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նւէր» ասելով: Մէկ ամիս պատանդ պահելուց յետոյ հայ մարտիկների կողմից ձեռնարկւած հանդուգն գործողութիւնների արդիւնքում ադրբեջանցիները ստիպւած էին համաձայնւել պատանդների փոխանակմանը: Շահէնին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչէին: Իբրեւ Շահումեանի ղեկավար ադրբեջանցիները ճանաչում էին Աղաջանեան Վոլոդեային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չունէր:

Շրջանի ինքնապաշտպանութեան առաջին գործողութիւնը տեղի ունեցաւ Մանաշիդ գիւղում 1990 թ. յունւարի 12-13-ին: Երբ ադրբեջանցիները փորձեցին գիւղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գիւղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տւեց այդ մարտում: Շահէնը Շահումեանի շրջանի եւ Գետաշէն-Մարտունաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցօ» օպերացիայից յետոյ ընկաւ Գետաշէն-Մարտունաշէնը, Շահումեանի դրութիւնը կտրուկ վատացաւ: 1991 թ. յունիսին ադրբեջանցիները ռուսների օգնութեամբ գրաւեցին շրջանի 3 գիւղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահէնն իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրւեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախեան ազատամարտիկները կարողացան գրաււած տարածքները ազատագրել:

1991 թ. նոյեմբերի 29-ին Շահէնի գլխաւորութեամբ մաքրւեց Թոդան ադրբեջանական գիւղը: Մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ. յունիսի 13-ին բռնի տեղահանումից յետոյ Շահէնը կարողացաւ Հաթերք գիւղում իր շուրջը հաւաքել մի խումբ տղաներ` թւով 25 հոգի, եւ այդ տղաների հետ մտաւ թշնամու թիկունք: Այդպէս սկսւեց հայդուկային շարժումը ԼՂՀ հիւսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրւեցին Մարտակերտի մի շարք գիւղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Օպերատոր Նեւզորովը նկարահանել է Գերանբոյի գնդի պարտութիւնը Սարսանգի ջրամբարի մօտ, ադրբեջանցիների խուճապահար փախուստը եւ ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով: Այդ յաղթանակը Շահէնինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրւեց Գիւլիստանը, եւ գրաււեցին դէպի շրջան տանող բոլոր բարձունքները:

Շահէն Մեղրեանն իր պարտիզանական ջոկատով փառաւոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնւող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողութեան ընթացքում ոչնչացւել է 40 ադրբեջանցի թալանչի: 1992թ. սեպտեմբերի 20-ին Գիւլիստանի գործողութիւնը. ոչնչացւել է 11 աւտոմեքենա և 54 ադրբեջանցի զինեալ; 1992թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրայ ոչնչացւել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանւել է հակառակորդի 9 զինւոր; 1992թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացւել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենայ եւ մի քանի տասնեակ զինծառայողներ):

Շահէնը պատրաստւում էր ՀՀ գալուց յետոյ ազատագրել հարազատ շրջանը: Բայց աւա՜ղ, 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհւեցին՝ Շահէն Մեղրեանը, 17-ամեայ Հայկ Մեղրեանը, Արտակ Խաչատրեանը, Գրիգոր Գրիգորեանը, Պօղոս Սիմոնեանը, Ռաֆիկ Բադալեանը, Արմէն Բազեանը եւ Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադեանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորեանը եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայէլեանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում:

Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, յետոյ նրանց միանում են Շահումեանում գտնւող տարբեր ջոկատների («Արաբօ», «Տիգրան Մեծ», Պռոշեանի ջոկատ, Հոկտեմբերեանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծւեց զօրամաս, որի հրամանատար նշանակւեց Շահէն Մեղրեանը: 1993թ. յունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով զօրամասն անւանակոչւեց «Շահէն Մեղրեան» յատուկ նշանակութեան ջոկատ:

Հարազատ հողի ազատագրման պայքարը, Շահէն Մեղրեանը մղել է, հանդիսանալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ եւ Շահումեանի ՀՅԴ կազմակերպութեան ղեկավար գործիչ:

Յարակից լուրեր

  • Երիցմանկան արցունքները
    Երիցմանկան արցունքները

    ...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

  • «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

  • Այսօր Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    Այսօր Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանն առաջիններից էր, ով սկսել է կազմակերպել զինւած ջոկատներ

  • Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»
    Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»

    «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշարի հեղինակ Իրինա Բարսեղեան-Կրպէյեանն այս անգամ անդրադարձել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնապէս հաստատւելուն Հայաստանում, Դաշնակցական առաջին կամաւորական ջոկատների կազմաւորմանը, Լեռնային Ղարաբաղում, Գետաշէնի ենթաշրջանում եւ Շահումեանի շրջանում ինքնապաշտպանութեան կազմակերպմանը, եւ այլ մանրամասներ՝ աւելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւններից:

  • Շահէն Մեղրեանի եւ իր «Եղնիկներ»-ու խոստումը...
    Շահէն Մեղրեանի եւ իր «Եղնիկներ»-ու խոստումը...

    1993 թւականի յունւարի 22-ին, թէ 23-ին էր... Ադրբեջանական երկու ուղղաթիռներ յայտնւեցան երկինքի վրայ եւ կրակ բացին եկեղեցւոյ ուղղութեամբ. կը մտածէին՝ եկեղեցիին մէջ պէտք է պատսպարւած ըլլանք... Գմբեթէն դղրդիւնով ինկաւ փշրւեցաւ հսկայ խաչը, վնասւեցան եկեղեցւոյ պատերը... Յաջորդ օրը մտանք «Երից Մանկունք» եկեղեցի: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։