Հա

Գաղափարական

15/04/2013

alt

Սիրելի երեւանցիներ,
Երեւանի աւագանու մայիսի 5-ի ընտրութիւնները կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝ Հայաստանի զարգացման հեռանկարը: Մեր երկրում վճռորոշ, արմատական փոփոխութիւնների ժամանակն է: Երեւանցիների ժամանակը:
Այս ընտրութիւնները իւրօրինակ վստահութեան հանրաքւէ են՝ իշխող քաղաքական ուժին: Քաղաքական մենիշխանութեան, արատաւոր բարքերի, իշխանական ինքնագոհութեան, ոչ-արդիւնաւէտ կառավարման հանդէպ մեր բողոքը եւս մէկ անգամ դրսեւորելու ժամանակն է:

Յաղթանակը Երեւանում նշանակում է յաղթանակ՝ Հայաստանում: Երեւանը եւ Հայաստանը նոր դէմքով տեսնելու ցանկութիւնը շատ արագ իրականութիւն կը դառնայ: Պարզապէս, պէտք է կամք դրսեւորել, վճռական լինել եւ ապացուցել, որ երեւանցիները այլեւս չեն ուզում այսպէս ապրել:
Յաղթարշաւը սկսենք Երեւանից: Փոխենք Երեւանը՝ վստահ, որ Երեւանը փոխելու է Հայաստանը:
Սիրելի համաքաղաքացիներ,
Դաշնակցութիւնը վճռական է: Մեր ծրագրերը համարձակ են, յաւակնոտ, միաժամանակ՝ ծանրակշիռ ու իրատեսական: Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում: Մենք գիտենք՝ ինչ պէտք է անել: Մենք լաւ գիտենք Երեւանի ու երեւանցիների խնդիրները, գիտենք ինչպէս լուծել դրանք:
Մենք ունենք թիմ, ունենք կամք՝ անելու աւելին, անելու աւելի լաւ, քան արւում է: Համեմատէք Դաշնակցութիւնը՝ այլ ուժերի հետ եւ կը համոզւէք՝ մենք տարբեր ենք, մենք չենք խաբում, չենք դաւաճանում:
Սիրելի երեւանցիներ,
Մայիսի 5-ին քւէարկէք յանուն փոփոխութեան: Քւէարկէք Ձե՛ր ազատութեան, Ձե՛ր բարեկեցութեան համար: Քւէարկէք արդարութեան եւ Դաշնակցութեան համար:
Մենք Ձեզ յուսախաբ չենք անելու:
Մէկ անգամ, ա՛յս անգամ վստահէք, Ձեր ձայնը տւէք Դաշնակցութեանը:
Երեւանցիների վստահութեան քւէն ակնկալելով՝ Դաշնակցութիւնը ձեռնամուխ է լինելու հետեւեալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.
Կառավարման համակարգ
- Ստեղծել Երեւանի բիւջէի նկատմամբ հսկողութիւն իրականացնող աւագանու վերահսկիչ մշտական յանձնաժողով՝ ղեկավարումը տալով ընդդիմութեանը, ներգրաւելով քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների եւ փորձագէտների,
- Բնակֆոնդի պահպանման, վերակառուցման եւ սպասարկման միջոցները տրամադրել համատիրութիւնների միջոցով՝ բնակիչների ուղղակի մասնակցութեամբ: Համատիրութիւնները չպէտք է իշխանութեան համար ծառայեն իբրեւ ընտրական գործիք,
- Քաղաքապետարանին ենթակայ կրթական համակարգին ինքնուրոյնութիւն տալ, ապաքաղաքականացնել այն, կատարելագործել վերահսկման ու հաշւետւական մեխանիզմները,
- Ինչպէս նախատեսւած է Երեւանի մասին օրէնքով, ստեղծել հասարակական կարգի պահպանութեան համայնքային ծառայութիւն (մունիցապալ ոստիկանութիւն) եւ կարգ ու կանոն հաստատել մայրաքաղաքում,
- Ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազօրութիւնները, գործելու իրական դաշտ տալ նրանց,
Սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն
- Էապէս աւելացնել Երեւանի բիւջէն, ապահովել թափանցիկութիւն եւ հրապարակայնութիւն՝ բիւջետային գործընթացի բոլոր փուլերում, անցում կատարել ծրագրային բիւջետաւորման (ծրագրերի ֆինանսաւորում՝ ըստ արդիւնքների),
- Համաքաղաքային նշանակութեան նպատակային ծրագրերի ֆինանսաւորման տարբեր սխեմաների կիրառում՝ պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկման, փոխառութիւնների ներգրաւման եւ այլ ձեւերով,
- Երեւանի բիւջէի ծախսային քաղաքականութեան մէջ գերակայութիւն տալ աշխատատեղերի ստեղծմանը, որակեալ ծառայութիւնների մատուցմանը, բնակֆոնդի պահպանութեանը, քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելաւմանը, տրանսպորտային հիմնախնդրի լուծմանը:
Քաղաքաշինութիւն, բնապահպանութիւն, տրանսպորտ
- Ճարտարապետաշինարարական գործունէութեան նկատմամբ սահմանել կոշտ վերահսկողութիւն, վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգութիւնը, կանխել պատմա-մշակութային դիմագծի խաթարումը,
- Փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարութիւնը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երեւանը մաքրել ապօրինի եւ ինքնակամ շինութիւններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնայարկերի միասնական նախագծեր,
