Հա

Գաղափարական

13/06/2019 - 12:40

Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարօտը

Յունիսի 13-ին Հիւսիսային Արցախի` Շահումեանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորաւ Արցախեան ազատամարտի հերոս հրամանատարներից մէկը` Պռօշեանի ջոկատի հրամանատար Կարօտ Մկրտչեանը:

Յունիսի 13-ին Հիւսիսային Արցախի` Շահումեանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորաւ Արցախեան ազատամարտի հերոս հրամանատարներից մէկը` Պռօշեանի ջոկատի հրամանատար Կարօտ Մկրտչեանը:

Դրանից օրեր առաջ նախատեսւած էր, որ պէտք է սկսւէին Գետաշէնի եւ Մարտունաշէնի ազատագրման գործողութիւնները: Կամաւորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այդ տարածքը եւ վերադարձնել իրական տէրերին: Շահումեանում էին դաշնակցական ջոկատները, շահումեանցիները, վերիշէնցիները, ալավերդցիները, «Արաբոյի», «Յատուկ գնդի», «Տիգրան Մեծի», Պռօշեանի սիրելիի՝ Կարօտ Մկրտչեանի ջոկատները…

Ամէն ինչ նախապատրաստւած էր, կար գործողութիւնների յստակ ծրագիր, հրամկազմ, յարձակման ուղղութիւններ: Հետախուզական տւեալներն էլ յուսադրող էին, մի խօսքով` Շահումեանը պէտք է ազատագրւէր: Սակայն ժամը 21-ի դրութեամբ, ինքնապաշտպանական ջոկատների գլխաւոր հրամանատար Շահէն Մեղրեանը ստանում է առաջին ահազանգը, թէ Գետաշէնի ուղղութեամբ երկար շարասիւն է գալիս` տանկերի ուղեկցութեամբ:

Մէկ այլ ահազանգ էլ ստացւումէ Մարտակերտի ռազմական շտաբի կողմից, որ Թալիշի մօտ 20 միաւոր տեխնիկա է կանգնած: Վաղ առաւօտեան թուրքերը` Գանձակում տեղակայւած խորհրդային բանակի 2-րդ դիւիզիայի հետ միասին, անցնում են յարձակման:

«Մենք պաշտպանում էինք Բուզլուխի դիրքերը` Ջամբազի լեռան 29-րդ յենակէտը: Լոյսը հէնց բացւեց, կռիւը սկսւեց. Ռուսական զօրքը յարձակւեց մեզ վրայ` ադրբեջանցիների հետ մօտ մի 40-50 տանկով, ինքնաթիռներով, հրանօթներով, ականանետներով եւ այլն: Ես Պետոյի ու Հրաչի, մի քանի տղաների հետ բարձրացայ դիրքերը: Ամենաբարձրը Ջամբազի դիրքն էր, որ մենք էինք պահում` երեք յենակէտ ունէինք, մեր կողքին 18-րդ ու 19-րդ յենակէտերն էին` «Արաբօ» ջոկատն էր պահում: Առաջինը 25-րդ յենակէտն ընկաւ: Վերեւի յենակէտում վիրաւորներ ունէինք, այնտեղից տղաներն իջան` այդ յենակէտն էլ ընկաւ»,- այդ օրւայ մանրամասները «Yerkir.am»-ին պատմեց Կարօտի ղեկավարած ջոկատի ՀՅԴ-ական մարտիկ Դանիէլ Գրիգորեանը:

Ըստ նրա` այդ ժամանակ Պետօն` Պետրոս Ղեւոնդեանը, Վարդգէսն ու Ալավերդու ջոկատի տղաներից մի քանի հոգի մնացել էին 28-29 յենակէտերի արանքում եղած ժայռի մօտ, Պետօն վիրաւորւած է եղել: Վերեւի յենակէտերում էլ, որ ռուսներն էին գրաւել, վիրաւորները նահանջի պահին տեսել էին, որ զոհեր կան:

