Հա

Գաղափարական

30/04/2019 - 11:10

«Զոհւելեն չեմ վախնար, միայն՝ թուրքին ձեռքը մարմինիս չդիպչի». Սիմոն Աչիկգեօզեան

«Զոհւելէ չեմ վախնար, միայն՝ թուրքին ձեռքը մարմինիս չդիպչի»` սա «Արաբօ» ջոկատի Մարտունաշէնի գործողութիւնների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգեօզեանի` «Դեդ»-ի միակ մտավախութիւնն էր պատերազմի օրերին:

«Զոհւելէ չեմ վախնար, միայն՝ թուրքին ձեռքը մարմինիս չդիպչի»` սա «Արաբօ» ջոկատի Մարտունաշէնի գործողութիւնների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգեօզեանի` «Դեդ»-ի միակ մտավախութիւնն էր պատերազմի օրերին:

Սիմոն Աչիկգեօզեանը ծնւել է 1939 թ. փետրւարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտեան Հայաստանն էր: Հայրը` Յովհաննէսը, Եղեռնից հրաշքով էր փրկւել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհւել էին Դեր Զորի անապատում: 1954 թ. Յովհաննէսի ընտանիքը հայրենադարձւեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը աւարտեց դպրոցն ու ընդունւեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:

«1960 թ. աւարտեց համալսարանը եւ ընդունւեց ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտութիւնների ինստիտուտ` աշխատելու: Օգտակար հանածոների բաժնի աւագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղւեց հանրապետութեան գունաւոր եւ ազնիւ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրութեամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտէզներ, որոնք այսօր օգտագործւում են տարբեր երկրաբանների կողմից, աւելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,-ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Ռաֆայէլ Մելքոնեանը: Նա նշեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից յետոյ Սիմոնը աղետի գօում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:

1989 թ. Սիմոն Աչիկգեօզեանն արդէն «Արաբօ» կամաւորական ջոկատում էր, որին անդամագրվեց որդու` Յովհաննէսի հետ. «Ես ամէն ինչում փորձում էի նմանւել հօրս, նոյնիսկ երկրաբան դարձայ` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ յաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք ՀԱԲ ու անդամագրւեցինք սահմանների պաշտպանութեան գործին»,- պատմում է որդին:

Սակայն որդու եւ հօր ճանապարհները բաժանւեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշէնի պաշտպանութեան ջոկատի հրամանատարութիւնը: Մարտունաշէնում կռիւն անխուսափելի դարձաւ. 1991 թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ միասին յարձակւել էր Մարտունաշէնի եւ Գետաշէնի վրայ` նպատակադրւած ոչնչացնելու ոչ միայն գիւղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողութիւնը կանխելիս Սիմոն Աչիկգեօզեանը զոհւեց (1991 թ. ապրիլի 30): Ազատամարտի վետերանների «Արաբօ» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբօ» ջոկատի ենթահրամանատար Կարէն Ղազարեանն ասում է` վիրաւոր հրամանատարը կը փրկւէր, եթէ համաձայներ, որ իրեն էլ միւս վիրաւորի հետ հանէինք կրակի տակից:

«Ես թշնամուն կը պահեմ, մինչեւ վիրաւորին հանէք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռւել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կեանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգեօզեանը»,- նշում է Կարէն Ղազարեանը, ապա աւելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գիւղի բնակչութեանը հեռացնել մօտակայ անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկւած վիրաւոր զինւորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:

Կ. Ղազարեանի խօսքով` իրենք Ս. Աչիկգիոզեանին յարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով` «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

  • «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին
    «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

    Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

  • Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում
    Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում

    Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։