Հա

Գաղափարական

11/05/2019 - 11:30

1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին

114 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1905 թւականի մայիսի 11-ին, Բաքւի կենտրոնական հրամապարակներից՝ Պարապետի վրայ, ահաբեկւեց հայ-թաթարական կռիւների սադրիչ, թաթարների աջակից, հայատեաց գեներալ-գուբերնատոր (նահանգապետ) Նակաշիձէին:

«alikonline.ir» - 114 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1905 թւականի մայիսի 11-ին, Բաքւի կենտրոնական հրամապարակներից՝ Պարապետի վրայ, ահաբեկւեց հայ-թաթարական կռիւների սադրիչ, թաթարների աջակից, հայատեաց գեներալ-գուբերնատոր (նահանգապետ) Նակաշիձէին:

Այդ օրը նահանգապետին տեղափոխող կառքը ռմբահարւեց դեռեւս երիտասարդ, Դաշնակցութեան յեղափոխութեան դարբնոցում նոր-նոր թրծւող, 21-ամեայ Դրաստամատ Կանայեանը, նոյն ինքը՝ լեգենդար ԴՐՕ-ն, ի Կատար ածելով ՀՅԴ «Ոսկանապատ» Կենտրոնական կոմիտէի որոշումը:

Գործողութեան ընթացքում Դրոյին պէտք է օգնէր Կռօ անունով մի երիտասարդ, իսկ գործողութիւնը ղեկավարում էր մէկ այլ անւանի դաշնակցական, ՀՅԴ «Ոսկանապատ» ԿԿ-ի անդամ, Գանձակի ինքնապաշտպանութեան կազմակերպիչ, Աբրահամ Գիւլխանդանեանը:

Ո՞վ էր Նակաշիձէն, ի՞նչ էր արել, որ արժանացաւ նման դաժան դատաստանի:

Ինչո՞ւ Բաքուն թատերաբեմ հանդիսացաւ հայկական յեղափոխութեան այդօրինակ հարւածի համար:

Բաքուն 19-րդ դարավերջին դարձել էր ոչ միայն Անդրկովկասի, այլեւ՝ ամբողջ Ցարական Կայսրութեան նաւթային կենտրոնն ու ամենից ճարտարարւեստական քաղաքը, ուր անխնայ մրցակցութեան մէջ էին ռուսական եւ անգլիական, հայ եւ թաթարական դրամագլուխներն ու գործատէրերը։ Իսկ 1900-ականների սկզբներին, Բաքուն դարձել էր գլխաւոր խառնարանը համառուսական առաջին յեղափոխութեամբ թափ առած արիւնալի խմորումների համար:

Ցարական Ռուսաստանը, արտաքին ճակատի վրայ, հեռաւոր արեւելքում  պատերազմ էր մղում Ճապոնիայի դէմ, իսկ ներքին ճակատի վրայ դիմագրաւում էր Ս. Պետերբուրգից սկսած եւ կայսրութեան ողջ տարածքը ալեկոծած ընկերային յեղափոխութեան բուռն պայթումը:

Յատկապէս Անդրկովկասը յեղափոխական ալեկոծումի մէջ էր եւ յեղափոխական տարրերը, առանց ազգային խտրութեան, միասնաբար ծառացած էին ցարական բռնատիրութեան դէմ:

Բազմազգեան մի մեծ խառնարան էր Անդրկովկասը, յատկապէս նաւթահորերով հարուստ Բաքուն, ուր հայն ու ռուսը, վրացին եւ թաթարը սուր մրցապայքարի մէջ էին իրար հետ՝ ազգամիջեան յարաբերութիւնների ճակատի վրայ։ Իսկ միւս կողմից՝ ընկերային չարաշահումների եւ կեղեքումների դէմ ընդվզումի ու պայքարի ճակատի վրայ, տարբեր ազգերի յեղափոխական երիտասարդութիւնը միացեալ ուժերով ծառացած էր ցարիզմի կայսերապետական ճնշումի գործիքների՝ խաւարամիտ ու յետադիմական տարրերի դէմ:

Համառուսական յեղափոխութեան ալիքը հասկնալիօրէն լայն արձագանք էր գտել Բաքւի աշխատաւորների մէջ եւ ի մի էր բերել դրանք՝ անկախ նաւթահորերի կամ ճարտարարւեստական մարզի բանւորների ազգային պատկանելիութիւնից:

Ի տես յեղափոխական խմորումների այդօրինակ սաստկացումին ու ծաւալումին՝ ցարական իշխանութիւնները ամէն կարգի դաւ ու սադրանք էին որոճում, հակակշռելու համար յեղափոխութեան վարակիչ ալիքը:

Պատմաքաղաքական այս ենթահողի վրայ, խռովայոյզ Բաքւի նահանգապետի իր դիրքից, թաթարական ծագումով Նակաշիձէն ձեռնամուխ եղաւ յեղափոխական խմորումների յենարանը հանդիսացող Բաքւի աշխատաւորութիւնը ազգային հողի վրայ պառակտելու եւ ջլատելու դաւադրութեանը:

