Հա

Գաղափարական

17/04/2013 - 13:04

alt«168.am» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի (ԳՄ) փոխներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը երէկ լրագրողների հետ հանդիպմանը խօսեց մայիսի 5-ին կայանալիք Երեւանի աւագանու ընտրութիւնների եւ այդ ընտրութիւններում Դաշնակցութեան մասնակցութեան շուրջ՝ նշելով, որ կուսակցութիւնը Երեւանում արդէն ձեւաւորել է նախընտրական շտաբները եւ նախատեսում է քաղաքի իւրաքանչիւր վարչական շրջանում իրականացնել 8-12 բակային հանդիպումներ, իւրաքանչիւր վարչական շրջանում նաեւ մեծ հանդիպում, իսկ քարոզարշաւը հաւանաբար կեզրափակւի համաքաղաքային միջոցառմամբ:

Ա. Վարդանեանն այն կարծիքի է, թէ կուսակցութեան հիմնական առաւելութիւնը՝ ընտրութիւններին մասնակցող միւս քաղաքական ուժերի համեմատութեամբ, այն է, որ ՀՅԴ-ն «իսկապէս մասնակցում է թիմով»:
Ըստ Աղւան Վարդանեանի՝ Երեւանի ընտրութիւնները նոյնքան քաղաքական են, որքան լուծում են զուտ Երեւանի կառավարման խնդիրը:
«Երկրում կայ իրավիճակ, կայ մթնոլորտ, նախագահական ընտրութիւնները նոր են աւարտւել, եւ ակնյայտ է, որ մեր բնակչութեան մի վիթխարի զանգւածը դէմ է գործող կառավարման համակարգին, դէմ է քաղաքական մենաշնորհին եւ իր այդ դիրքորոշումը յստակ արտայայտել է նախագահական ընտրութիւնների ժամանակ: Չտեսնել սա, ասել, որ հարցեր չկան, նշանակում է ուղղակի երկարաձգել առկայ վիճակը, իսկ առկայ վիճակի երկարաձգումը որեւէ լաւ բան չի խոստանում Հայաստանին, ՀՀ քաղաքացուն»,- ասաց նա:
Դաշնակցական պատգամաւորը յոյս յայտնեց, որ բնակչութիւնն այս ընտրութիւնները դիտի ոչ թէ մրցակցութիւն՝ ընտրացուցակների առաջին համարների՝ անձերի միջեւ, այլ՝ քաղաքական ուժերի մրցակցութիւն:
«Երեւանցիները պէտք է տեսնեն, որ ընտրութիւն այս անգամ էլ պիտի նշանակի անվստահութեան հանրաքւէ՝ գործող իշխանութեանը՝ միակուսակցական համակարգին»,- նշեց Ա. Վարդանեանը՝ յիշեցնելով, որ իշխող Հանրապետական կուսակցութիւնը չորս տարւայ մէջ երք քաղաքապետ է փոխել եւ ընդգծելով, որ, ըստ համապատասխան օրէնքի, Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցում են քաղաքական ուժեր՝ համամասնական ցուցակներով:
«Այլ հարց է, որ Երեւանի ամբողջ տարածքում կը տեսնենք հսկայական դեղին պաստառներ, որի վրայ նկարւած է հսկայական Տարօն Մարգարեան, եւ շատ փոքր «Հանրապետական» կուսակցութիւն: Բայց, դուք գնալու եւ քւէարկելու էք կա՛մ ՀՀԿ-ին, կա՛մ Դաշնակցութեանը»,- ընդգծեց Ա. Վարդանեանը:
Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցութիւնն է, որ այս ընտրութիւններին մասնակցում է կուսակցութեան հայաստանեան կառոյցի առաջին դէմքով:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արմէն Ռուստամեանը շատ աւելի սկզբունքային, շատ աւելի հմուտ, շատ աւելի լաւ կառավարիչ կը լինի, քան թէ ուրիշները, շատ աւելի ինքնուրոյն կը լինի: Գիտէք՝ Երեւանը Հայաստանի որ մասն է: Երեւանի քաղաքապետը պէտք է լինի անհատականութիւն, որոշումները կայացնելու ունակ մարդ, եւ Երեւանում իշխանափոխութիւն իրականացնելը, միակուսակցական այս համակարգից դուրս գալը կը նշանակի Հայաստանում արմատական փոփոխութիւնների սկիզբ, հակակշիռ իշխող կոալիցիային»,- շարունակեց Ա. Վարդանեանը: Նա նաեւ ընդգծեց ընտրութիւնների օրինականութեան խնդիրը եւ գոնէ մէկ անգամ Երեւանում օրինական, հնարաւորինս նորմալ ընտրութիւնների կայացման անհրաժեշտութիւնը: Այս առումով՝ Ա. Վարդանեանը լրատւական դաշտի ուշադրութիւնը գրաւեց այն փաստի վրայ, որ, ըստ նրա, «իշխող կուսակցութիւնը նախագահական ընտրութիւններից դառը դասեր է քաղել, եւ այժմ կրկին ամբողջ վարչական, պետական ռեսուրսը դրւած է մի կողմից այս ընտրութիւնները ապաքաղաքականացնելու, միւս կողմից՝ հարկադրաբար, ստիպողաբար ձայներ ապահովելու գործին»:
«Բոլոր պետական հիմնարկներում, բոլոր կառոյցներում, բոլոր կրթական հիմնարկներում՝ ցուցակներ, պարտադրանքներ: Նորից մեր ուսուցիչներին ստիպում են տուն առ տուն գնալ, քարոզել իրենց աշակերտների ծնողներին եւ ձայն ապահովել: Բոլոր պետական կամ նոյնիսկ անկախ համարւող կառոյցներն այսօր այդ գործի մէջ են»,- ասաց Ա. Վարդանեանը,- «Որեւէ պետութեան համար աղէտ է, երբ մի կուսակցութիւն ամբողջական իշխանութիւն է, եւ այդ կուսակցութեան վարկանիշն այսքան ցածր է»:
Նա նաեւ կարծիք յայտնեց, որ իշխող Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները վերջին ընտրութիւնների ժամանակ մշտապէս խուսափել են բանավէճերից:
«Այսօրւայ գործող քաղաքապետի հրապարակային հանդիպումների ելոյթները շատ նման են բոլոր միւս ուժերի՝ մէկ անձի կողմից արւող, մի քանի բառ պարունակող ելոյթներին: Խնդրեմ, առաջարկում եմ, թող այսօրւայ գործող քաղաքապետը հրապարակային բանավէճ ունենայ նոյն Արմէն Ռուստամեանի՝ մեր թեկնածուի հետ, թող ելոյթ ունենան հեռուստատեսութեամբ՝ բոլոր հարցերի վերաբերեալ, եւ մենք հնարաւորութիւն ունենանք այդ հարցերը քննարկելու: Մենք ընտրում ենք աւագանի, որը օրէնքով նախատեսւած հսկայական լիազօրութիւններ ունի: Այս միակուսակցական համակարգի պայմաններում մենք, փաստօրէն, չորս տարի աւագանի չենք ունեցել»,- աւելացրեց Աղւան Վարդանեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։