Հա

Գաղափարական

08/05/2019 - 10:30

Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը՝ Շուշիի ազատագրումը դարձաւ հետագայ յաղթանակների բանալին

1991 թւականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախ պետականութիւնը: Նոյն թւականի աշնանը փլուզւեց նախկին Խորհրդային Միութիւնը: Չհամակերպւելով ԼՂ-ի ընդունած քաղաքական որոշման հետ եւ օգտւելով ստեղծւած իրավիճակից' Ադրբեջանը քաղաքական հարցը տեղափոխեց ռազմական հարթութիւն' փորձելով ուժով ճնշել նորաստեղծ հանրապետութիւնը եւ հայ բնակչութեանը զրկել իր բնօրրանում ապրելու անքակտելի իրաւունքից:

1991 թւականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախ պետականութիւնը: Նոյն թւականի աշնանը փլուզւեց նախկին Խորհրդային Միութիւնը: Չհամակերպւելով ԼՂ-ի ընդունած քաղաքական որոշման հետ եւ օգտւելով ստեղծւած իրավիճակից' Ադրբեջանը քաղաքական հարցը տեղափոխեց ռազմական հարթութիւն' փորձելով ուժով ճնշել նորաստեղծ հանրապետութիւնը եւ հայ բնակչութեանը զրկել իր բնօրրանում ապրելու անքակտելի իրաւունքից:

1992-ի սկզբին Արցախեան քաղաքական հակամարտութիւնը վերածւեց զինւած ընդհարումների, որոնք էլ փոխակերպւեցին իսկական պատերազմի:

Այդ պարտադրւած պատերազմում Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտութիւն էր՝ կոչւած վերականգնելու հայկական հինաւուրց հողի վրայ հայերի ապրելու անկապտելի իրաւունքը, ինչպէս նաեւ ամրապնդելու մարտերում կոփւած հայոց յաղթական ոգին։ Դրանով Արցախեան շարժումը թեւակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցւեց պատերազմում, եւ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը դարձաւ աւելի քան իրական: Որովհետեւ Շուշիի տարածքի նկատմամբ իշխող դիրքը, բնական ամրութիւնները, աշխարհագրական դիրքն այնպիսին են, որ դարեր ի վեր ով տիրել է Շուշիին, նա տիրել է ամբողջ Արցախին:

Շուշիի ազատագրումը նաեւ տնտեսական անհրաժեշտութիւն էր, ցամաքային եւ օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի եւ Շուշիից անընդհատ հրթիռակոծութիւնների պատճառով Ստեփանակերտում ու յարակից բնակավայրերում, ինչպէս նաեւ ողջ հանրապետութիւնում կաթւածահար էր եղել տնտեսութիւնը։ Շուշին այդ օրերին վերածւել էր Ստեփանակերտը հրետակոծող թիւ 1 կրակակէտի։ 1991 թ. նոյեմբերից մինչեւ 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քեոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրայ արձակւել է շուրջ 4740 արկ, որից մօտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծութիւնների հետեւանքով զոհւել են 111 եւ վիրաւորւել 332 խաղաղ բնակիչներ, աւերւել է 370 բնակելի տուն եւ շինութիւն:

Ինքնապաշտպանութեան ուժերի 1991 թ. վերջի եւ 1992 թ. սկզբի յաջող գործողութիւնները, մի շարք կրակակէտերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրւարի 1992 թ.) եւ օդանաւակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական եւ բարոյահոգեբանական բոլոր նախադրեալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:

Այս առումով առանձնայատուկ նշանակութիւն է ունեցել 1992 թ. յունւարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանութիւնը, երբ փոքրաթիւ հայ մարտիկներին յաջողւել է յետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի յարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի աւելի քան 8 տասնեակ զինւորների:

Սակայն շարունակւել են Ստեփանակերտի ու շրջակայ հայկական բնակավայրերի անխնայ հրթիռահրետակոծութիւնները։ Մօտ 1 շաբաթւայ ընթացքում արձակւել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիւ, ինչի հետեւանքով զոհւել են 20 խաղաղ բնակիչներ։ 1992 թ. ապրիլի 27-ի դրութեամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերւել ամբողջ խաղաղ բնակչութիւնը, կենտրոնացւել էր մեծ քանակութեամբ ռազմական տեխնիկա եւ զինամթերք:

Մշակման եւ իրականացման առումով գրեթէ անթերի, հայ ռազմարւեստի մէջ եզակի ռազմական գործողութիւն էր Շուշիի ազատագրումը, որն իրականացւել է 4 ուղղութիւններով՝ միաժամանակեայ յարձակումներով՝ մայիսի լոյս 8-ի գիշերը ժամը 2:30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրաւելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողութեան տակ վերցնելուց յետոյ՝ ՄՄ-21 ռեակտիւ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողութիւնը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Ա. Տէր-Թադէոսեանը (Կոմանդոս): Հրամանատարական կէտերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթաեանը, Սերժ Սարգսեանը, Ռ. Գզողեանը, Զ. Բալաեանը, կապը, բուժօգնութիւնը, հրետանային նախապատրաստութիւնը, ինժեներական ծառայութիւնը: Աշխատանքները համակարգել են, համապատասխանաբար, Ա. Փափազեանը, Վ. Մարութեանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանեանը, ինչպէս նաեւ ԼՂՀ իշխանութիւնների ներկայացուցիչներ О. Եսայեանը, Գ. Պետրոսեանը, Ա. Ղուկասեանը, Ռ. Քոչարեանը եւ ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել եւ ԻՊՈՒ շտաբի անդամներին յաջողութիւն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

Շուշիի ազատագրման օպերատիւ պլանը մշակւել է Ա. Տէր-Թադէոսեանի գլխաւորութեամբ, ինչին զինւորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապէս յետոյ: Պլանը կազմւել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տւեալները ճշգրտելուց յետոյ: Յարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ. էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով եւ սպառազինութեամբ: Ապրիլի 28-ին արդէն վերջնականապէս որոշւել, ճշգրտւել էին յարձակման գլխաւոր ուղղութիւնները, հրամանատարները, առկայ զէնք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի յանձնարարութեամբ` պատրաստւել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրայ հրամանատարները ճշգրտել են իրենց գործողութիւններն ու ընթացիկ ուղղութիւնները: Ռազմական գործողութիւնը ղեկավարել են Շոշից հիւսիս գտնւող № բարձունքի վրայ տեղակայւած եւ 4 այլ հրամանատարական դիտակէտերից: Յարձակումը նախատեսւած էր սկսել դեռեւս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինութեան պակաս, վատ եղանակ եւ այլն) յետաձգւել էր: Հայկական ուժերը միայն մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան յարձակման:

Ռազմական գործողութիւնը զարգացել է 4 ուղղութիւններով.

«26»- ի (հիւսիսային) ուղղութիւն: Ստեփանակերտ-Շուշի մայրուղով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4-րդ վաշտի (հրամանատար՝ Իւ. Պօղոսեան) 4 դասակները՝ Գ. Սարգսեանի, Ս. Կարապետեանի, Կ. Մարտիրոսեանի եւ Վ. Ղարիբեանի հրամանատարութեամբ: «Երեք աշտարակների» բլրի գրոհը 20 րոպէ անց պսակւել է յաջողութեամբ: Սակայն, աւելի ուշ ԻՊՈՒ-ի զրահատեխնիկան խփւել կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել: Առաւօտեան ժամը 10-ին մօտ անակնկալ խփւել է տանկերից մէկը, որոշ ժամանակ ընդհատւել են ռազմական գործողութիւնները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դէպի յարմարաւէտ դիրքեր: Մարտերը վերսկսւել են մայիսի 8-ի ամբողջ ցերեկը եւ գիշերը` մինչեւ ադրբեջանցի զինեալները հարկադրւած լքել են դիրքերը: Ս. Թովմասեանի գլխաւորութեամբ` Շուշիի շրջարդմիաւորման պահեստների վրայ շարժւել են 6-րդ վաշտի (հրամանատար՝ Կ. Ներսիսեան), իսկ աջ թեւով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամեան) զինւորները: Համատեղ ուժերով յաջողւել է տիրել նպաստաւոր դիրքերի, ճանապարհի վրայ իշխող բլուրներին, ինչի շնորհիւ յետ են մղւել պարբերաբար օգնութեան շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանւել է հակառակորդի մի քանի փոխադրամիջոց, փախուստի մատնւել մայրուղու վրայ մանեւրող 2 տանկ: Այնուհետեւ հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատոյցներում գտնւող բենզալցակայանի ուղղութեամբ: Երաժշտական գործիքների գործարանի մօտ առգրաււել է 2 հակատանկային թնդանօթ: Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6-րդ եւ հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր յաղթանակին:

Շուշի (արեւելեան) ուղղութիւն: Բերդաքաղաքի արեւելեան կողմից հակառակորդի դիմադրութիւնը յաղթահարելու եւ անառիկ բնագծերում նրա պաշտպանութիւնը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժւար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագոյն լարում: Հակառակորդն այս ճակատից սպասելով յարձակման՝ նախօրօք մեծ քանակութեամբ կենդանի ուժ եւ սպառազինութիւն էր կենտրոնացրել այնտեղ: Մայիսի լոյս 8-ի գիշերը 3 ուղղութիւններով սկսւել է հարւածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շոշ գիւղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Յարութիւնեանի հրամանատարութեամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղուլեանի հրամանատարութեամբ, որը շարժւում էր ուղիղ բանտի վրայ, իսկ աջ թեւում Ռ. Իսրայէլեանի ընդհանուր հրամանատարութեամբ գործել են յատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտօնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրեան), Քարաշէնի (հրամանատար՝ Վ. Սաֆարեան) եւ կամաւորական այլ ջոկատներ: Կատաղի մարտեր են ծաւալւել ձախ թեւում, որտեղ հայ մարտիկներին յաջողւել է վերահսկել իրադրութիւնը: Այստեղ աչքի է ընկել յատկապէս Ա. Ղուլեանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին: Ուժերը վերախմբաւորելուց եւ համալրելուց յետոյ` մայիսի 9-ին ժամը 13:00-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն աւարտւել է յաջողութեամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շոշ գիւղից մեծ թւով բնակիչներ նոյնպէս մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապէս փոխարինելու զոհւած կամ վիրաւորւած մարտիկներին: Նրանք օգնել են վիրաւորներին, փամփուշտներ հասցրել կռւողներին:

Աջ թեւի ստորաբաժանումները, յաղթահարելով հակառակորդի դիմադրութիւնը ֆիննական տնակների շրջանում, գրաւել են անասնապահական ֆերմաների առաջին շէնքը, սակայն երկրորդում, որտեղ հաւաքւել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիներ, կատաղի դիմադրութեան են հանդիպել: Հայ մարտիկներից եղել են զոհեր ու վիրաւորներ: Բայց, ի վերջոյ, յաջողւել է ոչնչացնել հակառակորդի ուժերը: Այնուհետեւ, աւտոբազայից անցնելով, այդ ջոկատները յարձակումը շարունակել են 4-րդ վաշտի ստորաբաժանումների հետ համատեղ:

Լաչինի (հարաւային) ուղղութիւն: 2-րդ եւ 3-րդ վաշտերի (հրամանատարներ՝ Յ. Ծատրեան, Ա. Խաչատրեան), Աւետարանոց գիւղի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Յ. Ստեփանեան) մարտիկները, դաշնակցականների էջմիածնի դասակի (հրամանատար՝ Յ. Աբրահամեան) աջակցութեամբ, յանկարծակի գրոհով տիրել են Քիրս լեռան ստորոտում գտնւող հակառակորդի ռազմակայանին՝ առգրաւելով 1 ՄՄ-21 կայանք, 1 տանկ, 1 զրահամեքենայ, զէնք ու զինամթերք: Սզնեքի, «Քիրսի», Քարինտակի եւ Արտաշատի այլ կամաւորական ջոկատներ, յարձակման անցնելով Նաբիլարի, Կարմիր-քարի եւ Տիսկած-քերծի դիրքերի ուղղութեամբ, դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի: Այդ ճեղքումը հնարաւոր է եղել 2-րդ վաշտի զրահատեխնիկայի հարւածային խմբի օգնութեամբ: Ակնաղբիւրի ու Սարուշէնի միացեալ (հրամանատար՝ Ա. Ղարամեան), աֆղանցիների (հրամանատար՝ Ն. Չախոյեան), «Մերգելեան» (հրամանատար՝ Ա. Յարութիւնեան) եւ Բիւրեղավանի (հրամանատար՝ Վ. Ղարսոյեան) ջոկատները, լայն շրջանցումով, Զառսլու գիւղի ուղղութեամբ դուրս են եկել Շուշի-Լաչին ճանապարհի մատոյցները:

Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլեանի եւ Վ. Բալայեանի հրամանատարութեամբ, խնդիր ունէին բերդաձորցի մարտիկների ուղեկցութեամբ շրջանցել Շուշին ու Զառսլուն եւ հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին: Մարտերն արդէն ընթանում էին Շուշիի մատոյցներում, սակայն շրջանցող այդ խմբերին յաջողւել է հասնել ընդամենը Զառսլուի բարձունքներին: Թէեւ նրանց չի յաջողւել իրագործել առաջադրւած խնդիրը, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակայ բարձունքներին նրանց յայտնւելը կատարեալ է դարձրել փախչող հակառակորդի խուճապը: Այղպիսով` հարաւային (Լաչինի) ուղղութեամբ ծաւալւած մարտերի արդիւնքում յաջողւել է շեղել հակառակորդի ուշադրութիւնը գլխաւոր՝ Շուշիի ճակատից, հակառակորդի նահանջի ճանապարհը փակելու սպառնալիքով բազմապատկել նրա խուճապը, զրկել ադրբեջանական հրամանատարութեանը Զառսլուում ուժերի վերախմբաւորում կատարելու եւ հակայարձակման անցնելու հնարաւորութիւնից:

Ջանհասան-Քեոսալարի (հիւսիսարեւմտեան) ուղղութիւն: Այս ուղղութեամբ հայկական ուժերը հետապնդել են 2 նպատակ՝ կանխել եւ ստեղծել խուճապային դրութիւն, շեղել հակառակորդի ուշադրութիւնը, ապահովել Շուշիի վրայ հիւսիսից յարձակւող ուժերի թիկունքը: Եւ քանի որ այդ ուղղութեամբ կենտրոնացւած էին հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ու սպառազինութիւն, իսկ տեղանքը բաւական բարդ էր, ուստի հարկ է եղել այնտեղ տեղաբաշխել մարտունակ ու շարժուն ստորաբաժանումներ: Նրանք նախատեսւած էին նաեւ, հարկ եղած դէպքում, արագ յետ քաշւելու եւ Շուշիի ուղղութեամբ օգնութեան հասնելու համար: Այգեստանի վաշտի 3 դասակներին, «Կումայրի» եւ «Արամօ» ջոկատներին, շտաբի դիւերսիոն-հետախուզական խմբին, Մեհտիշէնի ջոկատին (հրամանատար՝ Ս. Յակոբեան)՝ Ս. Օհանեանի ընդհանուր հրամանատարութեամբ, յաջողւել է մտնել թշնամու դասաւորութեան խորքերը, գրաւել 1 ականանետային, 1 ՀՄՄ-21 եւ 3 հրանօթային կրակադիրքեր, վերահսկողութեան տակ առնել Ջանհասան գիւղը, դէպի Քեոսալար ու Կարագեաւ տանող ճանապարհները: Հակառակորդը կանխազգալով պարտութեան վտանգը՝ Շուշիից զգալի քանակութեամբ ուժեր է հանել ու նետել Ջանհասանի ճակատ՝ թուլացնելով Շուշիի պաշտպանութիւնը: Միաժամանակ համալրելով ու վերախմբաւորելով ուժերը՝ զրահատեխնիկայի աջակցութեամբ անցել է հակայարձակման. զոհեր են եղել «Կումայրի» ջոկատից: «26-ի դիրքերում» եւ շրջակայքում տեղակայւած 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը եւ այլ ստորաբաժանումներ (Իւ. Յովհաննիսեանի ընդհանուր հրամանատարութեամբ) այդ ընթացքում յուսալիօրէն փակել են ճանապարհը, որ Ջանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկւեն: Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատոյցներին, ստացւել է նահանջի հրաման: Կազմակերպւած նահանջի ու յամառ դիմադրութեան շնորհիւ հակառակորդի մեծաթիւ ուժերը գամւած են մնացել հիւսիսարեւմտեան ճակատում, ինչը վճռորոշ նշանակութիւն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարութեանն այդպիսով յաջողւել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխաւոր հարւածի ուղղութիւնից դուրս բերել զգալի թւով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողութեան ելքը կանխորոշւել էր արդէն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ միւս ուղղութիւնների ստորաբաժանումները նպաստաւոր բնագծեր էին գրաւել Շուշիի մատոյցներում: Երեկոյեան կողմ տրւած դադարը հակառակորդին հնարաւորութիւն է ընձեռել յատկացւած միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Շուշիի ազատագրման պլանը 1992-ի մարտ-ապրիլ ամիսներին խիստ գաղտնիութեան պայմաններում կազմւել է ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տէր-Թադէոսեանի, Ֆելիքս Գզողլեանի, Սերժ Սարգսեանի, Վազգէն Սարգսեանի, Գուրգէն Դալիբալթաեանի, Լէոնիդ Մարտիրոսովի եւ այլոց գործուն մասնակցութեամբ: Այն կազմւել է հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տւեալները վերջնականօրէն ճշգրտելուց յետոյ: Ըստ հետախուզութեան տւեալների' Շուշիում եւ նրա պաշտպանական թեւերում կենտրոնացած էր հակառակորդի մօտ 2500 զինւոր: Այնինչ` 40 կմ. երկարութեամբ ճակատում մենք ունէինք ընդամենը 3500 կամաւորական, եւ դա այն պարագայում, երբ յարձակւող կողմը պաշտպանւող կողմից պէտք է ունենայ նւազագոյնը 3 անգամ շատ անձնակազմ:

Այս առումով Շուշիի ազատագրումը աներեւակայելի էր ռազմագիտական առումով եւս. Շուշին իր դիրքով ու բնական ամրութիւններով պաշտպանութեան համար, կարելի է ասել, իդէալական պայմաններ ունեցող կարեւորագոյն հանգոյց է, որտեղ հակառակորդն ունէր ռազմատեխնիկական ու սպառազինութիւնների ահռելի առաւելութիւն, իսկ մարդկային ռեսուրսնեը համարեա հաւասար էին: Այնինչ` անհամեմատելի էին կողմերի կորուստները:

Շուշիի ազատագրմամբ «Հարսանիքը լեռներում» գործողութիւնը չաւարտւեց: Դրան յաջորդեց Լաչինի մարդասիրական միջանցքի բացման գործողութիւնը, որով ճեղքւեց ԼՂՀ շրջափակման օղակը, եւ մայիսի 18-ին բացւեց Արցախը Հայաստանին միացնող կեանքի ճանապարհը: Շուշիի ազատագրումը դարձաւ մեր հերոսական ազատամարտի յաղթական աւարտի յաղթական մեկնարկը: Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը՝ այն դարձաւ նաեւ հետագայ յաղթանակների բանալին:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։