Իսկ նման սադրանքի յաջողութեան համար պատրաստի հող էր թուրք-թաթար զանգւածը, իր մեծաթիւ բանւորութեամբ հանդերձ, որ տակաւին գալարւում էր խաւարամտութեան ու կրօնամոլութեան ճիրաններում։ Մանաւանդ որ ինչպէս Օսմանեան Կայսրութեան մէջ, նոյնպէս եւ Ցարական Կայսրութեան հովանու տակ հրահրւած էր թաթարների (ի դէպ՝ նաեւ վրացիների) ամբոխային այն տրամաբանութիւնը, թէ իբր հայերը՝ սակաւաթիւ լինելով հանդերձ, թէ՛ մեծ կշիռ ունէին մեծահարուստների վերնախաւի մէջ, թէ՛ բարեկեցիկ կեանք էին ապահովել իրենց բանւորներին...

Նահանգապետ Նակաշիձէն առաւելագոյն նենգամտութեամբ իւղ թափւեց հայ-թաթարական հակադրութիւնների ու թշնամանքի այդ կայծերի վրայ՝ նաեւ գաղտնաբար զինելով թաթար ազգայնամոլ խմբաւորումներին։ Ցարական իշխանութիւնների կողմից զինւած այդ վարձկանների գլխաւորութեամբ էլ, 1905 թւականի փետրւարի 6-ին, Բաքւի տարբեր շրջաններում, թաթար խուժանը յարձակւեց հայերի եւ նրանց խանութների ու հաստատութիւնների վրայ՝ քանդելով, կողոպտելով եւ սպանելով...

Թուրք-թաթար ամբոխի կատաղութիւնը շարունակւեց երեք օր՝ հակառակ որ առաջին օրը անակնկալի եկած հայութիւնը շատ արագ ինքնապաշտպանութեան եւ հակահարւածի դիմեց Դաշնակցութիւնը եւ նրա յաղթ բռունցքը մարմնաւորող հայդուկապետ Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ:

Թէեւ թուրք-թաթար ամբոխի խժդուժութիւններին սանձ դրւեց, բայց երկուստէք հարիւրաւոր զոհեր ու վիրաւորներ ընկան, իսկ Բաքւի հայութիւնը ենթարկւեց նիւթական հսկայական կորուստների:

Այս աստիճան ծանր յանցագործութեան գլխաւոր պատասխանատուն էր նահանգապետ Նակաշիձէն։ Նրա սադրանքը անպատիժ չպէտք է մնար՝ թէ՛ նոյնինքն յանցագործին արդար դատաստանի արժանացնելու համար, թէ՛ նման սադրանքների եւ յանցագործութիւնների կրկնումը կանխարգելելու նպատակով:

Եւ նահանգապետի դէմ մահապատիժ որոշեց ոչ միայն Դաշնակցութիւնը՝ յանձինս Բաքւի ՀՅԴ Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտէի, այլեւ՝ ռուս ընկերվարական-յեղափոխական կուսակցութիւնները իրենց հերթին մահապատժի վճիռ արձակեցին Նակաշիձէի դէմ։ Մինչեւ անգամ Ռուս Սոցիալիստ-Յեղափոխականները դիմեցին Դաշնակցութեանը, որպէսզի իրենց զիջի բոլոր յեղափոխականների օրհնութիւնը վայելող մահապատժի այդ որոշման գործադրութիւնը:

Դաշնակցութիւնը ընդառաջեց Ռուս Սոցիալիստ-Յեղափոխականների կուսակցութեան դիմումին, բայց այս վերջինի կողմից կատարւած Նակաշիձէի ահաբեկման առաջին գործողութիւնը անյաջող անցաւ:

Ցարիզմի նենգ պաշտօնատարը անպայման պէտք է պատժւէր եւ ի վերջոյ պատժւեց Դրոյի ձեռքով:

Դրօն այդ շրջանում ծառայում էր ռուսական բանակում, բայց հազիւ էր լսել փետրւարի 6-ի թուրք-թաթար ամբոխի խժդուժութիւնների լուրը՝ շտապել էր Բաքու ու իրեն տրամադրել Նիկոլ Դումանի եւ ՀՅԴ Ոսկանապատի Կ. Կոմիտէին։ Դրօն նաեւ կամաւոր իր թեկնածութիւնը առաջարկեց Նակաշիձէի ահաբեկման գործադրութեան համար, երբ ռուս յեղափոխականների առաջին փորձը ձախողւեց:

Եւ Դումանը իր հաւանութիւնը տւեց:

Գործողութեան կազմակերպման պատասխանատւութիւնը վստահւեց Կ. Կոմիտէի անդամներից Աբրահամ Գիւլխանդանեանին, իսկ անփորձ ահաբեկչին՝ Դրոյին պիտի աջակցէր Գանձակեցի Կռօ անունով նոյնպէս երիտասարդ մի յեղափոխական։ Եւ 1905 թւականի մայիսի 11-ին Նակաշիձէն ստացաւ իր արժանի պատիժը:

Նակաշիձէին նահանգապետարան փոխադրող ձիակառքը, շրջապատւած ձիաւոր թիկնապահներով, ամէն օր անցնում էր Պարապետի հրապարակից։ Գործողութեան համար ճշտւած օրը՝ մայիսի 11-ին, Կռօն պէտք է դիրք բռնած լինէր հրապարակ տանող փողոցի ծայրը, իսկ Դրօն՝ իբրեւ հրապարակի վրայ զբօսնող անցորդ, մի տոպրակի մէջ դրած մահարկու ռումբը, պիտի սպասէր Կռոյի ազդանշանին՝ թէ Նակաշիձէի կառքն է մօտենում:

Բայց այդ օրը Կռօն ընդհանրապէս չերեւաց, իսկ Ա. Գիւլխանդանեանը մի պահ երեւաց ու անհետացաւ։ Դրօն մնաց մենակ... հրապարակի վրայ գտնւող թուրք-թաթար մի պտղավաճառ, մայթի վրայ շարել էր իր վաճառած մրգերը. թարմ կեռաս ունէր. Դրօն պտղավաճառից խնդրեց մի տոպրակ կեռաս եւ մինչ վաճառորդը կը լցնէր տոպրակը, յանկարծ լսւեցին ձիակառքի եւ ձիաւորների ձայներ։ Առանց այլայլելու, Դրօն իր ձեռքի տոպրակից հանեց պատրաստի ռումբը, արագօրէն վազեց առաջացող կառքի ուղղութեամբ եւ նետեց ռումբը։ Ահաւոր պայթիւնին հետեւեց հրապարակի խուճապահար անցորդների մեծ իրարանցումը։ Դրօն խառնւեց ամբոխին եւ անհետացաւ...

Նակաշիձէն, իր սպասաւորը, թիկնապահները եւ կեռասի պտղավաճառը տեղն ու տեղը սպանւեցին:

Ահ ու սարսափը պատեց կայսերապետական ուժերին եւ ցարական ոստիկանութեանը:

Բաքւի ՀՅԴ Ոսկանապատի Կ. Կոմիտէն, հայ ժողովորդին եւ ընդհանրապէս Անդրկովկասի հանրային կարծիքին ուղղւած երկու անջատ յայտարարութիւններով, ստանձնեց Նակաշիձէի մահապատժի պատասխանատւութիւնը։ Իսկ ՀՅԴ Կովկասեան Պատասխանատու մարմինը, յատկապէս ցարական պաշտօնութեանն ուղղւած մի երրորդ յայտարարութեամբ, ազդարարեց Նակաշիձէի ահաբեկմանն ի պատասխան հակահայ նոր դաւեր սադրող ուժերին, թէ աւելի հատու պիտի լինի հայ յեղափոխականների յաջորդ հարւածը:

Անշուշտ, որոշ ժամանակի համար զգաստացան ռուս պաշտօնատարները, նոյնպէս եւ թուրք-թաթար ազգայնամոլ շարժումների պարագլուխները:

Բայց հրձիգութիւնը գործւած էր արդէն, եւ ազգամիջեան լարւածութիւնն ու թշնամանքը մէկընդմիշտ սանձազերծւած էին...

Փոքր ազգերը պէտք է զոհաբերւէին, իբրեւ պարզ խաղաքարեր, մեծապետական ինչ-ինչ շահերի ձեռքբերման եւ աշխարհաքաղաքական հաշիւների կարգաւորման համար...

1905 թւականի  Մայիսի 11-ին Նակաշիձէի ահաբեկումը հայ ժողովրդի հատու պատասխանն էր թէ՛ փոքր ազգերը զոհաբերելու պատրաստ մեծապետական ուժերին, թէ՛ նրանց ձեռքը կոյր գործիքի վերածւած ազգայնամոլներին:

Իսկ Դրոյի հանդուգն քայլն ու ընդհանրապէս Անդրկովկասի հայոց ինքնապաշտպանութեան կռւանները ամրապնդելու Նիկոլ Դումանի ռազմավարութիւնը մղիչ ուժ եւ ներշնչման աղբիւր դարձան հայ ժողովրդի համար:

Յարակից լուրեր

  • «Եթէ հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել». Արմենուհի Կիւրեղեան
    «Եթէ հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որ 128 տարւայ պատմութիւն ունի, եւ այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցութիւն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ, եւ եթէ որեւէ մէկը, որեւէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթէ այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել:

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

  • Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է
    Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է

    «Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուեան, Ասկոլկա): 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։