Հա

Գաղափարական

20/04/2013

alt«yerkirmedia.am» - «Անի» հիւրանոցում աւարտւեց հանրային հանդիպումը: Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, Րաֆֆի Յովհաննիսեանը յայտարարել է «Նոր Հայաստան ազգային միասնական ճակատ» քաղաքացիական շարժման ձեւաւորման մասին: «Բարեւ»-ի յեղափոխութիւնն այսօրւանից վերափոխւում է «Նոր Հայաստան» շարժման:

Րաֆֆի Յովհաննիսեանն ապրիլի 19-ին հրաւիրած քաղաքացիական ազգային համաժողովում իր ելոյթը բնորոշել է իբրեւ ծրագրային առաջարկ, որն առաջիկայ օրերում կը ներկայացւի նաեւ մարզերի բնակիչներին: «Եօթ չափիր, մէկ կտրիր». սա է լինելու հետագայ գործողութիւնների անկիւնաքարը: Նրա ասութեամբ՝ դժւար է անցնել չտրորւած ճանապարհով, բայց սահմանադրական իշխանութեան ձեւաւորումն առաջնային է:
Ելոյթով հանդէս է եկել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Նա եւս նշել է, որ ի սկզբանէ ՀՅԴ-ն կարեւորել է ընդդիմադիր շարժումը հզօրացնելը, որպէսզի հնարաւոր լինի հասնել միահեծան իշխանութեան տապալման: Հեշտ չի լինելու, բայց գլխաւոր նպատակն իշխանութիւնը ժողովրդին վերադարձելն է. դրա համար Արմէն Ռուստամեանն առաջարկում է համակարգային փոփոխութիւններ:
«Պէտք է կազմակերպել այս շարժումը, դա տքնաջան եւ ամենօրեայ աշխատանք է: Հեշտ չի լինի, որովհետեւ հեշտ ճանապարհը կործանման է տանում: Պէտք է ժողովրդին պատրաստել տեւական պայքարի աւանդոյթին: Սկուտեղի վրայ չի մատուցւում նրա ուզածը: Ժողովրդով պիտի տիրենք իշխանութեանը, որ այն ծառայի ժողովրդին: Ճիշտ է, աւագանու ընտրութիւններին առանձին-առանձին ենք գնում, բայց ամէն ինչ կորած չէ»,- ասել է Արմէն Ռուստամեանը:
Նրա ասութեամբ՝ այս պետութիւնը բոլորինս է եւ անթոյլատրելի է, որ իշխանութիւնն այն նոյնացնում է իր հետ:
«Րաֆֆի Յովհաննիսեանը ճիշտ է, երբ ասում է, որ հինգ տարի սպասել չի կարելի: Իսկ հինգ տարի չսպասելու առաջին ճանապարհը պատճառների պատճառը վերացնելն է՝ վարչակարգին ծառայող համակարգը փոխելը: Պէտք է արագօրէն անցնել խորհրդարանական համակարգին, ձեւաւորել նոր խորհրդարանական համակարգ ու հրաժարւել խայտառակ մեծամասնական ընտրակարգից, ստեղծել ընտրութիւնները վերահսկելու ընդդիմադիր մեխանիզմ»,- ասաց նա:
Հանդիպման աւարտին Րաֆֆի Յովհաննիսեանը հրապարակեց նաեւ «Նոր Հայաստան»-ի հռչակագրի նախնական տարբերակը: Դրանում ասւում էր, որ քաղաքացիական շարժման մասնակիցները մերժում են գործող իշխանակարգը, չեն ճանաչում իշխանութիւնը եւ կիրականացնեն գործողութիւններ, որոնք կը յանգեցնեն նրանց ինքահրաժարման: Իսկ շարժումն առաջնորդւելու է Սահմանադրութեան յօդւածներով:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։