«Կարօտը մինչ այդ շտաբում էր, ՈՒԱԶ-ով շտաբից հասաւ՝ զէնք-զինամթերք բերեց: Բեռնաթափում էինք զինամթերքը, այդ ժամանակ նրան ասացինք, որ ռուսները պոստերը վերցրել են, բայց վերեւում մարդ կար, որ մնացել էին խփւած. Գառնիկը վիրաւորւել էր ու մնացել վերեւում: Պատմեցինք մանրամասն, թէ ինչպէս են դէպքերը զարգացել: Կարօտը լսեց, նայեց դիրքերին ու ասաց` պատրոնները վերցրէ՛ք, ամէն մարդ իր դիրքերը պէտք է վերադառնայ, տղե՛րք, պիտի յետ վերցնենք էդ պոստերը: Իմացէ՛ք, որ եթէ էդ պոստերը տւեցինք, Բուզլուխը տալիս ենք, այդ դէպքում Շահումեանն ենք տալիս, իսկ Շահումեանն էլ տւեցինք, Արցախը կը տանք. Ամէն մարդ իր դիրքում պէտք է լինի: Մենք մինչեւ փամփուշտ վերցրեցինք, մի 20 մետր հեռաւորութեան վրայ էինք, մինչեւ եկանք, իրենք աջ թեւով բարձրացան, մենք` ուղիղ»,- ասաց Դանիէլ Գրիգորեանը:

Դէպի դիրքերը բարձրանալիս մեր զրուցակցին ու նրա ընկերները յայտնւում են հակառակորդի գնդակոծութեան տակ, Բուժականի ջոկատի տղաներից մի քանի հոգի են վիրաւորւում: Դանիէլ Գրիգորեանենց խումբը տեսնում է, որ Մուշեղն է վիրաւորւել. Նա Կարօտի հետ է բարձրացած լինում: Նահանջում են` իրենց հետ դուրս հանելով վիրաւոր բուժականցիներին, Մուշեղին:

«Մինչեւ գիւղ մտնելը կրակոցի ձէներ էինք լսում` ԱԿՄ-ի ձայն էր լսւում, ու մենք գիտէինք, որ Կարօտի զէնքի ձայնն էր: Վիրաւորներին տեղաւորեցինք տանկի վրայ ու կրակի գօտուց դուրս հանեցինք, մենք էլ գիւղից դուրս եկանք, բայց մինչեւ մեր դուրս գալը կրակոցների ձայնը դեռ լսւում էր: Այդպէս` մինչեւ այսօր մենք սպասում ենք Կարօտին: Դրանից յետոյ էլ ոչ ոք Կարօտին չի տեսել: Մուշեղը պատմում էր, որ ինքը վիրաւորւած է եղել, իսկ Կարօտն անցել է դէպի ձախ` թշնամու շրջանցումը կանխելու համար եւ կրակի գօտուց դուրս գալու համար, բայց յետոյ էլ ոչ ոք չէր տեսել նրան: Մուշեղին հանելու պահին էլ կրակոցի ձայներ գալիս էին` Մուշեղին մենք վերցրեցինք, բայց Կարօտն այնտեղ չէր, երեւի աւելի վերեւ էր բարձրացել, իսկ այնտեղ հասնել չէինք կարող` ուժեղ գնդակոծութեան տակ էինք»,- Կարօտի վերջին մարտի մասին պատմեց Դանիէլ Գրիգորեանը:

Կարօտ Մկրտչեանը ծնւել է 1964 թ. փետրւարի 19-ին Սիրիայում, գաղթական սասունցիների ընտանիքում, սակայն հայրենասիրական ոգով դաստիարակւած Կարօտը հասակ է առել Պռօշեան գիւղում` նրա ընտանիքը Հայաստան հայրենադարձւող առաջին խմբերի մէջ եկել էր Հայաստան ու հաստատւել Պռօշեան գիւղում: 1989-ից եղել է Պռօշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, 1991 թ. Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատար: 1990 թ. աշնանը Կարօտի ջոկատը մեկնում է Հիւսիսային Արցախ, ուր Շահէն Մեղրեանի հրամանատարութեամբ համալրում է Շահումեանի պաշտպանական ուժերը: 1991 թ. ապրիլի 18-ին Պռօշեանի, Բաղրամեանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշէնի` Թաթուլ Կրպէեանի հրամանատարութեան տակ գտնւող խմբերին: Դրանից յետոյ` մինչեւ 1992 թւականի յունիսի 13-ը` Կարօտ Մկրտչեանի անհետ կորելու օրը, մնում են Շահումեանում ու մասնակցում շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

«Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակւել մի քանի ամիս Կարօտի հետ մարտադաշտում, նոյն խրամատում լինել: Հէնց Բուզլուխում մեր` Ալավերդու ջոկատը եւ Պռօշեանի ջոկատը միասին ենք եղել: Կարօտը հրաման տալուց երբեք բարձր տոնով որեւէ մէկին որեւէ հրաման չի արձակել` անգամ մարտական ամենադաժան իրադրութեան պայմաններում: Նա հրամայում էր ժպտալով, մի սովորական բառ էր ասում, ինչն արդէն նշանակում էր, որ հրաման է, եւ կատարւում էր: Եթէ ջոկատին ծանօթանայ մի անծանօթ մարդ, կը զարմանայ, թէ այդ ինչու է կոչւում պռօշեանցիների ջոկատ, որովհետեւ այդտեղ տարբեր տեղերից էին հաւաքւած: Երզնկայի ջոկատը եկել ու կամաւոր միացել էր Կարօտի ջոկատին, տարբեր մանր ջոկատներ էին եկել-միացել ու համարւում էին Պռօշեանի ջոկատը, Բուժականի տղաներն էին եկել ու ասում էին, որ իրենք Կարօտի ջոկատից են: Բաղրամտանի ջոկատը նոյնպէս մտել էր Կարօտի հրամանատարութեան տակ: Այսինքն` Կարօտը մի այնպիսի հզօր, մագնիսական դաշտ ունէր իր շուրջ... Այդ համեստ, երբեք բարձր տոնով չխօսող, այդ ժպտացող տղան այնքան հզօր էր, որ Կարօտի շուրջ գալիս հաւաքւում էին տարբեր ջոկատներ»,- վերյիշեց Կարօտ Մկրտչեանի հետ մարտական ընկեր, Ալավերդու ջոկատի ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինեանը:

Նրա ներկայացմամբ` Կարօտն իր մարտական ընկերների համար սրբի պէս է եղել. Երբ ընկերներից մէկնումէկը նեղսրտել է կամ զոհ են ունեցել ու տխրել են, նա կարողացել է իր հրաշալի երգով բոլորի վատ տրամադրութիւնը ցրել: Ինչպէս ներկայացրեց Ռաֆիկ Ղազինեանը, Կարօտն իր գեղեցիկ դէմքով, ժպիտով ու պահւածքով ոգեշնչել է ու յոյս ներշնչել:

«Նրա կողքին կարողանում էիր քո զոհւած ընկերոջ կորստի ցաւը մոռանալ, ու նա մի այնպիսի տեղ էր տանում իր հրաշք ժպիտով, որ ուղղակի մոռանում էիր, թէ ինչ վիճակում ես: Կարօտի հզօրութեան մասին դա կասեմ: Դժբախտաբար, ես Կարօտին վերջին անգամ հրաժեշտ տւողներից մէկն եմ: Ես նրա հետ խօսեցի, ու դրանից յետոյ մարտը շարունակւեց եւս մօտ 40-50 րոպէ: Նրան ես խնդրեցի, որ չբարձրանայ դէպի Ջանբազի բարձունքը: Ասաց, որ արդէն պոստն ընկել է, տղերքը կամաց նահանջում են, եւ ինքը պիտի գնայ` վիրաւոր տղերքին հանելու: Կարօտը չլսեց, որովհետեւ նա ուզում էր գնալ` հաւատով ու յոյսով, որ մնացորդներով նոր պաշտպանական դիրք կարող է ստեղծել... Երբ իմացաւ, որ Գառնիկն ու Ալիկը զարկւած են ու դեռ գտնւում են յենակէտում, բարձրացաւ իր վիրաւոր ընկերների հետեւից, քանի որ իր ընկերներին նա մարտադաշտում չէր թողնի... 1992 թւականին ես մի նախադասութիւն եմ գրել` մենք սպասում ենք այն օրւան, որ Կարօտը մի օր դուրս գայ անտառից ու մեզ բոլորիս նորից առաջնորդի դէպի մարտադաշտ»,- «Yerkir.am»-ին պատմեց Ռաֆիկ Ղազինեանը` յոյս յայտնելով, որ մի օր դեռ կը տեսնի Կարօտ Մկրտչեանին...

... Նա միակը չէ, որ դեռ սպասում է, թէ Կարօտը մի օր կարող է վերադառնալ...