- Իրականացնել մայրաքաղաքի բնակֆոնդի ամբողջական անձնագրաւորում, բացայայտել եւ կանխել սէյսմիկ ռիսկերը, սահմանել բնակֆոնդի վերականգնման եւ պահպանման համալիր ծրագիր,
- Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւաւորումը դարձնել քաղաքապետարանի պարտականութիւնը, կառավարութեան հետ մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ՝ բնակարանային շինարարութեան ծաւալների առնւազն 10 տոկոսը տրամադրելով այդ ֆոնդին,
- Սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային յատուկ պահպանութեան գօտիներ, քաղաքաշինական գործունէութեան ընթացքում ապահովել հասարակայնութեան իրազեկութեան եւ մասնակցութեան գործուն մեխանիզմներ,
- Սեփականութեան ամրագրում այն քաղաքացիներին, որոնց բնակտարածքները հաշւառւած են առանց սեփականութեան իրաւունքի:
- Գործադրել աղբահանութեան եւ թափօնների ամենօրեայ հաւաքման, փողոցների, ստորգետնեայ անցումների, բակերի, բնակելի շէնքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապէս մաքուր համակարգ,
- Մինչեւ 2017 թւականը առնւազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները,
- Դալմայում եւ Նորքում ստեղծել խոշոր հանգստի գօտիներ (մէկը՝ մանկական),
- Կազմակերպել ջրային պաշարների պահպանութեան եւ արդիւնաւէտ օգտագործման, ջրատնտեսական հաշւեկշռի լարւածութեան թուլացման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբիւրների (կոյուղաջրեր եւ այլն) բացայայտման, վերացման եւ կանխարգելման միջոցառումներ, ամբողջութեամբ վերագործարկել Աէրացիայի կայանը,
- Կանոնակարգել գերեզմանատների եւ պանթէոնների գործունէութիւնը, հիմնովին փոխել այդ ոլորտում տիրող խայտառակ վիճակը,
- Ձեւաւորել Երեւանը օղակող, ինչպէս նաեւ դէպի «Զւարթնոց» օդանաւակայան գնացող՝ բնակավայրից դուրս նոր ճանապարհային ենթակառուցւածքներ,
- Կառուցել մետրոպոլիտէնի նոր երթուղիներ եւ կայարաններ,
Առողջապահութիւն եւ սոցիալական պաշտպանութիւն
- Սոցիալական բնակֆոնդի բաշխման արդիւնաւէտ մեխանիզմների գործադրում, այդ բնակֆոնդից երիտասարդ ու բազմազաւակ ընտանիքներին անհատոյց (առանց օտարելու կամ ուրիշի օգտագործման տրամադրելու իրաւունքի) բնակարանների տրամադրում,
- Սահմանել լրավճարներ սոցիալապէս առաւել խոցելի խաւերի համար՝ հաշւի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նւազագոյն անհրաժեշտ սահմանաչափերը,
- Երեխաների ցերեկային խնամք իրականացնող կազմակերպութիւնների (մանկապարտէզներ, դպրոցական երկարօրեայ խմբակներ) կարողութիւնների հզօրացում (ներառեալ՝ յատուկ կարիքներով երեխաներին մասնագիտացւած ցերեկային խնամք տրամադրելը), մատուցւող ծառայութիւնների որակի բարձրացում,
- Տարեցների խնամքի հաստատութիւնների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգի արդիականացում, ծերապարտէզների ցանցի ձեւաւորում,
- Սահմանել լրավճարներ՝ սոցիալապես առաւել խոցերի խաւերի համար՝ հաշւի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նւազագոյն անհրաժեշտ սահմանաչափերը,
- Տեղաշարժւելու սահմանապակում ունեցող անձանց համար մէկընդմիշտ լիարժէք միջավայր ապահովել,
- Ֆինանսական աջակցութիւն տրամադրել հաշմանդամութեան հիմնահարցերով զբաղւող հասարակական կազմակերպութիւններին,
- Հզօրացնել առողջապահական առաջնային պահպանման օղակի կարողութիւնները եւ մատուցւող ծառայութիւնների որակը, գործադրել առողջապահական համակարգի զարգացման համալիր ծրագիր,
Կրթութիւն եւ երիտասարդութիւն
- Զարգացնել նախադպրոցական կրթական հաստատութիւնների համակարգը, մեծացնել երեխաների ընդգրկւածութեան աստիճանը, գործադրել միասնական չափորոշիչներ,
- Ընդլայնել երեխաների գեղագիտական դաստիարակութեան կենտրոնների ցանցը, մեծացնել դրանցից օգտւողների թիւը,
- Մեծացնել կրթօջախների բիւջետային եւ արտաբիւջետային միջոցներն ու դրանց օգտագործման արդիւնաւէտութիւնը, զարգացնել ուսուցչական եւ վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանութեան համակարգը,
- Ակտիւ քաղաքականութիւն իրականացնել երիտասարդների զբաղւածութեան ապահովման ուղղութեամբ,
- Աջակցել տաղանդաւոր եւ շնորհալի երիտասարդներին՝ գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում:

«7or.am»
Ապրիլի 8, 2013 թ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։