Հա

Գաղափարական

20/04/2013 - 11:32

alt«yerkir.am» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, «Եւրոնեստ»-ում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը ելոյթ է ունեցել Իսպանիայի խորհրդարանում՝ ներկայացնելով Ղարաբաղեան հակամարտութեան իրական պատկերը:
Ըստ նրա՝ ուղիղ 25 տարի առաջ՝ 1988 թւականին, ինքը, կանգնած Երեւանում կայացող հանրահաւաքի մասնակիցների կողքին, հպարտ էր, որ իր հայրենակիցները՝ հայերը, խիզախօրէն կանգնեցին Խորհրդային Միութեան ճնշող մեքենայի դէմ ու պաշտպանեցին ազգային արժանապատւութիւնը եւ մարդու իրաւունքները՝ Լեռնային Ղարաբաղում:

«Քառորդ դար անցաւ, Խորհրդային Միութիւնը եւ շատ այլ բաժանարար պատեր փլուզւեցին, նոր պետութիւններ ծնւեցին, եւ այսօր մենք ապրում ենք նոր փոխւած աշխարհում: Սակայն, անցեալից մնացած որոշ մասնիկներ շարունակում են խաղաղութեան հաստատման համար նոր վտանգ ստեղծել, նաեւ Հայաստանի եւ Հարաւային Կովկասի հաւանական զարգացումը խափանել: Այդ խոչընդոտներից ամենամեծ վտանգը ներկայացնում են Ադրբեջանի տարածքային պահանջները եւ ագրեսիւ վարքագիծը՝ ԼՂՀ-ի նկատմամբ»,- յայտարարել է Վահան Յովհաննիսեանը՝ այնուհետեւ ներկայացնելով հակամարտութեան ակունքները:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի քաղաքական հակամարտութիւնը սկսւել է դեռեւս 1918 թւականին, երբ «Ադրբեջան» կոչւող երկիր յայտնւեց քարտէզին: Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը թուլացել էր Օսմանեան Թուրքիայում իր նկատմամբ իրականացւած Ցեղասպանութիւնից ու պատերազմից, սակայն ուժ գտաւ՝ իր հայրենիքը վերականգնելու աւերակներից ու մոխրից եւ ստեղծելու սեփական անկախ պետութիւն: Բայց, անկախութիւնը երկար չտեւեց. 1920 թւականին Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը կրկնակի ագրեսիայի ենթարկւեց Քեմալական Թուրքիայի եւ Բոլշեւիկեան Ռուսաստանի կողմից: Նրանք շրջապատեցին եւ բաժան-բաժան արեցին Հայաստանը՝ նոյն սցենարով, որով Ստալինեան Ռուսաստանը եւ Նացիստական Գերմանիան գրաւեցին ու մասնատեցին Լեհաստանն ու Բալթեան երկրները: Թշնամու ուժերը շատ աւելի գերազանցող էին, եւ անկախութիւնը կորաւ: Իսկ յետոյ Հայաստանը դաժանօրէն պատժւեց՝ դարձեալ մասնատւեց. Նախիջեւանի տարածքը, ինչպէս նաեւ Ղարաբաղը, ստիպողաբար, իրենց կամքին հակառակ, միացւեցին Ադրբեջանին, որն ինքնակամ մտաւ Խորհրդային Միութեան կազմի մէջ:
«Տոտալիտար ռեժիմն օգտագործեց տարբեր միջոցներ՝ ազգային հանրապետութիւններին հնազանդ պահելու համար: Դրանցից մէկը կոչւում էր «Կովկասեան մոդել»: Դրա հիմնական նպատակն էր այլանդակել եւ աղաւաղել ցեղային կամ վարչական սահմանները: Դրանք այնպէս էին գծւած, որ որեւէ ցեղային խումբ չէր կարող կոտրել-անցնել սահմանը՝ առանց հարեւանների հետ հակամարտութեան: Սա միակ մոդելը չէր: Կար նաեւ, այսպէս կոչւած, «Բալթեան մոդել», երբ հանրապետութիւնների ցեղային կազմը թիրախ էր դառնում, բայց Հարաւային Կովկասի հակամարտութիւնները հիմնականում առաջացան արհեստականօրէն գծւած սահմանների պատճառով:
Ստիպողաբար Ադրբեջանի կազմում յայտնւած Ղարաբաղի բնակչութեան 95 տոկոսը տարատեսակ ճնշումների էր ենթարկւում՝ ցեղային եւ կրօնական խտրականութիւն, տնտեսական խոչընդոտներ եւ ժողովրդագրական միտումնաւոր մանիպուլիացիա՝ առաջացնելով ցեղային զտում: Սակայն, խորհրդային եւ ադրբեջանական ռեժիմի երկարատեւութիւնը չէին ջնջել հայերի ազատութիւն եւ անկախութիւն ունենալու ցանկութիւնը՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ղարաբաղում»,- յայտարարել է Վահան Յովհաննիսեանը՝ շարունակելով որ 1988 թւականին հայերը, ոգեւորւած ու խաբւած «պերեստրոյկայով ու գլասնոստով» սկսեցին իրենց խաղաղ պայքարը՝ Ադրբեջանից դուրս գալու համար, մինչդեռ դաժան բռնութիւնն ու կոտորածները եղան Խորհրդային Ադրբեջանի պատասխանը, որոնք կազմակերպւում էին հէնց իշխանութիւնների կողմից՝ անզէն հայերի դէմ:
«1988 թւականի փետրւարի 26-ին համաշխարհային հանրութիւնը ականատես եղաւ Սումգայիթի հայերի ջարդերին: Սումգայիթն այդ ժամանակ Ադրբեջանի ամենամեծ քաղաքներից եւ արդիւնաբերական կենտրոններից էր: Ջարդարարները լիակատար աջակցութիւն էին ստանում խորհրդային երկրների իշխանութիւնների եւ զինւած ուժերի կողմից»,- նշել է Վահան Յովհաննիսեանը՝ ներկայացնելով նաեւ այն ժամանակ Եւրոխորհրդարանի կողմից ընդունւած բանաձեւը, որում եւրոպատգամաւորները դատապարտում էին Սումգայիթում, Բաքւում տեղի ունեցած հայերի կոտորածները եւ, հաշւի առնելով Ադրբեջանում հայերի կեանքի համար առկայ վտանգները, նաեւ այն փաստը, որ ԼՂ-ն հայկական պատմական տարածք է, աջակցում էին ԼՂ-ի Խորհրդային Հայաստանին միացմանը:
«Սակայն, դրանից յետոյ նոյնպէս շարունակւում էին հայերի հանդէպ բռնութիւնները, եւ ԼՂ-ի բնակչութեանը մնում էր երեք ընտրութիւն՝ հեռանալ հայրենիքից, մահանալ կամ պայքարել ազատութեան համար ու գոյատեւել: Ղարաբաղի հայերն ընտրեցին երրորդ տարբերակը: Գոյութիւն ունեցող օրէնքին համապատասխան՝ նրանք յայտարարեցին իրենց անկախութիւնը Ադրբեջանից, ստեղծեցին կառավարութիւն եւ ընտրեցին Ազգային ժողով: Ադրբեջանը դրան արձագանգեց ագրեսիւ պատերազմով՝ յարձակւելով հայկական գիւղերի վրայ, ռմբակոծելով քաղաքները եւ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ղարաբաղի հայերը ստեղծեցին իրենց սեփական բանակը եւ պաշտպանեցին իրենց երկիրը: Եւ յաղթեցին: Ոչ ոք դա չէր սպասում, բայց յաղթեցին: 150 հազար հայեր յաղթեցին 7 միլիոն ադրբեջանցու: Նրանք ազատագրեցին իրենց տարածքները եւ վերահսկողութեան տակ առան ռազմավարական կարեւոր տարածքներ՝ ստեղծելով անվտանգութեան գօտի: 1994 թւականի մայիսին, լուրջ ձախողումներից յետոյ, Ադրբեջանը խաղաղութեան կոչ արեց եւ զինադադար կնքեց ԼՂՀ-ի հետ: Այդ օրւանից 20 տարի է անցել: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին դեռ չի յաջողւել շօշափելի արդիւնքի հասնել, իսկ պատճառը Ադրբեջանի իշխանութեան ագրեսիւ եւ անողորմ կամակորութիւնն է:
Դժբախտաբար, համաշխարհային հանրութիւնը երբեք ուշադրութիւն չի դարձրել այն փաստի վրայ, որ Ադրբեջանը օգտագործել է այդ տարիները ոչ թէ լիակատար խաղաղութեան հասնելու, այլ՝ իր բնակչութեանը վրիժառութեան նոր պատերազմի պատրաստելու համար: Ադրբեջանի իշխանութեան ատելութեամբ լցւած ելոյթները, ռազմատենչ յայտարարութիւնները, սպառնալիքներն ու թշնամութիւնը՝ ուղղւած Հայաստանի եւ ԼՂՀ-ի, ամբողջ աշխարհի հայերի դէմ, սպառազինութիւնների մրցավազքը, պէտք է համարւեն պատերազմի սպառնալիք: Ադրբեջանը եւ նրա ամենամտերիմ դաշնակից Թուրքիան շարունակում են ԼՂՀ-ի եւ Հայաստանի շրջափակումը արդէն 20 տարի՝ փորձելով հայերի վրայ բարդել հակամարտութեան լուծման ձգձգումը:
Ես չեմ փորձի պատմել պատերազմի դառը տարիների, պարտութիւնների եւ անիմաստ բանակցութիւնների մասին: Ես չեմ փորձի Ադրբեջանի քարոզչութեան ծուղակների օրինակներ ներկայացնել ձեզ, որոնք հակամարտութեան լուծման ճանապարհին էին դրւել՝ օգտագործելով ոչ միայն Թուրքիայի քաղաքական կապերը, այլ նաեւ, այսպէս կոչւած, «խաւիարային դիւանագիտութիւնը»՝ հիմնւած նաւթային փողերի վրայ: Նախ՝ կը փորձեմ շեշտել, որ ԼՂ-ի հակամարտութեան որեւէ ուղղակի համեմատութիւն աշխարհում տեղի ունեցող այլ իրավիճակների հետ, նւազեցնում է իրավիճակը ամբողջութեամբ հասկանալու հնարաւորութիւնը: Եթէ Բաքւի համար յաղթանակը ամբիցիայի եւ հպարտութեան հարց է, հայերի համար՝ կեանքի եւ մահւան հարց»,- յայտարարել է Վահան Յովհաննիսեանը՝ յաւելելով, որ հակամարտութիւնը ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան առաջնահերթութեան վէճ դարձնելու որեւէ փորձ, որը, ի դէպ, Ադրբեջանի քարոզչութեան արդիւնք է, իսկական անմտութիւն է:
«Միջազգային օրէնսդրական համակարգում սկզբունքների հիերարխիա (ստորակարգութիւն) չկայ: Այնտեղ չկան առաջին կամ երկրորդ կարգի միջազգային օրէնքներ: Տարածքային ամբողջականութեան սկզբունքը վերաբերում է ինքնիշխան պետութիւնների միջեւ յարաբերութիւններին եւ համարւում է բռնազաւթման եւ բռնակցման գործիքներից մէկը: Սակայն, երբ մի երկրում ապրող ցեղային փոքրամասնութիւնները ենթարկւում են դաժան բռնութեան, ոտնահարւում են մարդու իրաւունքները, նրանց զրկում են իրենց պատմական ու մշակութային ժառանգութիւնից, զարգացման ուղիներից եւ ստիպում լքել իրենց նախնիների հողը, այդ ցեղային փոքրամասնութիւնների համար պարզ է միջազգային օրէնքը՝ ինքնորոշման իրաւունքը կարող է եւ պէտք է իրականացւի: Հետեւաբար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծումը՝ ինքնորոշման հիմունքներով, չպէտք է համարւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խախտում»,- ընդգծել է Վահան Յովհաննիսեանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանութիւնները յամառօրէն քննարկում են հակամարտութեան հետեւանքները՝ խուսափելով դրա պատճառից: Դա հասկանալի է, հետեւանքներն ակնյայտ են՝ մարդկային կորուստներ, վիրաւորներ, փախստականներ, աւերւած գիւղեր, քաղաքներ... Սակայն, այդ վէրքերը բուժելն անհնար կը լինի՝ առանց դրանց պատճառի վերացման, որը յանգեցրեց արիւնահեղ պայքարի: Իսկ դա, ըստ Վահան Յովհաննիսեանի, այնքան էլ հեշտ չէ, քանի որ իրական պատճառները հիմնականում թաքցնում են:
«Ըստ երեւոյթին, Ադրբեջանը ցանկանում է խուսափել Ղարաբաղի դէմ սանձազերծած ագրեսիայի պատասխանատւութիւնից, որն անկախութիւն եւ ինքնիշխանութիւն ձեռք բերեց նոյն օրինական հիմքով, ինչ Ադրբեջանը կամ Խորհրդային Միութեան այլ երկրներ: Ես համոզւած եմ, որ համալիր մօտեցումն այդ հակամարտութեանը եւ հանգուցալուծման ուղիները, առանց արհեստական տարանջատման, կարող են յանգեցնել տարածաշրջանային ամբողջացման: Դա անհնար կը լինի, եթէ կողմերից մէկը, մասնաւորապէս՝ Ադրբեջանը, շարունակի «կատարեալ յաղթանակ»-ի քաղաքականութիւնը՝ առանց զիջումների:
Մարդասպան Ռամիլ Սաֆարովի յայտնի պատմութիւնը, ով սպանել էր քնած հայ սպային, ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների ժամանակ, միայն այն պատճառով, որ վերջինս հայ է, եւ ով հետագայում փառաբանւեց ու անւանւեց ազգային հերոս, ցոյց է տալիս, որ հայերը երբեք հանգիստ եւ անվտանգ չեն լինի Ադրբեջանի կազմում»,- նշել է Վահան Յովհաննիսեանը՝ ընդգծելով, որ ինչպէս կարող են Ղարաբաղի հայերն ընկալել ադրբեջանական իշխանութիւնների շփման գծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկի շարունակական մերժումը, ադրբեջանցի գրողի հալածումը, ով քաջութիւն ունեցաւ իր համակրանքը յայտնել հայերի նկատմամբ:
Նա յայտարարել է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտութեան խաղաղ լուծումը անհնար է՝ հաշւի առնելով այն փաստը, որ համաշխարհային հանրութիւնը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախութիւնը, տարբեր ատեաններում Հայաստանն է ներկայացնում նրա շահերը, սակայն չի կարող փոխարինել նրան: Հետեւաբար՝ ԼՂՀ-ի լիարժէք ներկայութիւնը հակամարտութեան քննարկման ժամանակ կարող է դրական արդիւնքի յանգեցնել:
Իսկ, ըստ Յովհաննիսեանի, ԼՂՀ-ն համապատասխանում է միջազգային իրաւունքի՝ անկախ պետականութեան եւ միջազգայնօրէն ճանաչման համար անհրաժեշտ բոլոր յատկանիշերին, այն է՝ մշտական բնակչութիւն, սահմանւած տարածք, մշտական կառավարում՝ կազմակերպւած ընդհանուր քաղաքական ինստիտուտների կողմից՝ տարածքին եւ ժողովրդին բացառիկ իրաւասութիւն տալով, հնարաւորութիւն՝ այլ պետութիւնների հետ յարաբերութիւններ ունենալու համար: Այսինքն՝ ԼՂՀ-ն բաւարարում է Մոնտեւիդէոյի կոնւենցիայի չափանիշերը:
«Սակայն, կայ մէկ առանձնայատկութիւն, որը Ղարաբաղը դարձնում է առաւել արժանի ճանաչման եւ խաղաղ կեանքի համար՝ այն ժողովրդավար երկիր է: Ի տարբերութիւն Ադրբեջանի նոր հարստացած վերնախաւի՝ Արցախի իշխանութիւնը երբեք չի օգտագործել հակամարտութեան պատրւակը՝ ժողովրդավարական բարեփոխումներ չկատարելու համար: Դարպասները բաց են: Բարի գալուստ Ղարաբաղ, տիկնայք եւ պարոնայք: Դա դժւար ճանապարհորդութիւն չէ, եւ դուք ձեր աչքերով կը տեսնէք այն ապացոյցները, որ Ղարաբաղը մարդու իրաւունքների եւ քաղաքացիական ազատութեան հարցում Ադրբեջանից շատ աւելի առաջ է:
Յարգելի’ գործընկերներ, ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչումը չի նշանակում թշնամանք՝ Ադրբեջանի նկատմամբ: Դա երկարաժամկէտ կը ծառայի երկկողմ շահերին: Ադրբեջանն ու Ղարաբաղը կարող են շուտով իրենց ողբերգական անցեալը թօթափել եւ մտածել պայծառ ապագայի մասին»,- ելոյթը եզրափակել է Վահան Յովհաննիսեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։