 

«Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի»,- ասում էր Կարօտը։ «Շահումեանից յետոյ,- շեշտում էր հերոսը,- Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դրպքում չպէտք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդւեն այդ դիրքերում»։ Իր խօսքը աւելի համոզիչ ու ազդեցիկ դարձնելու եւ ընկերներին առաւելագոյնս վճռականութիւն ու հաստատակամութիւն հաղորդելու նկատառումով յաւելելով`. «Եթէ այսօր թշնամուն յանձնենք Շահումեանը, ապա վաղը կը յանձնենք նաեւ Հայաստանը»։

 

* * *

Կարօտ

Արցախեան ազատամարտի հերոս Կարօտ Յովհաննէսի Մկրտչեանը (Ջամբազի արծիւ) ծնւել է 1964 թւականի փետրւարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձւելով՝ հասակ առաւ Պռօշեան գիւղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը:

Կարօտն Արցախեան շարժման հենց սկզբից նւիրւել է Հայաստանի սահմանների պաշտպանութեանը եւ Արցախի գոյապայքարին: 1989 թւականից եղել է Պռօշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թւականին նրա խումբը մեկնում է Հիւսիսային Արցախ, ուր Շահէն Մեղրեանի հրամանատարութեամբ համալրում է Շահումեանի պաշտպանական ուժերը:

Կարօտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի եւ Հրաչ Մուրադեանի հետ շրջանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թւականի ապրիլի 18-ին Պռօշեանի, Բաղրամեանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշէնի` Թաթուլ Կրպէեանի հրամանատարութեան տակ գտնւող խմբերին: Սիմոն Աչիկգեօզեանի հրամանատարութեամբ գործող ջոկատը համալրելու համար Կարօտի խումբը տեղափոխւում է Մարտունաշէնի դիրքեր: 1991 թ. Կարօտը նշանակւեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռօշեանի ջոկատը, Կարօտի եւ Պետոյի հրամանատարութեամբ, մեկնում է Շահումեան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցութեամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանութիւնը:

Կարօտն այդ օրերին հաւատով կրկնում էր. «Մինչեւ Գետաշէնն ու Մարտունաշէնը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնայ»:

1992-ի յունիսի 13-ին ադրբեջանցիների եւ Գեանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայւած ռուսական յատուկ նշանակութեան դիւիզիաներից մէկի գերազանցող ուժերի դէմ մղւած անհաւասար եւ հերոսական մարտը վերջինը եղաւ Կարօտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդէն թշնամու հարիւրաւոր զինւորներ են, Կարօտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հաւասարազօր էր ինքնակամ նահատակութեան: Կարօտի անհետանալը Շահումեանում ցոյց տւեց նրա` թշնամու դէմ կանգնելու ու պայքարելու վճռականութիւնը եւ պայքարելու անկոտրում կամքը:

 

* * *

 

Կարօտի յիշատակին նւիրւած երգում ասւում է.

«...ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս, սուրը ձեռքիդ՝ հայրենի օջախ դառնաս»:

Յարակից լուրեր

  • Անմահ անուններ
    Անմահ անուններ

    19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

  • Շահումեանի անկումը
    Շահումեանի անկումը

    Շահումեանի կորուստը մեծ ողբերգութիւն է, սակայն սերունդները պիտի իմանան իրադարձութիւնների ստոյգ ընթացքը եւ այն, թէ շրջանը պատրա՞ստ էր ինքնապաշտպանութեան:

  • «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու». Վարդան Բախշեան
    «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու». Վարդան Բախշեան

    Վարդան Բախշեանը ծնւել է 1965 թ. յունիսի 1-ին Երեւանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշեանի անւան) դպրոցում: 1983 թ. ընդունւել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

  • Ոլորտային ծրագրեր` Արցախի Շահումեանի շրջանի կայուն զարգացման համար
    Ոլորտային ծրագրեր` Արցախի Շահումեանի շրջանի կայուն զարգացման համար

    «Շահումեանի շրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ շրջանի Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հաւսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաեւ շրջանի մի շարք պատմաճարտարապետական եւ բնական յուշարձաններ»: «Նոր Շահումեան» թերթի թղթակից Թամարա Գրիգորեանի հետ զրոյցում նշեց գործարար կառավարման մասնագէտ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը:

  • «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»
    «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»

    Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։